«ԱԶԱՏ ԱՐՑԱԽ»
Անցած Կիրակի հերթական այցով Լեռնային Ղարաբաղ էին ժամանել ԵԱՀԿ ղարաբաղեան կարգաւորման գծով Մինսկի խմբի համանախագահները։ Կարելի է ասել՝ սովորական եւ ոչնչով աչքի չընկնող այց էր։ Դէ, թերեւս, տարբերակիչ առանձնայատկութիւնը կայանում էր այն բանում, որ դա, ինչպէս յայտնի է դարձել, Եուրի Մերզլեակովի՝ որպէս Մինսկի խմբի համանախագահի, «վերջին հիւրախաղն» էր Լեռնային Ղարաբաղում։ Իսկ մնացեալ ամէն ինչով միջազգային միջնորդների ներկայիս այցը առանձնակի ոչնչով չէր տարբերւում նախորդներից։ Համանախագահների նոյն պնդումներն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղ այցելելն անհրաժեշտ էր հակամարտութեան կողմերի դիրքորոշումները համեմատելու–ստուգելու համար, որ խաղաղ կարգաւորմանն այլընտրանք չկայ, որ մի ինչ–որ փուլում ղարաբաղեան կողմը պէտք է միանայ բանակցային գործընթացին, եւ այլն, եւ այլն։ Մի խօսքով, վաղուց արդէն հերթապահ դարձած դեկլարատիւ (սոսկ յայտարարութիւններ-Խմբ.) խօսքեր, որոնք, իրական գործերով ամրապնդուած չլինելով, ժամանակի ընթացքում պարզապէս ջնջւում են յիշողութիւնից եւ մի տեսակ կորցնում իրենց պարտադրականութիւնը։
Սակայն հերթապահ չես անուանի ղարաբաղեան կողմի դիրքորոշումը, որը մտադիր չէ հրաժարուել իր սկզբունքներից։ Հետեւողականութիւն դրսեւորելով դրանք պաշտպանելու գործում, ԼՂՀ իշխանութիւններն առաջ են քաշում նախաձեռնութիւններ՝ պնդելով դրանց իրացման պարտադիր լինելը։ Այսպէս, Փետրուարի կէսերին ԼՂՀ նախագահ Բակօ Սահակեանը Երեւանում, ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի արտաքին գործերի նախարար Կանատ Սաուդաբաեւի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է նոր ուղղութիւն մտցնել բանակցային գործընթացում եւ հակամարտութեան քննարկումը փոխադրել միջազգային իրաւունքի հարթութիւն։ Դա աւելի քան կարեւոր առաջարկութիւն է, քանզի հիմնախնդրի քննարկումը միջազգային իրաւունքի համատեքստում ակնբախ կը դարձնի Ադրբեջանի դիրքորոշման սնանկութիւնն ու խախուտութիւնը, ում փաստարկումներն ամբողջութեամբ գործնականում յանգեցւում են սովորական շանտաժի եւ նոր պատերազմ սանձազերծելու սպառնալիքի։
Հարկ է ընդգծել, որ Ստեփանակերտի սկզբունքայնութեան տեսակէտից՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ կիրակնօրեայ հանդիպումը բացառութիւն չի դարձել։ ԼՂՀ նախագահը նրանց յիշեցրել է, որ ղարաբաղեան կողմի նախաձեռնութիւնները՝ ուղղուած կողմերի միջեւ փոխվստահութեան հաստատմանը, մերժուել են Բաքուի կողմից։ Բայց չէ՞ որ վստահութեան հաստատմանն ուղղուած միջոցներն էլ հէնց ենթադրում են այն քայլերը, որոնց մասին միջնորդներն իրենք են բազմիցս խօսել. դա, մասնաւորապէս, դիպուկահարների յետքաշումն է առաջաւոր գծից, ինչպէս նաեւ ուժի չկիրառման կամ այն կիրառելու սպառնալիքի չկիրառման մասին համաձայնագրի ստորագրումը։ Ուշադրութիւն դարձնենք այն փաստին, որ այն հիմնական սկզբունքներից մէկը, որոնց համապատասխան միջազգային միջնորդներն առաջարկում են լուծել հակամարտութիւնը, հանդիսանում է հէնց ուժի չկիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի չկիրառման սկզբունքը։ Համաձայնագիր ստորագրելուց հրաժարուելով, Ադրբեջանը փաստօրէն քամահրում է միջազգային իրաւունքի կարեւորագոյն սկզբունքը։ Կարծում ենք, հէնց միայն այս փաստից ակնյայտ է դառնում, թէ առաջին հերթին ում վրայ պէտք է ուղղուած լինեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերը, որոնք անդադրում կերպով պնդում են հակամարտութեան խաղաղ ճանապարհով լուծմանն այլընտրանք չլինելու մասին։
Կարեւոր է նաեւ նշել, որ ղարաբաղեան կողմի դիրքորոշումը բաւականին կտրական ձեւով է ներկայացուել նշանակալի հարցերի մի ամբողջ համալիրի վերաբերեալ։ Համանախագահներին վճռականօրէն յայտարարուել է ինչպէս ուղղակի բանակցութիւններին պարտադիր կերպով ԼՂՀին ներգրաւելու անհրաժեշտութեան մասին, այնպէս էլ անցեալին վերադարձի, միայն Լեռնային Ղարաբաղի կողմից զիջումներ պահանջելու, հայ–թուրքական յարաբերութիւնների նորմալացման գործընթացը ղարաբաղեան կարգաւորման գործընթացի հետ շաղկապելու՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի փորձերի անթոյլատրելիութեան մասին։ Ղարաբաղեան կողմն արդարացիօրէն գտնում է, որ հիմնախնդիրների տուեալ համալիրի լուծումը կարող է վերացնել այն գործօնները, որոնք խոչընդոտում են հակամարտութեան խաղաղ լուծմանը։
Եւ դարձեալ։ Մենք յայտնագործութիւն չենք անի, եթէ ասենք, որ ԼՂՀն դիւրութեամբ է պաշտպանում իր դիրքորոշումը, եթէ նա այդ գործում զգում է Հայաստանի հաստատակամ աջակցութիւնը։ Վերջին ժամանակներս այն տպաւորութիւնն է ստեղծւում, որ հայկական դիւանագիտութիւնն աւելի յարձակողական է դարձել, նրա «ձայնի» մէջ կոշտութեան երկար սպասուած երանգներ են երեւան եկել։ Սա, ուղղակի ասենք, հաճելի տպաւորութիւն է։ Ինչո՞ւ թաքցնել, որ դեռեւս բոլորովին վերջերս Երեւանն ասես խուսափում էր իր դիւանագիտական բառապաշարի մէջ հրամայական արտայայտութիւններ մտցնելուց։ Բայց դա արդէն տեղի է ունենում, եւ, աւելի շուտ, մեծապէս՝ շնորհիւ Հայաստանի նախագահի փետրուարեան ճառի, որով նա հանդէս է եկել Լոնդոնի Chatham House միջազգային յարաբերութիւնների ինստիտուտում, որում ներկայացուել է քաղաքական–իրաւական մօտեցումը ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորմանը։ Մի մօտեցում, որը յստակօրէն որոշում է Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերեալ Հայաստանի արտաքին քաղաքական գերակայութիւնները։ Եւ անչափ անհրաժեշտ մօտեցում՝ Բաքուի դիրքորոշման յարաճուն կոշտացման պայմաններում, ում համար կարգաւորման գործընթացում միակ փաստարկ է ծառայում ռազմական գործողութիւնների վերսկսման սպառնալիքը։
Կասկած չկայ, որ Հայաստանն ու ԼՂՀն միայն սերտ տանդեմ կազմած՝ հիմնուելով հայկական սփիւռքի հսկայական քաղաքական–դիւանագիտական եւ տնտեսական ռեսուրսների (հնարաւորութիւններուն-Խմբ.) վրայ, կարող են դիմակայել ադրբեջանա–թուրքական միաբանութեանը եւ հաստատակամօրէն պաշտպանել մեր երկու պետութիւնների կենսականօրէն կարեւոր շահերը։ Եւ, ի հարկէ, հիմք ունենալով երկու հայկական կողմերի միջազգային–իրաւական փաստարկները։ Որոնք ինքնին համոզիչ են եւ կախուած չեն ղարաբաղեան գործընթացի կարգաւորիչների այցերից։ Առաւել եւս՝ հերթապահ այցերից։
Լէոնիտ Մարտիրոսեան՝
«Ազատ Արցախ»ի խմբագիր