ԺՈՒԼԻԷԹ ԴԱՒԹԵԱՆ
ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԳԻԾԵՐ
Հայ նկարչութեան ու քանդակագործութեան աշխարհի եւ համաշխարհային արուեստի ու արուեստասէրների աշխարհում մեծ համբաւ գտած եւ իր որոշիչ ու անփոխարինելի տեղը ունեցող եզակի դէմքերից է Էմիլ Գազազը:
Ծնուել է Գիւմրիում: Դեռ շատ մանուկ տարիքից հետաքրքրութիւն է ցուցաբերել արուեստի նկատմամբ: Ըստ Գազազի, արուեստի հանդէպ ունեցած իր այս սէրն ու հետաքրքրութիւնը պարտական է իր մօրը: Մայրն աշխատելով Գիւմրիի թատրոնում որպէս դերձակուհի՝ վաղ տարիքից իսկ տղային ծանօթացրել է գոյների, լոյսերի, շուքերի ու պատկերների իմաստին, էութեանը:
Այսօր Գազազի գործերում ամրօրէն կառչած են այդ գոյներն ու լոյսերը, շուքերն ու էակների, իրերի խորութիւնները, իմաստները, կեանքը, հոգին ու շունչը: Երեք տարեկանից այցելում է քանդակագործութեան արուեստանոց իսկ եօթ տարեկանից սկսում է սովորել քանդակագործութիւն:
Տասներկու տարեկանում արդէն սկսում է յաճախել Գիւմրիի Մերքիւրովի անուան արուեստից վարժարան: Հետագային տեղափոխուելով Երեւան սովորում է Երեւանի Թերլեմէզեանի արուեստի ուսումնարանը, այնուհետեւ գեղարուեստի ու թատրոնի ինստիտուտը:
1980 թուկանին, երբ Հայաստանում դեռ տիրում էին սովետական կարգերը, Գազազ տեղափոխւում է Միացեալ Նահանգներ: Անհաւատալիօրէն այս հանճարեղ արուեստագէտը իր Միացեալ Նահանգներ բնակուելու սկզբնական օրերին ապրել է այնպէս ինչպէս բոլոր միւս գաղթականները:
Աշխատել է ոսկերչական արհեստանոցում: Սակայն հետագային Գազազը նուիրուելով իր քանդակագործութեան եւ նկարչութեան արուեստին հէնց այստեղ՝ Լոս Անճելըսում իրականացնում է իր միջազգային ճանաչում գտած արուեստագէտի երազը:
Նրա գործերը ցուցադրւում են Եւրոպայում, Ասիայում, Հարաւային Ամերիկայում, Գանատայում եւ Միաց. Նահանգների բազմաթիւ քաղաքների համբաւաւոր սրահների մէջ:
ԱՐՈՒԵՍՏ
Էմիլ Գազազի գործերը որքան իրապաշտ են եւ ամենայն խստութեամբ հետեւում են նկարչութեան եւ քանդակագործութեան կանոններին, նո՛յնքան էլ արտայատում են ստեղծագործի հոգու խորքը եւ ինքնատիպ երեւակայութիւնները:
Նրանցում որքան ցայտում է իրական կեանքը, ա՛յդքան եւս կայ ստեղծագործի ներաշխարհը, նրա աչքով տեսած կեանքը, չարը, բարին, գեղեցիկը, տհաճը, սատանան ու հրեշտակը: Գազազի ստեղծագործութիւնները չեն ընդօրինակում ուրիշին, չեն էլ նմանում որեւէ մէկ ուրիշի գործերին: Նրանը իւրօրինակ է, եզակի եւ արտացոլում է արուեստագէտի ապրումները միայն, այն ինչ ինքն է ապրում, այն ինչ կ՛ուզենար ապրել ու տեսնել:
Գազազը ամբողջութեամբ զգում է իր յօրինածը, ապրում է այն, իր հոգիով ու սրտով շունչ է տալիս իր ստեղծագործութեանը, կենդանացնում է նրանց իր ձեռքերով ու յանձնում իր արուեստի երկրպագուների դատին: Իր գործերին՝ արձաններին ու նկարչութիւններին նայելով կարելի է զրուցել նոյն ինքն արուեստագէտի հետ, հաղորդակցուել նրա ներաշխարհի հետ, զգալ նրա ապրումները, ու ամենակարեւորը զգալ նրանք այնքան հարազատ եւ մօտ որքան իւրայինը:
Գազազը չի աշխատում օրէնքի սահմաններում, նա երեւակայում է եւ իր երեւակայութիւնը արուեստասէրին փոխանցում մետաղի ու ներկի լեզուով: Հանճարեղ է Գազազի արուեստը, աննման ու խիստ իւրօրինակ:
Մանէ Հայրեանի խօսքերով՝ «էմիլ Գազազը խորհում է իր զգացումներով, զգում իր ուղեղով, իր տեսլականն փոխանցում վրձինի բառերին եւ իր բանաստեղծութիւնները՝ մետաղին: Նրա արուեստը այն տեսլականի արդիւնքն է, որի տարածքներն անցնում են միջազգային արուեստի սահմանները, յետադարձ հայեացք նետելով ոչ միայն Զարթօնքի շրջանին կամ արագընթացօրէն փոփոխութիւն ապրող արուեստի լեզուի վրայ, այլեւ մարդկութեան հոգու խորքը»:
ՇՔԱՆՇԱՆՆԵՐ-ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
2003 թուականին Էմիլ Գազազը մասնակցել է Իտալիայի Ֆլորանս քաղաքի միջազգային ցուցահանդէսին եւ շնորհուել Լօրէնզօ Մէտիչի շքանշանին եւ Դեկտեմբեր 2007ին մեծագոյն Լօրէնզօ Մէտիչի մրցանակին քանդակագործութեան մէջ:
2009ի Նոյեմբերին Փասատինայի մէջ Գազազը պարգեւատրուել է Սահակ-Մեսրոպ շքանշանով:
ԳԱԶԱԶԸ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ
2009ի Յուլիս 10ին Գիւմրու քաղաքապետ Վարդան Ղուկասեանի եւ Էմիլ Գազազի ներկայացուցիչ եւ Այիրեան գեղարուեստի ցուցասրահի (Airian Dome of Fine Art) տնօրէն Մանէ Հայրեանի միջեւ քննարկուեցին Էմիլ Գազազ տուն-թանգարանի հիմնադրման հիմնահարցերը Գիւմրիում:
Օգոստոսի 7ին տեղի ունեցաւ երկրորդ հանդիպումը՝ ամրապնդելու վերը նշուածի ընթացակարգն ու պայմանները: Քաղաքապետարանի անձնակազմը ջերմութեամբ ընդունեց Էմիլ Գազազի նուիրատուութիւնը քաղաքապետարանին՝ «Գիւմրու Ոսկէ Մանուկը» գծանկարը, որը առաջին տեղն է գրաւել «Սոֆա Նիւ Եորք Գրաֆիկ» (Sofa New York Grafic) մրցաշարում, եւ Էմիլ Գազազը այն հպարտութեամբ նուիրեց իր սիրելի քաղաքին՝ թանգարանային ցուցադրութեան նպատակով:
Սոյն թուի Օգոստոսին Ակադեմիա եւ Այիրեան ցուցասրահների համագործակցութեամբ Գազազի գործերը «Նոր Ժամանակահատուած» (New Era) անուան տակ ցուցադրութեան դրուեցին Երեւանի Ակադեմիա ցուցասրահում, որն արժանացաւ հանրութեան ինչպէս նաեւ պետական եւ կառավարական մակարդակով մեծ գնահատանքի եւ դիմաւորութեան:
ԳԱԶԱԶԸ ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍՈՒՄ
Այսօր Գազազի գործերը կարելի է գտնել աշխարհի տարբեր ծայրերում՝ թանգարաններում եւ ցուցասրահներում: Լոս Անճելըսում Գազազի գործերի հաւաքածոյի ցուցադրողն է Այիրեան գեղարուեստի Ցուցասրահը (Airian Dome of Fine Art): Սեփականատիրութեամբ եւ տնօրինութեամբ Մանէ Հայրեանի, Այիրեան Գեղարուեստի ցուցասրահը պատիւ է համարում ցուցադրելու Էմիլ Գազազի արուեստի գործերը ամէնուր: 2007ին Այիրեան ցուցասրահը Գազազի հաւաքածոյից նմոյշներ ցուցադրեց Իտալիայի Ֆլօրենս Պիենալ ժամանակակից արուեստի միջազգային ցուցահանդէսում ինչպէս նաեւ Նիւ Եորքում տեղի ունեցած տարբեր միջազգային ցուցահանդէսներում:
Իսկ Նոյեմբեր 5-8ին Լոս Անճելըսի հայ համայնքը բախտը ունեցաւ վայելելու Էմիլ Գազազի արուեստը: Համագործակցութեամբ Այիրեան ցուցասրահի եւ Հայ Բարեգործական Ընդհ. միութեան՝ Փասատինայի կեդրոնում հանրութեան համար ցուցադրութեան դրուեցին արուեստագէտի գործերից բազմաթիւ նկարչութիւններ ու արձաններ: Չորսօրեայ այս ցուցահանդէսը ներառում էր նաեւ մեծարանքի երեկոյ նուիրուած մեծ արուեստագէտին, որը կայացաւ Նոյեմբեր 7ի երեկոյեան ժամը 7:30ին: Միջոցառման ընթացքին կոկիկ եւ հակիրճ յայտագիր ներկայացուելուց յետոյ Էմիլ Գազազը բեմ հրաւիրուեց եւ Հայաստանեայց Եկեղեցւոյ Հիւսիսային Ամերիկայի Արեւմտան թեմի առաջնորդ՝ Յովնան Արքեպիսկոպոս Տէրտէրէանի կողմից պարգեւատրուեց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ.ի կողմից արուեստագէտին նուիրուած Սահակ-Մեսրոպ շքանշանով, որը տրւում է արուեստի եւ գիտութեան աշխարհում մեծագոյններին: