ԿԱՏԻԱ ՔՈՒՇԵՐԵԱՆ
Պատմական յանձնախմբի գաղափարը, որ յամառօրէն հետապնդում է Թուրքիան, կարող է օգտակար լինել հէնց իրեն՝ Թուրքիային։ Պատմական այդ ին՞չ հարցեր պիտի յանձնուեն այդ յանձնախմբի ուսումնասիրութեան։ Հայաստանը լաւ գիտի իր պատմութիւնը եւ կարիք չունի, որ ուրիշներ սովորեցնեն իրեն այդ մասին։ Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա այդ երկիրը իրապէս պէտք ունի սեփական ճշմարիտ պատմութիւնը սերտելու եւ, մանաւանդ, այդ պատմութեան իր դասագրքերում տեղ տալու, որպէսզի թուրք ժողովուրդը լաւապէս ճանաչի իր արմատները, որպէս նոր կազմաւորուած ազգ եւ թուրք սերունդները դաստիարակուեն ու առաջնորդուեն ճշմարտութեամբ։
Այս պարագայում Թուրքիան պէտք է փոխի իր այն նշանաբանը, ըստ որի երանի պէտք է տալ նրան, ով ասում է, որ ինքը թուրք է։ Իրենց իսկական պատմութիւնը իմանալով, թուրք սերունդները գրեթէ ոչինչ պիտի ունենան հպարտանալու։ Նրանք պիտի իմանան, որ իրենց երակներում հոսում է օղուզ-թուրքմենական քոչուոր ցեղերի արիւնը։
Իսկ եթէ դիտեն իրենց հայելու մէջ, եւ հայելին այլ բան ասի իրենց, չտեսնեն իրենց մարդաբանական նախնական դիմագիծը, ապա հայ պատմաբանները կարող են նրանց պատմել մանկահաւաքների_դէվշիրմէների մասին։ Թուրք սելճուքները մանկահաւաքներ են կազմակերպել դեռ տասնչորսերորդ դարից սկսած, նախ երեքից հինգ տարին մէկ անգամ, ապա՝ պարբերաբար ամէն տարի։ Մանկահաւաքների ժամանակ թուրքերը իրենց հպատակ երկրներից բռնի հաւաքագրում էին ֆիզիքական լաւագոյն տուեալներ ունեցող պատանիներին՝ ենիչերիներ կոչուող յատուկ զօրամասերի կազմաւորման համար։ Քրիստոնեաներից խլուած այս պատանիներն ստանում էին դաժան դաստիարակութիւն եւ գործածւում էին հէնց իրենց՝ քրիստոնեաների դէմ։ Սրան պէտք է աւելացնել գեղեցիկ կանանց բռնազաւթումը հարէմների համար եւ բռնի մահմեդականացման քաղաքականութիւնը։
Պատկերը շատ յստակ է, եւ կարելի է թուրքերի այս ողջ ապօրինի եւ անմարդկային արարքները որակել որպէս ցեղասպանական արարքներ, որովհետեւ այդ ընթացքը հպատակ ժողովուրդների մօտ առաջացրել է քանակական եւ որակական լուրջ փոփոխութիւններ. նուազել է տուեալ ժողովրդի թուաքանակը, խամրել է նրա ֆիզիքական դիմագիծը։ Թուրքերի այս գործելակերպը հետապնդել է հպատակ ժողովուրդների տկարացումը, եւ որպէս վերջնական նպատակ՝ նրանց ձուլումը։ Ցեղասպանական այս մեթոդը գործել է դանդաղօրէն, բայց գործել է հետեւողականօրէն, երկար դարերի ժամանակահատուածի վրայ։ Հետագայի մանր ու մեծ կոտորածները աւելի կազմակերպուած, նպատակասլաց ու կտրուկ մօտեցումների արդիւնք են, որոնք եւ հայ ժողովրդի պարագայում հանգեցրին 1915 թուականի մեծ ցեղասպանութեան։
Թուրքիան պատմական յանձնախմբի մէջ, թէ այլուր, կարիք ունի սերտելու սեփական պատմութիւնը եւ դադարեցնելու թուրքերի արտահանումը դէպի Եւրոպա, որ ազգային դիմագիծ աղարտելու եւ ծաւալուելու նորօրեայ փորձ է։ Դեռ չենք խօսում Թուրքիայի՝ Եւրոպական Միութեան անդամակցելու յամառ դիմումների մասին։ Այստեղ մեծ հարցում է առաջանում, թէ որտեղ է սկսւում եւ որտեղ է վերջանում Եւրոպան եւ ինչ արժէքներ կարող է դնել Թուրքիան եւրոպական արժէքների կողքին։ Ի վերջոյ, ինչպէ՞ս կարող են թուրք սելճուքները մաս կազմել Եւրոպային։ Թուրքիան իսկապէս կարիք ունի լրջօրէն սերտելու այս ամէնը։ Իսկ Հայաստանը պատմական որեւէ յանձնախմբի կարիք չունի։