ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ
Երեւի չսկսեմ փիլիսոփայութեամբ: Կիրակի, Յունուարի 31ին, երեկոյեան ժամը 6ին, «Լարք» երաժշտանոցի «Դրբանճեան» սրահում տեղի ունեցաւ հայ դասական երաժշտութեան համերգ՝ «Երեկոյ Արթուր Ավանէսովի հետ» խորագրով: Հրամցուեցին հայ երգահանների երեք սերնդի ներկայացուցիչների գործեր՝ Կոմիտաս, Տիգրան Մանսուրեան, Արթուր Ավանէսով: Կոմիտասը երկնքում էր, իսկ Մանսուրեանը եւ Ավանէսովը՝ մեր կողքին: Համերգում տողանցում էին անցեալը, հասուն ներկան եւ ներկան ապագային տանող ձեւաւորուող նորը: Խմբավար Վաչէ Պարսումեանը մտել էր իր կերպարի մէջ, դարձել մեր իմացած խմբավար երաժիշտը: Պիտի լսէինք վերոյիշեալ կոմպոզիտորների խմբերգային, վոկալ եւ գործիքային ստեղծագործութիւնները, եւ ըստ այնմ էլ՝ համերգը բաժանուած էր երեք մասերի: Երեկոյի հետաքրքրական մասն էր մի հեղինակից միւսին անցումը, ուր ակնյայտօրեն զգացւում էին ոճերի տարբերութիւնները: Եւ կարծես բոլորի մօտ էլ լսւում էին նոյն մեղեդիները՝ անհատականացած իւրաքանչիւրի ստորագրութեամբ, վաւերացուած խմբավարի ղեկավարութեամբ եւ երանգաւորուած մենակատարների մեկնաբանութեամբ: Այստեղ արհեստավարժութիւնը մրցում էր ազգայինը ճիշդ ձեւով արտայայտելու կարողութեան հետ, ինչ որ համերգի ամենամեծ նուաճումն էր, յաղթում էր ազգային ոգին:
Կոմիտասեան գործերում ունկնդիրն ազատ շունչ էր քաշում, որովհետեւ իր ականջը սովոր էր դրանց: Իսկ Մանսուրեանը եւ Ավանէսովը լարում էին պահանջում. պիտի լսես եւ անցկացնես քո մէջ՝ հնարաւորութեանդ սահմաններում: Այս կոմպոզիտորների այն գործերը, զորս արդէն լսել էինք, աւելի դիւրութեամբ էինք ընկալում, վարժուել էնք: Ի զուր չէին անցել «Դիլիջան» համերգաշարի ելոյթները: Համերգները բաց լսարանի նման կրթել էին մեզ:
Ովքե՞ր էին մասնակիցները: «Լարք» երաժշտանոցի երգչախումբը, որին վաղուց չէինք ունկնդրել, ամենայն բծախնդրութեամբ էր պատրաստուել ելոյթին: Առանց նուագակցութեան (a capella), երգեցողութինը գերազանց վարպետութեամբ հնչեցրեց երկսեռ խումբը՝ Կոմիտաս-Ավանէսով-Մանսուրեան եռեակի տարբերակումներով, Վաչէ Պարսումեանի ղեկավարութեամբ:
Համերգի վոկալ եւ գործիքային բաժիններում մշտական ներկայութիւն էր Արթուր Աւանէսովը՝ որպէս դաշնակահար: Արհեստավարժ երգչուհիներ Ալենուշ Եղնազարը եւ Շուշիկ Պարսումեանն առանձնանում էին ազգայինը ներկայացնելու վարպետութեամբ, որ կարծում ենք կատարուող գործերում ունէր էական նշանակութիւն: Մեր ժողովրդի «Գարուն ա»ն եւ «Անտունի»ն, «Ծիրանի ծառ»ն ու «Կռունկ»ը, այս երգերի հարմոնիկ խարիսխները ի՜նչ արտասովոր ձեւերով էին նետւում Աւանէսովի եւ Մանսուրեանի վոկալ ստեղծագործութիւններում, գլխապտոյտ առաջացնելու աստիճան: Իսկ Արթուրի ելոյթները իրենց գագաթնակէտին հասան Կոմիտասի դաշնամուրային պարերի եթերային կատարումներում: æութակահար Մովսէս Պօղոսեանը ներկայանում էր Ավանէսովի փիլիսոփայական գործով: Պօղոսեան-Ավանէսով դուէտը կարելի էր համարել եդեմական պարտէզի այս երաժշտութեան բնօրինակ ներկայացնողը: Կլառինետահար Phil OConnor-ը եւ թաւջութակահար Kim Scholes-ը եկել էին միանալու ջութակահարին եւ դաշնակահարին՝ ներակայացնելու համար համերգը եզրափակող մանսուրեանական երաժշտութիւնը:
Կոմիտասեան պարզութիւնը, մանսուրեանական նոյնիսկ թափի մէջ եղող պիրկ նրբութիւնը, ավանէսովեան գերժամանակակից մթնոլորտը պարուրել էին ունկնդիր հասարակութեան զգայարանները: Աւարտուել էր համերգը՝ բարդ, նորովի, իւրատեսակ:
Այս երեւոյթը մտայղացող Վաչէ Պարսումեանը մտածո՞ւմ էր արդեօք, թէ ինչպէ՛ս կարելի էր ըստ իր արժէքի վարձատրել ելոյթը՝ բացարձա՛կ: Երբ մի այլ համերգի համար պիտի գրուէր, նա ասում էր. «Խորքին մէջ գրութիւնն արժէք չունի, եղածը միայն պատմութեան համար է»:
Կլենտէյլ, Փետրուար 2010