ԱՐԱ ՊԱՊԵԱՆ
Գիշերաշրջիկ զոյգ արձանագրութիւնների քննարկմանը յատկացուած քառասունքից արդէն անցել է տասը օրը: Ակնյայտ է, որ «ներքին քննարկումները» չեն ստացւում: Բնական է, որ նման պայմաններում չպիտի ստացուէին: Նման պայմաններում ոչինչ չի ստացւում եւ ոչինչ էլ չի ստացուի:
Հանգամանքների բերումով ես Վլադիմիր Իլիչի նման այս քննարկումներին մասնակցում եմ «Նամակներ հեռուից» ձեւաչափով: Որոշ թերութիւններով հանդերձ, սա իր առաւելութիւնն ունի. ես զերծ եմ մնում որեւէ կողմի ազդեցութիւնից եւ կարող եմ առաջնորդուել միայն իմ՝ տարիների որոնումների արդիւնքում ձեւաւորուած համոզմունքներով:
Երկարատեւ ուսումնասիրութիւնները եւ դիւանագիտական փորձն ինձ յանգեցրին հետեւեալ եզրակացութեան. Հայկական հարցի լուծումն է հայոց պետականութեան հզօրացման եզակի հնարաւորութիւնը եւ հայ ժողովրդի յարատեւման միակ ուղին: Բնական հարց կարող է առաջանալ. Իսկ ի՞նչ ասել է հայկական հարց եւ ի՞նչ է նշանակում նրա լուծումը ներկայ փուլում:
Սկզբնաւորուելով որպէս Օսմանեան կայսրութեան հպատակ հայերի անհատական եւ հաւաքական անվտանգութեան եւ արժանապատուութեան հարց, այն աստիճանաբար վերաճել է հայոց պետականութեան եւ այդ պետականութեան ոտնահարուած իրաւունքների վերահաստատման հարցի: Ներկայ փուլում Հայկական հարցը միջազգային իրաւունքով արդի Հայաստանի Հանրապետութեանը յատկացուած կամ վերապահուած տարածքային, նիւթական եւ բարոյական իրաւունքների վերականգնումն է:
Պէտք է քաջութիւն ունենալ նայելու դաժան ճշմարտութեանը եւ յստակ գիտակցել. մենք կանգնած ենք այլընտրանքի բացակայութեան առջեւ: Հայաստանի Հանրապետութիւնը որպէս քաղաքական ինքնուրոյն եւ արժանապատիւ միաւոր կամ կարող է գոյութիւն ունենալ միայն իր անօտարելի եւ անժամանցելի իրաւունքերի հաստատումով կամ, ընդհանրապէս, չի կարող գոյութիւն ունենալ որպէս այդպիսին:
Հէնց այս տեսնակիւնից է, որ պէտք է վերլուծել ներկայ գործընթացները եւ դրանց ընկեցիկ երկուորեակները հանդիսացող զոյգ արձանագրութիւնները: Արդեօ՞ք նշեալ արձանագրութիւն-ների ստորագրումը նպաստում է հայոց պետականութեան կենսաապահվման գործօնների ուժեղացմանը եւ ազգային/պետական հզօրութեան աճին, թէ կարող է, հակառակ ակնկալիքին, կործանարար արդիւնք ունենալ:
Միանգամից ասեմ, որ իմ համոզմամբ արդիւնքը բացասական է լինելու: Առկայ արձանագրութիւններն ունեն դրոյթներ, որոնց ամրագրումն անգամ ապագայում անհնարին է դարձնում Հայկական հարցի որեւէ լուծումը: Պէտք չէ մոռանալ, որ եւ պայքարը յանուն Արցախի, եւ պայքարը յանուն Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման, երբեք մեկուսի չեն եղել եւ հայ հասարակութեան մեծագոյն մասի կողմից դիտարկուել են եւ դիտարկւում են, գիտակցաբար կամ անգիտակցաբար, որպէս Հայկական հարցի լուծման բաղադրիչներ: Հայկական հարցը լուծելու ձգտումը եղել է հայոց գոյութեան վերջին աւելի քան մէկ հարիւրամեակի մեծագոյն նպատակը: Չնայած այսօր երբեմն հնչող իրարամերժ տեսակէտների, այն շարունակում է մնալ հայոց համազգային միակ նպատակը:
Թուրքիայի նկատմամբ հայոց իրաւունքներից հրաժարումը, որը նախանշուած է զոյգ փաստաթղթերում, նշանակում է հրաժարում հայերին համախմբող միակ նպատակից, որը նշանակում է Հայաստանի Հանրապետութեան էական թուլացում եւ, ի վերջոյ, կործանում: Հայոց երկնակամարի տակ այսօր առատօրէն հունձք անող քաղաքական շամաններին չնմանուելու համար, փորձեմ միտքս ներկայացնել գիտական լեզուով:
Քաղաքագիտութիւնը վաղուց է մշակել պետութեան հզօրութեան հաշուարկի բանաձեւը: Ամերիկեան քաղաքագիտութեան մէջ այն յայտնի է Եաբլոնսկու (Jablonsky) բանաձեւ անուանունով.
Pp = (C+E+M) x (S+W)
Այս բանաձեւի մէջ. Pp ( Perceived power) հաշուարկուող հզօրութիւնն է; C (Critical mass: population + territory) որոշիչ զանգուածը. բնակչութիւնը + տարածքը; E (Economic capability) տնտեսական կարողութիւնը; M (Military capability) ռազմական կարողութիւնը; S (Strategic purpose) հեռագնայ (ստրատեգիական) նպատակը; W (Will to pursue national strategy) ազգային, հեռագնայ (ստրատեգիական) նպատակը հետապնդելու կամքը:
Բանաձեւից ակնյայտ է, որ պետութեան հզօրութիւնը նոյնքան պայմանաւորուած է հեռագնայ նպատակի առկայութեամբ եւ դրան հասնելու պետական նպատակամղուածութեամբ, որքան բնակչութեամբ, տարածքով, տնտեսական եւ ռազմական հզօրութեամբ: Պետութեան հզօրութիւնը որոշակի ցուցանիշների սոսկական գումար չէ, այլ շօշափելի, նիւթական ցուցանիշների բազմապատկումն է նպատակի եւ նպատակամղուածութեան գումարային ցուցանիշով: Անկախ տարածքի, բնակչութեան, տնտեսական եւ ռազմական հզօրութիւնից, եթէ պետութիւնը չունի նպատակ, հետեւաբար նրան հասնելու կամք, պետութեան հզօրութիւնը ոչինչ է, քանի որ ցանկացած թիւ բազմապատկած զրոյով՝ արդիւնքում զրոյ է:
Այսօր Ղարաբաղի հարցը, մի շարք առարկայական եւ ոչ առարկայական պատճառներով, չի հանդիսանում համազգային նպատակ: Հայոց ցեղասպանութիւնը ճանաչել տալու քաղաքական գործընթացն, ըստ էութեան, լինելով համազգային նպատակ, չի կարող լինել պետական նպատակ, քանի որ բացակայում է այդ նպատակի միջոցով որեւէ էական արդիւնքի հասնելու յստակ ճանապարհը:
Հետեւաբար, ոչ միայն Հայկական հարցի լուծումն է հայոց պետականութեան հզօրացման եզակի հնարաւորութիւնը եւ հայ ժողովրդի յարատեւման միակ ուղին, այլեւ Հայկական հարցը լուծելուն նպատակամղուած ինքնին գործընթացը, այսինքն նման նպատակի առկայութիւնն ու նրան հասնելու քաղաքական կամքը, հայոց պետականութեան հզօրութեան ամրապնդման անփոխարինելի գործօն է:
Մենք պիտի չանենք քայլեր, որ կարող են թուլացնել հայոց պետականութիւնը եւ նրան զրկել գոյութեան նպատակից, քանզի Հայրենիքը, որ նպատակ չունի սոսկ բնակավայր է:
Արա Պապեան՝ «Մոդուս Վիվենդի» կեդրոնի ղեկավար
11 Սեպտեմբերի 2009թ.