ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեան, Անկախութեան օրուան նախօրէին հարցազրոյց մը տուած է «Վեստի» հեռատեսիլի ծրագիրի լրագրող Սերգէյ Պրիլիովին, եւ պատասխանելով այն հարցումին, թէ՝ ինչո՞ւ այդքան կարեւոր կը գտնէ հայ-թրքական սահմանի բացումը, ան յայտնած է. «Թուրքիայի նախագահին Հայաստան հրաւիրելու եւ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման եւ Հայաստանի ու Թուրքիայի հանրապետութիւնների միջեւ սահմանների բացման վերաբերեալ բանակցութիւններ սկսելու մեր նախաձեռնութիւնը կոնկրէտ (յստակ, մասնաւոր-Խմբ.) ծրագիր չէ: Այն աւելի շուտ փորձ է՝ ստեղծելու յարաբերականօրէն տանելի միջավայր, որի առկայութեան դէպքում, 21րդ դարում, հնարաւոր է երկխօսութիւն հարեւան երկրների միջեւ»:
Նշելէ ետք, որ նման բանակցութիւններ անցեալին եղած են ու փակուղիի առջեւ կանգ առած, նախագահ Սարգսեան այս գործընթացին յաջողութիւնը հարիւր տոկոսով երաշխաւորուած չի նկատեր:
«Հոկտեմբերի 14ին պատասխան խաղն է: Հայաստանի հաւաքականը մեկնում է Թուրքիա ֆութպոլ խաղալու: Ինչպիսի՞ պայմաններ պէտք է կատարուեն, որպէսզի Դուք ներկայ գտնուէք Հոկտեմբերի 14ի խաղին» հարցումին պատասխանելով՝ նախագահ Սարգսեան ըսած է. «Մենք ի սկզբանէ պայմանաւորուել ենք, որ բանակցային գործընթացը սկսում եւ առաջ ենք շարժւում առանց որեւէ նախապայմանի, այդ պատճառով ես որեւէ պայման չունեմ: Բայց, մենք ուզենք, թէ չուզենք, ֆութպոլային այդ երկու հանդիպումները դարձել են քաղաքական գործընթացի բաղադրիչ մաս: Գործընթացը դեռ շարժման մէջ է, եւ ամէն ինչ կախուած է ընթացքից»:
Ռուս լրագրողը նաեւ հարց տուած է, թէ՝ «Թուրքերը, խօսելով հայ-թուրքական հնարաւոր հաշտեցման, դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման, սահմանների բացման մասին, յիշատակում են ատրպեճանական գործօնը: Նրանք ասում են, որ կը գնան սահմանի բացման, եթէ Հայաստանն իր հերթին, արագ, օպերատիւ կերպով կարգաւորի յարաբերութիւններն Ատրպէյճանի հետ: Ինչպէ՞ս էք գնահատում ատրպեճանական գործօնի ազդեցութիւնը հայ-թուրքական բանակցութիւնների վրայ»:
Նախագահ Սարգսեանի պատասխանը եղած է. «Թուրքերն ու ատրպէյճանցիները սիրում են յաճախ կրկնել, որ իրենք մի ժողովուրդ են, բայց ապրում են տարբեր երկրներում: Ես դրա հետ չեմ վիճում, բայց կարծում եմ, որ հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորումը օգտակար է ոչ միայն Հայաստանի եւ Թուրքիայի, այլ հեռանկարում՝ նաեւ Ատրպէյճանի համար: Եւ եթէ թուրքերի հետ բանակցային գործընթացը ատրպեճանական գործօնի պատճառով ձախողուի, ապա, կարծում եմ, որ միջազգային հանրութիւնը պէտք է յայտնի իր կարծիքը: Երբ թուրքերն ասում են, թէ իրենք ցանկանում են որոշակի առաջխաղացում, շուտափոյթ լուծում, դա նշանակում է, որ նրանք ասում են՝ դուք միակողմանի ինչ որ բան զիջէք: Իսկ երբ մենք ասում ենք, որ այդ գործընթացները ոչ մի կապ չունեն միմեանց հետ, ապա՝ ասում ենք, որ չենք կարող միակողմանի զիջումներ անել: Ես կարծում եմ, որ դա՝ ե՛ւ թուրքերն են լաւ հասկանում, ե՛ւ մենք: Իսկ միմեանց կապել երկու գործընթացները՝ նշանակում է բարդացնել իրավիճակը, նշանակում է, որ ո՛չ այս եւ ոչ էլ միւս գործընթացը չի կարող արագ լուծում ստանալ»:
Ղարաբաղի հակամարտութեան վերաբերող հարցին պատասխանելով՝ նախագահ Սարգսեան յայտնած է, որ «Այս ուղղութեամբ վերջին իրադարձութիւնը Ռուսաստանի, Միացեալ Նահանգների եւ Ֆրանսիայի նախագահների, այսինքն՝ Մինսկի խմբի համանախագահ երկրների, համատեղ յայտարարութիւնն էր Աքուիլայում եւ որոշ դրոյթների, այսպէս կոչուած՝ «մատրիտեան սկզբունքների» հրապարակումը, որոնք մենք հիմա քննարկում ենք: Բոլորին յայտնի դարձաւ կարգաւորման ներկայ փուլի հիմքում դրուած տրամաբանութիւնը, այսինքն՝ «մատրիտեան սկզբունքները»: Դրանք են՝ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման համար հանրաքուէի անցկացումը, այն տարածքների վերադարձը Ատրպէյճանի վերահսկողութեանը, որոնք եւ Դուք անուանեցիք, եւ Ղարաբաղը եւ մենք ենք անուանում «անվտանգութեան գօտի», եւ մեր միջեւ բոլոր տեսակի յարաբերութիւնների կարգաւորումը…
Ուստի, եթէ իրականում տրամաբանութիւնն այնպիսին է, իսկ մենք այլ բան չենք տեսել, որ այդ շղթայի բոլոր օղակները, բոլոր տարրերը բխում են Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակից, ապա, կարծում եմ, որ յաջողութեան կը հասնենք…»:
Ռուս լրագրողին վերջին հարցումը եղած է նախապէս Լեռնային Ղարաբաղ բնակող ատրպէյճանցիներու վերադարձի պահուն մասին, թէ՝ արդեօք անոնք պիտի վերադառնան կարգավիճակին վերաբերող հանրաքուէէն առա՞ջ, թէ ետք:
Նախագահ Սարգսեան պատասխանած է. «Իմ դիրքորոշումը բազմիցս ներկայացուել է, այդ թւում՝ նաեւ Իլհամ Հէյտարի Ալիեւին ու համանախագահներին: Այն հետեւեալն է՝ Ղարաբաղից հեռացած ատրպէյճանցիները, ի հարկէ, լիարժէք իրաւունք ունեն վերադառնալու իրենց բնակութեան վայրերը, սակայն նրանք դա կարող են անել միայն Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հաստատումից յետոյ: Ինչո՞ւ: Որովհետեւ դեռեւս չի եղել ոչ մի նմանատիպ հակամարտութիւն, որ փախստականների ժամկէտից շուտ վերադարձը նոր բռնկումների առիթ չտայ: Իսկ մենք լուծման գնում ենք ինչի՞ համար: Խաղաղութեա՞ն համար, կայունութեա՞ն համար, այն բանի համար, որ իւրաքանչիւր մարդ իմանայ, թէ ինքը որտէ՞ղ է ապրելու»: