Վարեց՝ ԱՆԻ ԹԱԴԵՒՈՍԵԱՆ
Դեկտեմբերի 13ին «Նոքիա» թատերասրահում կայացած «Armenian Music & M/Club» մրցանակաբաշխութեան ժամանակ, «Չարի Վերջը» ձայնասկաւառակը արժանացաւ «Լաւագոյն մանկական ալպոմ» մրցանակի: Յովհաննէս Թումանեանի հեքիաթի մոտիւներով Արաքս Վարդերեսեանի հեղինակած «միւզիքըլ»ի (երաժշտական) կատարողները Սրբոց Նահատակած ՀՕՄի «Աշխէն Փիլաւեան» մանկամսուրի չորսամեայ սաներն են: Միւզիքըլը, որ նախատեսուած է եղել դպրոցի աւարտական միջոցառման համար, դարձել է մեր մանուկների սիրուած ձայնասկաւառակը, տարածուել դպրոցներում ու մանկապարտէզներում: Մեր հարցազրոյցը միւզիքըլի եւ բեմականացման հեղինակ, Սրբոց Նահատակած ՀՕՄի «Աշխէն Փիլաւչեան» մանկամսուրի երաժշտութեան ուսուցչուհի Արաքս Վարդերեսեանի հետ է:

– Ինչպէ՞ս առաջ եկաւ ձայնասկաւառակի թողարկման գաղափարը:
ԱՐԱՔՍ ՎԱՐԴԵՐԵՍԵԱՆ.- Արդէն երրորդ տարին է ինչ աշխատում եմ Սրբոց Նահատակած ՀՕՄի «Աշխէն Փիլաւչեան» մանկամսուրում: Առաջին տարին էր եւ տարեվերջի հանդէս էինք պատրաստում: Ունէինք երեք եւ չորս տարեկանի երեխաներ: Պէտք է հեքիաթ ընտրէինք: Կարեւոր էր, որ կարողանանք բոլոր երեխաներին զբաղեցնել, այսինքն, հեքիաթը պէտք է շատ կերպարներ ունենար: Որոշուեց «Չարի Վերջը»:
Դեկտեմբեր, Յունուար ամիսներին ես պատրաստեցի միւզիքլը: Սա իմ առաջին մանկական ստեղծագործութիւնն էր: Իսկ այս ամէն ինչի հեղինակը տնօրէն Վեհիկ Գաբրիէլեանն էր. եթէ նա մեր մէջքին չկանգնէր, նախագիծը չէր իրականանայ: Եթէ ես անվախ նետուեցի այս գործին, նա էլ անվախ կանգնեց իմ մէջքին:
– Այս ասպարէզում սա ձեր առաջին փորձն էր, ինչպէ՞ս կողմնորոշուեցիք թէ ինչպէս աշխատէք՝ նման արդիւնք ստանալու համար:
ԱՐԱՔՍ ՎԱՐԴԵՐԵՍԵԱՆ.- Յունուարից մինչեւ Յունիս ժամանակ ունէինք. այնպէս արագ ենք աշխատել, եւ նորից եմ կրկնում, եթէ չլինէր ուսուցիչների օգնութիւնը, ծնողների աջակցութիւնը, ես մենակ ոչինչ չէի կարող անել: Տնօրէն Վեհիկ Գաբրիէլեանը իր վրայ վերցրեց բոլոր կազմակերպչական հարցերը:

– Գործը սկսելուց առաջ պատկերացնո՞ւմ էինք դժուարութիւնները:
ԱՐԱՔՍ ՎԱՐԴԵՐԵՍԵԱՆ.- Հետաքրքիր է, մենք աշխատում էին չորս տարեկանների հետ, եւ չէինք էլ պատկերացնում երեխաներն ինչի՛ են ընդունակ: Երգելուց բացի, մենք պէտք է նրանց պատրաստենիք բեմական արուեստին: Անկանխատեսելի դժուարութիւններ կային: Հետաքրքիր է, որ տաս երեխայից ինը մեզ պահանջուող տաղանդն ունէր: Ինչքա՛ն էլ երգը բարդ է, բայց կատարել են երեխաները: Երեւի թէ կարեւորը ուսուցման ձեւն էր:
– Որո՞նք էին ամենամեծ դժուարութիւնները:
ԱՐԱՔՍ ՎԱՐԴԵՐԵՍԵԱՆ.- Դա անհատական գործ չէր, սա խմբակային աշխատանք էր, եւ բաւական դժուար աշխատանք էր դա, քանի որ մենք խօսում ենք չորս տարեկանի մասին: Շատերը դեռ թոթովում էին: Ամենամեծ դժուարութիւնը ձայնագրման ստուդիայում էր: Երեխաները այստեղ սկսեցին լաց լինել, անսովոր վիճակ էր ու հրաժարւում էին երգել: Ժամեր շարունակ աշխատել ենք իւրաքանչիւր երեխայի հետ, որեւէ ձեւով նրանց ոգեւորելով, ասենք՝ պաղպաղակով, փուչիկով: Շատ տարօրինակ էր, երբ յաջորդ օրն եկան, կարծես աւելի պատրաստ էին եւ երգչախմբի հատուածն աւարտեցինք: Ես հասկացայ, որ մենք չորս տարեկանին կեանքում վստահել էինք մի բան, զոր կարող էին տասնչորս տարեկանում էլ արդիւնքի չհասնել: Խմբակային երգի ժամամակ երբ ասում էի՝ մօտեցէ՛ք իրար, այնպէս պրոֆեսէօնալ ձեւով էին մօտենում, որ այսքան տարուան երաժիշտ ու արուեստագէտ լինելով՝ ինձ հիացնում էին:
– Մենք թերագնահատո՞ւմ ենք երեխաներին:
ԱՐԱՔՍ ՎԱՐԴԵՐԵՍԵԱՆ.- Շատերն էին ասում, որ շատ բարդ է, չենք կարող արդիւնքի հասնել: Բայց ես համոզուած էի, որ եթէ երեխան ունի տաղանդի որոշակի դրսեւորումներ, ապա կարող ես նպատակիդ հասնել: Մանկամսուրի երեխաների մեծ մասը տարբեր ազգութեան ծնողների երեխաներ են: Այս երեխաներին մենք հրամցրել էինք հանճարեղ Յովհաննէս Թումանեան, որի մասին կարող էին երբե՛ք չիմանալ: Իրենք էլ կատարել էին՝ իմանալով, որ շատ լաւ են կատարել: Իրենց մանկական բնազդով, ներքին զգացողութեամբ հասկացել էին, որ հսկայ գործ են արել: Եւ մինչեւ հիմա էլ սպասում են նոր աշխատանքի:
– Ինչքանո՞վ էք կարեւորում այս աշխատանքը երեխաների համար:
ԱՐԱՔՍ ՎԱՐԴԵՐԵՍԵԱՆ.- Սա բարոյահոգեբանական, ազգային, հայեցի դաստիարակութեան գործում հսկայական աշխատանք էր: Միւզիըքլը գրուեց ժամանակակակից ոճի մէջ, երեխաների այսօրուան լեզուով: Զգացին ազգային տարրը, ծանօթացան հայկական ժողովրդական պարերի ու ազգային գործիքների հետ: Սա նաեւ հայ-ամերիկեան գործ է, որը նոյնպէս շատ կարեւոր է:
– Որեւէ առնչութիւն կա՞յ, որ դուք Armenian Music Awards-ի ժիւրիի անդամ էք, եւ սկաւառակը ներկայացուեց մրցանակի:
ԱՐԱՔՍ ՎԱՐԴԵՐԵՍԵԱՆ.- «Չարի Վերջը»ն մրցանակի ներկայացնելը իմ նախաձեռնութիւնը չէր: Այստեղ իմ աշխատանքը չէ, որ գնահատւում է, այլ՝ երեխաներինը: Ամէն մի երեխայի ուրախութեան հետ աշխարհ չեմ փոխի: Այս անուանակարգում մրցանակի ներկայացուած մանկական շատ հրաշալի ալպոմեր կային՝ մեծ մասը Հայաստանից: «Չարի Վերջը» միակ ալպոմն էր, որ չորս տարեկանը ինքը կատարել էր մանկական ստեղծագործութիւն: Երբ դպրոցում իմացան, որ «Չարի Վերջը» մրցանակ է ստացել, անչափ ուրախացան եւ դա ամենամեծ շնորհակալութիւն էր չորս տարեկան երեխաներին:
– Լոս Անճելըսում այս տարի կարեւոր իրադարձութիւն էր «Armenian Music & M/Club» մրցանակբաշխութիւնը: Դուք ինչպէ՞ս էք գնահատում այս միջոցառումը:
ԱՐԱՔՍ ՎԱՐԴԵՐԵՍԵԱՆ.- Սրանք առանձին-առանձին արդէն մի ահռելի նախագծեր են: Մի երգչի համերգն արդէն հսկակայան աշխատանք է: Եւ արդէն կարելի է պատկերացնել, թէ այս մրցանակաբաշխութիւնը ի՛նչ դժուարութիւնների հետ է կապուած: Մենք գործ ունէինք տարբեր ժանրերում ստեղծագործող արուեստագէտների հետ: Իսկ ամենակարեւորը, որ մենք վերջ ի վերջոյ իրագործում ենք՝ դա համախմբումն է: Ո՞վ կ՛երազէր, երբ քսան-քսանհինգ տարի առաջ, երբ չունէինք հեռուստածրագրեր, բաւարարւում էինք յատուկ թերթերով, այսօր կարող ենք շքեղ համերգ ունենալ «Նոքիա»ում՝ Լոս Անճելըսի ամենամեծ դահլիճում: Մրցանակաբաշխութիւնը մեծ թուով արուեստագէտների հիւրընկալեց: Յաջորդ տարիների ընթացքում ես վստահ եմ, որ աւելի մեծ արդիւնքների կը հասնենք:
– Ի՞նչ ծրագրեր ունէք առաջիկայում:
ԱՐԱՔՍ ՎԱՐԴԵՐԵՍԵԱՆ.- «Չարի Վերջը» միւզիքըլի յաղթանակը ոգեւորիչ էր. կը սկսենք նոր միւզիքըլի աշխատնքները: Ես էլ չեմ մոռանում երգչուհու իմ գործունէութիւնը: Պատրաստում եմ համերգային ծրագիր, ուր հիմնականում ընդգրկուած են իմ հեղինակած հին ու նոր երգերը: Կան նաեւ ճանաչում գտած ու սիրուած երգեր, որոնք ինձ համար շատ հարազատ են:
– Կարծում եմ, որ հայ երգը յատուկ խորհուրդ ունի հայապահպանման գործում: Այսպէ՞ս է:
ԱՐԱՔՍ ՎԱՐԴԵՐԵՍԵԱՆ.- Հեշտ չէ հայ մնալ, պահպանել արմատները այսքան մեծ խառնարանի մէջ: Մարդն ինքն է փորձում վերգտնել իր էութիւնը: Դու կարող ես հրաշալի ամերիկեան քաղաքացի լինել եւ պահպանել քո արմատները, իսկ մեր ազգի համար դա աւելի՛ կարեւոր է: Ամենափոքր հային անգամ իրաւունք չունենք կորցնելու: Իսկ ինքնագտնումի գլխաւոր ճանապարհը հայկական անուն ունենալն է: Ցաւօք սրտի, յատկապէս դպրոցում, երեխաների իննսունինը տոկոսը ունի օտար անուն: Ծնողներն անտեսում են հիանալի հայկական անունները: Հայկական անունից սկսեալ, թէ նահապետական սովորութիւներից, երգից կամ ընտանեկան դաստիարակութիւնից, դրանք բոլորն էլ հայապահպանման ճանապարհներն են:
Ձայնասկաւառակը կարելի է ձեռք բերել՝ զանգահարելով (818) 892-9540 հեռախօսահամարով: