ԱՐԹՈՒՐ ՄԿՐՏՉԵԱՆ
«Հայ երիտասարդութի՛ւն, պիտի կարողանա՞ս արտաքին վտանգի ժամանակ ձեռքդ խղճիդ գոչել՝ «Ես քո կենդանի սուրն եմ, Հայրենի՛ք, որ քեզ յաղթութիւն պիտի բերի»»:
Գ. ՆԺԴԵՀ
2009թ. Յուլիսի 20ից մինչեւ Օգոստոսի 14ը, Լոս Անճելըսի Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան մի խումբ երիտասարդներ Գիւմրիում անցկացրին «Հայաստան 2009» ճամբարը, որին մասնակցում էին գիւմրեցի 8-14 տարեկան շուրջ 150 պատանիներ ու աղջիկներ: Արդէն երկրորդ տարին է, ինչ Գիւմրիում կազմակերպւում է յիրաւի, ազգօգուտ այս միջոցառումը, որն արդէն մեծ արձագանգ է գտել ամբողջ Շիրակում: Գիւմրեցի երեխաներն արդէն երկրորդ տարին է՝ սրտի թրթիռով են սպասում լոսանճելըսաբնակ իրենց աւագ ընկերների ժամանմանը. նրանց շնորհիւ, երեխաները գոնէ մի քանի օրով կարողանում են կտրուել առօրեայ միապաղաղութիւնից: Իսկ նրանք ինն էին, ինը սփիւռքահայ երիտասարդ հայորդիներ ու հայուհիներ, որոնք ամէն ջանք գործադրելով, անհրաժեշտ միջոցներ հայթայթելով՝ եկել էին հայրենիքում մի բարի գործ կատարելու: Եկել էին գիւմրեցի մանուկների հոգում հայրենասիրութեան սերմեր ցանելու, նրանց հետ ազգային յաւերժ միաբանութեան դաշինքն ամրապնդելու, եկել էին միմեանց զօրացնելու: Եւ դա նրանց, անշուշտ, յաջողուեց:
Փառաւորւում է հոգիդ՝ տեսնելով, թէ ինչպիսի՛ ջերմեռանդութեամբ ու սիրով էին երեխաներին ծանօթացնում հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի հերոսական տարեգրութեան, ու ոգեկոչում նրանց այդ պայքարի բոցերում ծնուած ազգային-հայրենասիրական երգերով: Գիւմրեցի մանուկների շուրթերին գեղեցիկ արեւմտահայերէնով թրթռում էր ազգային երգն ու մեղեդին. երգ, որ հերոսական ոգով է դաստիարակել տարբեր սերունդների՝ հայ ժողովրդի մէջ վառ պահել հայրենասիրութեան կրակն ու ազատատենչ ոգին. երգ, որ կռուի դաշտ առաջնորդեց նաեւ արցախեան պատերազմի անվեհեր մարտիկներին, որոնք իրենց սխրանքներով ու անձնազոհութեան բազում օրինակներով ծնունդ տուեցին նոր բոցաշունչ երգերի:
Եւ բոլոր այդ երգերն այսօր զիլ, ուժեղ ձայնով կատարում են մի խումբ մանուկներ, նրանց հոգում սկսում է կայծկլտալ հայրենասիրութեան կրակը, զգում ես՝ աւելանում է «փրկուած հայերի» թիւը:
Ճամբարում առօրեան անցնում էր չափազանց հետաքրքիր, այստեղ ամէն օրն ու ժամը ծրագրուած էր կազմակերպիչների կողմից: Այսպէս, մինչ դասասենեակում նարնջագոյն խմբի երեխաները (նրանք բաժանուած էին 3 խմբերի՝ ըստ ՀՀ դրօշի գոյների) սովորում էին անգլերէն, կարմիր խմբի երեխաները սովորում էին երգել, իսկ կապոյտ խումբը ծանօթանում էր արեւելեան մարտարուեստի գաղտնիքներին. պարապմունքը ղեկավարում էր ճամբարի պատասխանատու Պերճ Բարսեղեանը: Վերջինիս հրամանը կատարելուց առաջ, գիւմրեցի փոքրիկ Յովհաննէսը զարմանքով հարցնում է.
– Ընկեր Պերճ, աղջիկնե՞րն էլ են քարաթէ պարապում:
– Այո, իրենք պաշտպանութեան կարիք չե՞ն զգում,- պատասխանում է ընկեր Պերճը:
– Բա մենք ինչի՞ համար ենք,- նորից զարմանում է Յովհաննէսը, ապա վճռականօրէն աւելացնում՝ Մենք իրենց կը պաշտպանենք:
– Ապրե՛ս, Յովհաննէս, արի՛ պիտի ճակատդ համբուրեմ,- ասում է Պերճն ու գիւմրեցի պատանուն ամուր սեղմում կրծքին. առաջին՝ ամենակարեւոր դասը նա արդէն իւրացրել է:
Պերճը դասաւանդում է նաեւ Լոս Անճելըսի հայկական դպրոցներից մէկում եւ նկատում է, որ այստեղի երեխաներն աւելի աշխոյժ են, ինչպէս ինքն է ասում՝ կրակոտ.
– Նրանք հայրենի հողի վրայ են-, փորձում է մեկնաբանել Պերճը,- զգում են հողի ուժն ու զօրութիւնը, դրա համար աւելի համարձակ են, բայց, ըստ էութեան, չեն գիտակցում, թէ որտեղի՞ց է գալիս այդ ոգին: Պէտք է նրանց օգնել՝ հասկանալու այդ բացայայտ ճշմարտութիւնը, որ երբեմն դրսեւորւում է յանդուգն արարքների ձեւով, ճիշդ դէպքերում օգտագործել: Օրինակ, երբ հայրենիքի զինուորը համարձակ է ու խիզախ թշնամու հանդէպ, շատ գովելի է, կարող է հեշտութեամբ ճնշել, յաղթել նրան, բայց շատ վատ է, երբ փորձում ենք շրջապատում մէկմէկու ճնշել, մեր ուժն ու կամքը պարտադրել իւրայիններին: Ուստի զգում ենք, որ խիստ անհրաժեշտ է երեխաներին դաստիարակել սիրոյ եւ համերաշխութեան ոգով: Իսկ նրանք աւելի հեշտ են միաբանւում, երբ գիատկցում են, որ բոլորն էլ նոյն գաղափարի զինուորն են, նոյն հայրենիքի զաւակը եւ որ ուժեղ են միասին: Պիտի սիրեն իրար, լինեն միաբան, որ յաղթեն նրանց, ովքեր հայի վատն են կամենում: Սրանում է կայանում նաեւ մեր առաքելութիւնը. առաջին օրերին իրար հետ վիճող տղաները մի քանի օրից թեւանցուկ երգելով տուն էին գնում, ահա մեր նպատակն ու դրա յաջող իրականացումը:
Եւ, իրաւ, Գիւմրիի ամենատարբեր թաղամասերում ապրող մի խումբ երեխաներ ճամբարի շնորհիւ իրար ճանաչեցին ու մտերմացան, դարձան ընկերներ: Արդէն նրանց հետ ունեցած մեր զրոյցից պարզ դարձաւ, որ երեխաների մօտ բարձրացել է ազգային գիտակցութիւնն ու պետական մտածողութիւնը, ինչն էլ վկայում է այն մասին, որ դրան նպատակաուղղուած ամէնօրեայ դասախօսութիւններն անհետեւանք չեն անցել:
Երեխաների հայրենասիրութիւնը պարզելու մի համեստ փորձ կարելի է համարել կազմակերպիչների կողմից «Իմ Հայրենիքը» թեմայով շարադրութիւնների մրցոյթի յանձնարարումը, որի յաղթող ճանաչուեց թիւ 2 դպրոցի 10րդ դասարանի աշակերտուհի Արաքս Մանուկեանը եւ իբրեւ նուէր ստացաւ «Կտակն Էր Նահատակներուն» գիրքը: Ութ տարի Ռուսիա ապրած հայուհին խոստովանեց, որ աւելի լաւ է գիտակցում, թէ ի՞նչ երջանկութիւն է հայրենիքում ապրելը, եւ որ իր բոլոր ծրագրերն ու երազանքները կապուած են հայրենիքին հետ, իսկ ճամբարում նա տեսաւ ու պարզեց, թէ ինչքա՛ն կան հայրենիքի նուիրեալ հայորդիներ, որոնց վարքն ու վարքագիծը պիտի դառնան օրինակելի միւսներին համար: Դպրոցում Արաքսն ընկերներին շատ բաներ ունի պատմելու, իսկ Արեանային, Նորային, Ալենին, ընկեր Պերճին ու միւսներին, գիտի որ շատ կը կարօտի:
«Այս պահից արդէն երազում եմ մեր միւս հանդիպման մասին», խոստովանում է Արաքսն ու աւելացնում. «Մտադրուել եմ միւս տարի բոլորին զարմացնել հայրենասիրական երգերի իմ շատ իմացութեամբ»:
Ասում է, «Երգարանը» սեղմում կրծքին ու հպարտ քայլելով գնում տուն: Իրաւամբ, այս ոգու տէր երիտասարդն է յաղթութիւն բերում հայրենիքին, լինի տղայ, թէ աղջիկ: