Մենք մեր պատմութեան կարեւոր խաչմերուկում ենք: Սեղանին դրուած է առաջին երկկողմ պայմանագիրը, որն անկախ, ինքնիշխան Հայաստանը մտադիր է ստորագրել Թուրքիայի հանրապետութեան հետ: Սա աննախադէպ, հեռու գնացող եւ անշրջելի գործընթաց է:
Այդուհանդերձ, հարկ է նշել, որ այս թեմայի շուրջ բանավէճը սխալ ուղղութեամբ է ընթանում: Անընդունելի է բարձրաստիճան պաշտօնեաների այս աստիճան անտարբեր եւ պարզունակ մօտեցումը մեր ժողովրդի համար այսքան կարեւոր հարցում:
Բացարձակ անհեթեթ է ասել, թէ այն ինչ կարդում ենք, այն չէ, ինչ ի վերջոյ ստանալու ենք: Տրամաբանական չէ ներկայացնել որոշակի մանրամասներ եւ յետոյ մեկնաբանել դրանք իրականութեանը չհամապատասխանող, բայց ցանկալի տեսանկիւնից: Քաղաքական փաստաթղթերն այդպէս չեն մեկնաբանւում: Ի հարկէ, կարելի է փաստաթուղթը գրել այնպիսի ճկունութեամբ, որ երկու կողմերն էլ այն տարբեր ձեւով մեկնաբանելու հնարաւորութիւն ունենան, բայց սա այդպիսի փաստաթուղթ չէ: Սա թերեւս լաւ ցանկութիւններով, բայց վատ ձեւակերպուած փաստաթուղթ է:
Երբ հայկական կողմն ասում է, որ թէեւ արձանագրութիւնը մատնանշում է այսօրուայ սահմանների ճանաչումը, բայց դա դեռեւս չի նշանակում, որ մենք հրաժարւում ենք մեր հողային պահանջներից, սա պարզապէս անհեթեթ է: Սա կարող է համազօր լինել այն բանին, որ թուրքերն օրինակ ասէին, որ թէեւ փաստաթղթում ակնարկ կայ սահմանի բացմանը, դա չի նշանակում, որ հայերը սահմանը հատելու համար վիզա կը ստանան:
Կամ, երբ հայկական կողմն ասում է, որ ենթայանձնաժողովի ստեղծմանը վերաբերող «պատմական փաստաթղթերի եւ արխիւների ուսումնասիրութիւն» ձեւակերպումը չի նշանակում, որ այդ յանձնաժողովը պէտք է ուսումնասիրի ցեղասպանութեան խնդիրը, սա համազօր է նրան, եթէ թուրքերն ասէին, որ սահմանը բացելու են, բայց ոչ թէ Մարգարայի սահմանը, այլ ինչ-որ 10 մետրանոց հատուած, օրինակ 40 աստիճան հիւսիսային լայնութեան եւ 45 աստիճան արեւելեան երկարութեան հատուածում: Սա նոյնպէս անհեթեթ է:
Իրականութիւնն այն է, որ մերձեցման լաւ գաղափարը եւ անհրաժեշտ քաղաքականութիւնը վատ են բանակցուած եւ վտանգաւոր են ձեւակերպուած: Իշխանութիւնների կողմից անպատասխանատուութեան դրսեւորում է ստիպել մեր ժողովրդին մեր ներկայի եւ անցեալի միջեւ նման ընտրութիւն կատարել:
Թուրքիայի հետ մեր յարաբերութիւնների (կամ դրանց բացակայութեան) պատմութիւնը երկար նախապատմութիւն ունի, որը սկսւում է Թուրքիայի կողմից 93 թ. հայ-թուրքական սահմանի փակումից առաջ: 1991թ., Թուրքիան Հայաստանի անկախութիւնը ճանաչելուց յետոյ դիւանագիտական յարաբերութիւններ հաստատելու համար երկու յստակ պայման է դրել Հայաստանի առաջ. Հայաստանը պէտք է հրաժարուէր Թուրքիայից հողային պահանջներից եւ պէտք է հրաժարուէր ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացից (hետագայում Թուրքիայի կողմից պատմական յանձնաժողով ստեղծելու առաջարկը այս երկրորդ նախապայմանի փոփոխուած տարբերակն էր): 93 թ. փակելով Հայաստանի հետ սահմանը ի պաշտպանութիւն եղբայրական Ադրբեջանի, Թուրքիան աւելացրեց մի նոր պայման առ այն, որ Հայաստանը պէտք է հրաժարուի Լեռնային Ղարաբաղի անվտանգութեան եւ ինքնորոշման պայքարից, համաձայնուելով ադրբեջանանպաստ լուծմանը:
Այս նախապատմութիւնը մոռանալը կամ ակնկալելը, որ մենք այն մոռանանք, կամ, որ աւելի վատ է, ձեւացնել, որ Թուրքիան է այն մոռացել, լուրջ չէ: Տարածքների, ցեղասպանութեան ճանաչման եւ Ղարաբաղի հարցում Թուրքիայի հետեւողական քաղաքականութեան ենթատեքստում, մեր հանրային բանավէճը պէտք է ծաւալուի այն խնդրի բովանդակութեան շուրջ, թէ այս արձանագրութիւնները ինչ են տալիս հայերիս եւ ինչ են մեզանից վերցնում:
Նոյնիսկ, երբ այս արձանագրութիւնները ստորագրուեն, դրանք պարզապէս ի ցոյց են դնելու դիւանագիտական յարաբերութիւններ հաստատելու եւ սահմանը բացելու Թուրքիայի ցանկութիւնը, իսկ բաց սահմանը իրականութիւն է դառնալու միայն խորհրդարանում վաւերացումից յետոյ: Բայց անկախ վաւերացումից, Թուրքիան միեւնոյն է ստանում է այն, ինչ ցանկանում է: Ստորագրման պահից, այս արձանագրութիւնները Թուրքիային հնարաւորութիւն են տալիս աշխարհին ասելու, որ հայերը փաստացիօրէն, սկզբունքօրէն հրաժարուել են տարածքային պահանջներից ինչպէս նաեւ պատրաստ են ներգրաւուել ցեղասպանութեան երկկողմանի ուսումնասիրութեանը, հետեւաբար կարիք չկայ, որ երրորդ կողմերը զբաղուեն ցեղասպանութեան ճանաչման եւ դատապարտման գործով:
Աշխատած լինելով Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ յարաբերութիւնների բարելաւման ուղղութեամբ, բոլորից շատ ես կուզէի տեսնել այդ համաձայնութիւնը, քաջ գիտակցելով, որ դժուարին զիջումներն անհրաժեշտ են: Բայց այդ զիջումները չպէտք է վտանգեն մեր ապագայ անվտանգութիւնը կամ ոտնահարեն մեր արժանապատուութիւնը եւ արժէքները:
Մենք կարող ենք եւ պարտաւոր ենք, ինչպէս արձանագրութիւնում է գրուած «իրականացնել փոխվստահութեան վերականգնմանն ուղղուած պատմական հարթութեան երկխօսութիւն», բայց դա անելու ձեւը «պատմական փաստաթղթերի եւ արխիւների գիտական, անկողմնակալ» ուսումնասիրութիւնը լիազօրելը չէ, կարծես առ այսօր եղած ուսումնասիրութիւնները ոչ անկողմնակալ էին, ոչ գիտական: Թուրքիայի հետ նախկին քննարկումներում մենք խօսում էինք միջկառավարական յանձնաժողովի մասին, որի նպատակը կը լինէր մեր ողբերգական անցեալի հետեւանքների վերացումը:
Այլընտրանքային, առաւել արժանապատիւ ձեւակերպում հնարաւոր էր գտնել նաեւ սահմանների հարցում: Մենք կարող ենք եւ պարտաւոր ենք, ինչպէս արձանագրութիւնն է ասում «վերահաստատել հաւասարութեան, ինքնիշխանութեան, այլ պետութիւնների ներքին գործերին չմիջամտելու, տարածքային ամբողջականութեան եւ սահմանների անխախտելիութեան սկզբունքները»: Այսքանը լիովին բաւարար էր: Տարածքային ամբողջականութեան վրայ շեշտադրումը, միջազգայնօրէն ընդունուած այն ձեւակերպումն է, որը լուծում է սահմանների հետ կապուած մտահոգութեան խնդիրը, միեւնոյն ժամանակ չզրկելով մեզ պատմական արդարութեանը հետամուտ լինելու մեր իրաւունքից: Մինչդեռ փաստաթղթում այնուհետ արձանագրուած «երկու երկրների միջեւ գոյութիւն ունեցող ընդհանուր սահմանի փոխադարձ ճանաչում» ձեւակերպումից պէտք էր խուսափել ամէն գնով:
Իրականում հաւասարազօր ռիսկ է պարունակում այս փաստաթղթում չգրուածը:
Խօսքը Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ այս գործընթացի կապի մասին է: Սա թերեւս գրուած չէ, բայց բոլոր պատեհ առիթներով յստակ արտասանուած է, շարունակաբար վերահաստատուելով թուրքական եւ ադրբեջանական ամենաբարձր մակարդակով, որ Թուրքիան շարունակելու է պաշտպանել Ադրբեջանի շահերը, եւ որ ոչինչ չի արուելու, ոչ մի սահման չի բացուելու, մինչեւ Լեռնային Ղարաբաղի կարգաւորման գործընթացը սկսի շարժուել այն ուղղութեամբ, որը կը համապատասխանի Ադրբեջանի շահերին:
Իրականում, ակնկալել, որ Թուրքիան որեւէ քայլ կանի, առանց հաշուի առնելու Ադրբեջանի շահերը, նոյնն է, ինչ ակնկալել, որ Հայաստանը որեւէ քայլի կը դիմի առանց հաշուի առնելու Ղարաբաղի շահերը: Սա տրամաբանական ակնկալիք չէ:
Ուստի, եթէ այս արձանագրութիւնների վաւերացումը տեղի ունենայ, եւ դա տեղի ունենայ նախքան Օբամայի Ապրիլ 24եան ուղերձի ժամկէտը, որը դրուած է Թուրքիայի առաջ, այդ դէպքում կարելի է վստահ լինել, որ Թուրքիան եւ Ադրբեջանը ստացել են բաւարար երաշխիքներ Ղարաբաղին յարող տարածքների վերադարձի եւ ԼՂՀ կարգավիճակի շուրջ:
Սրանք են բազմաթիւ մտահոգիչ տարրերը եւ այս փաստաթղթերի բովանդակութեան, եւ դրան զուգորդած հապճեպութեան տեսանկիւնից, ինչը մեծ կասկած է յարուցում փաստաթղթի իրական նպատակի առումով: Սա նաեւ ի ցոյց է դնում ցանկացած գնով համաձայնութեան հասնելու նպատակով մեր պահանջների նշաձողն իջեցնելու պատրաստակամութիւնը:
Եւ երբ այս ամէնը յարուցում է մեր անվստահութիւնը, դա պէտք է լիովին հասկանալի լինի: Նրանք, ովքեր հայկական կողմից պատրաստել են այս փաստաթուղթը, պնդում են, որ իրականում այն այլ բան է նշանակում, քան ասում է: Միւս կողմից Թուրքիան, որն ինչպէս եւ Հայաստանը պէտք է, համաձայն փաստաթղթի ձեւակերպման, «ձեռնպահ մնայ բարիդրացիական յարաբերութիւնների ոգուն չհամապատասխանող քաղաքականութիւն վարելուց», այդուհանդերձ շարունակում է իր կողմնապահութիւնը մի հարեւանի Ադրբեջանի նկատմամաբ, միւսի Հայաստանի դէմ:
Այլ կերպ ասած, իրականում, կարծես ոչինչ չի փոխուել, բայց հայկական նշաձողը հայ-թուրքական բանակցութիւններում յստակօրէն իջեցուած է: Հետեւաբար բնական է ենթադրելը, որ նոյնը, թերեւս, տեղի է ունենում հայ-ադրբեջանական բանակցութիւններում:
Հայ ժողովրդի պատմութեան մէջ, իրեն վերաբերող ամենաճակատագրական հարցերը միշտ որոշուել եւ կարգաւորուել են այնպիսի փաստաթղթերով, որոնք կնքուել են երրորդ կողմերի միջեւ կամ երրորդ կողմերի մասնակցութեամբ, որտեղ Հայաստանը եղել է սուբյեկտ եւ ոչ թէ կողմ: Այսօր ստեղծուել է մի իրավիճակ, երբ Հայաստանն ինքն է ստորագրում փաստաթուղթ պատմութեան մէջ իր պատկերացրած սեփական տեղի մասին:
Այս փաստաթուղթն այս ձեւակերպումներով չի կարելի ստորագրել: Աւելին այս փաստաթուղթը այս ձեւակերպումներով ոչ ոք լիազօրուած չէ ստորագրելու:
168 ժամ, 9 սեպտեմբեր
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.