ԿԱՐԻՆԷ ՏԷՐ-ԳԷՒՈՐԳԵԱՆ
Բաւական տարիներ առաջ, սփիւռքահայ գաղթօջախներից իւրաքանչիւրն ունէր հայոց լեզուի իր ուրոյն դիմագիծը, արեւմտահայերէնն էր հիմնականում՝ խառնուած այդ երկրի լեզուի բառերով (արաբական երկրներ-արաբերէն, Թուրքիա-թրքերէն, Ֆրանսիա-ֆրանսերէն, Ամերիկա-անգլերէն եւ այլն): Հայաստանից զգալի եւ հիմնական արտագաղթը փոխեց պատկերը: Ամերիկայի Միացեալ Նահանգները դարձան հայերէն լեզուի տարատեսակների հիմնական խառնարանը. պարսկահայերէնը՝ իր երկար ելեւէջներով, արեւելահայերէնը՝ Հայաստանի բարբառներով, ժառգոնային խօսակցութեամբ եւ ռուսերէնով: Համեմատաբար քիչ խաթարուած էր արեւմտահայերէնը:
Հայաստանի անկախացումից անմիջապէս յետոյ, որոշ ժամանակ, մեծ աշխուժութիւն առաջացաւ միասնական հայոց լեզու ստեղծելու, մեսրոպատառ ուղղագրութեան եւ այլ լեզուական խնդիրների շուրջ: Բարդ հարց էր, եւ մնաց առկախ: Մինչ այդ հայերէնները խառնւում էին իրար: Ամերիկահայ գաղութը միակ տեղն է, ուր բոլոր հայերէնները հաշտ ու խաղաղ «ապրում» են կողք-կողքի, եւ այդ միասնական լեզուի խմորման գործընթացը անզգալաբար ընթանում է յատկապէս հայ մանուկների մօտ, հայկական դպրոցներում: Այստեղ են թէ՛ երեխայ, թէ՛ ուսուցիչ՝ միջին արեւելքցին, պարսկահայը, հայաստանցին, ամերիկահայը: Քիչ հայերէն իմացողը անմիջապէս լեզուն փոխում է անգլերէնի, իսկ խօսողները՝ հասկացուելու համար փոխադարձում են միմեանց իրենց հայերէնները: Իւրաքանչիւր մանուկ իր հայերէնով է արտայայտում հասկացածը:
Մանկապարտէզի Անդրիւն, որքան էլ սովորեցնես անուշիկ աղջիկը դարձնում է պուպուշիկ աղջիկ, իսկ «ուր էլ գնամ»ը նրա համար «ուր էլ էթամ» է: Քարոլինը ասում է. «Օրիորդ, ես Հայաստանի (այսինքն՝ հայկական) դպրոց գացեր էի, ատոր համար գիտեմ «Մեր Հայրենիքը»»: Էմանուէլը փորձում է հասկացնել. «Ես չէ ունեմ (չունիմ) ժակետ»: Անդրէն ընտանիքում սովորել է մի բառ, որ ոչ մէկ սփիւռքահայ չգիտի. «Մեր տունը գիտե՞ս ուր ա: Որ էն մեծ շոշով (փողոցով, ասֆալտով, «զիֆթով») գնում ես Գլենդել, էնդեղ ա»: Կոնֆետ կամ շաքար չբերելը Նաթալին բացատրում է. «Ես բերի չեմ շաքարը»: Լիբանանահայ Ցոլերը ուզում է խօսել արեւելահայերէն. «Օրիորդ, չուզում, չուզում (չեմ ուզեր)»:
Եւ հիւսւում է ինքնուս հայերէն լեզուի շղթան ամերիկեան այս աւազանում, ուր լողում են աշխարհի տարբեր կողմերից ժամանած հայերէնները: Հնարաւոր չէ փոխել: Սփիւռքահայը թող խօսի իր հայերէնը, արեւելահայը թող խօսի իր հայերէնը: Վարժութիւնը, իրար ականջալուր դառնալը կը գոյացնի այն ենթահողը, երբ մի օր կը ձեւաւորուի փորձառութեամբ զարգացած եւ գիտականօրէն հիմնաւորուած ընդհանուր հայերէն լեզուն: Նոր ենք սկսել իրար հասկանալ: Ժամանակ է պէտք:
Փետրուար 2010
Գլենդէլ
Եղբայ՛ր, բարբառները չէն խառնուելու երբ նրանց կրողները օրէ օր չքանում են, աւելի շուտ կկորցնենք հայերէն խօսելու եւ գրելու կարողութիւնը եւ կձուլուենք անգլիախօսների հետ։ Որպէսզի առաջքը առնենք այս ուծացման ճակատում, անհրաժեշտ է նախ մտածածին սկզբունք ստեղծել։ Նախ եւ առաջ ժողովուրդը պէտք է հասկանայ որ փոխանակ փողը Լաս Վեգաս թափի, թող մի քիչ գումար յատկացուի մի բուռ մտաւորականներին, որոնք՝ օր ու գիշեր չէն խնայում որպէսզի ազգս փրկեն, եւ ցայսօր պատրաստ են կարգ ու կանոնի բերել հայոց մշակոյթը թէ՛ սփիւռքում եւ թէ՛ մայր հայրենիքում։ խառուելու
Եղբայ՛ր, բարբառները չէն խառնուելու երբ նրանց կրողները օրէ օր չքանում են, աւելի շուտ կկորցնենք հայերէն խօսելու եւ գրելու կարողութիւնը եւ կձուլուենք անգլիախօսների հետ։ Որպէսզի առաջքը առնենք այս ուծացման ճակատում, անհրաժեշտ է նախ մտածածին սկզբունք ստեղծել։ Նախ եւ առաջ ժողովուրդը պէտք է հասկանայ որ փոխանակ փողը Լաս Վեգաս թափի, թող մի քիչ գումար յատկացուի մի բուռ մտաւորականներին, որոնք՝ օր ու գիշեր չէն խնայում որպէսզի ազգս փրկեն, եւ ցայսօր պատրաստ են կարգ ու կանոնի բերել հայոց մշակոյթը թէ՛ սփիւռքում եւ թէ՛ մայր հայրենիքում։
Կներէք, հեղինակի անունը ուշադիր չկարդացի…
Քոյրիկ, բարբառները չէն խառնուելու երբ նրանց կրողները օրէ օր չքանում են, աւելի շուտ կկորցնենք հայերէն խօսելու եւ գրելու կարողութիւնը եւ կձուլուենք անգլիախօսների հետ։ Որպէսզի առաջքը առնենք այս ուծացման ճակատում, անհրաժեշտ է նախ մտածածին սկզբունք ստեղծել։ Նախ եւ առաջ ժողովուրդը պէտք է հասկանայ որ փոխանակ փողը Լաս Վեգաս թափի, թող մի քիչ գումար յատկացուի մի բուռ մտաւորականներին, որոնք՝ օր ու գիշեր չէն խնայում որպէսզի ազգս փրկեն, եւ ցայսօր պատրաստ են կարգ ու կանոնի բերել հայոց մշակոյթը թէ՛ սփիւռքում եւ թէ՛ մայր հայրենիքում։