ԼԷՈՆԻՏ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ
Անցած Ուրբաթ (Յուլիս 2) հերթական այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւն ժամանեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ) եւ Իգոր Պոպովը (Ռուսաստան)։ Միջազգային միջնորդների այցն Ստեփանակերտ տեղի ունեցաւ ղարաբաղեան դիրքերի վրայ Ադրբեջանի դիւերսիոն խմբի յարձակումից ուղիղ երկու շաբաթ անց, յարձակում, որի արդիւնքում երկու կողմերից էլ սպանուածներ ու վիրաւորներ են եղել։ Այդ պատճառով զարմանալի չէ, որ ԼՂՀ նախագահի հետ ՄԽ համանախագահների զրոյցի գլխաւոր թեման եղել է խաղաղութիւնը, իսկ եթէ աւելի ճշգրիտ՝ ղարաբաղեան հակամարտութեան խաղաղ կարգաւորման այլընտրանք չունենալը։ Ինչպէս հաղորդել է ԼՂՀ ղեկավարի մամլոյ ծառայութիւնը, կողմերն ընդգծել են, որ հակամարտութեան լուծման ուժային տարբերակը բացարձակօրէն անընդունելի է։
Սակայն վերստին ուշադրութիւն է գրաւում բանակցային գործընթացի մոդերատորների (վարողներու-Խմբ.) վաղեմի հիւանդութիւնը, այն է՝ պատահածի գնահատականի միանշանակ հաւասարական բնոյթը։ Փաստօրէն, Ստեփանակերտ այցելելու ժամանակ Մինսկի խմբի համանախագահները կրկնեցին միջադէպի առնչութեամբ վերջերս իրենց ընդունած յայտարարութեան բովանդակութեան էութիւնը, որում տեղ են գտել զսպուածութեան կոչեր եւ խաղաղ կարգաւորմանը այլընտրանք չլինելու հանգամանքի արձանագրումը։ Այլ խօսքով, նախկին փորձերը՝ նոյնականութեան նշան դնել ադրբեջանական եւ ղարաբաղեան կողմերի միջեւ, այսինքն՝ հաւասարեցնել Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի պատասխանատուութիւնն այն իրադրութիւնում, երբ տեղի ունեցած ողբերգութեան մեղաւորն ամէնքին լաւ յայտնի է։ Պէտք է ասել, ԼՂՀ նախագահը Մինսկի խմբի համանախագահների ուշադրութիւնն է հրաւիրել այն փաստի վրայ, որ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերջին դէպքերը միջազգային հանրակցութեան համապատասխան գնահատականը չեն ստացել։ Ղարաբաղեան հակամարտութեան գօտում լարուածութեան աստիճանական ահագնացման համար պաշտօնական Բաքուի պատասխանատուութեան հարցը ԼՂՀ իշխանութիւնների կողմից բազմիցս է բարձրացուել, ինչը, սակայն, այդպէս էլ լուրջ քննարկման առարկայ չի դարձել խաղաղարար գործընթացի ճակատագրի համար պատասխանատու միջազգային կառոյցներում, առաջին հերթին՝ Էահկ–ում։
Հասկանո՞ւմ են, արդեօք, միջնորդները, որ Ադրբեջանի պրովոկացիոն (գրգռիչ-Խմբ.) գործողութիւններին համարժէք արձագանգի բացակայութիւնը, իսկ, հետեւաբար, նրա անպատժելիութիւնը, խեղկատակութեան, դատարկ ձայնի են վերածում նրանց՝ խաղաղութեան բոլոր կոչերը։ Արդէն չխօսելով այն մասին, որ հրադադարի ռեժիմի (դրութեան-Խմբ.) ակնյայտ խախտողի նկատմամբ պատժամիջոցներ չկիրառելը լուրջ սպառնալիք է ստեղծում հէնց այդ խաղաղութեանը։ Վերյիշենք։ 2008թ. Մարտին ադրբեջանական կողմը դիւերսիոն յարձակում էր ձեռնարկել ղարաբաղեան դիրքերի վրայ, որը նոյնպէս մարդկային զոհեր պատճառեց։ Աւաղ, այն ժամանակ էլ զինադադարի ռեժիմը (դրութիւնը-Խմբ.) կոպտօրէն խախտած Ադրբեջանի գործողութիւնները միջազգային կառոյցների օբյեկտիւ (առարկայական-Խմբ.) գնահատականին չարժանացան, որը, եւ, ինչպէս տեսնում ենք, յանգեցրել է նրա դիրքորոշման էլ աւելի կոշտացմանն ու ներկայիս՝ յունիսեան կրկնութեանը։
Բայց վերադառնանք հակամարտութեան կարգաւորման զուտ գործընթացին։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շօշափել են նաեւ ԼՂՀի ապագայ քաղաքական կարգավիճակի թեման։ Ինչպէս ասել է ռուսաստանեան համանախագահ Իգոր Պոպովը, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պէտք է որոշուի ժողովրդավարական ուղիով, նրա ժողովրդի ազատ կամարտայայտութեան միջոցով։ Ըստ որում, նա վերապահում է կատարել, որ կարգավիճակի որոշման մեխանիզմը դեռեւս պէտք է քննարկել։ Սակայն դիւանագէտը չի ճշգրտել, թէ միջնորդներն ում հետ եւ ինչ ձեւաչափով են պատրաստւում քննարկել տուեալ հարցը։ Եթէ Ադրբեջանի հետ՝ ապա դա ժամանակի զուր վատնում է լինելու, քանզի հակամարտութեան կարգաւորման բոլոր նախորդ փուլերն ամենայն ակնբախութեամբ ցոյց են տուել, որ Բաքուի ռեժիմը ի վիճակի չէ խաղաղ բանակցութիւններ վարել։ Հակամարտութեան կողմերը խօսում են կատարելապէս տարբեր լեզուներով։ Այդ պայմաններում միջնորդներն ինչպէ՞ս կարող են բանակցային գործընթացի արդիւնաւէտութիւն եւ տարածաշրջանում վերջնական խաղաղութեան հաստատում յուսալ։ Այն ակնյայտ ճշմարտութեամբ հանդերձ, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղին նոյնիսկ գոյութեան իրաւունքն է մերժում, ինչը ռազմական ուղիով նրան ոչնչացնելու անվերջ սպառնալիքներն են հաստատում։
Վերջին զինուած միջադէպը ցոյց տուեց, թէ իրականում ով չի շահագրգռուած տարածաշրջանի կայունութեամբ, ով չի մտադիր հրաժարուել ռեւանշիստական պլաններից։ Ստեղծուած իրադրութիւնում Լեռնային Ղարաբաղին անվտանգութեան ինչ-որ կասկածելի երաշխիքներ պարտադրելն ու նրանից զիջումներ պահանջելը պարզապէս լուրջ բան չէ։ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իր հայրենիքի կարգավիճակն ու նրա անվտանգութեան երաշխիքները վաղուց է որոշել՝ ահա արդէն համարեա քսան տարի առաջ, եւ հազիւ թէ որեւէ մէկին թոյլ տա դրանք փոխել ի վնաս իր սեփական շահերի։ Կեանքը ցոյց է տուել այդ պատմական ընտրութեան արդարացիութիւնը։ Ահա եւ Մինսկի խմբի համանախագահների հետ ուրբաթօրեայ հանդիպմանը ԼՂՀ նախագահը վերստին յիշեցրեց, որ «Արցախի անկախութիւնն ու անվտանգութիւնը սակարկութեան ենթակայ չեն, եւ անցեալը վերադարձնելու ցանկացած փորձ յղի է անկանխատեսելի հետեւանքներով»։ Այս խօսքերում հանրապետութեան ժողովրդի կամքի արտայայտութիւնն է, իսկ իր հողի ճշմարիտ տէրը հանդիսացող ժողովրդի կամքը պէտք է յարգել։
Լէոնիդ Մարտիրոսեան «Ազատ Արցախ»ի գլխաւոր խմբագիրն է