«Շամլեան» Ազգային Վարժարանի տնօրէնութիւնը մշտապէս քաջալերել եւ զօրավիգ է հանդիսացել իր այն ուսուցիչներին, ովքեր ցանկացել են հետեւել նաեւ իրենց բարձրագոյն կրթութեանը եւ ստանալ ուսուցչական ասպարէզի պետական վկայականներ:
Վարժարանի տնօրէնութիւնը ուրախութեամբ տեղեկացնում է, որ արեւելահայերէնի ուսուցիչ Սարօ Նազարեանը, հետեւելով Կալիֆորնիայի նահանգի ուսուցչական որակաւորման (Teaching Credential) համալսարանական դասընթացներին, ստացել է հայերէն լեզուի եւ յարակից առարկաների դասաւանդման պետական վկայական (Single Subject Teaching Credential in Armenian Language): Ինչպէս նշել է «Շամլեան» Ազգ. Վարժարանի տնօրէն Վազգէն Մատէնլեանը, հայկական վարժարանների մէջ «Շամլեան»ը հանդիսանում է առաջինը, որ ունենում է հայերէն առարկաների դասաւանդման պետականօրէն վկայուած ուսուցիչ:
«Հպարտ ենք վարժարանիս արեւելահայերէն բաժնի պատասխանատու եւ ուսուցիչ Սարօ Նազարեանի սոյն յաջողութեան համար: Նա հանդիսանում է հայերէն լեզուի առաջին ուսուցիչներից, որ արժանանում է պետական այդ վկայականին», շեշտել է վարժարանի տնօրէն Վազգէն Մատէնլեանը:
Նշենք, որ շուրջ երեք տարի առաջ Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանի յատուկ որոշմամբ ու յանձնարարութեամբ, նահանգի ուսուցչական վկայագրերի հարցերով յանձնաժողովը (California Commission on Teacher Credentialing) հաստատեց հայերէն լեզուի վկայեալ ուսուցչի ծրագիր, որով հայոց լեզուն պաշտօնապէս մաս կազմեց Կալիֆորնիայի դպրոցներում ուսուցանուող օտար լեզուների ընտանիքին:
Վարժարանի թղթակից