ՍՏԵՓԱՆ ԹՕՓՉԵԱՆ
Նախորդ դարի 30ականներին Գիւմրիի սիմֆոնիկ նուագախմբի գեղարուեստական ղեկավար եւ դիրիժոր, փարիզահայ մայստրօ ժորժ Գեդոյեանը ֆրանսիական ճաշակով կրթուած, արտակարգ սրամիտ մի անձնաւորութիւն եւ հաճելի զրուցակից, որը նոյն բանիմացութեամբ կարող էր խօսել ֆրանսիական պանիրներից ու գինիներից մինչեւ Փարիզի գեղարուեստական հրաշալիքները, ճաշարանում իր երկու համակիր երիտասարդ գրողների հետ նստած, ոգեւորուած խօսում է ձիարշաւներից, նկարագրելով ձիերի այեւ այլ իւրայատկութիւնները։
– Մայստրօ, ձիերի մասին խօսելիս ինչու՞ էք անընդհատ նայում նրա կողմը,- ասում է երկրորդ ունկնդիրը, որի ներկայութիւնը մայստրոն ասես չի նկատում։
– Կեցի՛ր, կեցի՛ր, հիմա էշերու մասին պիտի խօսիմ եւ քեզ պիտի նայիմ։
Սա ընդամէնը առօրեայ զուարճալի մի դիպուած է հայ արուեստագէտների կեանքից, սակայն հումորը (երգիծանքը-Խմբ.) կարող է վերափոխուել ծանր հետեւանքներով սպանիչ երգիծանքի, որեւէ երկրի համար ճակատագրական խնդիրների քաղաքական լուծումների ժամանակ՝ ով ում նայելով եւ ինչի մասին խօսելով…
«ԵՐԲԵՔ ԹՈՅԼ ՉԵՆՔ ՏԱՅ, ՈՐ ԱԴՐԲԵæԱՆԱԿԱՆ ՀՈՂԻ ՎՐԱՅ ՍՏԵՂԾՈՒԻ ԵՐԿՐՈՐԴ
ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹԻՒՆ»։
Ադրբեջանը անսասան մնում է նոյն դիրքում. «Մի շարք դէպքերում հայկական կողմը փորձում է ներկայացնել ժողովուրդների ինքնորոշման իրաւունքի սկզբունքը տարածքային ամբողջականութեան սկզբունքին հաւասար, նոյն մակարդակի վրայ։ Սակայն դա կարող են ընդունել միայն նրանք, ովքեր ծանօթ չեն տուեալ հարցին, չեն զբաղւում քաղաքականութեամբ։ Միջազգային հանրութիւնը մերժում է նման մօտեցումը։ Բաւական է ուշադիր կարդալ 1975թ. Հելսինկեան եզրափակիչ ակտը՝ այնտեղ ամէն ինչ նշուած է։ Տարածքային ամբողջականութեան սկզբունքները հիմնականն են։ ժողովուրդների ինքնորոշման հարցը չպէտք է խախտի… հակասի տարածքային ամբողջականութեան սկզբունքին։ Բացի այդ Հայաստանը արդէն անկախ պետութիւն է, եւ հայ ժողովուրդը մէկ անգամ արդէն ինքնորոշուել է։ Ադրբեջանական պետութիւնը եւ ադրբեջանական ժողովուրդը երբեք թոյլ չեն տայ, որ ադրբեջանական հողի վրայ ստեղծուի երկրորդ հայկական պետութիւն» )«ժամանակ», 29 Մայիս, 2009)-բազմիցս ենք լսել Ի. Ալիեւի այս բարբաջանքը, որի բարձրակէտը Հայաստանի «ինքնորոշուելն է ադրբեջանական հողի վրայ»։ Ճկուն դիւանագիտութիւնը կ՛ընդունէր Ալիեւի թելադրած խաղի կանոնները, դրանք հանելով իր իսկ դէմ- եթէ կարեւորը տարածքային ամբողջութիւնն է, ապա մենք էլ թոյլ չենք տայ, որ Ադրբեջանը շարունակի իշխել Հայաստանի հողերի վրա։ Բանակցութիւնների ժամանակ չի յիշուել, որ Հայկական ՍՍՀ տարածքը 1929ի Փետրուարի 18ին, 34,539 քառ. կմ.ից հասել է 29.8 հազար քառ. կմ.ի-անդրֆեդերացիայի Նախագահութեան անօրինական որոշումով 4,739 քառ. կմ. նուիրուել է Ադրբեջանին. «Հետաքրքիր է, որ 1926-1928 թթ. քարտէզներում… Հայկական ՍՍՀն եւ ԼՂԻՄը ընդհանուր եւ բաւական երկար սահման ունեն յատկապէս Քելբաջարի եւ Լաչինի շրջաններում» )տե՛ս Արմէն Այվազեանի կազմած եւ խմբագրած «Հայաստանի ազատագրուած տարածքը եւ Արցախի հիմնախնդիրը» ժողովածուն, Ե., 2006, էջ 281, այսուհետեւ՝ Ա. Ա.(։ Չմոռանանք, օրինակ, Արծուաշէնը անկլաւ (այլ երկրի պատկանող տարածք-Խմբ.) էր դարձել Ադրբեջանում դեռեւս 20րդ դարի կէսին, մինչեւ 1992ի Օգոստոսի կորուստը։ «Ադրբեջանական կողմը տարածում է խեղաթիւրուած պատկերացում իր տարածքների մասին, որը, հայկական կողմի լռութեան պատճառով… ընդունում են նաեւ միջնորդները։ Հայաստանի իշխանութիւնները, քաղաքական շրջաններն ու պրոպագանդայի միջոցները կեղծիքը հերքելու եւ սեփական նախաձեռնութիւններով հանդէս գալու փոխարէն ամէն կերպ խուսափում են դիմել տարածքային ամբողջականութեան սկզբունքին, գործում են միայն ինքնորոշման սկզբունքով, ինչով միայն ամրապնդում են հակառակորդ կողմի դիրքը» )Ա. Ղազիեանի եւ Կ. Ղահրամանեանի յօդուածը, Ա. Ա., էջ 119(։ Հեղինակների՝ Հայաստանը պէտք է պայքարի իր տարածքային ամբողջականութեան վերականգնման համար, հարցադրումը մի շարք փաստաթղթերով հաստատում է Ղարաբաղը )կորցրած Շահումեանով եւ միւս տարածքներով(, Նախիջեւանը, Գանձակը վերադարձնելու ՀՀ իրաւունքները։ «…Գանձակի հայկական շրջանները երկակի ինտրիգի (դաւադրութեան-Խմբ.) զոհ դարձան, սակայն դրանց ճակատագրի մասին լիովին մոռացան նաեւ հայկական իշխանութիւնները, արտասահմանցիների մասին էլ չխօսենք… Հայաստանի եւ Ադրբեջանի այսօրուայ հանրապետութիւնները 1918-1920 թթ հանրապետութիւնների իրաւայաջորդներն են։ Հետեւաբար, նրանք պէտք է ելնեն այն տարիների իրաւական եւ փաստական իրողութիւններից» )ա. Ա., էջ եզր(։ Այդ իրողութիւններն արդէն հաստատում են Ղարաբաղի անկախութեան անբեկանելիութիւնը։ Մադրիդեան երեք հիմնարար սկզբունքները՝ ուժ չկիրառելը )հակառակ որի, Ադրբեջանը անընդհատ սպառնում է պատերազմով(, ազգերի ինքնորոշումը եւ տարածքային ամբողջականութիւնն են, որից ելնելով իսկ պէտք է պահանջուէր թէ Հայաստանի, թէ Արցախի ամբողջականութեան վերականգնումը։
Դիւանագիտական կրթութիւնը Ալիեւին չի խանգարում միջազգային օրէնքները ձեւախեղել ըստ իր շահերի։ Եթէ նա, եւ տարբեր )դժբախտաբար նաեւ հայ( պաշտօնատար անձինք, չգիտեն, կամ ձեւացնում են, թէ չգիտեն, յայտնենք, որ ինչպէս ՄԱԿի կանոնակարգը )1945( եւ Եւրոպայում անվտանգութեան ու համագործակցութեան եզրափակիչ փաստաթուղթը )1975(, այնպէս եւ Ալիեւի վկայակոչած Հելսինկիի եզրափակիչ ակտը ինքնորոշումն են ընդունում որպէս իրաւական սկզբունք. «Պէտք է մշտապէս յիշել, որ Հելսինկիի եզրափակիչ ակտի, ինչպէս նաեւ դրանից առաջ ՄԱԿի կանոնակարգի բուն նպատակը եղել եւ մնում է միջպետական յարաբերութիւններում ուժի կամ ուժի սպառնալիքն արգելակելու միջոցով խաղաղութեան անվտանգութեան ապահովումը, եւ ոչ թէ սահմանների յաւերժացումը կամ պետութիւնների տարածքների սրբազան կովի կարգավիճակի շնորհումը։ Ազգային ինքնորոշումը միջազգային իրաւունքի այն հիմնարար սկզբունքներից է, որի միջոցով օրինապէս փոփոխուել )ԽՍՀՄ, Չեխոսլովակիա, Գերմանիա, Հարաւսլաւիայ եւ այլն( եւ փոփոխուելու են )Սերբիա( պետութիւնների սահմանները… ոչ ՄԱԿի կանոնակարգի մէջ եւ ոչ էլ Հելսինկիի եզրափակիչ ակտում չկան «տարածքային ամբողջականութեան» կամ «սահմանների անձեռնմխելիութեան» հիմնադրոյթներ… առկայ է միայն փաստաթղթերն ստորագրած երկրների կողմից ուժի կամ ուժի սպառնալիքի միջոցով տարածքային ամբողջականութիւնը չխախտելու եւ սահմանները չփոխելու յանձնառութիւն» )տես Արա Պապեանի յօդուածը, «Ասպարէզ», 30 Մայիս, 2007(։ Հայերի ցեղասպանութիւն իրագործելով Սումգայիթում, Պաքւում, Կիրովաբադում եւ այլ բնակավայրերում, եւ պատերազմ սանձազերծելով իր «տարածքային ամբողջականութիւնից» դուրս )միջազգային իրաւական մէկից աւելի հիմնաւորումներով( ԼՂ խաղաղ բնակչութեան դէմ, Ադրբեջանը խախտելով խնդիրը ուժի միջոցով չլուծելու յանձնառութիւնը, բռնացել է մարդու իրաւունքների, ժողովուրդների ինքնորոշման իրաւունքի վրայ, որի «…իրականացումը,-ՄԱԿի Մարդու իրաւունքների կոմիտէի գնահատմամբ,- էական պայման է մարդու անհատական իրաւունքների երաշխաւորման ու պահպանման եւ այդ իրաւունքների խրախուսման ու զարգացման համար» )Հ. Ասրեանի յօդուածը, Ա. Ա., էջ 257(։
Ղարաբաղեան շարժման սկզբից առ այսօր աշխարհի քաղաքական քարտէզի վրայ յայտնուել են 30 պետութիւն, որոնցից ոչ մէկը անկախութեան սուվերենութեան (գերիշխանութեան-Խմբ.) իրաւական աւելի ծանրակշիռ հիմքեր չունէր, քան Լեռնային Ղարաբաղը։ Անջատուած երկրները դարձան ՄԱԿի լիիրաւ անդամներ «…հետեւաբար, այս կամ այն պետութեան անդամութիւնը տուեալ կազմակերպութիւնում, օբյեկտիւօրէն (առարկայականօրէն-Խմբ.) չի կարող երաշխաւորել նրա սահմանների անխախտելիութիւնը» )Արիս Ղազինեան, Ա. Ա., էջ 284(։
Հայաստանը ՄԱԿի անդամ դարձաւ 1992ի գարնանը, իսկ Յունիսի 12ին ադրբեջանական բանակը օկուպացրեց (զաւթեց-Խմբ.) Շահումեանի շրջանը, Մարտակերտի եւ Ասկերանի շրջանների մասերը, անցնելով յարձակման ճակատի ամբողջ գծով, «…որի հետեւանքով ԼՂՀ տարբեր շրջաններից Ստեփանակերտի եւ Երեւանի կողմը խուժեց փախստականների 40 հազարանոց հոսանքը։ ՄԱԿի Անվտանգութեան Խորհրդի յատուկ որոշման բացակայութիւնը այդ եւ այլ իրադարձութիւնների մասին, բացատրւում է, մասնաւորաբար, ՄԱԿում ՀՀ մշտական ներկայացուցչի )Ալիկ Արզումանեան( պասսիւութեամբ(կրաւորականութեամբ-Խմբ.)»։ Օգոստոսի 11ին ԱՄՆի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի ընդունած ԼՂում Ադրբեջանի ագրեսիան դատապարտող Ահ-ին ԱՄՆի ադմինիստրացիային (վարչակազմ-Խմբ.) օգնել արգելող 907 որոշումը )«Ազատութեան պաշտպանութեան մասին ակտը»( ոչ թէ պաշտօնական Երեւանի գործունէութեան հետեւանք էր, այլ հայկական լոբբիի )Արիս Ղազինեան, Ա. Ա., էջ 287(։
Տարածքային ամբողջականութեան սկզբունքին կռթնած, Ադրբեջանը չի հրաժարւում ինքնորոշման սկզբունքից, սպասում է նպաստաւոր ժամանակի, երբ վերադառնալուց եւ հանրաքուէով ինքնորոշուելուց յետոյ «մէկ միլիոն» ադրբեջանցիները, իրենց համեմատ փոքրաթիւ հայութեանը վերջնականօրէն դուրս կը շպրտեն Արցախից։ Նրանք, ինչպէս ասում են՝ ոչ միայն գրուած, այլեւ չգրուած օրէնքները ճարպկօրէն օգտագործում են ըստ ամենայնի։ Հայկական կողմը շարունակաբար աշխատելով մի լծակով, մոռանում է, որ ինչքան էլ միջազգային իրաւունքի տեսակէտից երկրորդական, այսուհանդերձ աւելի Հայաստանի, քան Ադրբեջանի համար նպաստաւոր «տարածքային ամբողջականութեան» լծակով եւս կարելի է շրջել իրադրութիւնը մեր օգտին։ Ուրեմն երկու լծակով, գրեթէ Թումանեանի «Սուտասանի» անկասելի հնարով-թագաւորն ապրած կենայ, սուտ եմ ասում՝ թագաւորութեանդ կէսը տուր, ճիշդ եմ ասում՝ պարտքս տուր։
Դիւանագիտական յարաբերութիւններում սովորաբար, աշխարհի թերեւս ամենաանբարոյ՝ թուրքական դիւանագիտութեան դէմն առնելու համար, առաւելագոյնս, պէտք է խտրութիւն չդնել միջոցներում։ Յուսալ, թէ մեր դատը արդար է, ուստի անհրաժեշտ է դիմել արդար միջոցների, մոլորութիւն է։ Միւս կողմից, այն պնդումը, թէ պատմութիւնը բաւարար կռուան չէ դիւանագիտական խնդիրներ լուծելիս հասկանալի է, երբ դիմում են բացառապէս պատմական իրողութիւնների։ Սակայն հնարաւո՞ր է որեւէ իրաւական խնդիր հիմնաւորել ժամանակ-պատմութիւնից դուրս։ Եւ քանի որ հայ-թուրք-ադրբեջանական յարաբերութիւններում պատմութիւնը օրինաչափօրէն կը հաստատի հայութեան իրաւունքը, ապա խնդիրների անխուսափելի պատմա-իրաւական քննարկումով է հնարաւոր դրական արդիւնքներ ստանալ։ Խուսափել պատմութիւնից՝ կորցնել հայրենիքը։ Սերժ Սարգսեանի՝ Աղդամը հայերի հայրենիքը չէ, արտայայտութիւնը լոկ հայոց պատմութեան անբաւարար իմացութեան նշան չէ, այլ առաջին հերթին՝ մասնաւոր հաշիւներով թելադրուած վտանգաւոր արհամարհանք պատմութեան, խնդիրների պատմական հիմնաւորման հանդէպ։ Ս. Սարգսեանի համար, նշեց Իգոր Մուրադեանը 2006ին, նախագահ դառնալը բարդ խնդիր է, հարկաւոր է ստանալ Արեւմուտքի Օքէյը (համաձայնութիւնը-Խմբ.), այն էլ քաղաքական առեւտրով. «…դեռեւս երեք տարի առաջ ծագեց դաշտային Ղարաբաղը նախագահի պաշտօնով փոխանակելու գաղափարը։ Պէտք է ասել՝ ծիծաղելի գաղափար… Արեւմուտքին հարկաւոր են բոլորովին այլ զոհաբերումներ, ամէնից առաջ՝ Հայաստանի արտաքին քաղաքականութեան կարդինալ (հիմնովին-Խմբ.) փոփոխութիւն» )Ա.Ա., էջ 211(։
Տիգրանակերտի պեղումները վերջնօրէն հաստատեցին Աղդամում հայոց հայրենիքի հինաւուրց գոյութեան փաստը, իսկ ադրբեջանցիները շարունակում են շահարկել ՀՀ նախագահի անհեթեթ արտայայտութիւնը։
(Շար. 6
Նախավերջին հատուած)