ՄԻԳԱՆՈՒՇ ՄԵԼՔՈՆԵԱՆ
2010ի Մայիս 20ից Յունիսի 2ը անմոռանալի մի ժամանակաշրջան եղաւ Ռոզ եւ Ալէք Փիլիպոս Ազգային վարժարանի 11րդ կարգի աշակերտների համար։ Նրանք այս օրերի ընթացքին ապրեցին երջանիկ օրեր հայրենի հողի վրայ՝ վայելելով հայրենիքի օդն ու ջուրը, ըմբոշխնելով հայրենի բնութիւնն ու տեսարժան վայրերը։ Այս ճամբորդութիւնը եղաւ մարմնացումը այն բոլոր գիտելիքներին, որ նրանք տարիներ շարունակ սովորել էին դասարանում գրքերից ու տեսաերիզներից միայն։ Շփուեցին հողի ու հարազատ ժողովրդի հետ, շոշափեցին մեր ժողովրդի կերտած անցեալն ու նրա ներկայ օրը, հաղորդուեցին իրենց համատարիք հայրենաբնակ պատանի-պարմանուհիների հետ, եղան Հայաստանի զանազան մարզերում ու Լեռնային Ղարաբաղում, ուր սեփական աչքերով ականատեսը եղան մեր ազգի սխրանքներին ու տառապանքներին:
Արդէն 9րդ անգամուայ համար վարժարանիս տնօրինութիւնը կազմակերպում է 11րդ դասարանցիների այս այցելութիւնը դէպի հայրենիք։ Նախապատրաստական աշխատանքները ծաւալւում են ամբողջ ուսումնական տարեշրջանի վրայ։ Մինչ ծնողները եւ տնօրինութիւնը կարգադրում են օդանաւի տոմսերի, երթեւեկութեան, կեցութեան, տեսագրերի, ապահովագրութեան եւ բազմաթիւ նման հարցերը, աշակերտութիւնը, իր հերթին, կազմակերպում է դրամահաւաքի ձեռնարկներ, որոնց հասոյթը յատկացւում է ճամբորդութեան այլ եւ այլ ծախսերին եւ Հայաստանում ու Արցախում կատարելիք նուիրատուութիւններին։ Այս տարի Յունուարից սկսեալ աշակերտներն զբաղուեցին այս աշխատանքներով, որոնցից կարելի է մատնանշել ուտելիքների վաճառքն ու ինքնաշարժերի լուացման յաջողակ ձեռնարկները։
Նախապատրաստական բոլոր աշխատանքները լրացնելուց յետոյ հասնում է պահը ծնողներին ու սիրելի դպրոցին հրաժեշտ տալու եւ դէպի հայրենիք ուղեւորուելու։ Աշակերտներից շատերը առաջին անգամ երկրից դուրս են ճամբորդում առանց ծնողների։ Ոգեւորութիւնը անսպառ է։ Ամէն կողմ մնաք բարովի խօսքեր, վերջին անգամ հնչող ծնողական խրատներ։ Վերջապէս բոլոր ճամբրուկները տեղաւորւում են հանրակառքում եւ հնչում են վերջին հրաժեշտները։ Ուղեւորութիւնը սկսուած է։ Հնչում է Տէրունական աղօթքը ու 46 աշակերտներ, իրենց 3 դաստիարակների ընկերակցութեամբ, աղօթում են յաջող ու անվտանգ ճամբորդութեան համար։ Այնուհետեւ օդանաւակայան, երկար շարքեր, քննութիւններ, ճանապարհ։ 22 ժամից ինքնաթիռը վայրէջք է կատարում Երեւանի Զուարթնոց օդանաւակայանում։ Կէս գիշեր է։ Օդանաւի բոլոր ուղեւորների հայեացքը ուղղուած է այս ձայնաւոր խմբին։ Նրանցից ոմանք յուզուած են, ոմանք ծափահարում են, ոմանք երգում։ Վարակիչ է ոգեւորութիւնը։ Խումբը հանրակառք է բարձրանում պանդոկ ուղեւորուելու համար։ Պատուհաններից երեւում է Երեւանը։ Աշակերտներից շատերը առաջին անգամն են հայրենիքում։ Անցնում ենք Հանրապետութեան հրապարակով ու ահա Սայեաթ Նովա պողոտայի վրայ կանգ ենք առնում Անի հիւրանոցի առջեւ։ Աշակերտները տեղաւորւում են իրենց սենեակներում։ Նրանք եւ առաջին գիշերը եւ մինչեւ ճամբորդութեան աւարտը ափսոսում են իրենց ժամերը վատնել քնելու վրայ։ Հնարաւորին չափ փորձում են արթուն մնալ եւ վայելել այս երազ ճամբորդութիւնը:
Միւս առաւօտ սկսում է տեսարժան վայրերն այցելելու կրնկակոխ ծրագիրը։ Յառաջիկայ երկու օրերին խումբը այցելում է Երեւանի մի շարք թանգարանները, շրջում մայրաքաղաքի փողոցներով, ուխտաւորի պէս այցելում Ս. Մեսրոպ Մաշտոցի գերեզմանը Օշականում, Եռաբլուրն ու Ծիծեռնակաբերդի յուշահամալիրը։ Մանաւանդ տպաւորիչ է Ծիծեռնակաբերդում, անմար կրակի առջեւ ձեռք-ձեռքի կանգնած աշակերտութեան ապրումները, յուզումն ու ցասումը։ Նրանք երգում են, արտասանում, արտայայտում իրենց զգացումներն ու խոհերը։ Եւ կարելի չէ չհպարտանալ ի տես այս հայաշունչ ոգով հայ նոր սերնդի, որ հազարաւոր մղոններ հայրենիքից հեռու ծնուելով ու հասակ առնելով հանդերձ, այսքան ՀԱՅ է ու այսքան գիտակից իր ժողովրդի անցեալի տառապանքներին ու ներկայ պահանջատիրութեանը։ Ծիծեռնակաբերդի Եղեռնի թանգարանում նրանք վերապրում են այն ինչ տարիներ սովորել են տեսականօրէն, տեսնում են եղեռնի օրերին առնուած լուսանկարները, վերապրողների գոյքերը, ականատեսների գրածները, Արեւմտեան Հայաստանի վեց վիլայէթներից բերուած ու որպէս մասունք պահպանուող հողը։ Աշակերտները իրենց զգում են աւելի հայացած ու առաւել վճռակամ են դառնում մեր դժուարին սակայն արդար պայքարը շարունակելու ճանապարհին։ Եռաբլուրում եւս նոյնն է տպաւորութիւնը։ Այս սրբազան վայրում կողք-կողքի թաղուած երիտասարդների թափած արիւնը ի դերեւ պիտի չանցնի ու ամէն հայ իր կարելին պիտի անի Արցախի անվատանգութեան եւ պետականութեան ամրապնդման համար:
Միւս օրը խումբը ուղեւորւում է դէպի Դիլիջան, այցելում հրաշք Գոշավանքը, այնուհետեւ անցնում Գեղարքունիքի մարզը՝ Սեւան, ուր երկինքն ու լիճը իրար են արձագանգում ու դժուար է ասել, թէ ե՞րբ է վերջանում ծովն ու սկսւում երկինքը։ Ահաւոր քամի է, սակայն աշակերտները բարձրանում են դէպի վանքը մոմեր վառելու եւ աղօթելու:
Ճամբորդութեան չորրորդ օրը հանրակառքը ուղեւորւում է դէպի Արցախ։ Ճանապարհին իջնում ենք Խոր Վիրապում։ Մասիսները փռուած են մեր աչքերի առջեւ, այնքան մօտ ու այնքան հեռու: Հեռուից երեւում են Հայաստանի եւ Թուրքիայի սահմանապահ զինուորները։ Աշակերտները քարտէզի վրայ ուսումնասիրում են, թէ որքա՞ն հեռու են Վանից կամ Մուշից։ Ընդամէնը մի քանի քիլոմեթր եւ կը լինես Արեւմտեան Հայաստանում։ Նրանք հարազատ մի բան կորցրածի պէս նայում են հեռուն, ուր նրանցից շատերի պապերի աճիւնն է հանգչում։ Արդեօ՞ք կը գայ մի օր, երբ նրանք այցելեն մեր կորուսեալ հայրենիքը։ Կասկածներ չկան նրանց մօտ։ Կը գայ նաեւ այդ օրը։
Խոր Վիրապում Ս. Գրիգոր Լուսաւորիչի բանտարկութեան փոսն իջնելու համար երկար շարք է։ Աշակերտներն իջնում են հերթով ու դուրս գալով իրար հարց տալիս թէ ինչպէ՞ս կարելի է դիմանալ այդ փոքրիկ խցում, այն էլ 13 տարի շարունակ ու իրենք էլ պատասխանում այդ հարցին.
– Հաւատքով միայն։
Որպէս ուսուցիչ քեզ զգում ես վարձատրուած։ Ուրեմն տեղ է հասել քո պատգամը։ Ուրեմն հանգիստ շունչ ա՛ռ, քանզի այստեղ Հայրենի հողը ու նրա կանչը ինքն է ստանձնել ուսուցչի դերը։ Կարծես ի պատասխան իմ մտքերի՝ աշակերտներից մէկը ասում է.
– Նկատո՞ւմ էք։ Հայաստանում աւելի լաւացել է մեր հայերէնը:
Ու ես ակամայ մտաբերում եմ Արշակ թագաւորի կերկեր լեզուն, որ ամէն անգամ զօրանում էր հայրենի հողին դիպչելիս։ Ահա իմ աչքերի առջեւ մարմին է առնում այդ հին բայց իմաստուն «լեգենդ»ը:
Խոր Վիրապից յետոյ անցնում ենք Նորավանք, զմայլւում նրա գեղեցկութեամբ ու այն փաստով, որ մեր նախահայրերը փաստօրէն շալակած այս բարձրունքին են հասցրել վանքի քարերը ու կառուցել այս ճարտարապետական հրաշքը։ Այնուհետեւ սկսում է Արցախ տանող երկար ուղին։ Ճանապարհը սահուն է, վերանորոգուած: Մերթ ընդ մերթ ճանապարհի եզրին կարդում ենք, թէ այս ճանապարհը կառուցուել է համայն հայութեան եւ «Հայաստան» հիմնադրամի ջանքերով։ Աշակերտները գտնում են որ այս ճանապարհը բաւական չէ եւ որ երբ իրենք մեծանան պիտի օդանաւակայան կառուցեն Ստեփանակերտում։ Անցնում ենք Զանգեզուրի բարձրունքներով, Գորիսով ու վերջապէս հասնում Շուշի եւ ապա Ստեփանակերտ։ Աշակերտները զարմացած են քաղաքի նորաձեւութեամբ, գեղեցիկ խանութներով ու զբօսայգիներով։ Ստեփանակերտը Երեւանի մանրակերտն է, զարգացած բայց աւելի խաղաղ ու լուռ։ Առաւօտը Ղարաբաղում սկսում ենք Շուշիի ՀՕՄի «Սօսէ Մայրիկ»ի անուան մանկապարտէզի այցելութեամբ։ Այցելութիւն, որ երբեւէ պիտի չմոռանանք որեւէ մէկս։ 4-7 տարեկան մանկապարտէզի աշակերտները շուտով մտերմանում են մերոնց հետ։ Սկսում է ֆիշկայախաղը։ Նոյն անունը կրող Արթուրներն ու Մարիամները գրկում են իրար ու նկարւում։ Մեր տղաները իրենց շալակն են առել փոքրիկներին ու աղջիկները գրկած մանկապարտէզի բալիներին՝ մտերմաբար զրուցում են նրանց հետ։ Երբ բաժանման ժամն է հասնում, տղաները խնդրում են.
– Այսօրը ամբողջ այստեղ անցկացնենք։
Ցաւօք, դա հնարաւոր չէ, ու հրաժեշտ ենք տալիս մեր փոքրիկ ընկերներին։ Այնուհետեւ այցելում ենք Շուշիի Ս. Ղազանչեցոց եկեղեցին ու ապա Գանձասարի վանքը, հիանալով Ղարաբաղի անկրկնելի բնութեամբ ու ղարաբաղցիների հեզ ու հիւրասէր բնաւորութեամբ։
Միւս առաւօտ հեռանում ենք Ղարաբաղից՝ մեզ հետ տանելով անմոռանալի յիշատակներ։ Ճանապարհին նաեւ այցելում ենք Ղարաբաղի բազմաթիւ զօրանոցներից մէկը, ծանօթանում զինուորների օրուայ «ռեժիմ»ին։ Տպաւորիչ էր մանաւանդ նոր զօրակոչիկների բաժինը, ուր ծանօթացանք հազիւ քանի օր առաջ զօրանոց եկած զինուորներին։
Մայիսի 28ին, բախտ է վիճակւում լինել Մայիսեան հերոսամարտի յուշահամալիրում, կիսել հայրենաբնակ ժողովրդի տօնական խանդավառութիւնը, հանդիպել երկրի նախագահին եւ պաշտօնատարներին, դիտել օրուայ գեղարուեստական ելոյթները եւ այցելել Սարդարապատի թանգարանը։ Այնուհետեւ առատ անձրեւի ներքոյ մտնում ենք Էջմիածին։ Աշակերտները ծունկի եկած աղօթում են այս սուրբ տաճարի կամարների ներքոյ եւ ակնածանքով ու երկիւղածութեամբ մոմեր են վառում, օրհնուած խաչեր ու խունկ են գնում՝ տուն տանելու համար։
Արդէն մօտենում է հայրենիքից հեռանալու օրը։ Աշակերտները ափսոսանքով ու յուզումով են լցուած։ Նրանցից ամէն մէկը որոշել է ապագային անպայման նորից այցելել Հայաստան, սակայն նրանք խորապէս գիտակցում են, թէ սա վերջին անգամն է որ իրենց ընկերների ամբողջական խմբով են հայրենիքում։ Մնացեալ երեք օրերն անցնում են շատ արագ։ Երեւանեան շրջագայութիւններ, Մատենադարան, Մայր Հայաստան, Սերգէյ Փարաջանովի թանգարան ու Վեռնիսաժ։ Յետոյ աւելի հեռուները դէպի Լոռի տանող ճանապարհին՝ Ամբերդ, ուր աշակերտները բարձրանում են պատմական բերդի պարիսպներով ու վերից հիանում ներքեւում փռուած ձորերով ու շառաչուն գետով։ Յովհաննէս Թումանեանի պատմուածքները կարծես հենց այս վայրում են ծնուել։
Վերջին մեր ուղեւորութիւնը դէպի Գառնի ու Գեղարդ է։ Զոյգ հրաշքներ, մէկը՝ Հայաստանի հեթանոսական, իսկ միւսը՝ Քրիստոնէական հաւատքի քարէ մարմնացումներ։ Մինչ Գառնին այցելուներին հմայում է իր շքեղութեամբ ու հսկայութեամբ, Գեղարդը պարուրում է հոգիները անբացատրելի հաւատքի զգացումներով։ Հնադարեան այս տաճարում հնչում է մեր աշակերտների «Տէր Ողորմիա»ն ու «Հայր Մեր»ը։ Սրբազան տաճարի հնամեայ ու խաչքարազարդ պատերը հազար անկիւնից արձագանգում են այս մեղեդիները ու բոլոր ներկաների հոգիները հմայում։
Վերադարձին աշակերտները երազանքների ծառերի վրայ կապում են իրենց թաշկինակներն ու լաթերը՝ ամէն մէկը իր սրտի երազանքը հայցելով Աստծուց։
Յունիսի 2ի առաւօտեան, արցունքոտ աչքերով խումբը հանրակառք է բարձրանում վերջին անգամ, Զուարթնոց օդակայան մեկնելու համար։ Բոլորը յոգնած են։ Նախկին գիշերը նրանք հրաժեշտի երեկոյթ են կազմակերպել Երեւանի գեղատեսիլ ճաշարաններից մէկում ու պանդոկ վերադառնալով՝ մինչեւ լոյս նստել են իրար շուրջ, փորձելով իրար հետ լուսացնել գիշերը։
Ինքնաթիռը պոկւում է հողից՝ իր հետ տանելով 46 հայ աշակերտներ, որոնք մեր ժողովրդին վիճակուած ճակատագրի թելադրանքով ապրում են իրենց պապերի հայրենիքից հեռու ու իրենց հարազատ բնօրրանից անջատուած։ Նրանք ի՞նչ են տանում իրենց հետ։ Յուշեր, այո՛։ Սակայն յուշերից ու յիշատակելի պահերից եւ հազարաւոր լուսանկարներից բացի, նրանք իրենց հետ տանում են մի աւելի մնայուն ու անջնջելի ազդեցութիւն։ Հայրենի արմատներից լիցքաւորուած, հայօրէն վերամկրտուած եւ ուծացման ու ձուլման դէմ նոր դիմադրականութեամբ օժտուած՝ նրանք տուն են վերադառնում, որպէս փարոս իրենց հոգիներում պահելու եւ ընդմիշտ փայփայելու համար հայրենիքի այլեւս ոչ միայն վերացական, այլ մարմնացած ու այնքան հարազատ գաղափարը։