ԵՐԵՒԱՆ.- Յունիս 21ին, ՀՀ պաշտպանութեան նախարարութեան վարչական համալիրին մէջ լրագրողներու հետ ունեցած զրոյցի մը ընթացքին խօսելով Յունիս 18ի գիշերը Ատրպէյճանի կողմէ կազմակերպուած գործողութեան մասին՝ Հայաստանի պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեան յայտարարած է.
«Ատրպէյճանի Զինուած ուժերի կողմից ԼՂՀ ռազմական յենակէտի նկատմամբ կազմակերպուած գործողութիւնը ՀՀ պաշտպանութեան նախարարութիւնը գնահատում է որպէս սադրիչ «տիվերսիա» (խափանարարութիւն), որը նպատակ է հետապնդում ապակայունացնել իրավիճակը ողջ հայ-ատրպեճանական շփման գծում, եւ հրահրել ռազմական գործողութիւնների ծաւալում: Նման գործողութեան համար ընտրուած պահն ապացուցում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցութիւնները Ատրպէյճանի համար լոկ քաղաքական շղարշ են հանդիսանում պատերազմի նախապատրաստման համար:
«Այս տիւերսիոն գործողութիւնը գործնականում ապացուցում է նաեւ այդ պետութեան կողմից իր ռազմական տոքթրինում (վարդապետութիւն-Խմբ.) հայեցակարգային մակարդակով՝ ԼՂ հիմնախնդրի լուծման ռազմական ուղու ամրագրումը:
«Առաւել մտահոգիչ է այն հանգամանքը, որ ԼՂՀ յենակէտի վրայ յարձակումը, իսկ դա անհերքելի է, քանի որ յարձակուող կողմն այնտեղ թողել է մէկ դիակ, Ատրպէյճանի ղեկավարութիւնը կազմակերպուած տիվերսիա չի համարում եւ փորձում է ներկայացնել այլ լոյսի ներքոյ: Եթէ դա կազմակերպուած տիվերսիա չի եղել, ուրեմն ինքնագործունէութեան արդիւնք է, ինչն ապացուցում է մեր այն կանխատեսումները, որ իր սպառազինութիւնների եւ ռազմամթերքի քանակութիւնից ոգեւորուած Ատրպէյճանի ղեկավարութիւնը չի կարողանում վերահսկել սեփական Զինուած ուժերի ստորաբաժանումները եւ նրանց հրամանատարներին:
«Դա յղի է անկանխատեսելի հետեւանքներով հէնց Ատրպէյճանի համար, քանի որ կարող է օրինակ հանդիսանալ եւ շղթայական ռէակցիայով (հակազդեցութեամբ-Խմբ.) ինքնակամօրէն, առանց հրաման ստանալու, կրկնօրինակուել նաեւ միւս հրամանատարների կողմից:
«Ատրպէյճանի կողմից ցանկացած ճանապարհով ռազմական գործողութիւնների ծաւալման դէպքում, ԼՂՀ Զինուած ուժերն արժանի հակահարուած կը տան, սակայն անհասկանալի է, թէ հրահրելով պատերազմ՝ Ատրպէյճանի իշխանութիւններն ինչպէ՞ս են պատրաստւում ղեկավարել ինքնագործունէութեան էյֆորիայի (գերխանդավարութեան-Խմբ.) մէջ ընկած սեփական հրամանատարներին»:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.