ԱՐՄԷՆ ՄԻՆԱՍԵԱՆ
Յունուարի 21ին Հայաստանի հանրապետութեան նախագահի հրամանագրով Ռուսաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազօր դեսպան է նշանակուել Օլեգ Եսայեանը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման ուղղութեամբ այս օրերին ակտիւացած (աշխուժացած-Խմբ.) թեմայի համատեքստում (ծիրէն ներս-Խմբ.) տարակերպ մեկնաբանութիւնների, Ռուսաստանի դիրքորոշման վերաբերեալ կանխատեսումների համատեքստում, այս նշանակումը բաւականին կարեւոր իրադարձութիւն է եւ այն անուշադրութեան չի կարելի մատնել:
Բանն այն է, որ Օլեգ Եսայեանը, ով անշուշտ նաեւ դիւանագիտական հարուստ փորձ է կուտակել 2006 թուականից ի վեր Հայաստանը ներկայացնելով Բելառուսում եւ ԱՊՀ կանոնադրական ու այլ մարմիններում, առաւելապէս ընկալւում է որպէս Լեռնային Ղարաբաղի հանրապետութեան քաղաքական վերնախաւի ներկայացուցիչ: Անկախացումից ի վեր, Օլեգ Եսայեանը ղեկավար պաշտօններ է զբաղեցրել ԼՂՀում. 1992թ. նախագահել է ԼՂՀ նախարարների խորհուրդը, իսկ 1997-2005թթ.՝ ԼՂՀ Ազգային ժողովը: Այդ ընթացքում բազմաթիւ միջազգային ֆորումներում, որոնք կայացել են Ռուսաստանում, Սերբիայում, Ֆինլանդիայում, Դանիայում, Ֆրանսիայում եւ այլուր, նա ներկայացրել է հէնց Լեռնային Ղարաբաղի հանրապետութիւնը:
Եւ ահա, անկախ ԼՂՀում բազմաթիւ պաշտօններ վարած, այդ երկրի ներկայացուցիչը համարուող գործիչը նշանակւում է Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան լուծման գործում առանցքային (եթէ ոչ՝ ամենառանցքային) դերակատարում ունեցող երկրում Հայաստանի հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան: Սա, անշուշտ, հետաքրքիր է: Հետաքրքիր այն առումով, որ Օլեգ Եսայեանի նշանակմամբ, պաշտօնական Երեւանն ու Մոսկուան համապատասխան ազդակներ են հաղորդում: Երեւանի պարագայում, խնդիրը մանրամասնելու կարիք չկայ, քանզի հայկական կողմի դիրքորոշումը յաւելեալ ներկայացնելու խնդիր չկայ: Իսկ ահա Ռուսաստանի դէպքում, Օլեգ Եսայեանի նշանակումը լուրջ ենթադրութիւնների հիմք է ապահովում՝ կապուած ղարաբաղեան հարցում Ռուսաստանի մօտեցումների կամ դրանց փոփոխութեան հետ:
Այն, որ Օլեգ Եսայեանը Մոսկուայում Հայաստանի շահերից բացի ներկայացնելու նաեւ Լեռնային Ղարաբաղի հանրապետութեան շահերը, կասկածից վեր է: Աւելին՝ հաշուի առնելով այն հանգամանքը, որ հայ-ռուսական երկկողմ յարաբերութիւնների առնչութեամբ երկու երկրների ղեկավարների ու տարբեր պաշտօնեաների հանդիպումներն ու քննարկումները խիստ ինտենսիւ են, կարելի է ենթադրել, որ գործնականում ԼՂՀ քաղաքական շահերի ներկայացումը Ռուսաստանում Հայաստանի դեսպանի գլխաւոր խնդիրն է (անկախ՝ դեսպանի ո՛վ լինելուց):
Եւ եթէ պաշտօնական Մոսկուան համաձայնութիւն է տալիս այդ պաշտօնը վստահել ԼՂՀ քաղաքական վերնախաւի ներկայացուցչի համբաւ ունեցող գործչին, կը նշանակի, որ այդկերպ ցանկութիւն է յայտնում մշտական կապ հաստատել այդ երկրի քաղաքական վերնախաւի հետ (առկայ հնարաւորութիւնների սահմաններում): Սա էլ իր հերթին հնարաւորութիւն է տալիս եզրակացնել, որ ղարաբաղեան կարգաւորման հարցում չարագուշակ կանխատեսումներն իրականութեան հետ որեւէ աղերս չունեն: Ընդհակառակը, իրականութիւնն աւելի շատ արտացոլում են ռուսական ղեկավարութեան վերջին յայտարարութիւններն առ այն, որ Մոսկուան ո՛չ Թուրքիայի, ո՛չ էլ այլ երրորդ կողմի խնդրանքով կամ շանտաժով, հայկական կողմի վրայ ճնշումներ բանեցնելու ցանկութիւն չունի, իսկ Լեռնային Ղարաբաղի հարցը կը լուծուի այն դէպքում, երբ հայկական ու ադրբեջանական կողմերն ինքնուրոյն կը գան համաձայնութեան: Օլեգ Եսայեանի նշանակման փաստը նաեւ սա՛ է հաստատում:
Ի հարկէ, հարց կարող է առաջանալ, թէ՝ Ռուսաստանն ի՞նչ կապ ունի Օլեգ Եսայեանի նշանակելուն հետ, եթէ այդ պաշտօնում նշանակում կատարւում է Հայաստանի նախագահի հրամանագրով: Սա ճիշդ դիտարկում է: Սակայն միջազգային յարաբերութիւններում առկայ ընթացակարգերով դեսպանի նշանակմանը նախորդում է ընդունող երկրից համաձայնութեան, դիւանագիտական լեզուով՝ ագրեմանի տրամադրում: Այսինքն, մինչ նշանակումը՝ դիւանագէտի թեկնածութիւնը պէտք է հաստատուի նաեւ ընդունող երկրի կողմից: Եւ եթէ Օլեգ Եսայեանը նշանակուել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան, կը նշանակի՝ պաշտօնական Մոսկուան տուել է իր համաձայնութիւնը:
Համեմատութեան համար նկատենք, որ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտօնում Մեթիու Բրայզային նշանակելու հարցմանն ի պատասխան, պաշտօնական Բաքուն մինչ օրս Վաշինգտօնին ագրեման չի տուել: Չնայած, որ թեկնածութիւնն առաջադրուել է դեռեւս 2009 թուականի Օգոստոսին: Ի դէպ, այս փաստն էլ, իր հերթին, վկայում է, թէ ղարաբաղեան կարգաւորման գործընթացում ընդգրկուած երկրներն իրենց դիւանագիտական-կադրային փոփոխութիւններով ի՞նչ մօտեցում են դաւանում, եւ թէ ինչպէ՞ս է Ադրբեջանը հակադրւում դրանց:
Վերջում նկատենք, որ Ադրբեջանը կը փորձի բողոքել նաեւ Օլեգ Եսայեանի նշանակման դէմ: Սակայն այդ բողոքը գործնական ազդեցութիւն չի ունենայ ո՛չ այդ նշանակման վրայ, ո՛չ էլ կարգաւորման գործընթացի միւս մասնակիցների մօտեցումների վրայ:
«Փանորամա»