ԿԻԶԱԿԷՏ-Ո՞ւմ Է Ապաւինում Հայաստանի Նախագահը (Մտորումներ Հայ-թուրքական Յարաբերութիւնների Բնականոնացման Շուրջ)
ԱԼՖՐԵՏ ԲԱՂԴԱՍԱՐԵԱՆ
«Այստեղ թուրքերն են անցել, ամայի է, աւերակ»:
Վիքթոր Հիւկօ «Թշուառները»
2009 թուականի Հոկտեմբերի 10ը Հայոց նորագոյն պատմութեան տխուր, նուաստացուցիչ էջն է լինելու: Ցիւրիխում ստորագրուած հայ-թուրքական արձանագրութիւնները Բրուդոսի դաշոյնի դաւադիր հարուածն է համայն հայութեան թիկունքին, ազգային միասնութեանը, Արցախի հիմնահարցին եւ վերջապէս Միացեալ, Ազատ ու Անկախ Հայաստանի գաղափարին:
Աշխարհը ճանաչում է Թուրքիան եւ թուրքերին, մենք, որպէս մերձաւոր հարեւաններ պէտք է որ աւելի լաւ ճանաչենք նրանց: Սակայն Հայաստանում կատարուող ներկայ իրադարձութիւնները եւ իշխանութիւնների դիրքորոշումը հայ-թուրքական յարաբերութիւնների բնականոնացման գործընթացին, ցոյց է տալիս, որ հայ հասարակութեան որոշ մասը դեռ պատրաստ չէ, այդ յարաբերութիւնների բնականոնացմանը: Դրա պատճառն այն է, որ կոմունիստական բռնատիրութեան եօթանասունից աւելի տարիների ընթացքում կոմունիստական իրաւակարգը եւ նրա մարքս-լենինեան գաղափարախօսութեան կրողները արգելակեցին ազգային գաղափարախօսութեան եւ ազգային պատմական արժէքների տարածումն ու պահպանումը Հայաստանում:
Սովետական Հայաստանում Հայկական Հարցի մասին արգելուած էր խօսել: Յիշում եմ, որ 1965 թուականին Մեծ Եղեռնի 50ամեակի առիթով Երեւանում տեղի ունեցած համաժողովրդական յուզումները կոպտօրէն ճնշելուց յետոյ, Երեւանի Պետական համալսարանի իրաւաբանական ֆակուլտետի դասախօս, յայտնի իրաւաբան պրոֆեսոր Աղասի Եսայեանը 1966ին հրատարակեց «Հայաստանը եւ Հայկական Հարցը» աշխատութիւնը: Այդ աշխատութիւնը գրուած էր իշխանութիւնների պատուէրով, որտեղ հեղինակը «ապացուցում» էր, որ Հայկական Հարց այլեւս գոյութիւն չունի:
Կոմունիստական իրաւակարգը փորձեց «թաղել» Հայկական Հարցը, սակայն դա նրանց չյաջողուեց: Այդ պայքարը անլեգալ (անօրէն-Խմբ.) կերպով շարունակուեց մինչեւ 1988 թուականին ծայր տուած Արցախեան համաժողովրդական շարժումը, որը շարունակւում է մինչ այսօր:
Հայաստանի ներկայ իշխանութիւնների վարած ոչ-ազգանպաստ քաղաքականութիւնը իր շատ կողմերով յիշեցնում է 10րդ դարի հայ իշխանաւոր Վեստ Սարգիսի դաւադիր գործունէութիւնը: Նա էր, որ դաւաճանաբար, գաղտնի բաց արեց Անիի դարպասները թշնամու առաջ եւ պատճառ դարձաւ 1065 թուականին Հայ Բագրատունիների թագաւորութեան կործանմանը: Այսօր էլ ահա հայկական իշխանութիւնները ցանկանում են բացել հայ-թուրքական սահմանը ի վնաս Հայաստանի, առանց լրջօրէն մտածելու դրա հետագայ բացասական հետեւանքների մասին:
Ինձ գոնէ յայտնի չէ մի որեւէ պետութիւն, որը իր մերձաւոր կամ հեռաւոր պետութիւնների հետ յարաբերութիւններ մշակելիս, առաջնորդուի իրեն պարտադրուած նախապայմաններով ի վնաս ազգային եւ պետութեան շահերի: Այժմ Հայաստանի եւ Թուրքիայի յարաբերութիւնների բնականոնացումը ընթանում է ոչ իրաւահաւասար պայմաններում ի վնաս Հայաստանի: Անտեսուած, խախտուած են Միջազգային ասպարէզում այժմ գործող իրաւական, իրաւաբանական օրէնքներն ու նորմերը, պայմանագրերը:
Սրտի ցաւով պէտք է նշեմ, որ Հայաստանի նախագահը իր ապաշնորհ Արտաքին գործոց նախարար Է. Նալբանդեանի միջոցով գրչի մէկ հարուածով ցանկանում է ի չիք դարձնել ողջ հայութեան պատմական անցեալը, ազգային արժէքները, եւ մեր ժողովրդի մղած ազգային-ազատագրական պայքարի արդիւնքները, յանուն ինչի՞ եւ ի՞նչ իրաւունքով, ասացէք, խնդրեմ, պարո՛ն նախագահ:
Եւ եթէ Հայաստանի խորհրդարանը (Ազգային Ժողով) վաւերացնի Արձանագրութիւնները առանց փոփոխութեան, անտեսելով Հայաստանի շահերը, ապա հետեւանքները կարող են շատ ծանր ու անդառնալի լինել Հայաստանի ներկայի ու ապագայի համար: Նախ միջազգային կազմակերպութիւններում, ատեաններում խիստ կ՛ընկնի Հայաստանի վարկը որպէս անկախ պետութիւն, կը կասեցնի Հայոց Ցեղասպանութեան հետագայ ճանաչումը այլ պետութիւնների կառավարութիւնների կողմից, մի հանգամանք, որին միշտ ձգտել եւ այժմ էլ ձգտում է Թուրքիան: Բացի այդ, թէ՛ Հայաստանում, թէ՛ Սփիւռքում խիստ կ՛ընկնի Սերժ Սարգսեանի վարկը եւ նա կը նմանի Անտըրսընի հէքեաթի «Մերկ թագաւոր»ին: Նախագահի հեղինակութիւնը չի փրկի անգամ աւանսով նրան խոստացած Միջազգային Նոպէլեան մրցանակը:
Ողջ հայութիւնը կը կորցնի իր հաւատքը նրա ու նրա կառավարութեան հանդէպ:
Այժմ Արձանագրութիւնները փոխադրուած են քաղաքական հարթութեան վրայ, եւ շախմատային լեզուով ասած, Հայաստանը գտնւում է «ցայտնոթային» վիճակում: Եւ այդ վիճակի նախաձեռնողն ու պատասխանատուն նախագահն է, որը շատ է «սիրում շախմատ խաղալ», ունի «շախմատային մտածողութիւն» եւ պետական այրին ոչ վայել անհեռատեսութիւն: Գուցէ, որպէս Հայաստանի Շախմատային ֆեդերացիայի պատուաւոր նախագահի, Հայաստանը իր համար դարձրել է շախմատի խաղատախտակ, եւ ֆուտբոլային մրցութեան մէջ երկու անգամ պարտութիւն կրելուց յետոյ էլ յարգարժան պարոն նախագահը այժմ փորձում է շախմատ խաղալ Թուրքիոյ հետ, յուսալով, որ յաղթանակ կը տանի իր գրանցուած շախմատային «գաղտնի քայլ»ի միջոցով։ Տայ Աստուած որ այդպէս լինի, պարոն նախագահ: Թուրքիայի հետ վարած անհեռատես քաղաքականութեան հետեւանք է ուղիղ մէկ տարի առաջ նախագահի բարեացակամ նախաձեռնութեամբ ձեւաւորուած՝ այսպէս կոչուած «ֆուտբոլային դիւանագիտութեան» խայտառակ պարտութիւնը՝ ի վնաս Հայաստանի ազգային եւ պետական շահերի: «Ֆուտբոլային դիւանագիտութեան» մէջ իր յաղթանակը ապահովեց թուրքական դիւանագիտութիւնը, որի արդիւնքն է Արձանագրութիւնների նախաստորագրումը: Եթէ այն հաստատուի երկու երկրների խորհրդարանների կողմից, ապա Թուրքիան կը ստանայ այն՝ ինչը ցանկանում է, իսկ Հայաստանը կը կանգնի Ա. Ս. Պուշկինի «Ոսկէ ձկնիկը» հէքեաթի «Կոտրուած տաշտակի» առջեւ: Սա նաեւ Հայաստանի «նորելուկ» դիւանագիտութեան եւ արտաքին գերատեսչութեան ղեկավար, «փորձառու» դիւանագէտ պարոն Նալբանդեանի բարոյական անփառունակ պարտութիւնն է: Այդ է պատճառը, որ թուրքական իշխանութիւնները, ոգեւորուած իրենց տարած «դիւանագիտական յաղթանակով», երկրի խորհրդարանում Արտաքին գործոց նախարարը լկտիաբար խօսում է Հայաստանին ներկայացուող նախապայմանների մասին: Եւ այստեղ տեղին է յիշել հայ անուանի բանաստեղծ, հրապարակախօս, յեղափոխական Միքայէլ Նալբանդեանի հետեւեալ թեւաւոր եւ տեղին ասուած խօսքերը. «Կեցցէ՜ կատուն, որ իւր փորի համար մուկ է որսում»: Իսկ Հայաստանի նախագահը եւ նրա կամակատար Արտաքին գործոց նախարարը «մատաղցու գառան» նման խորհրդաւոր կերպով լռում են:
Ինչո՞ւ էք լռում, պարոն նախագահ։ Գուցէ Ձեր պատասխանները «պահուած» են Ձեր կողմից գրանցուած «շախմատային գաղտնի քայլերի» մէջ. այդ դէպքում ինչքան շուտ պատասխանէք՝ այնքան լաւ, էդ որտե՞ղ է մնացել պետական այրի ձեր արժանապատուութիւնը: Սթափեցէ՛ք, պարոն նախագահ, Հայաստանի ազգային շահերը ու նրա անվտանգութիւնը աճուրդի դնելու իրաւունքը չունիք:
Չնայած այն իրողութեանը, որ Հայաստանում ու Սփիւռքի տարբեր գաղթօճախներում մինչեւ Արձանագրութիւնների նախաստորագրումը տեղի ունեցան բազմահազարանոց զգուշացնող հանրահաւաքներ, նստահաւաքներ, հացադուլներ, որոնց միջոցով ողջ հայութիւնը միանշանակ «Ո»չ ասաց հայ-թուրքական արձանագրութիւններին, նախագահը չանսաց ժողովրդի բողոքի ձայնին: Եւ մեծամիտ եւ ինքնահաւան նախագահը շարունակում է իր գործունէութիւնը: Հայաստանից դուրս կատարած շրջագայութիւնների ժամանակ, Փարիզում, ապաւինեցաւ օտար ոստիկանների բիրտ ոյժերին, որոնք կոպտօրէն հեռացրին ֆրասահայ նստացոյցի մասնակիցներին եւ ճանապարհ հարթեցին, որպէսզի բարոյական պարտութիւն կրած նախագահը իր պետական կամակատար շքախմբի հետ միասին ծաղկեպսակ դնի Սուրբ Կոմիտասի յուշարձանին, փորձելով «ապացուցել» իր հաւատարմութիւնը Հայոց Ցեղասպանութեան: Նախագահի այդ քայլը, մեղմ ասած, ես համարում եմ անպատիւ եւ պետական այրի ոչ վայել կատարած քայլ:
Չանսալով իր ժողովրդի ձայնին, Հայաստանի նախագահը ու նրա կառավարութիւնը հայ-թուրքական յարաբերութիւնների բնականոնացումը փոխադրելով քաղաքական դաշտ շարունակում են իրենց ոչ-ազգանպաստ գործընթացը, արձանագրութիւնները Հայաստանի Ազգային Ժողովի միջոցով հաստատելու նպատակով: Բնականաբար հարց է առաջանում իր ներկայ գործընթացով, ո՞ւմ շահերն է պաշտպանում Հայաստանի նախագահը:
1. Նախ նա ապաւինում (յենւում) է Հայաստանի հասարական կեանքում գոյութիւն ունեցող վերնախաւի ու կառավարական բարձրաստիճան պաշտօնեաների ու նրանց շահերի պաշտպանութեանը, ի վնաս ժողովրդի:
2. Ենթարկուելով օտար մի շարք երկրների կառավարութիւնների բարձրաստիճան չինովնիկների կամքին, հաւատալով նրանց «բարի» ժպիտներին, նախապէս Հայաստանին տրուած բազմաօժանդակ խոստումներին, «նախապայմանների» տարազ հագած գնում է դէպի փոխ-զիջումներ ի շահ Թուրքիայի, անտեսելով Հայաստանի ազգային ու պետական շահերը:
3. Յենւում է միջազգային հեղինակաւոր կազմակերպութիւնների՝ Եւրոմիութեան եւ Ռուսաստանի, ԱՄՆի, Ֆրանսայի կառավարութիւնների աջակցութեան ու օժանդակութեան վրայ:
4. Յենուելով օտար կառավարութիւնների օժանդակութեան վրայ, նախագահը ցանկանում է իր եւ իր համախոհների համար ձեռք բերել քաղաքական հասարակական համբաւ, որպէս նոր ժամանակներում հայ-թուրքական փոխյարաբերութիւնները կարգաւորող, նախաձեռնող:
5. Լինելով Հայաստանի հանրապետութեան նախագահ, յենւում է խորհրդարանում հանրապետական կուսակցութեան կողմից ընտրուած պատգամաւորների վրայ, որոնց մեծամասնութիւնը կառավարութեան անդամներ ու նախարարներ, բարձրաստիճան պաշտօնեաներ են: Նրանք դաստիարակուած են կոմունիստական հոգեբանութեամբ ու գաղափարներով, չունեն ազգային մտածողութիւն, եւ հեռու են կանգնած ժողովրդից, եւ իրենց անձնական շահն ու պաշտօնը նրանց համար վեր է ամէն ինչից:
Ահա այդպիսի զգալի թուով պատգամաւորներին նախագահը հեշտութեամբ կարող է թելադրել իր կամքն ու ցանկութիւնը:
Թէ ինչպիսին կը լինի Հայաստանի ապագան՝ մեծապէս կախուած է Հայաստանի խորհրդարանում հայ-թուրքական արձանագրութիւնների քննարկումից ու վաւերացումից: Արձանագրութիւնների ընդունման արգելակման հիմնական միջոցը Հայաստանի եւ Սփիւռքի ընդդիմադիր եւ միւս հասարակական ոյժերի միակամ միասնութիւնն է: Միացէք հայեր, հայե՛ր միացէ՛ք: Առաջ Աստուած: