Հ. Ծ.
Հնդկաստանում առաջին հայ համայնքները կազմաւորուել են 16րդ դարում: Բնակիչները հիմնականում եղել են վաճառականներ, պետական եւ զինուորական ծառայողներ: Հնդկահայ համայնքները ստուարացել են 17-18րդ դարերում, երբ բազմաթիւ պարսկահայեր, յատկապէս Նոր æուղայից, բնակութիւն են հաստատել Հնդկաստանում: Հայերը հիմնականում բնակուել են շուրջ 20 քաղաքներում եւ առեւտրական կենտրոններում, ինչպիսիք էին Ագրան, Կալկաթան, Բոմբէյը, Մադրասը, Դաքան, Լահորը եւ Սուրաթը:
Սուրաթը, 17րդ դարից սկսած, եղել է նաւաշինական քաղաք: Այնտեղ է կառուցուել «Գետաշ առեւտրական» նաւը, որը ժամանակին հայկական առեւտրական նաւ է եղել, առեւանգուած վատահամբաւ կապիտան Քիդի կողմից: Վիլեամ Քիդը (1645-1701) եղել է շոտլանդացի ծովահէն, որին կախաղան են բարձրացրել ծովահէնութեան եւ սպանութիւնների մեղադրանքներով: «Նաւի առեւանգումը փոխեց միջազգային առեւտրի ապագան», պարզաբանել են Պաւել եւ Իզաբելլա Գալումեանները «Թայմզ աֆ Ինդիա» թերթի թղթակցին:
«Արմինեըն միրըր սփեքթէյթըր» շաբաթաթերթում տպագրուած լրատուութիւնից տեղեկանում ենք, որ Պաւելը ֆիզիկոս է եւ աշխատում է Ժընեւի միջուկային ուսումնասիրութիւնների եւրոպական կազմակերպութիւնում, իսկ Իզաբելլան թարգմանչուհի է: «Մենք 2007ից ուսումնասիրում ենք այս խնդիրը եւ բաւական նիւթ արդէն հաւաքել ենք: Նաւը, որը Քիդը առեւանգել է 1698ի Յունուարի 30ին, կառուցուել էր Սուրաթում 1645ին: Նա պատկանել է հնդիկ առեւտրականներին, իսկ հետագայում վարձով է տրուել հայերին, որպէսզի ապրանքներ փոխադրեն դէպի Եւրոպա: Քիդը նաւն առեւանգել է Արաբական ծովում, բայց Անգլիա վերադարձին ձերբակալուել է, եւ մի քանի տարի տեւած դատավարութիւնից յետոյ, կախաղան բարձրացուել: Բայց նա հասցրել էր նաւն իր բեռներով դէպի Ամերիկա ուղեւորել՝ իրեն հաւատարիմ մարդկանց միջոցով», պատմում են Գալումեանները՝ աւելացնելով, որ նաւի մնացորդները յայտնաբերուել են 2007ին Դոմինիկեան հանրապետութեան ափերի մօտ, որտեղ 1698ին Քիդի նաւաստիները փորձել են հրդեհել:
Այժմ, ըստ «Թայմզ աֆ Ինդիա»ի լրատուութեան, նաւի բեկորները ցուցադրուելու են Դոմինիկեան հանրապետութիւնում՝ Բրիտանիայի, Մ. Նահանգների, Ֆրանսիայի, Հոլանդիայի, Պորտուգալիայի, Իսպանիայի եւ Հնդկաստանի համատեղ ջանքերով կառուցուող թանգարանում: