ՅԱՍՄԻԿ ՍՄԲԱՏԵԱՆ
«Երեխան պէտք է մեծանայ ազգային կրթութեամբ, օտար լեզուով դաստիարակուած երեխան մեծանում է հոգեկան վնասուածքներով», Երկուշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը յայտարարեց դերասան Վարդան Պետրոսեանը, ով դէմ է «Լեզուի մասին» եւ «Հանրակրթութեան մասին» օրէնքներում կառավարութեան առաջարկած փոփոխութիւններին, որոնք Ազգային ժողովն ընդունել է առաջին ընթերցմամբ:
Առաւելապէս Հայաստանի կրթական համակարգի թերութիւններին դերասանը թատերական արուեստի լեզուով կ՛անդրադառնայ աշնանը՝ իր նոր «Վարք Հայաստանի» մոնօներկայացմամբ:
«Նրկայացում, որտեղ մեր վարքը բնութագրւում է որպէս մեր վէրքերի արդիւնք», ասաց Պետրոսեանը:
Խաչատուր Աբովեանի «Վերք Հայաստանի»ից ոգեշնչուած այս ներկայացումը, դերասանի խօսքով, «սուր քաղաքական ներկայացում է, որն իր տեսակով աւելի նմանուելու է թատերական ակցիայի», քանի որ թատրոնի բեմ այն չի բարձրանալու:
«Ես այն խաղալու եմ Սեպտեմբերից ուսանողների առջեւ, ուսանողական շրջապատում: Պատճառն այն է, որ այս ներկայացումը չափից դուրս միգուցէ յանդուգն է, եւ բեմը պատրաստ չէ այդպիսի ներկայացումների», փոխանցեց նա:
Օտար լեզուի ուսուցումը դպրոցներում ամրապնդելուն կողմ, բայց օտարալեզու դպրոցների վերաբացմանը դէմ արուեստագէտը ասում է, որ ներկայացումը կարմիր թելի պէս ուղեկցելու է հայ նոր գրականութեան հիմնադիր Խաչատուր Աբովեանը, ում մեծ գործը հասարակութեան թիւրըմբռնման արդիւնքում յիշւում է ցարական Ռուսաստանը գովերգող «Օրհնուի էն սհաթը, որ ռսի օրհնած ոտը մեր լիս աշխարհը մտաւ», արտայայտութեամբ: