Հայկական Ժողովրդական Նուագարանների Զարթօնքի Մեկնարկ
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Ազգային երգն ու երաժշտութիւնը, որ ներկայացնում են տուեալ ժողովրդի պատմական իւրաքանչիւր ժամանակաշրջանի անցքերը, մշակութային բազմազանութիւնն ու զարգացումները, աւանդոյթները, շունչն ու հոգին, պահպանուել են ժողովրդական նուագարանների միջոցով: Ժողովրդական երգարուեստը, ժամանակակից երաժշտական ուղղութիւնների հոսքում օտարուել է մեր մշակոյթից ու կենցաղից ու յայտնուել անհետանալու սպառնալիքի առաջ: Սփիւռքում, մասնաւորապէս նոր սերունդներն արդէն քաջածանօթ չեն ժողովրդական նուագարաններին, այնինչ հէնց այդ գործիքներն են իրապէս ներկայացնում ժողովրդական երգը:
Ժողովրդական նուագարանների մասին յիշատակումներ կան Մատենադարանի մանրանկարչական ձեռագրերում, որտեղ ներկայացուած են հին եւ միջնադարեան Հայաստանում գործածուած երաժշտական գործիքների (լարային, փողային, հարուածային) բազմաթիւ տեսակներ, այդ թւում՝ քանոնը:
Քանոնը համարւում է արեւելեան երաժշտական լարային գործիք եւ տարածուած է եղել Արեւելքի բոլոր երկրներում: Քանոնի մասին առաջին յիշատակութիւնները 10րդ դարի արաբական աղբիւրներում են. այն հաւանաբար սերուել է հին յունական տաւիղից, եւ ցեղակից է ցիմբալային, կիթառին: Քանոնն իր առանձնայատուկ տեղն է ունեցել նաեւ հայկական նուագարանների շարքում: Այս նուագարանը, թէեւ մինչ այժմ էլ կիրառում են նաեւ այլ ազգեր, սակայն հայկական քանոնը տարբերւում է՝ շնորհիւ Խաչատուր Աւետիսեանի, որը 1950ականներին տեմպերացնում՝ «հայկականացում» է քանոնի կիրառումը՝ նախատեսելով այն նաեւ դասական ստեղծագործութիւնների համար: Նա գրում է քանոնի համար առաջին կոնցերտը: 1979ին նրա ջանքերով Կոնսերվատորիայում բացւում է նաեւ ժողովրդական գործիքների բաժին, որտեղ ներառւում է քանոնի դասարան:
Այդուհանդերձ, ժող. գործիքների նկատմամբ ուշադրութիւնը վերջին շրջանում նուազել է եւ ժողովրդական նուագարանների զարթօնքի եւ ժողովրդին վերադարձնելու գործընթացը անհատների առաքելութիւնն է:
Ալա Տէր Վարդանեանը, աւարտելով Երեւանի Կոմիտասի պետական անուան Կոնսերվատորիայի քանոնի բաժինը, իւրովի է ստանձնում այդ առաքելութիւնը՝ որոշելով նորովի մատուցել քանոնը:
Քանոնի անսահմանափակ հնարաւորութիւնները երիտասարդներին ընկալելի դարձնելու նպատակով, Ալան ստեղծում է հայկական եւ այլ ազգերի ժողովրդական մեղեդիների մշակումների, ինչպէս նաեւ «ռեփ» եւ տեքնօ ոճերում ստեղծագործութիւնների մի շարք: «Ներառեցի տարբեր ոճեր՝ այդ թւում, օրինակ, Աշուղ Շերամի (Գիշեր-ցերեկ) ստեղծագործութիւնը համակցեցի «ռեփ»ի հետ, կար նաեւ ճազային ստեղծագործութիւն քանոնի եւ սաքսաֆոնի նուագակցութեամբ», ներկայացնում է քանոնահարուհին: Լայն հանրութեանը Ալան ներկայանում է մենահամերգով՝ Երեւանի Պարոնեանի անուան թատրոնում: «Նախաձեռնութիւնն աննախադէպ էր մի շարք առումներով. առաջին անգամ քանոնով կատարւում էր այլ ոճերի երաժշտութիւն՝ դուրս դասական դպրոցի մինչ այդ ընդունուած սկզբունքներից: Աննախադէպ էր նաեւ կանգնած քանոն նուագելու հանգամանքը, քանզի քանոնը նուագում են նստած եւ գործիքը ոտքերին յենած», պատմում է Ալլան: Կոնսերվատորիայում նաեւ դասաւանդող Ալա Տէր Վարդանեանի նախաձեռնութիւնը յեղափոխական էր, եւ բնականաբար միանշանակ չի ընդունւում երիտասարդ եւ աւագ սերնդի կողմից. «Պատասխանատուութիւն էր դասախօսների եւ ուսանողների առաջ: Երիտասարդները շատ լաւ ընդունեցին, աւագ սերնդի մասնագէտներից ոմանք տարակուսանք էին յայտնում բեմադրութեան շուրջ, թէեւ կատարման վերաբերեալ կարծիքները միայն դրական էին», յիշում է Ալան: Ինչեւէ, քայլը կատարուած էր եւ համերգին հետեւում է Սպարտակ Ներսիսեանի գործիքաւորմամբ եւ մշակմամբ տասնեակ երգերից կազմուած ձայնասկաւառակի թողարկումը: 2009ին ձայնասկաւառակը վերաթողարկւում է՝ համալրուած նոր մեղեդիներով, որոնց ժամանակ օգտագործուել են հայկական ժող. գործիքներ՝ դուդուկ, զուռնայ, շուի, դհոլ, զարբ ինչպէս նաեւ՝ սօլօ կիթառ, սաքսոֆոն, հարուածային գործիքներ:
Ալա Տէր Վարդանեանի ստեղծագործական ուղին Հայաստանում ընդհատւում է՝ Միացեալ Նահանգներ տեղափոխուելու պատճառով: Այստեղ էլ Ալան հարազատ է մնում երաժշտութեանը. դասաւանդում է, մասնակցում է բազմաթիւ միջոցառումների՝ ժողովրդական, կոմպոզիտորական եւ ժամանակակից ռիթմերով փորձելով երիտասարդների ուշադրութիւնը գրաւել քանոնի նկատմամբ:
Շուտով Ալային Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային միութիւնն հրաւիրում է մասնակցելու նաեւ իրենց ձեռնարկներին:
2009 թուականից երիտասարդ քանոնահարուհին համագործակցում է Համազգայինի շրջանակներում գործող պարի խմբերի, մասնաւորապէս՝ Համազգայինի Փասադենայի Շահան Շահնուր մասնաճիւղի «Լոռի» պարախմբի հետ ներկայացնելով մի քանի բեմադրութիւն:
Արդէն յաջորդ շաբաթուանից Գլենդելի Հայ կենտրոնում կը գործի նաեւ քանոնի դասարան: Տաղանդաւոր քանոնահարուհին հրատապ անհրաժեշտութիւն է համարում հայկական ժող. գործիքների, այդ թւում քանոնի ընդհանրացումը: «Քանոնի դասերի ընթացքում, կը ներկայացնեմ նաեւ հայկական ժողովրդական նուագարանները, ժողովրդական երգարուեստի պատմութիւնը», տեղեկացնում է Ալան :
Հայրենիքի կարօտը մշտապէս կրող Ալա Տէր Վարդանեանը խորհրդանշական է համարում Համազգայինի հետ իր համագործակցութիւնը.
«Իւրաքանչիւր ազգային մարդ պէտք է միանայ այս Կենտրոնին ու իր ներդրումն ունենայ, քանզի Համազգայինը միաւորում է նուիրեալների, որ անում են հնարաւորը՝ հայկական մշակոյթը օտար ափերում պահպանելու, քարոզելու համար»:
Քանոնը պէտք է սիրել, նշում է Ալան, տեղեկացնելով, որ քանոնով կարելի է կատարել երաժշտական իւրաքանչիւր ոճում՝ հոգեւորից մինչեւ աշխարհիկ: Նուագելու հետ մէկտեղ կարելի է նաեւ երգել:
Ալա Տէր Վարդանեանը ստեղծագործում է նաեւ գրական ժանրում: Նրա «Եղեռնից վերածնունդ» պօէմը բեմադրուել է Կոմիտասի անուան պետական կոնսերվատորիայում՝ արժանանալով բարձր գնահատանքի: Ալան պատրաստւում է լոյս ընծայել նաեւ իր խոհափիլիսոփայական, սիրային շուրջ 200 բանաստեղծութիւնների շարքը եւ ցանկանում է համագործակցել DJների հետ՝ այսպիսով քանոնը առաւել ընկալելի ու սիրելի դարձնելու համար երիտասարդներին:
Քանոնը պատրաստւում է փայտից, հարթ արկղիկի նման, ուղղանկիւն սեղանիկի ձեւ ունեցող գործիք է, որի ներքին եւ կողային հատուածները պատրաստւում են ընկոյզի, ծիրանի եւ ամուր փայտ ունեցող այլ ծառերից ստացուած փայտերից: Ունի 24-26 եռակի լարեր՝ հիմնականում ձկան թելից: Նուագում են մատներին հագցրած մատնոցի մէջ դրած կնտնտոցով (հարիչով), որ պատրաստուած է կովի կոտոշից: Բանալիի օգնութեամբ կէս տօն բարձրացւում կամ իջեցւում է հէնց նուագի ընթացքում, ձախ ձեռքով:
Մինչեւ 1960ականները քանոնը, որպէս կանոն, նուագել են միայն տղամարդիկ, այժմ պատկերը հակառակն է:
Քանոնի պատրաստումը տեւում է տասնեակ տարիներ. շատ յաճախ քանոն պատրաստող վարպետն իր կեանքի ընթացքում չի կարողանում աւարտին հասցնել գործը եւ այն վերջնականացնում է իր աշակերտը:
——————————————————————————————————————-
Ալա Տէր Վարդանեան
Ալա Տէր Վարդանեանը ծնուել է Երեւանում: Սովորել է Ալեքսանդր Աճեմեանի անուան երաժշտական դպրոցի քանոնի դասարանում:
1994ից նուագել է Երեւանի քաղսովետին կից մանկական ֆիլհարմոնիայի ժող.գործիքների նուագախմբում, համերգներով հանդէս է եկել նախկին Խորհրդային Միութեան գրեթէ բոլոր երկրներում:
1995թ.ին ընդունուել է Երեւանի «Ռոմանոս Մելիքեան»ի անուան երաժշտական ուսումնարան:
1996ին, «Իմ անկախ Հայաստանը 5 տարեկան է» մրցոյթ փառատօնում արժանացել է առաջին մրցանակի:
1999ից աշխատել է Երեւանի պետական ռադիօ-հեռուստատեսութեան «Տէրեան» ստուդիայում որպէս հնչիւնային օպերատոր:
2001 թուականին աշխատել է «Փարուանա» ժող. Գործիքների նուագախմբում:
2002ին կայացել է առաջին գրական երաժշտական՝ «Եղեռնից վերածնունդ» պօէմի ցուցադրութիւնը , սկիզբ դնելով իր գրական գործունէութեանը:
2005ին ընդունուել է Երեւանի Կոմիտասի անուան պետ. Կոնսերվատորիայի ասպիրանտուրա, միաժամանակ դասաւանդելով Կոնսերվատորիայում
2006ին Պարոնեանի անուան թատրոնի շէնքում կայացել է նրա առաջին մեծ մենահամերգը:
2007ին տեղափոխուել է ԱՄՆ:
Շաբաթ եւ Կիրակի օրերին Գլենդելի Հայ Կենտրոնում կը դասաւանդի քանոնի դասեր: