ԱՐԾՐՈՒՆ ԱԼԷՔՍԱՆԵԱՆ
Կարճատեւ հիուանդութիւնից յետոյ, 97տարեկան հասակում կեանքից հեռացաւ հայ ականաւոր գիտնական, թուրքագէտ, երկրորդ համաշխարհային պատերազմի ակտիւ մասնակից, հայ-ամերիկեան վետերանների Գլենդելի միութեան անդամ, պատմագիտութեան դոկտոր, պրոֆ. Երուանդ Սարգսեանը:
Ծնուել է Սիւնեաց լեռնաշխարհի հնամենի Բռնակոթ գիւղում՝ 1913 թուականի Յունիսին: Գիւղը յայտնի է իր բազմաթիւ գիտնականներով, ռազմական, պետական գործիչներով ու հերոսներով: Դրանցից յայտնի է Մելիք Թանգին որպէս բարենորոգիչ, շինարար ու վաճառական, աշխարհահռչակ պատմաբան Նիկողայոս Ադոնցը, ակադեմիկոսներ՝ Հրանտ Ադոնցն ու Արամ Բալայանը, տասնեակ այլ դոկտոր պրոֆեսորներ, ռազմա-քաղաքական գործիչներ: Մեծ հայրենականին 968 բռնակոթցիներ հերոսական մասնակցութիւն են ունեցել, ֆաշիզմի դէմ կռուել են տարբեր ռազմաճակատներում: Նրանցից տուն չեն վերադարձել 335ը, իրենց փառքով են օծել կործանիչ աւիացիայի (օդաչու-Խմբ.) կապիտան Սամսոն Մկրտումեանն ու հրետանային գումարտակի հրամանատար Լիպարիտ Իսրայէլեանը՝ արժանանալով Սովետական Միութեան հերոսի բարձր կոչման: Արցախեան ազատագրական պայքարում ողջ գիւղը ոտքի ելաւ հայրենի սահմանները փրկելու:
Նախիջեւանի, Աղդամի, Քելբաջարի, Ղոբաթլուի զինեալ թուրք ազերիների դէմ, հայոց հողն ազատագրելու ճանապարհին, գիւղը կորցրեց 8 մատղաշ ազատամարտիկների: Նրանցից՝ զորամասի
հրամանատար Վուրգ Ոսկանեանը այսօր հանգչում է Սիսեանի Սուրբ Յովհաննէս եկեղեցու մուտքի առաջ
Եւ այդ գիւղը չէր կարող չունենալ նաեւ Երուանդ Սարգսեանին: մի խանդավառ անհատականութիւն ունեցող զաւակի, որն ամբողջ հասակով մէկ կանգնեց հայ ժողովրդի եղեռնագործութիւնն իրականացնող օսմանեան կայսրութեան դէմքը բացայայտելու, խարազանելու եւ միջազգային հանրութեանը ներկայացնելու Թուրքիայի պետական յանցագործ քաղաքականութիւնը:
Աւարտելով Սիսեանի միջնակարգ դպրոցը, գերազանց առաջադիմութեամբ, 17ամեայ Երուանդ Սարգսեանը 1950 թուականին մեկնում է Լենինգրադ, ներկայանում հայ խոշորագոյն արեւելագէտ, ակադեմիկոս Յովսէփ Օրբելուն: Մեծանուն հայագէտի խորհրդով, Երուանդ Սարգսեանն ընդունւում է Լենինգրադի պետական համալսարանի արեւելագիտութեան ամպիոնի թուրքագիտութեան բաժինը:
Ուսանողական տարիներին բացայայտւում են ապագայ գիտնականի տաղանդն ու ընդունակութիւնները եւ 1935 թուականին գերազանցութեան դիպլոմով 22ամեայ Երուանդն ընդունւում է Լենինգրադի արեւելագիտութեան բարձրագոյն բաժին՝ խորանալով թուրքագիտութեան մէջ: 1938 թուականին 26ամեայ երիտասարդը փայլուն կերպով պաշտպանում է աւարտաճառը, ստանում պատմագիտութեան թեկնածուի աստիճան:
Առաջին անգամ գիտականօրէն լուսաբանւում է արեւմտեան Հայաստանի սոցիալ տնտեսական քաղաքականութիւնը, բնակչութեան թիւն ու զբաղմունքը՝ Հայոց Ցեղասպանութիւնից ու Համիդեան կոտորածներից առաջ: Առաջին անգամ է, որ երիտասարդ տաղանդաւոր գիտնականը խօսում է արեւմտահայութեան եղեռնագործութեան մասին: Նման համարձակ քայլ չէր եղել խորհրդային իշխանութեան տարիներից մինչեւ երկրորդ համաշխարհային պատերազմը: Նա իր ուսերին տարաւ բազմաթիւ դժուարութիւններ ֆինլանդական պատերազմում ու ֆաշիզի դէմ: Ակտիւ աշխատանք կատարեց զէնքի մատակարարման գործարանում, բարձեց ,փաթեթաւորեց ու առաքեց ռազմաճակատ: Երկու տարի շրջափակման մէջ պայքարեց՝ երեխաներին ծերերին, անօգնական մայրեյին սովից փրկելու, ռազմաճակատին զինելու նուիրեալներից մէկը եղաւ:
1943ի Փետրուարին, հիտլերեան Գերմանիան իր ողնաշարը կոտրեց Վոլգայի ափին՝ Ստալինգրատի ճակատամարտում: Երուանդ Սարգսեանը ակադեմիկոս Յովսէփ Օրբելու ուղեկցութեամբ, եկաւ Հայաստան: Կազմակերպւում էր գիտութիւնների ակադեմիայի պատմութեան ինստիտուտը: Երուանդ Սարգսեանը դարձաւ այդ ինստիտուտի թուրքագիտութեան բաժնի վարիչը եւ աւելի քան 40 տարի ղեկավարեց այդ ճիւղը: Թուրքագիտական բաժնում կատարեց մի շարք ներդրումներ՝ օսմանեան կայսրութեան տիրապետութեան տակ գտնուող արեւմտեան հայութեան իրավիճակի ուսումնասիրման գործում: Գրեց՝ «Թուրքիայի ներքին եւ արտաքին քաղաքականութիւնը 19-20րդ դարերի Սահմանագլխում» «Ժամանակակից Թուրքիան»,«Արեւմտահայաստանի տնտեսական, քաղաքական դրութիւնը», «Հայ Ժողովրդի Նոր Շրջանի Պատմութեան Նենգափոխումը Թուրք Պատմագրութեան Մէջ», «Թուրքիան Եւ Նրա Նուաճողական Քաղաքականութիւնը Անդրկովկասում 1914-1918 Թուականներին» եւ այլ բազմաթիւ ստուարածաւալ աշխատութիւններ, որտեղ տաղանդաւոր պատմաբանը ցոյց է տալիս հայ ժողովրդի կրած ողբերգութիւնները՝ արիւնախում թուրքերի կողմից: «Մենք կորցրել ենք հայրենիք, հող, ընդերքի վիթխարի հարստութիւններ թուրքերը կոտորել են մի ամբողջ ազգի, նրանք իրաւունք չունեն վարձահատոյց չլինելու: Եթէ հրաժարւում են այսօր, վաղը հայազգի նոր սերունդի առաջ ծունկի կը գան, կը խոնարհուեն Հայ Դատի առաջ: Մենք պահանջատէր ազգ ենք. մենք մեր հայրենիքն ենք ուզում»:
Երուանդ Սարգսեանը երկար տարիներ դասախօսեց Երեւանի պետական համալսարանի արեւելագիտութեան բաժնում, մասնակցեց Հայաստանի հանրապետութեան գիտութիւնների ակադեմիայի կողմից կազմակերպուած համահայկական ու միջազգային գիտա-գործնական խորհրդաժողոներին, հանդէս եկաւ արժէքաւոր զեկուցումներով: Հրապարակել է աւելի քան հարիւր ստուարածաւալ աշխատութիւններ ու խիստ կարեւոր յօդուածներ: Պրոֆեսոր Երուանդ Սարգսեանին բարձր են գնահատել հայ խոշորագոյն գիտնականներ Վիկտր Համբարձումեանը, Մկրտիչ Ներսիսեանը, Աշոտ Յովհաննիսեանը, Ծատուր Աղայեանը, Վարդան Պարսամեանը, սփիւռքահայ Վահագն Տատրեանը, Ռիչարդ Յովհաննիսեանն ու Ռուբինա Փիրումեանը: 1993ին Երուանդ Սարգսեանը եկաւ Լոս Անջելոս դստեր Աննայի ընտանիքին տեսակցութեան: Առաջատար մանկավարժ դուստրն ու թոռը, համբաւաւոր բժիշկ Ռուբէնը պահեցին իրենց սիրելի 80ամեայ Երուանդ Սարգսեանին: Եւ մնաց պրոֆեսորը: Սիրեց սփիւռքահայ կրքոտ հայրենասիրութիւնը Հայ Դատի հանդէպ: Մի առանձին համակրանք ու ջփրմ վերաբերմունք ունեցաւ Կալիֆորնիայի երկրորդ համաշխարհային պատերազմի հայ -ամերիկեան վետերանների ու հայ գրողների հանդէպ: Հանդէս եկաւ դասախօսութիւններով ու կրակոտ յօդուածներով, թարգմանուեց ռուսերէն ու անգլերէն, դարձաւ ամենասիրուած սփիւռքահայ գրողներից, գիտնականներից ու պատերազմի վետերաններից մէկը:
Նման սիրով էլ հեռացաւ կեանքից մնալով որպէս յաւերժի ճամբորդ հայ ժողովրդի ազգային ազատագրական, նրա գաղափարախօսական պայքարի ճանապարհի ու պահանջատիրութեան գործում: Թուրքագէտների,պատմաբանների մի ամբողջ դպրոց ստեղծեց, դարձաւ նրանց սիրուած ուսուցիչը: Այդպէս էլ կը մնայ գալիք սերունդների համար: