ԱՐԱ ՊԱՊԵԱՆ
«Թուրքիայում ապրում է 170 հազար հայ, որոնցից 100 հազարն անօրինական են եւ Թուրքիայի քաղաքացիներ չեն: Վաղը, եթէ պէտք լինի, կարտաքսենք նրանց մեր երկրից»:
Ռեջեփ Թայիփ Էրդողան,
Թուրքիայի վարչապետ,
16 Մարտ 2010 թ.
Թուրքիայում բնակուող հարիւր հազար ապօրինի հայաստանցիների մասին պնդումներն անհիմն են: Այսօր առաւելագոյնը կարելի է խօսել Թուրքիայում բնակուող 12-14 հազար հայաստանցիների մասին, որոնցից մի զգալի մասն օրինական է այդ երկրում: Սակայն հիմա խօսքը նրանց մասին չէ, այլ Թուրքիայի նրանց նկատմամբ վերաբերմունքի եւ, յատկապէս, աշխարհի արձագանգի: Աւելի ճիշդ, այդ արձագանգի բացակայութեան մասին:
Երբ Նիդերլանդների Ազատութէան կուսակցութեան ղեկավար, ընդամէնը կուսակցութեան ղեկավար եւ պատգամաւոր, Գիիրդ Ուիլդրսը (Geert Wilders) յայտարարեց, որ պէտք է երկրից արտաքսել բոլոր անօրինական ներգաղթեալներին, աշխարհը ծառս եղաւ. ինչպէ՞ս կարելի է, ու՞ր մնացին մարդու իրաւունքները: Միանգամայն ճիշդ արձագանգ: Իսկ ինչո՞ւ է այսօր աշխարհն անարձագանգ թողնում Թուրքիայի գործադիր իշխանութեան ղեկավարի, վարչապետ Էրդողանի նոյնաբնոյթ յայտարարութիւնը հայերի դէմ: Ի՞նչ է, վախենում էք Թուրքիայի դէմ խօսել: Բա ո՞ւր մնացին ձեր սկզբունքներն ու մարդու իրաւունքները:
Ներկայումս Միացեալ Նահանգներում ապրում է 10-12 միլիոն անօրինական ներգաղթեալ՝ լատինաամերիկեան երկրներից: Սրանք ոչ միայն անօրինական են գտնւում այդ երկրում, այլեւ մեծ մասամբ անօրինական են մուտք գործել Ամերիկա: Այսուհանդերձ, ի տարբերութիւն Թուրքիայում բնակուող հայաստանցիների, նրանց երեխաներն իրաւունք ունեն դպրոց յաճախել, եւ նրանք պետութեան կողմից ստանում են զգալի սոցիալական աջակցութիւն: Եւրոպայի միութեան երկրներում, ուր այդքան ջանասիրաբար ձգտում է Թուրքիան, անօրինական ներգաղթեալների թիւը 8-10 միլիոն է: Նրանց մէջ կան մի քանի հարիւր հազար գաղթական Թուրքիայից: Սրանց մի մասը, ի տարբերութիւն Թուրքիայում բնակուող հայաստանցիների, ապրում է տեղացի հարկատուների հաշուին:
Զանազան տուեալներով այսօր ԱՄՆում ապրում է 1.5-3 միլիոն արաբ՝ ծագումով կամ քաղաքացիութեամբ: Տուեալներն անյստակ են ու էապէս տարբեր, քանի որ նրանց մի զգալի մասն անօրինական է գտնւում այդ երկրում: Երբ 2001 թ. Սեպտեմբերի 11ին Միացեալ Նահանգները ռազմական յարձակման ենթարկուեցին արաբների կողմից, ամերիկեան որեւէ պաշտօնեայ չխօսեց ԱՄՆում անօրինական բնակուող արաբներին արտաքսելու մասին: Ամերիկեան հասարակութիւնը գալարւում էր ցաւի, վիրաւորանքի ու վրդովմունքի ճիրաններում, սակայն որեւէ մէկի մտքով իսկ չանցաւ յարձակումը կազմակերպած ու իրականացրած արաբների պատճառով վտարել երկրում անօրինական բնակուող արաբներին:
Հիմա պատկերացնենք աշխարհի արձագանգը, եթէ Բուշը յանկարծ որոշէր, ի պատասխան իր երկրի վրայ յարձակման, ԱՄՆից արտաքսել անօրինական ամերիկաբնակ արաբներին: Վստահաբար «ողջ առաջադէմ մարդկութիւնը» կը միանար հակաամերիկեան ցոյցերի, բողոքների ու ճառերի մէջ: Եւ ճիշտ էլ կ՛անէր: Ամէն մէկը պատասխանատու է իր արարքի համար: Խմբակային պատիժների ժամանակներն անցել են:
Էրդողանի սպառնալիքի անհեթեթութիւնը պատկերացնելու համար եկէք քննենք մեր իրավիճակը: Հայաստանը չի յարձակուել Թուրքիայի վրայ: Հայերը օդանաւ չեն քշել Կապոյտ մզկիթի կամ Աթաթուրքի դամբարանի վրայ: Հայերը երեքուկէս հազար թուրք չեն սպանել Ստամբուլի կենտրոնում, ինչպէս ոմանք Նիւ-Եորքի կենտրոնում: Պարզապէս ԱՄՆի եւ Շուէդիայի մի խումբ քաղաքացիներ, որոնց մեծ մասը տուեալ դէպքում ծագումով հայ է, օրինական եւ քաղաքակիրթ ճանապարհով հասել է նրան, որ ԱՄՆ եւ Շուէդիայի խորհրդարանները տարբեր մակարդակներով բանաձեւեր են ընդունել: Ես չեմ էլ անդրադառնում անգամ այդ բանաձեւերի բովանդակութեանը եւ բնոյթին: Դրանք տուեալ դէպքում էական էլ չեն: Կարեւորը Թուրքիայի արձագանգն է, եւ այդ արձագանգը դատապարտող եւրոպական եւ ամերիկեան արձագանգի բացակայութիւնը: Հայաստանը, ցաւօք սրտի, որեւէ մասնակցութիւն չի էլ ունեցել այդ բանաձեւերի ընդունման գործում, սակայն Թուրքիան ատամներ է կռճտացնում Հայաստանի դէմ: Եթէ թուրքերը վերոյիշէալ բանաձեւերից նեղուած են, թէեւ անմտութիւն է նեղուել ճշմարտութեան վերահաստատումից, թող Թուրքիայից արտաքսեն ամերիկացիներին եւ շուէդներին: Ի՞նչ է, ատամը չի բռնում, թէ՞ միայն մեր դէմ յոխորտալ գիտեն: Եւ այս մտածողութեամբ թուրքերն ուզում են Եւրամիութիւն մտնե՞լ, ուզում են գերմանացիների հետ նոյն տան մէջ ապրե՞լ: Էրդողանի խօսքերից միջնադարի ու հաշուեյարդարի հոտ է գալիս:
Ասում էինք չէ՝ Թուրքիան չի փոխուել:
Արա Պապեան «Մոդուս վիւենդի» կեդրոնի նախագահն է