Ռ. ԿՈՐԻՒՆ
Մեր ներկայ օրերում ականատեսն ենք տարբեր դահլիճներում տեղի ունեցող նոր գրքերի քննարկմանը եւ շնորհահանդէսների. ուրախալի երեւոյթ, որ մեզ յոյս է ներշնչում համայնքում հետաքրքրութեան հանդէպ գրքին ու բանին, լաւին ու վսեմին: Ցանկանալի է առաւել թափ եւ մղում ու մեր նոր սերունդի ներգրաւումը գրական շարքերում, քանի որ նրանք են դառնալու մեր ապագայի գոյատեւման ջահակիրները:
Քալիֆորնիայի հայ գրողների միութիւնը իր կատարած աշխատանքներով իր բաժինը կը բերէ՝ իւրաքանչիւր ամիս կազմակերպելով գրական միջոցառում՝ հեղինակների գրքեր ներկայացնելով հասարակութեան: Հինգշաբթի, Սեպտեմբեր 3ի երեկոն յատկացուած էր Ֆիրա Զեֆա Ակեանի մանկական գրքերի քննարկման:
Ֆիրան իր գրքերով մեզ ներկայանում է որպէս մանկագիր գրող—բանաստեղծ. նա Երեւանում է ծնուել, լքել հայրենիքը իբր «լաւ» ափունքների յետամուտ՝ 1995ին հաստատուելով Ամերիկայում: Նա բազմափորձ մանկավարժ է: Երեւանեան տարբեր դպրոցներում պաշտօնավարել է որպէս դաստիարակ—տնօրէն։ Արժանացել է գնահատագրերի։ Նա հեղինակ է մի քանի գրքերի՝ «Յուշեր», «Յոյսի մոմեր», «Մանկան պարտէզ», «Հեքիաթների ժողովածու» եւ «Մանկական սենարներ»: Անոր մանկական բանաստեղծութիւններից ոմանք երգերի են վերածուել:
Միութեան նախագահ, բանաստեղծ Գրիշ Դաւթեանը կատարեց նիստի բացումը. նախ անդրադարձաւ մի քանի կարեւոր հարցերի: Նա, դիմելով ներկաներին՝ քաջալերեց գնել միութեան «Ձայն բազմաց» ժողովածուն, որը ամենալաւ նուէրը կարող է լինել: Նա ներկայացրեց պարսիկ գրող Սաադիի «Գոլեստան» (Վարդաստան) գրքից մի տող, ուր ասւում է՝ «Գոլեստանը ընտրիր ծաղկի փոխան, որ յաւերժ բուրի»։ Այո, ծաղկեփունջը մի քանի օր կեանք ունի, իսկ գիրքը՝ մշտական։ Նախագահը տեղեկացրեց, որ Հոկտեմբեր ամսուան առաջին Հինգշաբթին նուիրւում է մեր թարգմանիչ վարդապետների տօնին՝ Մշակոյթի օրուան, ու ազատ բեմ է յայտարարւում, ուր գրողները այդ բովանդակութեամբ ստեղծագործութիւններ կրնան ընթերցել:
Ան Ֆիրա Ակեանը ներկայացնելով՝ ասաց. «Նա մանկական աշխարհում ունի իր իւրովի մօտեցումը, մանուկների հոգեբանութիւնը լաւ ըմբռնելով: Մենք այս գիշեր գործ ունենք փորձառու մանկավարժի հետ», ու բեմ հրաւիրեց նրան:
Ֆիրան խանդավառ ոգեւորութեամբ տեղ գրաւեց ամբիոնում, վառ ու պայծառ հայեացքով դէպի լսարանը սկսեց իր ելոյթը. «Եթէ ասեմ այսօր յուզուած չեմ, չհաւատաք: Տասնչորս տարիներ յետոյ ես կարող եմ արդէն իմ ստեղծագործական գործունէութեան մասին խօսել, այն էլ բեմից: Պատկերացրէք, թէ ինչքա՜ն մեծ է իմ յուզումը»: Նրա սրտախօս բառերի թողած առաջին տպաւորութիւնները լսարանին մղեց լուռ հետեւելու նրա ելոյթին: Նա խօսեց իր ուսման եւ մանկավարժական բնագաւառում ձեռք բերած փորձառութիւնների, յաջողութիւնների եւ Ամերիկայում իր գաղթականութեան դժուարութիւնների մասին, մինչեւ վիճակի բարւոք կայունացումը։ Նա յուզախառն ապրումով ընթերցեց իր մանկական ստեղծագործութիւններից մի քանի կտորներ եւ արժանացաւ ներկաների ծափողջոյններին:
Ապա, ելոյթ ունեցաւ բանաստեղծ Գարուշ Հարեանց: Նա իր երկար, բայց հետաքրքրական խօսակցութեան մէջ բազմաբնոյթ հարցերի անդրադարձաւ՝ դրուատանքի արժանանալով: Նկատելով, որ Հայաստանից շատեր են գաղթել Ամերիկա եւ այլ երկրներ՝ ան ասաց, որ Հայաստանը բնակչութեան կարիքն ունի. տուն դարձի ճամբայ պիտի բռնել, ոչ թէ գաղթի:
«Ֆիրա Ակեանը բնածին մանկագիր է. ես զուգահեռ չեմ անցկացնում նրա պոէզայի որոնումների հետ. նրանք զիջում են մանկագրութեանը, դէպի ուղեղի քերելու եւ քորելու ճանապարհին է լոյս աշխարհ եկել: Ուրախ եմ որ մեր շարքերը համալրուեց զտարիւն մանկագրով: Շիրազը, որ մանկագիրներին չէր սիրում, ասում էր նա «մանուկ գրող է»», ասաց Գարուշ Հարեանց, որ ապա Օֆելիա Հովեանի հրաւիրեց՝ հեղինակին մասին իր զեկոյցը ներկայացնելու: Նա հին յունական մի ասացուածքով սկսեց՝ «Աշխատանքը նաեւ ստեղծել է մարդուն», ապա լայնօրէն ներկայացրեց Ֆիրայի կեանքը, ուսման ոլորտը, մանկավարժական ծառայութիւնները, նրա ստեղծագործական աշխատանքները, հեռուստատեսային ելոյթները, նրա պատուին, երկու ամիս առաջ հայրենիքում եղած ժամանակ, «Խնկօ Ապեր» գրադարանի հեքիաթային դահլիճում շնորհահանդէսը եւ ՀԳՄեան անդամակցութիւնը: Ինչպէս տեղեկացրեցինք, նրա ծնողները 1915ի Մեծ Եղեռնից հրաշքով Ալաշկերտից գաղթել են արեւելեան Հայաստան:
Խօսելով Ֆիրայի Ամերիկա տեղափոխուելուն մասին՝ ան ասաց. «Դժուարին փորձութիւններից եւ բազմաթիւ խոչընդոտների միջով անցնելով, նա մնում է անկոտրում եւ արիաբար շարունակում է կատարել իր կեանքի ծրագրերը, ձգտումներն ու փափաքները»:
Գեղարուեստական համեստ բաժնում, պարմանուհի Արփի Աղաջանեան երգում է՝ «Ծիտիկը»՝ երաժտութիւն եւ բառերը Ֆիրայի, դաշնամուրի մօտ՝ ժուլետա Թահմազեան: Արտասանում է մատղաշ աղջնակ Մանան Դարբինեանը՝ «Անուշիկ մայրիկը», խօսք՝ Ֆիրայի: Նաեւ, Գարուշը Սերգէյ Միխայէլիքովի «Խօսում է յատուկ կարծիք» առակը ներկայացրեց:
Այնուհետեւ բեմ հրաւիրուեցաւ բանաստեղծ եւ գրականագէտ Գէորգ Քրիստինեան: Նա հիացումի արտայայտութեամբ յիշում է մեր անցեալի վարպետ մանկագիրներին, որոնց գրուածները միշտ դաստիարակելու դերումն են: Նա իր գրականագիտական մտածումները կենտրոնացնելով Ֆիրա Ակեանի գրականութեան վրայ՝ այսպէս է եզրակացնում. «Ես ծանօթացայ Ֆիրա Ակեանի հեքիաթների եւ բանաստեղծութիւնների հետ, ինձ աւելի դուր եկան նրա հեքիաթները. նա կարողանում է ժամանակակից հեքիաթներ ստեղծել, այստեղ նա ունի յաղթանակ: Բարեկամաբար խորհուրդ եմ տալիս մեր գրողներին. անհրաժեշտ է նախքան գրքի տպագրութիւնը, թող գրութիւնները խմբագրւեն։ Ես ողջունում եմ նրա մուտքը մանկական գրականութեան ասպարէզ. սա մեզ համար յաղթանակ է, քանի որ մանկական գրողի կարիքն ունենք»:
Ապա ցուցադրուեց «Խնկօ Ապեր» գրադարանի դահլիճում, ի պատիւ Ֆիրա Ակեանի կազմակերպուած գրքերի շնորհահանդէսի տեսահոլովակը: Գնահատանքի, սիրոյ, շնորհաւորանքի խօսքեր ասացին գրող Կիմա Կիրակոսեանը, (որ նաեւ կարդաց Ֆիրայի «Թիթեռնիկ» բանաստեղծութիւնը), հայոց լեզուի եւ երաժշտութեան դասատու Մարինէ Աբրահամեան-Աբդաշոն եւ կերպարուեստուհի Անահիտ Ալլահվերդեանը:
Վերջին խօսքը յանձնուեց մեծարեալին: Նա շնորհակալութիւն յայտնեց բոլորին՝ աւելցնելով. «Մարդը մարդով է ապրած. թող սէրն ու բարին ամէնուրեք տիրակալ լինին»:
Ապա տեղի ունեցաւ հիւրասիրութիւն: Մթնոլորտը ջերմ էր: Փունջ-փունջ խմբակներ զրուցում էին: «Խնդրում եմ սրահը թողնել», յայտարարութիւնը մի քանի անգամ կրկնուեց: Սրահը պարպուեց. հանդէսը գրուեց սրահի պատմութեան մէջ եւ մեկնողների մտքերում: