ՍԱՐՕ ՆԱԶԱՐԵԱՆ
Նախագահ Սերժ Սարգսեան անցեալ Հինգշաբթի, Սեպտեմբերի 17ին, Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների հարցի վերաբերեալ խորհրդակցութիւններ ունեցաւ երկրի 52 քաղաքական կուսակցութիւնների ներկայացուցիչների հետ, նախ դռնբաց եւ ապա դռնփակ նիստերով: Ինչպէս յայտնի դարձաւ խորհրդակցութիւններին մասնակցած ներկայացուցիչների արտայայտութիւններից, նախագահը թէ՛ բաց եւ թէ՛ փակ նիստերով փորձել էր ներկաներին համոզել, թէ Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների հարցով հրապարակուած արձանագրութիւնները բխում են երկու երկրների շահերից, եւ թէ իր նպատակն է եղել, ըստ իրեն՝ «Ցոյց տալ, որ Ցեղասպանութեան արհաւիրքով անցած ժողովուրդը եւ Հայաստան երկիրը, որ կանգուն է եւ տէր է իր ժողովրդի ցաւին, իրականում բաւարար ուժ ունի առաջինը ձեռք մեկնելու եւ աշխարհի զարգացման ընթացքին հակընդդէմ շարժուելու անիմաստութիւնը մատնացոյց անելու»:
Առաջին հայեացքից, գեղեցիկ (մասամբ՝ յուզական) են հնչում այդ խօսքերը, բայց իրականութիւնն այն է, որ փակ ու բաց խորհրդակցութիւններից դուրս եկած քաղաքական կազմակերպութիւնների ներկայացուցիչների ճնշող մեծամասնութիւնը, ո՛չ միայն չէր համոզուել, այլ լրագրողների հետ ունեցած ճեպազրոյցներում խիստ մտահոգութիւն եւ մտավախութիւն էր յայտնել Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների հարցով՝ նախագահի ներկայացրած քաղաքական գնահատականների կապակցութեամբ:
Խորհրդակցութիւններին մասնակցած ՀՅԴի Հայաստանի Գերագոյն մարմինի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեան, հիմնուելով ներկայացուած բացատրութիւնների վրայ՝ այն համոզումը յայտնեց, որ՝ «Եթէ խնդիրը դրւում է «կա՛մ ստորագրում էք, կա՛մ ո»չ ձեւաչափով, այսինքն ոչ մի տող չպիտի փոխուի արձանագրութիւնների մէջ, ուրեմն նշանակում է՝ ինչ որ մի պարտադրանք կայ եւ բնականաբար դա աւելի ու աւելի կ՛երեւայ հետագայում, այսինքն՝ պարտադրանքը չի կարող թաքուն լինել եւ մենք ժամանակի ընթացքում դա յստակ կը տեսնենք»: Զարմանալի եւ զաւեշտական էր, սակայն, Հայաստանի վերանկախացումից ի վեր պատասխանատու պաշտօններ վարած Վազգէն Մանուկեանի արտայայտութիւնները լրագրողների առջեւ: «Ես կարծում եմ, որ այս (արձանագրութիւնների-ՍՆ) ստորագրումը ո՛չ թէ խանգարում է Ղարաբաղի հարցի լուծմանը, այլ նոյնիսկ կարող է օգտակար լինել»: Իսկ անդրադառնալով մեր հողային պահանջատիրութեանը, նա աւելացրել էր. «Մենք ասում ենք է՛ն հողերը մենք վերցրել ենք, չէ՞, դա մերն է, (խօսքը վերաբերում է արցախեան ազատագրուած տարածքներին-ՍՆ), դեռ Թուրքիայից էլ ասում ենք է՛ն հողերն էլ եկէք մեզ տուէք (այսինքն՝ Թուրքիայի կողմից բռնագրաւուած Արեւմտահայաստանը-ՍՆ): Հակասութիւն կայ էդ բանում: Ինձ համար կարեւոր է, որ նոր քաղաքականութիւն է սկսւում Թուրքիայի հետ, նոր քաղաքականութիւն է սկսւում տարածաշրջանում, առանց որի, Հայաստանը խեղդուելու էր այս վիճակում: Գիտէք, ես ինքս տաճկահայ եմ (հաւանաբար ուզում է ասել արեւմտահայ-ՍՆ), այսինքն՝ իմ պապը ցեղասպանութիւնից փաստօրէն եկել է Հայաստան: Մեզ համար էմոցիոնալ (զգացական-ՍՆ) տեսակէտից շատ կարեւոր են այդ հարցերը՝ Թուրքիայի նկատմամբ ատելութիւն, եւ այլն, եւ այլն: Բայց դուք յիշէք, մենք ապրում էինք Խորհրդային միութիւնում, պաշտպանուած էինք Խորհրդային միութիւնում եւ կարող էինք երազել եւ ատել: Սփիւռքահայութիւնը ապրում է Սփիւռքում: Կարող է հանգիստ երազել եւ ատել: Բայց մենք հիմա անկախ պետութիւն ենք եւ անկախ պետութիւնն էլ մեր առջեւ դնում է նոր խնդիրներ: Ըստ որում այն, ինչ որ ստորագրում է Հայաստանը, դա վերաբերում է Հայաստանի պետութեանը, Հայաստանի քաղաքացիներին: Դա չի վերաբերում սփիւռքահայերին: Սփիւռքահայերը նոյն ձեւի, եռանդով կարող են շարունակել իրենց գործունէութիւնը»:
Այլ խօսքով, Վազգէն Մանուկեանն ու իր նման գործիչներ, ովքեր դժբախտաբար այսօր զբաղեցնում են երկրի պատասխանատու պաշտօններ, բացէիբաց յայտարարում են, որ՝ սփիւռքահայե՛ր, հեռու մնացէ՛ք Հայաստանին վերաբերող հարցերից: Դրանք ձեզ չեն վերաբերում: Դուք ձեր գործին նայէք, մենք՝ մեր: Սա ահազանգային աստիճանի մտահոգիչ երեւոյթ է, ազգակործան մտածողութիւն է, որը պէտք է, կրկնում եմ, պէ՛տք է, մէկ անգամ ընդմիշտ, արմատախիլ անել ու պատմութեան աղբամանը նետել: Չկա՜յ ջրբաժան գիծ Հայաստանի ու Սփիւռքի միջեւ: Բացարձակապէս դատապարտելի է, որ ներկայիս ճակատագրական օրերին որեւէ փորձ արուի սեպ խրելու Հայաստանի ու Սփիւռքի հայութեան միջեւ: Այս օրերին ո՛չ միայն անհրաժեշտ, այլ նաեւ ճակատագրական է, որ Հայաստանն ու Սփիւռքը հրապարակ իջնեն մէկ ու յստակ կարգախօսով՝ ապացուցելու համար Թուրքիային ու աշխարհին, որ մէկ է հայութեան որդեգրած քաղաքական ուղին՝ Հայ Դատի եւ Հայ ժողովրդի պահանջատիրութեան պայքարում: Իսկ ինչ վերաբերում է Վազգէն Մանուկեանին ու իր նման գործիչներին, ապա անհրաժեշտ է նրանց յիշեցնել, որ այդ կարգի արտայայտութիւններով իրենք պարզապէս ջուր են լցնում Հայոց Ցեղասպանութիւնն ու հայ ժողովրդի պահանջատիրութիւնը ուրացող թուրքական կողմի ջրաղացը:
Մի այլ հետաքրքիր զարգացում եւս: Սեպտեմբերի 17ին Բրիտանիայի Լորդերի պալատի անդամուհի Քարոլայն Քօքսի հետ ունեցած հանդիպման ժամանակ, նախագահ Սերժ Սարգսեանը յայտարարեց, որ Հայաստան- Թուրքիա յարաբերութիւնների հարցով որոշել է առաջիկայ շաբաթների ընթացքում այցելել Սփիւռքի մի շարք հայաշատ գաղթօճախներ, նախագահին բառերով՝ «Լսելու Սփիւռքի մեր քոյրերի ու եղբայրների կարծիքը համազգային նշանակութեան այս խնդրի վերաբերեալ»: Նախագահը Սփիւռքի միակամ կարծիքը արդէն իսկ պէտք է ստացած լինի՝ սփիւռքահայ, այդ թւում՝ լոսանջելըսահայ թերթերում լոյս տեսած բազմաթիւ յօդուածների ու հեռուստակայանների հաղորդումների ճանապարհով, ուր սփիւռքահայութիւնը յստակօրէն յայտարարել է, որ ո՛չ մի գնով չի ընդունում, որ դէ՛մ է ներկայիս ձեւաչափով ու բովանդակութեամբ ներկայացուած արձանագրութիւնների վաւերացմանը: Այս վճռական ու հաստատակամ պատգամից զատ, նախագահը որեւէ այլ բան չի լսելու Սփիւռքի հայաշատ գաղթօճախը համարուող Լոս Անջելըսի հայ համայնքից: Իսկ եթէ նա անսալով ու արձագանգելով արդէն իսկ հնչեցուած սփիւռքահայութեան մտահոգութիւններին, քննադատութիւններին ու բողոքներին՝ պատրաստ է հիմնական փոփոխութիւններ մտցնել արձանագրութիւններում տեղ գտած ազգավնաս կէտերում, ապա, այդ դէպքում, կ՛իմաստաւորուի եւ արդիւնաւէտ կը լինի իր Սփիւռք, այդ թւում՝ Լոս Անջելըս կատարելիք այցելութիւնը: Այլապէս, եթէ նախագահը մտադիր է իր այցելութեամբ ինչ որ կերպ համախոհութիւն ստեղծել ներկայիս արձանագրութիւնների շուրջ, ապա հաստատօրէն պէտք է յայտարարել, որ ձախողութեան կը մատնուեն այդ մտադրութիւնները եւ աւելի ու աւելի ակնյայտ կը դառնայ այն իրողութիւնը, որ Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների հարցով նախագահ Սարգսեանի մօտեցումներն ու որդեգրած քաղաքականութիւնը ո՛չ միայն չեն ողջունւում, այլ կտրականապէս մերժւում են Լոս Անջելըսում ապրող բազմահազար հայութեան կողմից: Այդ իրողութիւնը ակնյայտ կը դառնայ նաեւ այս երկրի հասարակական, քաղաքական ու պետական զանազան շրջանակների մօտ: Ուստի, նախքան այցի գալը, պաշտօնական Երեւանը եւ մասնաւորաբար նախագահ Սարգսեանն ու իր խորհրդականները պէտք է լրջօրէն արժեւորէն նման այցելութեան նպատակները, հեռանկարներն ու քաղաքական հետեւանքները:
Գլէնդէյլ
22 Սեպտեմբեր, 2009