ԺՈՒԼԻԵԹ ԴԱՒԹԵԱՆ
«Այս է մարմինը, որ յանձնուած է սիրուն,
Այս է արիւնը որ թռւռում է ժիր երակներում:
Աչքս լոյս տօն է,
Այս գիշեր տօն է, մարմնիս կիրակի,
Եւ իգութիւնս որ մթերել եմ թանկ հիւրի համար,
Սփռել եմ ահա սիրեկանի դէմ:
Համեցիր, վերցրու, անուշ արա, դէ,
Նայիր Խաչիկի աղջիկն է ջանիկ քեզ հիւրասիրում:
Համբուրիր ինձ ու… չես ծերանայ,
Համբուրիր ինձ ու… չես հիւանդանայ,
Համբուրիր ինձ ու… չես մեռնի երբէք:
…է
Բանաստեղծութեան վերնագիրն է՝ «սէր», հեղինակն է՝ Վիոլետ Գրիգորեան, լեզուն է՝ համարձակ, թեման՝ խիստ անմիջական, սիրային, ամենօրեայ կէանքից մի դրուագ, մի արար… «եւ կատարուած է»:
Դեկտեմբեր 13ին, «Լունա» թատերասրահում տեղի ունեցաւ Վիպլետի նոր գրքի՝ «Հարեմի Վարդ»ին նուիրուած գրական երեկոն, ուր եւ կարդացուեց Վիոլետի «Ոսկէ Ծիրան» մրցանակ շահած մի ուրիշ գրքից՝ «Քաղաքը»: Հետաքրքիր էր լսել հայրենիքում այդքան աղմկահարոյց մի բանաստեղծուհու՝ մօտիկից: Լսել, տեսնել նրան ու զրուցել նրա հետ: Եւ երեւի ներկաների մէկ մասն էլ (ու Վիոլետի գրականութեան սիրահարները ընդհանրապէս) հէնց դրա համար էր եկել «Լունա», քանի որ Վիոլետը նման չէր ուրիշների, ոչ իր գրականութեան լեզուով, ոչ իր բանաստեղծութեան, գրականութեան ու մշակութային սովորութիւնների հանդէպ գոյութիւն ունեցող հանրային-մասսայական ու յաճախ նաեւ արհեստավարժ շրջանակներում տիրող թապուների մասին կարծիքով, ոչ ներկայ իր համարձակ արտայայտութիւններով, ոչ իր անցեալով, ոչ էլ երեւի ապագայով: Սովորական տեսած ու լսած բանաստեղծդ չէ Վիոլետ Գրիգորեանը, ոչ էլ սովորական տպաւորութեամբ կարելի է լքել Վիոլետին:
Վիոլետը իր բանաստեղծութիւնների մէջ յաճախ ներկայացնում է ամենահարազատը, ամենաառօրեան, ամենամօտը, սակայն չգիտես ինչու մարդիկ փախչում են դրանցից ու նախընտրում են չխօսել դրա մասին: Եթէ նա խօսում է սիրոյ մասին ուրեմն դա անում է ամենայն ազատութեամբ: Եթէ նա խօսում է մշակութային սովորութիւնների մասին ու յայտնում իր կարծիքը՝ ապա նա այդ անում է ամենայն համարձակութեամբ, առանց բառախաղի, առանց պահուըտոցի խաղալու: Ակնյայտ է, որ Վիլոետի գրիչը չի վախենում իրեն հալածող թանաքի հոսանքներից, չի վախենում մթութեան մէջ տապլտկող մտքերից, չի վախենում լոյսը փնտռելուց, չի վախենում հնին նորով փոխարինելուց, չի վախենում այժմէականի մասին խօսելուց այնպէս ինչպէս որ է, առանց թաքցնելու իր տեսածը, խորհածն ու կարծիքը:
Այսպիսին է Վիոլետ Գրիգորեանի գրիչը, յախուռն, կտրիճ, երբեմն դաժան ու երբեմն էլ շատ կանացի, փափուկ ու լիրիկական, քնարական: Երբեմն կոյս աղջկայ ամօթխածութեամբ ու երբեմն էլ փողոցային փորձառու կնոջ յանդգնութեամբ ու լրբութեամբ:
Առաջին հայեացքով պարզ ու երբեմն էլ թեթեւամիտ, անբարոյ թուացող նրա գրութիւններին այնքան էլ դիւրին չէ հետեւելը, հասկանալը: Քանի որ նրանցում կայ ակնյայտից աւելի խորքը թափանցող իմաստ, խորհուրդ, գաղափար:
Վիոլետ Գրիգորեանը ծնուել է Թեհրանում: 1975 թուին Վիոլետն իր ծնողների հետ ներգաղթում է Հայաստան: Նա բանաստեղծ է, հրապարակագիր, «Ինքնագիր» հանդէսի խմբագիր:
Հոգեկան մեծ բաւարարութեամբ, սակայն չյագեցած թողած լինելով «Լունա»ն, որոշեցի Վիոլետի Լոս Անճելըս լինելու առիթը բաց չթողնել ու մէկ անգամ եւս նրան լսել: Երեւի յոգնել էի նոյնութիւն լսելուց ու կարդալուց, երեւի ես էլ էի փնտռում ժամանակակիցը, երեւի ինձ էլ էր Վիոլետը հմայել իր լեզուական իւրօրինակութեամբ ու յախճապակիութեամբ, երեւի ես վերջապէս գտել էի գրականութեան միջոցով արուեստ ներշնչող մի բանաստեղծուհու, երեւի ինձ արուեստն էր աւելի գրաւում, Վիոլետի գործերից ու մտքերից ցայտող արուեստագէտն ու ոչ միայն գրողը…
Դեկտեմբերի 15ին «Ապրիլ» գրախանութի կազմակերպութեամբ տեղի պիտի ունենար Լոս Անճելըսում լոյս տեսնող՝ «Ի Դէպ» եւ Հայաստանում լոյս տեսնող «Ինքնագիր» հանդէսների խմբագիրների հետ զրոյց, միտքերի փոխանակութեան երեկոն:
«Ի Դէպ»ը ներկայացրեց հանդէսի խմբագիր՝ Էլիզապեթ Գրիրգորեան: Իսկ «Ինքնագիր»ը ներկայացնում էր Վիոլետ Գրիրգորեանը:
Ինքնատիպ ձեւաւորումով «Ի Դէպ» պարբերաթերթ-գրքոյկը առաջին անգամ լոյս է տեսել 2005ին եւ ամփոփում է ժամանակակից գրողների, արձակ, խոհափիլիսոփայական, թատերական, քննադատական գործեր: Իր խմբագիրի՝ Էլիզապեթ Գրիգորեանի խօսքերով «Ի Դէպ»ը «ձգտում է լինել բացուող ու ծաւալուող, սկզբին վերադարձնող եւ դէպի դէպքը ընթացող թերթ»: Հանդէսի հետ աշխատակցում են մեծամասնաբար Սփիւռքի տարբեր երկրներից գրողներ:
«Ինքնագիր»ը, ասում է հանդէսի խմբագիրը, «արտացոլում է արուեստագէտի ինքնութիւնը, նրա անձը եւ արուեստագէտի մակագրութիւնը»: Հանդէսին աշխատակցում են գրողներ, ճարտարապետներ, նկարիչներ Երեւանից ու Սփիւռքից: Հանդէսը բաց է ամէն տեսակ ինքնատիպ ու հետաքրքիր աշխատանքների համար:
Հանդէսում ներկայացուած գրութիւնները տպագրւում են այնպէս, ինչպէս հեղինակն է ուղարկել խմբագրին: Վիոլետը բնագրում փոփոխութիւններ չի անում: Խմբագիրը հանրութեան ճաշակին գոհացնելու ոչ մէկ պարտաւորութիւն չի զգում ու գրութիւնների լեզուն թողնում է այնպէս ինչպէս հեղինակի նախընտրութիւնն է թէեւ նա լաւ գիտի այդ համարձակութեան հետեւանքները…
Կարճ պատմուածքներ, բանաստեղծութիւններ, մենախօսութիւններ, համացանցային կապով զրոյցներ եւ ինքնակենսագրութիւններ են «Ինքնագիր»ում տպուող յօդուածները, որոնց լեզուն թէ՛ գրական կարող է լինել ու թէ պարզ խօսակցական հայերէնը:
Գրականութեան լեզուի մասին զրոյցի ընթացքում, Վիոլետը, հակադրուելով Էլիզապէթին համոզուած էր, որ այն պէտք է լինի անսահման ու անկաշկանդ, մինչ «Ի Դէպ»ի խմբագիրի խօսքերով, «Ի Դէպի լեզուն մաքուր է ու զուտ գրական: Մենք համոզուած ենք որ գրականութեան լեզուն պիտի լինի անբիծ, չէ որ գրականութիւնը սովորեցնելու մի միջոց է: Սակայն «գրականութիւնը լեզու սովորեցնելու դպրոց չէ», ասում է Վիոլետը, «այն արուեստի տեղ է: Իսկ եթէ մեր լեզուաբանները շատ են ուզում մենք մաքուր հայերէն գրենք, խնդրե՛մ թող ստեղծեն բառեր: Հայերէնը այսօր շատ խեղճ է, ժամանակակից համաշխարհային մշակոյթի ու մանաւանդ արհեստագիտութեան բառերը համարեայ գոյութիւն չունեն մեր բառարաններում: Իսկ մենք ինչպէ՞ս պիտի գրենք մաքուր ու միայն հայերէն՝ եթէ բառ չկայ»:
Թէեւ ոճային ու սկզբունքային մեծ տարբերութեամբ, այս զոյգ հրատարակութիւններն էլ ի մտի ունեն նոր գրողներ զարգացնելու եւ յայտնաբերելու:
Համարեայ յագեցած վերադարձայ այդ զրոյց-մտքերի փոխանակումից: Թէ նորից լսել էի «Ի Դէպ»ի մասին ու թէ մի քիչ եւս ծանօթացել էի Վիոլետի գաղափարներին, մօտեցումներին, փիլիսոփայութեանը: Ու անմիջապէս նոյն գիշեր շարունակեցի կարդալ Վիոլետ Գրիգորեանի «Հարեմի Վարդը» գրքի Հարեմի Վարդը…
«Եօթը կոյս քոյր մօրուքաւոր կաթսայի շուրջ բոլորակի պտտւում են, եօթը գդալ չխկչխկացնում ու խառնում են թանձրուկը տաք, սոսնձային ապա կպչուն այդ շաքարով, իբրեւ մազխիլ պոկոտում են (վա՛խ, մամա ջան) աղուամազերն իմ մարմնի, եօթ զոյգ ձեռքեր, եօթը ոլոր թելօղակներ պտտելով էպիլատոր, շխկշխկալէն պռճոկում են արմատախիլ, մազազերծում- պլպլացնում անութներս ու ցայքս խուճուճ…
Պատրաստում են ինձ գիշերուայ տիրոջ համար»…