ՀՅ Դաշնակցութեան Սեպտեմբեր 2ին Երեւանի մէջ կազմակերպած հանրահաւաքին խօսք առած էր նաեւ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն Մարմնի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանը:
Ստորեւ կը ներկայացնենք ելոյթի ամբողջական բնագիրը.
Սիրելի հայրենակիցներ,
Այսօր Լեռնային Ղարաբաղի անկախութեան 18րդ տարեդարձն է: Եւ մենք միասին արդէն լաւ աւանդոյթ ենք ձեւաւորում՝ հաւաքուելու եւ նշելու մեր հայկական երկրորդ պետութեան ծնունդը: Հայ ժողովուրդը Արցախում, Հայաստանում եւ Սփիւռքում պատմական այս հանգրուանում որոշեց այսպիսի ճանապարհով վերականգնել իր ոտնահարուած ազգային իրաւունքները եւ վերադարձնել մեր հայրենիքի այս հատուածը:
Այս ճանապարհի դժուարին մի մասը մենք արդէն անցել ենք եւ դրա համար անդառնալի կորուստներ կրել ու հսկայական գին ենք վճարել: Բայց այս ճանապարհը դեռ չի աւարտուել: Եւ մենք պարտաւոր ենք ամէն պատեհ առիթ օգտագործել՝ սրբագրելու սխալներն ու թերութիւնները, մատնանշելու առկայ վտանգներն ու սպառնալիքները եւ վերահաստատելով մեր ազգային ուխտը, շարունակելու մնացած ճանապարհը: Հէնց այդ նպատակով, ուղիղ մէկ տարի առաջ հրաւիրուած հանրահաւաքում Դաշնակցութիւնը, ահազանգելով վտանգների մասին, ներկայացնում էր անհրաժեշտ սկզբունքները եւ մօտեցումները հայ-թուրքական յարաբերութիւնների եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման խնդիրների վերաբերեալ ու կոչ էր անում իշխանութիւններին առաջնորդուել դրանցով բանակցային գործընթացներում4 չներքաշուելու համար մեր հեռանկարային շահերից չբխող եւ վտանգաւոր զարգացումների մէջ:
Գնալով ակնյայտ է դառնում, որ արտաքին քաղաքականութեան համար պատասխանատու մեր այրերը, չառաջնորդուելով այդ սկզբուքներով եւ անտեսելով ազգային անվտանգութեան ռազմավարութեան եւ ռազմական դոկտրինի (վարդապետութեան-խնբ.) պահանջները, չեն տեսնում կամ թերագնահատում են հնարաւոր վտանգները եւ աւելի ու աւելի են ընկղմւում թուրքա-ադրբեջանական տանդէմի լարած որոգայթի մէջ:
Ամենաթարմ օրինակը, ի հարկէ, նոր հրապարակուած փաստաթղթերն են, որոնց մասին արդէն խօսուեց այս հանրահաւաքի ժամանակ: Սպասուող քաղաքական ներքին քննարկումների շրջանակում Դաշնակցութիւնը առաւել հանգամանալից եւ ամողջական կը ներկայացնի իր մտահոգութիւններն ու առարկութիւններն այս փաստաթղթերի վերաբերեալ, սակայն այսօր չափազանց կարեւոր է յենուել նմանատիպ համահայկական նշանակութեան փաստաթղթերը գնահատելու ճշգրիտ չափանիշների վրայ: Այդ չափանիշները շատ պարզ են՝ ընդհանուր հաշուով սա մե՞ր օգտին է, թէ՞ Թուրքիայի, եւ արդեօ՞ք սա սերունդների համար է, թէ՞ նրանց հաշուին: Խորաթափանց վերլուծութիւնների կարիքը չկայ՝ տեսնելու համար, որ մեր ամենալուրջ ձեռքբերումն այս ամէնից այն է, որ Թուրքիան բարեհաճում է մեզ հետ հաստատել դիւանագիտական յարաբերութիւններ ու բացել սահմանը: Այ, երբ փորձում ես խորանալ ու հասկանալ՝ ինչի՞ դիմաց է յանկարծ բարիացել մեր հարեւանը՝ պարզւում են մեր լրջագոյն կորուստները:
Կորուստներ, որ չափազանց դժուար է լինելու վերականգնել, մինչդեռ՝ Թուրքիան երբ ցանկանայ, մի պատճառ կը գտնի (իսկ այդպիսի հնարաւորութիւններ շատ կը գտնէք այս փաստաթղթերում) եւ կը վերականգնի իր զիջածը: Իսկ ի՞նչ է ստանում Թուրքիան՝ առանց որեւէ լուրջ ռիսկի (բան վտանգելու-խմբ.): Նրա ստացածն, ահաւասիկ, շատ էական է.
– Նախ՝ ըստ նախաստորագրուած այս փաստաթղթերի՝ երկու կողմերը հաւասարապէս պարտաւորւում են բացել իրենց ընդհանուր սահմանը, ինչը ուղղակի նշանակում է, որ Թուրքիան Հայաստանի նկատմամբ ցամաքային շրջափակում ամենեւին չի էլ իրականացրել, եւ մինչ օրս հնչած բոլոր մեղադրանքներն այս առումով հիմնազուրկ են եղել: Աւելի լաւ օրինակ՝ որպէս յանիրաւի միջազգային ճնմշումների զոհ ներկայացնելու, դժուար է պատկերացնել:
– Հայաստանի նոր անկախացումից ի վեր, առաջին անգամ Թուրքիային յաջողւում է միջպետական նոր փաստաթղթով վերահաստատել տխրահռչակ Կարսի պայմանագրով որոշուած սահմանները:
– Կասեցնում է իրեն անհրաժեշտ ժամանակով վերջին շրջանում մեծ թափ ստացած Հայոց ցեղասպանութեան ճանաչման միջազգային գործընթացը եւ միաժամանակ հնարաւորութիւն ստանում առաջ մղել Ցեղասպանութեան ուրացմանն ուղղուած իր պետական քաղաքականութիւնը:
– Երկար ժամանակով ձերբազատւում է Ցեղասպանութեան հետեւանքները վերացնելու եւ պատճառուած վնասները փոխհատուցելու վերահաս պատասխանատուութիւնից՝ սահմանափակելով Ցեղասպանութեան զոհի՝ իր իրաւունքները վերականգնելու հնարաւորութիւնները:
– Հակադրում է Հայաստանի եւ Սփիւռքի շահերը:
– Իրեն իրաւունք է վերապահում փաստաթղթերի իրագործումը ցանկացած փուլում պայմանաւորել հայ-ադրբեջանական հակամարտութեան կարգաւորման՝ իր համար ձեռնտու ընթացքով:
– Հայաստանի հնարաւոր վերապահումները չէզոքացնելով՝ ձեռք է բերում Հարաւային Կովկասի բոլոր պետութիւնների օժանդակութիւնը՝ ստանձնելու առաջատար դերակատարութիւն տարածաշրջանային անվտանգութեան եւ կայունութեան ապահովման գործում:
Այս ոչ ամբողջական թուարկումով արդէն ակնյայտ է դառնում, որ հրապարակուած փաստաթղթերը ազդարարում են արդէն նոր շրջափուլի սկիզբ, երբ Թուրքիան իր նախապայմանները արծարծելուց յետոյ սահուն կերպով ձեռնամուխ է եղել դրանց իրականացման գործընթացին: Եւ հէնց որ հայկական կողմը սթափուի ու փորձի շտկումներ մտցնել, Թուրքիան ունի բազմաթիւ միջոցներ՝ դադարեցնելու գործընթացը եւ մեղքը Հայաստանի վրայ բարդելու:
Ուստի այսօր այլեւս ամենակարեւոր հարցն այն է, թէ կարո՞ղ ենք ներքին քննարկման համար յատկացուած այս 6 շաբաթների ընթացքում չէզոքացնել առկայ վտանգներն ու մեր սերունդների համար ականազերծել այս նախաստորագրուած փաստաթղթերը: Քանզի, ամենայն հաւանականութեամբ, հէնց ֆուտբոլային այցի ժամանակ կողմերը կը ներկայացնեն միմեանց սեփական ներքին քննարկումների հիման վրայ առաջարկուող փոփոխութիւնները:
Ոչ ամենեւին պատահաբար նոյն այս ժամանակահատուածում նոր ակտիւացում է սպասւում ղարաբաղեան կարգաւորման գործընթացում: Միջնորդները պատրաստւում են կողմերին ներկայացնել այսպէս կոչուած մադրիդեան նորացուած սկզբուքները: Եռանախագահող երկրների ղեկավարների յայտնի համատեղ՝ յայտարարութիւնը, Յուլիսի 17ին երկու նախագահների հանդիպմանը հետեւած գործընթացն արագացնելուն ուղղուած համանախագահների յայտարարութիւնները միտուած են հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացի հետ համընթացութիւնը պահպանելուն եւ թոյլ են տալիս ենթադրել, որ մեզ համար արդէն իսկ անընդունելի մադրիդեան սկզ-բունքները, յօգուտ Ադրբեջանի են նորացւում: Հետեւաբար, մենք պարտաւոր ենք այսօր անյապաղ սրբագրել այն սխալները, որոնց պատճառով գործընթացն ստացել է մեզ համար ոչ բարենպաստ բնոյթ եւ փոխել բանակցութիւնների ընթացքը:
Ամենամեծ սխալն այն էր, որ մեր արտաքին քաղաքականութեան պատասխանատուները իրենց կրաւորական կեցուածքով նպաստեցին, որ Ադրբեջանը ժամանակն օգտագործի պատմութիւնը գլխիվայր շուռ տալու եւ միջազգային հանրութեանը դահճին որպէս զոհ ներկայացնելու համար, որ դառնայ պահանջատէր յատկապէս տարածքների փախստականների հետ կապուած հարցերում: Հիմա նոյն սխալը պատրաստւում ենք կրկնել հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացում՝ կրաւորական կեցուածք ընդունելով՝ ի սկզբանէ հրաժարուենք մեր իրաւունքների եւ Թուրքիայի պատասխանատուութեան հետ կապուած հարցերի արծածումից, որպէսզի յանկարծ չվտանգուի սկսուած գործընթացը:
Արդիւնքն էլ իրեն սպասել չի տալու, ինչպէս Ղարաբաղեան հիմնախնդրի պարագայում եղաւ: Թուրքիան ժամանակն օգտագործելու է պատմութիւնը գլխիվայր շուռ տալու համար հէնց մեր իսկ ձեռքով նրան յատկացրած պատմական հարթութեան վրայ: Ուստի մենք պէտք է միշտ յիշենք, որ Թուրքիան եւ Ադրբեջանը Հայաստանի եւ հայութեան հետ իրենց խնդիրները յաջողութեամբ լուծելու մէկ բանալի ունեն՝ նախ եւ առաջ գլխիվայր շուռ տալ պատմութիւնը:
Թէ ինչպէս պէտք է թոյլ չտալ, որ դա իրականացուի՝ Ղարաբաղի հարցում մենք տարբեր առիթներով մեր ամբողջական տեսակէտը ներկայացրել ենք: Սակայն այսօր՝ վճռորոշ այս փուլում, ես հարկ եմ համարում յատկապէս ընդգծել հետեւեալը եւ պահանջել արտաքին գերատեսչութիւնից ձեռնամուխ լինել դրանց համապատասխան քայլերի իրականացմանը.
– Հակամարտութեան աղաւաղուած պատկերը վերականգնելու, իրական ագրեսորին (նախայարձակին-խմբ.) որպէս այդպիսին ներկայացնելու եւ Ադրբեջանին համաչափ ու միաժամանակեայ զիջումների մղելու համար անհրաժեշտ է Ղարաբաղում, Սումգայիթում, Բաքւում եւ Խորհրդային Ադրբեջանի այլ վայրերում հայերի դէմ իրականացուած ջարդերը ներկայացնել որպէս Ադրբեջանի կողմից հակամարտութեան կարգաւորման գործընթացը արիւնալի պատերազմի վերածելու անհերքելի ապացոյց, իսկ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի յարգումը՝ որպէս նոր պատերազմից խուսափելու եւ խաղաղ կարգաւորման հասնելու միակ ճանապարհ:
– Հայաստանը պէտք է պահանջի այլեւս անթոյլատրելի եւ հակակառուցողական համարել բանակցային գործընթացում Արցախի լիիրաւ մասնակցութեան արգելափակումը Ադրբեջանի կողմից՝ յայտարարելով, որ նա չի կարող փոխարինել ԼՂՀ իշխանութիւններին, եւ ներկայանալով որպէս ԼՂՀ անկախութեան եւ անվտանգութեան երաշխաւոր: Աւելին՝ անհրաժեշտ է Հայաստանի եւ Արցախի միջեւ կնքել համաձայնագիր ռազմաքաղաքական դաշինք ձեւաւորելու մասին եւ խնդիր յարուցել Ադրբեջանի հետ ուժի կիրառումը բացառող եռակողմ պայմանագիր ստորագրելու վերաբերեալ:
– Արտաքին քաղաքականութեան օրակարգում ամրագրել եւ հետապնդել ԼՂՀ միջազգային ճանաչման հարցը, իսկ Ադրբեջանի հետ բանակցութիւնները շարունակել միայն Արցախի կարգավիճակի եւ նրա անվտանգութեան խնդիրների լուծման առաջնայնութիւնը ապահովելու նպատակադրումով: Եւ որպէս անյետաձգելի խնդիր՝ հրատապ միջոցներ ձեռնարկել ՄԱԿի առաջիկայ ասամբլէայում սպասուող Ադրբեջանի հակահայկական նախաձեռնութեան առաջն առնելու համար:
Սիրելի՛ հայրենակիցներ, պատմական այսպիսի բախտորոշ ժամանակահատուածում հայութեան առջեւ ծառացած սպառնալիքներն ու վտանգներն անհնար է չէզոքացնել առանց համազգային ճակատի ստեղծման: Դաշնակցութիւնն իր գլխաւոր առաքելութիւնն այսօր տեսնում է հէնց սրա մէջ՝ մի կողմ թողնելով նեղ հատուածական կամ կուսակցական որեւէ այլ նպատակ: Բոլոր նրանք, ովքեր ուղղակի կամ անուղղակի դէմ են յատկապէս այս խնդիրների շուրջ հասարակութեան համախմբմանը եւ միասնական ազգային ճակատի ձեւաւորմանը, ոչ թէ փորձում են գաղափարաքաղաքական հարթութեան մէջ բանավիճել այս հարցերի շուրջ, այլ ընտրել են վաղուց փորձարկուած հին ու յայտնի բանաձեւը դրա դէմ պայքարելու. բաւական է ցեխարձակումների, բամբասանքների ու կեղծիքների միջոցով վարկաբեկել այդ գաղափարները կրողին, եւ գաղափարն իրականացնող չի լինի: Ես ուզում եմ այս առումով հնարաւորինս համառօտ անդրադառնալ շահարկման առարկայ դարձած այդպիսի հարցերից առայժմ միայն երեքին, որոնք, ի դէպ, հնչում են տարբեր ճամբարներից թէ՛ իշխանական, թէ՛ ընդդիմադիր:
– Սերժ Սարգսեանը շարունակում է Ռոբերտ Քոչարեանի քաղաքականութիւնը, նրան պաշտպանել էք, ուրեմն տրամաբանական է նաեւ պաշտպանել գործող նախագահին:
Նախ, դժուար չէ յիշել, որ դեռեւս Ռոբերտ Քոչարեանի օրօք Դաշնակցութիւնը իր ինքնուրոյն տեսակէտներն է միշտ ներկայացրել մանաւանդ ազգային հարցերում եւ հանդիսացել է ազգային պետական ուղեգծի հետեւողական պաշտպանը ու դրանով է մեծապէս պայմանաւորել իր իշխանութեան մէջ լինելը: Եւ չնայած բանակցային գործընթացներում միշտ էլ եղել են որոշակի զիգզագներ (շեղումներ-խմբ.), բայց այդ ժամանակ որեւէ փաստաթուղթ, որ այսպէս կը կանխորոշէր յետագայ գործընթացները, Հայաստանի կողմից չի ընդունուել: Լինելու դէպքում միշտ էլ ասել ենք, որ մեր արձագանգը չի յապաղելու: Իսկ ներքաղաքական հարցերով մեր քննադատութիւններն այնքան խիստ ու առարկայական են եղել, որ մեզ թէ՛ դրսից, թէ՛ ներսից մեղադրում էին իշխանութեան մէջ ընդդիմութիւն լինելու համար:
– Ասում են՝ բացի ազգային խնդիրներից միւս հարցերով ինչո՞ւ չէք ընդդիմանում: Դարձեալ շինծու հարցադրում է, որովհետեւ հէնց նոր յիշատակեցի, որ այս հարցերով մենք միշտ ենք ընդդիմադիր եղել՝ անգամ իշխանութեան մէջ լինելով, պարզապէս ընդդիմանալով, փորձել ենք նաեւ շտկել մեր մասնակցութեամբ եւ այլընտրանքային լուծումներ ու քայլեր ենք առաջարկել: Միակ, դժբախտաբար՝ այսօր տարածուած չափանիշը, որը չենք բաւարարում, այն է, որ չենք հայհոյում, չենք յոխորտում:
Օգտուելով այս առիթից՝ նաեւ տեղեկացնեմ մեր հայրենակիցներին, որ, ինչպէս խոստացել էինք, առաջիկայ օրերին մեր ժողովրդի դատին կը ներկայացնենք մեր քաղաքական գործունէութեան հիմնական ուղենիշները երեք մակարդակներով՝ ազգային, սոցիալ-տնտեսական եւ հասարակա-քաղաքական, որտեղ կը տրուեն բոլոր այսպիսի հարցերի պատասխանները:
– Եւ վերջապէս, ինչո՞ւ էք միայն արտաքին գործերի նախարարի հրաժարականը պահանջում, այլ ոչ՝ նախագահինը, երբ նա է ղեկավարում արտաքին քաղաքականութիւնը:
Նախ՝ ուզենք, թէ չուզենք, գործող նախագահն է այսօր գլխաւոր բանակցողը, եւ նրան է վերապահուած անմիջական յարաբերութիւններում պաշտպանել մեր շահերը: Քանի դեռ կայ հնարաւորութիւն կանխել վերջնական որեւէ նմանատիպ փաստաթղթի ստորագրումը եւ նպաստել այդ գործի յաջողութեանը, այդպիսի պահանջը տրամաբանական չի կարող լինել: Այդպիսի մի իրավիճակ մենք ունեցանք նախագահների սանկտպետերբուրգեան հանդիպումից առաջ՝ ս.թ. Յուլիսի 16ին, երբ պահանջեցինք Էդուարդ Նալբանդեանի հրաժարականը: Եւ նոյն հարցին յստակ պատասխան է հնչել, մենք սա անում ենք կանխելու մարդրիդեան սկզբունքների հիման վրայ հնարաւոր փաստաթղթի ընդունումը, եւ եթէ դա ստորագրուեց, մենք կը պահանջենք նաեւ նախագահի հրաժարականը: Սակայն առաւել զաւեշտականն այն է, որ նման հարց են բարձրացնում այն ուժերը, որոնք բանակցութիւններին չխանգարելու եւ այդպիսի մեղադրանքի տակ չյայտնուելու պատճառաբանութեամբ որոշեցին տեւական ժամանակով դադարեցնել ցոյցերն ու հանրահաւաքները, եւ եթէ յիշում էք, այդ օրերը համընկան հէնց Գիւլի այցելութեան հետ:
Ինչեւէ, արտաքին գործերի նախարարի հրաժարականը յստակ ահազանգ կարող է հանդիսանալ, որ Հայաստանը փոխում է իր մարտավարութիւնը բանակցային գործընթացներում՝ թէ՛ Ղարաբաղի հարցում, թէ՛ հայ-թուրքական յարաբերութիւնների, եւ չի պատրաստւում իր ազգային շահերը զիջելու գնով Թուրքիայի ու Ադրբեջանի բարեհաճութիւնն ստանալ, որպէսզի իր հաղորդակցութեան հնարաւորութիւններն ընդլայնի:
Հէնց արտաքին գործերի եւ սփիւռքի նախարարութիւնները այսօր պէտք է հանդիսանան գլխաւոր շարժիչ ուժերը այս խնդիրների լուծմանը նպաստող համազգային միասնական ճակատ ձեւաւորելու համար:
Մենք այսօր ազգովի պարտաւոր ենք ապացուցել, որ ընդունակ ենք շրջափակման պայմաններում էլ լուծումներ գտնել ու մեր սեփական ռեսուրսը (հնարաւորութիւնները-Խմբ.) գոյացնել եւ ցրել մեր թշնամու մօտ այն տպաւորութիւնը, որ, վաղ թէ ուշ, միեւնոյն է անձնատուր ենք լինելու: Դաշնակցութիւնը համոզուած է, որ հայութեան կազմակերպուած միասնականութիւնն է այդ ուժը, որն ընդունակ է այս դժուարին խնդիրը լուծել:
Ուրեմն Միութիւն, Պայքար, Յաղթանակ: