Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը (ԼՂՀ) կազմաւորուել է 1991թ. Սեպտեմբերի 2ին, նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի եւ յարակից Շահումեանի շրջանի սահմաններում: Այդ օրը Լեռնային Ղարաբաղի մարզային եւ Շահումեանի շրջանային խորհուրդների համատեղ նիստը՝ բոլոր մակարդակի խորհուրդների պատգամաւորների մասնակցութեամբ, ընդունել է Հռչակագիր ԼՂՀ հռչակման մասին՝ ԽՍՀՄ օրէնսդրական նորմերին (չափանիշներուն-Խմբ.), ինչպէս նաեւ միջազգային իրաւական փաստաթղթերում ամրագրուած՝ ժողովրդի ինքնորոշման իրաւունքին համապատասխան: (ԽՍՀՄ Սահմանադրութիւն, յօդուած 72, ԽՍՀՄ Օրէնքը «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետութիւնների դուրս գալու հետ կապուած հարցերի լուծման կարգի մասին», 1990թ. Ապրիլի 3: Մարդու իրաւունքների համընդհանուր հռչակագիր, յօդուած 1, 10 դեկտեմբերի 1948թ., ԵԽԱԽ անդամ-երկրների ներկայացուցիչների Վիեննայի հանդիպման Եզրափակիչ փաստաթուղթ, կէտ 4, 1989թ., ՄԱԿի կանոնադրութեանը համաձայն պետութիւնների միջեւ բարեկամական յարաբերութիւններին վերաբերող միջազգային իրաւունքի սկզբունքների մասին Հռչակագիր, 1945թ.)։
Աւելի ուշ, օգտագործելով ինքնուրոյն հանրաքուէ անցկացնելու եւ սեփական պետաիրաւական կարգավիճակի մասին հարցադրման իրաւունքը, որն ամրագրուած է միութենական օրէնսդրութեան մէջ, ԼՂՀ ժողովրդական պատգամաւորների խորհուրդը որոշում է ընդունել հանրապետութեան անկախութեան մասին հանրաքուէ անցկացնելու մասին: 1991թ. Դեկտեմբերի 10ին կայացած հանրաքուէին, որն անցել է տարբեր տեսակի զէնքերից հայկական բնակավայրերի անդադար հրետակոծութեան տակ, մասնակցել է գրանցուած քաղաքացիների 82.2%ը: Այդ հանրաքուէին մասնակցել են նաեւ Գետաշէնի ենթաշրջանի բնակիչները, դրանով իսկ իրաւական տեսակէտից ամրագրելով ենթաշրջանի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան կազմի մէջ մտնելը: Քուէարկութեանը չմասնակցած մարդկանց մեծամասնութիւնը ադրբեջանական բնակավայրերի բնակիչներն էին: Քուէաթերթիկները տպագրուել էին երեք լեզուներով՝ հայերէն, ադրբեջաներէն եւ ռուսերէն: Քուէարկածների 99.89%ը հանդէս է եկել Ադրբեջանից անկախանալու օգտին: Հանրաքուէի արդիւնքները, նրա ժողովրդավարական եւ թափանցիկ լինելը հաստատել էին արտասահմանեան անկախ դիտորդները:
1991թ. Դեկտեմբերի 28ին ձեւաւորուած ԼՂՀ Գերագոյն խորհուրդն (խորհրդարան) ընդունել է Հռչակագիր պետական անկախութեան մասին՝ դրանով իսկ օրէնսդրօրէն ամրագրելով ինչպէս հանրաքուէի արդիւնքները, այնպէս էլ իրաւական փաստաթղթերի յաջորդականութիւնը, որոնք ապահովում են քաղաքական կարգավիճակի ինքնուրոյն որոշման՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրաւունքը:
1992թ. Օգոստոսին Գերագոյն խորհրդի նախագահութեան որոշմամբ ԼՂՀում ստեղծւում է Պաշտպանութեան պետական կոմիտէ (ՊՊԿ), որին են փոխանցւում ողջ գործադիր եւ մասամբ օրէնսդրական իշխանութիւնները: ՊՊԿի նախագահի պաշտօնը զբաղեցնում էր Ռոբերտ Քոչարեանը, ում վրայ են դրւում հանրապետութեան վարչապետի պարտականութիւնները: 1994թ. Դեկտեմբերի 21ին Գերագոյն խորհդրդի որոշմամբ ԼՂՀում մտցւում է նախագահական կառավարման ինստիտուտ, եւ առաջին նախագահ է ընտրւում ՊՊԿի նախագահ Ռոբերտ Քոչարեանը: Համաձայն «ԼՂՀ նախագահի մասին» օրէնքի, պետութեան ղեկավարի յաջորդ ընտրութիւնները պէտք է կայանային երկու տարի անց համընդհանուր, հաւասար եւ ուղիղ ընտրական իրաւունքի հիման վրայ՝ հինգ տարի ժամկէտով: Եւ 1996թ. Նոյեմբերի 24ին ԼՂՀ նախագահի առաջին համաժողովրդական ընտրութիւններում պետութեան ղեկավար է վերընտրւում Ռոբերտ Քոչարեանը (քուէների 88.91%) :
Ռոբերտ Քոչարեանին Հայաստանի վարչապետ նշանակելու կապակցութեամբ 1997թ. Սեպտեմբերի 1ին ԼՂՀում տեղի են ունենում Նախագահի արտահերթ ընտրութիւններ: Երկրի Նախագահ է ընտրւում ԼՂՀ արտաքին գործերի նախարար Արկադի Ղուկասեանը (քուէների 89.32%): 2002թ. Օգոստոսի 11ին Արկադի Ղուկասեանը վերընտրւում է հանրապետութեան Նախագահի պաշտօնում (88.95%):
2007թ. Յուլիսի 19ին Լեռանային Ղարաբաղում անց են կացւում հանրապետութեան ղեկավարի 4րդ համաժողովրդական ընտրութիւնները: Ձայների ճնշող մեծամասնութեամբ (85.1%) Նախագահ է ընտրւում Բակօ Սահակեանը, ով նախկինում զբաղեցնում էր ԼՂՀ ազգային անվտանգութեան ծառայութեան ղեկավարի պաշտօնը:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.