ԳՐԻՇ ԴԱՒԹԵԱՆ
ՎԵՐՄԱՐԴԵՂԱՅԻՆ
(Reincarnational)
Ես միշտ եղել եմ հեռաւորութեան մի բնաւայրում, եւ իմ էութեան ինչ որ երանգում մի լուրթ արեւի ցոլանք է շողում ժամանակների տարածութեան մէջ: Այդ ե՞րբ է եղել… Զգում, չեմ զգում, իմ բնազդների ի՜նչ որ խորերում ես եղել եմ՝ դու, դու՝ ես եմ եղել արարչութեան մէջ, եւ նոյն գոյութեան ինչ որ մի փշուր դեռ կենակցում է համագենութեան իմ նորոգ սրտում, վերմարդեղութեան արդի տարածքում: Ու այս տրոփը սրտազգաց ու խոր ինչ որ փշրանքով զարկերակիս հետ ներդաշն է զարկում: Ժամանակները անցեալ են երբեմն, ու գալիք նաեւ, ետ ու առաջի զգացում չունեն ժամանակները. մի յիշողութեան բեկուած մասնիկ են, որ իւրացւուն են իմ կամ քո մտքում: Արդեօք անցեա՞լ է, թէ գալիք է նոր, թէ՞ ապագայի մի վաղնջութիւն, շահուած, ապրուած, սպառուած երէկ:
Վերմարդեղութեան մի բարդ էութեամբ Ես քո տրտմութեան կսկիծն եմ զգում, թէեւ առօրեայ տարբեր հոգսերով, որ անձնաւորել, դարձրել եմ իմը. ես քո խնդութեան վայելքն եմ ապրում, ու շուրթիս վրայ կարծես համովն է քո տուած համի: Ժամանակների ու տարածութեան մի անորոշ է, անծանօթութեան վիհ է տարրերի, որ արեւների վառ երանգներ է խլել գոյների իմ նոր արարման: Երէկների խոր կարօտ կայ անյագ, ապագաների մի յիշողութիւն, որ ներկայի հետ դարձել են նոր կեանք. ցոլքը տեսնում եմ ես քո աչքերում: Հովն է սոսափում մի լուրթ հեքիաթի խորհրդով հսկայ. իմ բնազդական ջրիկ կաթիլում ես ջուր եղածի կարկաչն եմ լսում. իմ բնազդական բուսնող կանաչում տերեւի, խոտի ինչ որ շրշյուն կայ. իմ բնազդական ինչ որ կարծրութեամբ ժայռի ընդերքում գուցէ քարեղէն կուտապ եմ եղել. եղել եմ հուրը հալող թէժութեան: Աստղը աստղին է, եթէ կարօտում ասուպի թեւով ճեղքում է պատուար… Մտքիս թռիչքը լուրթ հորիզոնում անցեալի ինչ որ ապագայ շերտում ծիածանում է գունեղ մի կամար, որի սիւները սրտիս խորքում են, սիրոյս հնոցում, շուրթերիս վրայ անպաճոյճ մի բառ եւ անկենսագիր իմաստ է խրթին, որ ոչ յիշում եմ, ոչ էլ հասկանում, բայց բնազդաբար ինչ որ մի կայծի խանձում եմ զգում, պէծի բռնկում, որով աչքերս լուսաւորւում են, կեանքը տեսնելու խորիմաստութեամբ։ Աստղաթրթիռ է աչքովս անցնում, դա ասուպների թիռից եմ շորթել, որ գեհենական ինչ որ գալարում մի արարչութեան սկիզբ է եղել, կրել է տենչը հանուր գոյութեան, արարիչն ինքը Աստուած է եղել, բոցի հիւլէն եմ եղել տարրական: Գոյութեան ծինից մի բան մնում է անփոփոխ վկայ նախատարրական ինքնակահութեամբ. այդպէս են տեւում աշխարհները հին, որ նոր են, արդի, նոյն արարչութեան օրհնուած փառքով տիեզերք են ծով, յարափոխ դարձով վերմարդեղութեան պարագիծ հոլով: Կեանքի քուրայում ես հալ եմ ընկել մետաղի նման ու զտւում եմ ձոյլ. Չյիշողութեան անծանօթ մի քոր ծակում է միտքս, եւ հեռուների մի մտերմութիւն մտապատկերով աննիւթական պարուրում է ինձ. մանուշագունակ հորիզոնների ծաւալ է անհուն, արձագանգների թնդիւն է կերկեր, որ ընդգրկում է ոգի ու եթեր արձակայնութեան անզգայութեամբ. անզգայութեամբ հեռու է ու մօտ, հեռու է ու մօտ:
ՀՈԳԵՄԵՂԿՈՒԹԻՒՆ
Մօտենում եւ հեռանում է, հեռանում է… Պատկերը տեսնում է անորոշ ու գունատ, բայց չի ընկալում:
Տրամաբանութեամբ չի գիտակցում։ Տատանումը այնպէս թեթեւ է… Հասնում է հորիզոնին… Հասնում է եզերքից եզերք… Ձգւում է, ծոր գալով բարակում է, բարակում է, հասնում է հորիզոնին։ Չի կտրւում:
Ձգւում է, ծոր է գալիս մեղրի քաղցրութեամբ, քաղցրութեամբ։ Պատումներ կան, որ չեն հասնում խելապատակին, այլ տատանումով պատկերւում են աչքերի դիմաց… Չի գիտակցում. զգում է անգիտակից հանդարտութեամբ, ընդարմացող քաղցրութեամբ, մեղմութեամբ, որ օրօրում է, օրօրում է… Գալիս ու գնում է… Տատանւում է… Մօտենում ու հեռանում է մինչեւ եզերք…
ԲԵՐՔԱՒՈՐՈՒՈՂ ՏԵՆՉԵՐ
Գոյների մէջ ծաղիկները բուրում են եւ արեւի շող ու լոյսում հրճուանք կայ. առնչուիր իմ գրկի ջերմին քնքշօրէն, որ համբոյրս շուրթիդ վրայ մեղրանայ: Լուսածոցիկ փափկութիւնդ զգում եմ, ափերիս մէջ ողորկութիւնդ է լցւում. ցանկութեան ու ուզածներիս բոցում եմ, որ այրում եմ, որ հալւում ես, հատուցւում: Ծաղկածաղիկ թռուըռոց է, թիթեռներ, գոյների մուգ ծաւալներ են ընդարձակ, համն ու բոյրը ողողում են գգուանքներ, արեւածոր ու սիրաւոր անպարփակ: Եղել է խենթ պարմանութիւն ու երազ, փողոցների փոշոտներում մտերիմ, լաւ ձգտումներ ու խոստումներ երկնահաս, հիւսել են կեանք ու պատմութիւն թանկագին: Եւ եղել է երիտութեան բոց ու տօթ, սրտերի մէջ խարոյկուել է սիրութիւն, զգացումի, մտածումի խենթ շփոթ, ծաղկի, մեղուի, թեր ու ցողի հեշտութիւն: Աստղունքով է հիմա հունցւում երեկոն, տօնական է հասունանում իղձ ու սէր, գրկիս մէջ է թարմութիւնը քո կոկոն, ծաղկաւորւում, բերքաւորում են տենչեր: Թող բախտը գայ, թառի ցոլքին արեւի, եւ ուռճանայ կենակցութեան հուր սիրով. երանգներ են, լոյս ու շողք են երեւի, փայլփլուն են քո աչքերի գոյներով:
Ծով է… Ծով չէ… Աստղածով է լուսաթով, ժամանակի ճախր ու թիռ է եթերում. բեղմնաւորուած գոհութիւն է ապահով բերրիութեամբ հասկաւորւում է կեանքում:
ԱՂԲԻՒՐ
Ակունքն է յոյսի, սիրոյ եւ հաւատքի… Յոյսի, որ ամպշողով է պարուրուած, մթնշաղով ստուերոտուած է, լոյսով է շպարուած. մէջը վառ լուսամփոփի նման գունատ է, սպիտակին հասնող գունատութեամբ։ Չի զանազանում տարբերութիւնը. սիրելութեամբ է ջերմ, քունքերի տրոփով ու կրծքի վերուվայրումով։ Անցեալից շարունակուած մտերմութիւն է, հարազատութիւն է. տաքութեան ալիքի մակընթացութիւնը ողողում է գոյութեան գաղտնիքները… Խորին, խորին գաղտնիքները… Տարածութեան մէջ առասպել չկայ, գաղտնիք է խորին, խորին, որ սիրոյ գաղտնիքն է անցեալի մտերմութեան, հարազատութեան, ջերմութեան… Մօտեցիր, որ հաղորդակցուես, հաղորդակցուելով կը հասնես հաւատքին, հաւատքիդ, որ իմ ու քո չունի, համօրինութեամբ է հաւատաւոր… Նախապայմանը՝ յուսալն է ու սիրելը… Հաւատի ակնաղբիւրը… Այնուհետեւ հոսում է ու հոսում է…
ՊԱՏԱՆՈՒԹԻՒՆ
Պատանութիւն էր բոց ու կրակ, ու կեանք էր գունեղ, կապոյտ օրեր, եւ զնգում էին որպէս զանգակ խօսքեր ու քրքիչ ամէնուրեք։ Կեանքը նոյն օրուայ հետ սկսւում արեւի պէս էր վեր բարձրանում, արեւի պէս էր իջնող ջերմով երեկոյի մէջ հանգրուանում։ Ու բոցերի մէջ ել ու մուտի լիովին կեանք էր մի դեռատի, մեղեդին ծանօթ ու մեղմանուշ, ծորեծոր ձգւում էր շուտ եւ ուշ, պարզ էր, մշուշ էր, շուտ էր, թէ ուշ, առօրեայ կեանք էր… Անմոռաց յո՜ւշ… Դեռ զրնգում է զանգ ու զնգոց, խենթ պատանի էր կրակ ու բոց…
ՕՐՕՐՈՑ
Իմ մանկութեան օրօրոց, ի՜նչ փափուկ էիր, երջանկութեան մի պահի օրօրան էիր, որ մայրս ձեռքը մեկնած օրօրում էր քեզ, որ ինձ էր նա օրօրում գրկում ջերմ ու հեզ։
…Եւ օրօրւում ես դու դեռ իմ սրտում, մտքում, երազներիս խորքերում, կոպիս ծալքերում, որպէս անյուշ զգացուող իմ ստեղծած յուշ, անցեալների ու գալիք յիշատակ քնքուշ…