ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
«Չկայ աւելի անկեղծ սէր, քան սէրը կերակրի նկատմամբ»
ՊԵՌՆԱՐՏ ՇՈՈՒ
Այս նշանաբանով են թերեւս առաջնորդուել հանրայայտ Sarkis Pastry հրուշակեղէնի խանութների հիմնադիրներ Սարգիս եւ Վազգէն Գոլանճեան եղբայրները՝ գործունէութեան 27 տարիների ընթացքում ստեղծելով ու առաջարկելով արեւելեան ու հայկական ամենահամեղ ու ցանկալի քաղցրաւենիքներ: Տարիների ընթացքում Sarkis Pastry անուշավաճառների ցանցը շարունակում է նորամուծութիւններով զարմացնել ու գրաւել հին ու նոր յաճախորդներին. «Մեր գործունէութեան ամբողջ ընթացքին չենք դաւաճանած մեր հիմնական սկզբունքին՝ աշխատած ենք միշտ բարձր պահել որակը եւ կը կարծեմ, ատիկա է մեր յաջողութեան գրաւականը», պատմում է Սարգիս Գոլանճեանը:
1983 թուականին, Սարգիս եւ Վազգէն Գոլանճեանները Գլենդէյլում հիմնեցին արեւելեան եւ հայկական քաղցրաւենիքների իրենց առաջին փոքրիկ անկիւնը: Արտադրանքը գնահատուեց եւ սիրուեց համայնքում եւ ընդամէնը վեց ամիս անց, նրանք ընդարձակեցին խանութը: 1995 թուին, Sarkis Pastry-ն ընդլայնեց իր ցանցը՝ եւս մէկ խանութ բացելով Անահայմ քաղաքում, 2000ին եւս մէկը՝ Փասադինայում: Ներկայում Sarkis Pastry անուշեղէնի խանութների ցանցը գործում է երեք քաղաքներում՝ ունենալով յաճախորդների հսկայական բանակ: Այս հանգամանքը պայմանաւորուած է թերեւս նրանով, որ Սարգիս եւ Վազգէն Գոլանճեան եղբայրները շուրջ երեք տասնամեակ աշխատում են նոյն փութաջանութեամբ ու սիրով, ամէն օր, իւրաքանչիւր քաղցրաւենիքի պատրաստման ժամանակ ներդնելով իրենց հոգուց մասնիկ:
Sarkis Pastry հիմնադիրներին հանդիպեցի Փասադինայի խանութի յետնամասում գործող իրենց «արուեստանոցում»՝ բազմագոյն, բազմահոտ ու բազմահամ քաղցրաւենիքների «թատերաբեմում»: Գոլանճեան եղբայրները սիրով ներկայացրեցին իրենց իւրատեսակ «գաղտնարանը», որտեղ պատրաստւում են այնքան սիրելի ու հայկական սեղանի համար արդէն աւանդական դարձած Sarkis Pastry-ի քաղցրաւենիքները:
Ճաշակելով Sarkis Pastry-ի հանրայայտ փախլաւան ու նազուկը՝ միաժամանակ լսում էի եղբայրների պատմութիւնը, որ սկիզբ է առնում վաղ ութսունականներից… այսօր, Sarkis Pastry-ն առաջարկում է հայկական, արեւելեան ու ֆրանսիական քաղցրաւենիքների վեց տասնեակից աւելի տեսականի:
«Պահպանելով աւանդական քաղցրաբլիթներու բաղադրատոմսերը՝ կը փորձենք ամէն անգամ նորամուծութիւններ ընել մեր տեսականիին մէջ, հաշուի առնելով մեր յաճախորդներուն ճաշակը եւ ուսումնասիրելով այլ ազգերու եւ երկիրներու խոհանոցները», կ՛ըսէ Սարգիս:
Sarkis Pastry-ն փորձում է համաքայլ լինել համաշխարհային նորամուծութիւններին. Սարգիս եւ Վազգէն Գոլանճեանները տարուան ընթացքում այցելում են տարբեր երկրներում անցկացուող Bakery show-ների, ծանօթանում նոր բաղադրատոմսերի ու պատրաստման նորագոյն եղանակների: Նրանք պարբերաբար հրաւիրում են նաեւ տարբեր ազգութիւնների խոհարարների՝ փորձելով ներմուծել նաեւ պատրաստման առանձնայատկութիւններ:
Sarkis Pastry-ի փախլաւայի փառքը դուրս է եկել հայ համայնքի շրջանակներից: Նրանց փախլաւային մասին գրել են ամերիկեան պարբերականներում: Փախլաւայի պատուէրներ Sarkis Pastry-ն ստանում է նոյնիսկ հեռաւոր նահանգներից:
«Փախլաւայի խմորը ձեռքով կը պատրաստենք եւ ճիշդ ատիկա է, որ մեր փախլաւան իւրայատուկ կը դարձնէ անուշեղէնի շուկային մէ»ջ, յաջողութեան գաղտնիքը կը բացայայտէ Վազգէն Գոլանճեան:
Sarkis Pastry-ի մէկ այլ գլուխգործոց՝ հալվան, Սուրբ Սարգիսի տօնի անբաժանելի մասն է: Տարիներ շարունակ հայ համայնքը եկեղեցիներում ճաշակում է հէնց նրանց հալվան, Զատիկի տօնին էլ՝ յայտնի «պասքան»:
Sarkis Pastry-ն միայն անուշեղէնի խանութների ցանց չէ, նաեւ՝ հայկական իւրատեսակ օճախ՝ համեմուած ազգային ոգով ու ջերմութեամբ: Գոլանճեան եղբայրներն են ստեղծել այդ մթնոլորտը՝ պահպանելով ու շարունակելով ազգային աւանդոյթները:
«Մեր յաջողութեան հիմնական մասը կը վերագրեմ մեր ընտանեկան յարաբերութիւններուն, մեր հօրմէն մեզ հասած հայկական աւանդոյթներուն: Մեր ինքնութեան իւրայատկութիւններէն է ամուր ընտանիքը, ստեղծելու կարողութիւնը, աշխատասիրութիւնը: Մենք, եղբայրներով միասին, քրտնաջան աշխատանքի շնորհիւ հասած ենք արդիւնքի», միմեանց լրացնելով նշում են եղբայրները:
Sarkis Pastry-ի գործունէութեան հիմնական մաս են կազմում համայնքի տարբեր կազմակերպութիւններին տրուող բազմաթիւ նուիրատուութիւնները:
«Մեր յաջողութեան համար պարտական ենք մեր համայնքին, ուրեմն պէտք է նաեւ վարձահատոյց ըլլանք, ամէն ինչ փոխադարձ պէտք է ըլլայ», կ՛ըսէ Սարգիս Գոլանճեան՝ նշելով, որ երբեք խտրականութիւն չեն դրել իրենց դիմողներին միջեւ, եւ աջակցել են բոլորին:
ՏԵՂԵԿԱՆՔ
Sarkis Pastry-ն «Լոս Անջելըս Թայմզ»ի դասակարգմամբ յայտնուել է հայկական անուշավաճառների լաւագոյն տասնեակում:
Ցանցը լաւագոյնն է ճանաչուել նաեւ Գլենդէյլի քաղաքային խորհրդի կողմից:
Sarkis Pastry-ն պատուէրներ է իրականացնում տարբեր առիթների համար՝ կնունք, ծնունդ, հարսանեաց հանդիսութիւններ եւ այլ կարգի արարողութիւններ:
Sarkis Pastry-ի պատրաստած ամենամեծ կարկանդակներից մէկը՝ նախատեսուած շուրջ 1200 հիւրերի համար, ունեցել է մի քանի մեթր բարձրութիւն: Դա Լոս Անջելըսի կառավարիչի հարսանեկան կարկանդակն էր:
Sarkis Pastry-ի ծառայութիւններից մշտապէս օգտւում են բազմաթիւ կազմակերպութիւններ, դիւանագիտական ներկայացուցչութիւններ (տարբեր առիթներով, այդ թւում՝ նախաճաշի, ճաշի պատուէրներ):
Sarkis Pastry-ն է պատրաստել «Ասպարէզ» օրաթերթի 100 ամեակին նուիրուած կարկանդակը:
Sarkis Pastry-ի հիմնադիրներ Գոլանճեան եղբայրների նախընտրած ուտեստները. Սարգիս Գոլանճեանը նախընտրում է «Մուշապաք», իսկ Վազգէն Գոլանճեանը՝ «սպանախով պէօրեկ»:
Sarkis Pastry-ն խորհուրդ է տալիս՝ բացի քաղցրաւենիքներից, համտեսել հանրայայտ «սպանախով պէօրեկը», որն օրգանական կերակուր է՝ պատրաստուած թարմ սպանախից, առանց ձուի ու կարագի:
Sarkis Pastry-ի ցուցափեղկերում կարող էք գտնել հայկական, արաբական ու ֆրանսիական քաղցրաբլիթների մեծ տեսականի, «փախլաւա»ի տեսականի, «պուրմա», «ղաթայիֆ», նազուկ, «քարապիճ», կոնֆետներ, ծոթրինով եւ շոքոլայով «քրուասաններ», սառնաշաքարներ, հարսանեկան կարկանդակներ եւ այլն: Շաբաթ եւ Կիրակի օրերը Sarkis Pastry ձեզ կ՛առաջարկէ թոնիրի վրայ պատրաստուած «մանայիշ»ի հարուստ տեսականի:
Sarkis Pastry-ի տեսականին կարելի է պատուիրել նաեւ համացանցային www.sarkispastry.com հասցէով:
Sarkis Pastry-ի ամբողջական տեսականիին կարելի է ծանօթանալ՝ այցելելով երեք խանութները՝
Գլենդէյլում՝ 1111 S. Glendale Ave. Glendale, CA 91205
Փասադինայում՝ 1776 E. Washington Blvd. Pasadena, CA 91104
Անահայմում՝ 2424 Ball Rd. Anaheim, CA 92804:
sarkis pastry ,the kolanjian brothers a success story with distinction.i think we all have to look up
to families like the kolanjians,who have maintained good reputation in the community,as well as
accoimplished great success in business..the secret of all this is love and respect.i feel proud that
i have known the kolanjian brothers.