«Ղարաբաղեան Հիմնախնդրի Կարգաւորման Գործընթացին Արցախեան Կողմի Չմասնակցելու Համար Որեւէ Հիմք Չկայ» Կ՛ըսէ Բակօ Սահակեան
ՍՈՒՍԱՆՆԱ ԹԱՄԱԶԵԱՆ.- Պարո՛ն Սահակեան, 2009թ. ճգնաժամային տարի էր, որի ստեղծած դժուարութիւնները յաղթահարելու համար պէտք էր մշակել ֆինանսատնտեսական քաղաքականութիւն վարելու առաւել շահաւէտ տարբերակ: Արցախն ինչպէ՞ս յաղթահարեց ճգնաժամը եւ ի՞նչ ձեռքբերումներ ունեցաւ 2009թ. ընթացքում:
ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՕ ՍԱՀԱԿԵԱՆ.- Մենք ի վիճակի եղանք մասամբ չէզոքացնել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցութիւնը պետութեան կողմից իրականացուած տնտեսական քաղաքականութեան եւ մեր ժողովրդի դրսեւորած խոհեմ վարքագծի շնորհիւ, որը չմատնուեց վիճակն անիմաստ բարդացնող խուճապի: Իսկ ԼՂՀ ֆինանսատնտեսական քաղաքականութեան հիմքում ընկած են շուկայական տնտեսութեան, սոցիալական պետութեան եւ տնտեսվարող սուբյեկտ-պետութիւն ազնիւ ու թափանցիկ յարաբերութիւնների գաղափարները: Վերոյիշեալ սկզբունքներին անվերապահօրէն հետեւելը ձեւաւորում է դիմացկուն տնտեսական, իմունային համակարգէ, ինչն էլ հնարաւորութիւն է տալիս դիմակայել անբարենպաստ զարգացումներին:
ՍՈՒՍԱՆՆԱ ԹԱՄԱԶԵԱՆ.- ԼՂՀում ստեղծուա՞ծ են հաւասար պայմաններ գործարարութեան զարգացման համար:
ԲԱԿՕ ՍԱՀԱԿԵԱՆ.- Արցախում ստեղծուած են անհրաժեշտ պայմաններ բիզնեսը (գործարարութիւնը-Խմբ.) զարգացնելու ու ներդրումներ կատարելու համար, եւ այդ գործընթացը կը կրի շարունակական բնոյթ: Յատուկ ուշադրութիւն ենք դարձնում հարկային դաշտի բարեփոխումներին՝ նպատակ ունենալով գրաւիչ պայմաններ ապահովել ներդրողների համար:
ՍՈՒՍԱՆՆԱ ԹԱՄԱԶԵԱՆ.- Ներդրումային նախաձեռնութիւններ արւու՞մ են, եթէ այո, ապա ի՞նչ չափով:
ԲԱԿՕ ՍԱՀԱԿԵԱՆ.- Ինչպէս արդէն նշեցի, Արցախում ստեղծուած են բաւականին գրաւիչ ներդրումային պայմաններ, ինչն իր ազդեցութիւնն է թողնում ներդրումային նախաձեռնութիւնների դինամիկայի (ընթացքին-Խմբ.) վրայ: Եթէ 2007 թուականին իրականացուած ներդրումների ծաւալը կազմում էր 11,8 միլիարդ դրամ, ապա 2008 թուականին այն գերազանցել է 21 միլիարդը: Ընդ որում օտարերկրեայ ներդրումների ծաւալը նոյն ժամանակահատուածում աւելացել է աւելի քան 4 անգամ:
Ակնկալում ենք ներդրումների ծաւալների աճ նաեւ 2009 թուականին, որի արդիւնքները դեռ ամփոփւում են:
ՍՈՒՍԱՆՆԱ ԹԱՄԱԶԵԱՆ.- Պարո՛ն Սահակեան, ըստ Ձեզ, Արցախի ժողովուրդը գո՞հ է իր կենսակերպից:
ԲԱԿՕ ՍԱՀԱԿԵԱՆ.- Խօսելով կենսակերպի մասին՝ անհրաժեշտ է տարանջատել կենսակարգը եւ կենսապայմանները: Ինչ վերաբերում է կենսակարգին, ապա կարծում եմ, որ արցախցին հաւատարիմ է իր աւանդոյթներին, ընտանեկան արժէքներին եւ հայրենիքին: Այստեղ որեւէ արմատական փոփոխութեան կարիք ես չեմ տեսնում:
Իսկ կենսապայմանները բաւականին դինամիկ (փոփոխուող-Խմբ.) կատեգորիա են, որոնք անընդհատ պէտք է բարելաւել: Այս բնագաւառում մենք դեռ շատ անելիքներ ունենք: Դեռեւս ունենք սոցիալապէս խոցելի խաւեր՝ զոհուած ազատամարտիկների ընտանիքներ, հաշմանդամներ, վետերաններ եւ այլն: Նրանց սոցիալական վիճակի բարելաւումը մեր պետութեան զարգացման ռազմավարութեան հանգուցային կէտերից մէկն է, եւ այստեղ արդէն նկատելի են շօշափելի տեղաշարժեր: Սակայն մենք չենք բաւարարւում ձեռք բերածով եւ աշխատում ենք շարունակաբար բարձրացնել մեր քաղաքացիների կեանքի մակարդակը:
ՍՈՒՍԱՆՆԱ ԹԱՄԱԶԵԱՆ.- Երեւանում շատ է խօսւում այն մասին, որ Ձեզ յաջողուել է ԼՂՀում վերացնել կոռուպցիան եւ կաշառակերութիւնը: Ինչպէ՞ս դա Ձեզ յաջողուեց:
ԲԱԿՕ ՍԱՀԱԿԵԱՆ.- Կոռուպցիայի դէմ պայքարը բնորոշ է գրեթէ բոլոր պետութիւններին: Սակայն Արցախի համար, որը շարունակում է ապրել ադրբեջանա-ղարաբաղեան դեռեւս չկարգաւորուած հակամարտութեան իրողութիւններում, այն առանձնակի հնչեղութիւն է ստանում: Արդարադատութեան, սեփական ուժերի ու ապագայի հանդէպ մարդկանց վստահութիւնը խաթարող այս երեւոյթը մեր պարագայում լուրջ սպառնալիք է հասարակական համերաշխութեան եւ պետութեան անվտանգութեան համար:
Իրականացուող հակակոռուպցիոն քաղաքականութեան արդիւնքում զգալիօրէն բարելաւուել է իրավիճակը հանրապետութեան իրաւապահ եւ դատական համակարգերում, էական փոփոխութիւններ են տեղի ունեցել սոցիալական, կրթութեան եւ առողջապահութեան ոլորտներում: Մեր երկրում կոռուպցիան կրում էր եւ կրում է առանձին, այլ ոչ թէ համակարգային բնոյթ:
Ընդհանուր առմամբ, կոռուպցիայի դէմ պայքարն անընդհատ շարունակուող գործընթաց է, եւ յաջողութեան գրաւականն այստեղ գտնւում է համակարգուած մօտեցման մէջ՝ օրէնսդրական համապատասխան բազայի (հիմքերու-Խմբ.) մշակում, կադրային (պաշտօնեաներ գործի հրաւիրելու-Խմբ.) ճիշտ քաղաքականութիւն, կրթադաստիարակչական համապատասխան աշխատանք եւ ղեկավարի անձնական օրինակը:
ՍՈՒՍԱՆՆԱ ԹԱՄԱԶԵԱՆ.- 2010թ. ԼՂՀ բիւջետային քաղաքականութիւնն ի՞նչ սկզբունքներ եւ նպատակներ է որդեգրելու:
ԲԱԿՕ ՍԱՀԱԿԵԱՆ.- 2010 թուականի պետական բիւջէն պէտք է ապահովի հետեւեալ երկու հիմնական նպատակների օպտիմալ (լաւագոյն ձեւով-Խմբ.) իրականացումը:
Առաջին՝ անհրաժեշտ է պետական միջոցները ծախսել արդիւնաւէտ եւ խնայողաբար, որն առանձնայատուկ կարեւորութիւն է ներկայացնում մի կողմից՝ պետութեան սահմանափակ եկամուտների, միւս կողմից՝ նախատեսուած ծրագրերի ամբողջական ու ժամանակին կատարման անհրաժեշտութեան պայմանների առկայութեան դէպքում:
Երկրորդ՝ պետութեան ծախսերի կրճատումը չպիտի դառնայ երկրում տնտեսական յարաբերութիւնները եւ աճը զսպող գործօն: Ընդհակառակը, պետական բիւջէի ծախսերը, որոնք հանդիսանում են նաեւ բնակչութեան եկամուտներ, պետական ներդրումներ, պիտի ընդլայնեն համախառն պահանջարկը՝ դրանով իսկ խթանելով տնտեսական աճը հանրապետութիւնում:
ՍՈՒՍԱՆՆԱ ԹԱՄԱԶԵԱՆ.- 2009թ. ոչ միայն ճգնաժամային էր, այլ նաեւ հարուստ էր քաղաքական իրադարձութիւններով: Վստահ ենք, որ հետեւում էք հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացին: Ինչպէ՞ս կը գնահատէք այն:
ԲԱԿՕ ՍԱՀԱԿԵԱՆ.- Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների բարելաւմանն ուղղուած ջանքերը համարում եմ կարեւոր: Հարեւան երկրները պէտք է ունենան նորմալ յարաբերութիւններ: Սակայն մեր պարագայում յարաբերութիւնների բարելաւումը չպէտք է զուգակցուի նախապայմաններով, մասնաւորապէս Մեծ Եղեռնի եւ ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման փոխկապակցման համատեքստում: Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւններն այս խնդիրների շուրջ բաւականին յստակ արտայայտուել են, եւ աւելորդ մենկաբանութիւնների կարիք չեմ տեսնում:
ՍՈՒՍԱՆՆԱ ԹԱՄԱԶԵԱՆ.- Ի՞նչ էք կարծում, Թուրքիան բաց խաղաքարտերո՞վ է խաղում եւ արդեօ՞ք նպատակ չի փայփայում հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացը կապել ղարաբաղեան խնդրի կարգաւորման հետ:
ԲԱԿՕ ՍԱՀԱԿԵԱՆ.- Նման հնարաւորութիւնը չի կարելի բացառել: Սակայն ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան միակողմանի զիջումների տարբերակով լուծումը՝ որպէս հայ-թուրքական յարաբերութիւնների բարելաւման նախապայման, անհեռանկարային է եւ ամենեւին էլ չի նպաստելու հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորմանը:
ՍՈՒՍԱՆՆԱ ԹԱՄԱԶԵԱՆ.- Կա՞ն քաղաքական հիմքեր, որ ԼՂՀն կը մասնակցի հայ-ադրբեջանական բանակցութիւնների գործընթացին:
ԲԱԿՕ ՍԱՀԱԿԵԱՆ.- Ես կ՛ասէի հակառակը՝ ղարաբաղեան հիմնախնդրի կարգաւորման գործընթացին արցախեան կողմի չմասնակցելու համար որեւէ հիմք չկայ: Այդ հակամարտութեան հիմնական կողմերը Ադրբեջանը եւ Արցախն են: ԼՂՀն պէտք է մասնակցի բանակցային գործընթացի բոլոր փուլերին՝ կարգաւորման փիլիսոփայութեան շուրջ կարծիքների փոխանակումից սկսած մինչեւ կոնկրէտ (յստակ-Խմբ.) քայլերի եւ պայմանաւորուածութիւնների մշակումն ու իրագործումը: Առանց Արցախի՝ որպէս բանակցային գործընթացի լիարժէք կողմի մասնակցութեան, ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութիւնը կարգաւորել չի լինի: Դա խոստովանում են նաեւ միջազգային միջնորդները, օրինակ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:
ՍՈՒՍԱՆՆԱ ԹԱՄԱԶԵԱՆ.- Հաւանական համարու՞մ էք Ադրբեջանի՝ պատերազմական գործողութիւններ վերսկսելը:
ԲԱԿՕ ՍԱՀԱԿԵԱՆ.- Պէտք է միշտ պատրաստ լինել ամենատարբեր զարգացումների, այդ թւում նաեւ վատթարագոյնին՝ պատերազմին: Սակայն մօտ ապագայում ես անհաւանական եմ համարում Ադրբեջանի կողմից ռազմական գործողութիւնների վերսկսումը: Տարածաշրջանում ձեւաւորուել է բաւականին կայուն ռազմաքաղաքական հաշուեկշիռ, եւ այն փոխելը այդքան էլ հեշտ չէ: Ընդհանուր առմամբ, ինչքան հզօր լինեն մեր զինուած ուժերը, այնքան կայուն կը լինի իրավիճակը տարածաշրջանում: ԼՂՀ պաշտպանութեան բանակն ի վիճակի է ոչ միայն կասեցնել Արցախի պետականութեանը եւ ժողովրդի անվտանգութեանը սպառնացող ցանկացած փորձ, այլ նաեւ հարկ եղած դէպքում ռազմական գործողութիւնները տեղափոխել թշնամու տարածքի խորքերը՝ խաղաղութիւն պարտադրելով նրան:
ՍՈՒՍԱՆՆԱ ԹԱՄԱԶԵԱՆ.- Ո՞րն է, ըստ Ձեզ, ԼՂՀ կարգավիճակի հարցի լուծման ամենաիրատեսական տարբերակը:
ԲԱԿՕ ՍԱՀԱԿԵԱՆ.- Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան ապագայի հանդէպ մեր մօտեցումը մնացել է անփոփոխ. Արցախի անկախութիւնն ու անվտանգութիւնն այն բացառիկ արժէքներն են, որոնք ենթակայ չեն որեւէ սակարկութեան:
ՍՈՒՍԱՆՆԱ ԹԱՄԱԶԵԱՆ.- Ինչպէ՞ս պէտք է հասնել ԼՂՀ անկախութեան միջազգային ճանաչման գործընթացին:
ԲԱԿՕ ՍԱՀԱԿԵԱՆ.- Ճանապարհը մէկն է՝ յամառ ու հետեւողական աշխատանք: Այդ աշխատանքը չի սահմանափակւում միայն դիւանագիտական խողովակներով: Պետական շինարարութիւն, ժողովրդավարական համակարգի ամրապնդում, տնտեսութեան հզօրացում, բանակաշինութիւն, Արցախը ճանաչելի դարձնել աշխարհին կրթութեան, մշակոյթի, սպորտի եւ այլ բնագաւառներում, Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութեան շարունակական ամրապնդում եւ այլն: Համոզուած եմ, որ Արցախի անկախութեան միջազգային ճանաչումը լոկ ժամանակի խնդիր է:
ՍՈՒՍԱՆՆԱ ԹԱՄԱԶԵԱՆ.- Պարո՛ն Սահակեան, Ձեզ համար անձնական ի՞նչ նշանակութիւն ունի ԼՂՀ նախագահ լինելը եւ ի՞նչ է պարտաւորեցնում:
ԲԱԿՕ ՍԱՀԱԿԵԱՆ.- Նախագահը Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան ինքնիշխանութեան, անկախութեան, տարածքային ամբողջականութեան եւ անվտանգութեան երաշխաւորն է: Բնական է, որ այս առաքելութիւնը շատ պատասխանատու է եւ միաժամանակ պատուաւոր:
Նախագահի պարտականութիւններն արդիւնաւէտ կերպով իրականացնելու համար անհրաժեշտ է խստօրէն հետեւել օրէնքի տառին ու ոգուն, չկորցնել իրականութեան զգացողութիւնը եւ հնարաւորինս զերծ մնալ սուբյեկտիւ (ենթակայական-Խմբ.) մօտեցումներից ու գնահատականներից:
ՍՈՒՍԱՆՆԱ ԹԱՄԱԶԵԱՆ.- Ազատ ժամանակ ունենու՞մ էք: Ինչպէ՞ս էք նախընտրում հանգստանալ:
ԲԱԿՕ ՍԱՀԱԿԵԱՆ.- Աշխատանքի բերումով ազատ ժամանակ քիչ եմ ունենում: Բայց երբ այդպիսի հնարաւորութիւն է ընձեռւում, աշխատում եմ անցկացնել այն ընտանիքիս հետ: Երբեմն նաեւ հանդիպում եմ հին ընկերներիս հետ:
ՍՈՒՍԱՆՆԱ ԹԱՄԱԶԵԱՆ.- Ընտանիքի դերը Ձեր կեանքում ինչպիսի՞ն է:
ԲԱԿՕ ՍԱՀԱԿԵԱՆ.- Հայի համար ընտանիքը սրբութիւն է: Ընտանիքն է հասարակութեան եւ պետութեան հիմքը: Ինչքան ամուր է ընտանիքը, այնքան մարդ իրեն երջանիկ եւ ապահով է զգում՝ անկախ իր զբաղեցրած պաշտօնից:
ՍՈՒՍԱՆՆԱ ԹԱՄԱԶԵԱՆ.- Կա՞ն ճշմարտութիւններ, որոնց անվերապահօրէն հաւատում էք: Որո՞նք են դրանք:
ԲԱԿՕ ՍԱՀԱԿԵԱՆ.- Այո՛, օրինակ, հաւատում եմ Աստծուն, հաւատում եմ մեր երկրի եւ ժողովրդի յուսալի ապագային:
«Դէ Ֆակտօ» ամսագիր