«ԱԼԻՔ».- Ս. թ. Յունիսի 22ին հայաստանէան «Շանթ» հեռուստաընկերութեան «Հորիզոն» ծրագրի գլխաւոր թողարկման կողմից ներկայացուել է տեսանիւթ՝ Թուրքիայի քաղաքացի, հայկական արմատներ ունեցող, պատմաբան-լրագրող Լեւոն Փանոս Դաբաղեանի մասին, որի վերաբերեալ լրագրող վերլուծաբան Արտեօմ Երկանեանի կողմից նաեւ յօդուած է հրապարակուել հայաստանեան «Նովոյէ վրեմիա» ռուսալեզու թերթի ս. թ. Յունիսի 29ի համարում՝ «Մի դաւաճանի պատմութիւն» խորագրով:
Ստորեւ ներկայացւում է վերը նշուած յօդուածի հայերէն թարգմանութիւնը:
Ստամբուլի բնակիչ Լեւոն Փանոս Դաբաղեանը պատրաստւում է առաջադրել իր թեկնածութիւնը՝ Թուրքիայում նախատեսուած առաջիկայ խորհրդարանական ընտրութիւններում: Վերջերս Հայոց Ցեղասպանութեան ճանաչման միջազգային արշաւին հակազդելուն նուիրուած խորհրդաժողովում նա յայտարարել է, որ ջանքերը կը լինեն արդիւնաւէտ, եթէ միայն թուրքական քարոզչութիւնը ազգութեամբ հայերին ներգրաւի համագործակցութեան: Առաջարկելով իր ծառայութիւնները՝ նա հասկացնել է տուել, որ իրեն արժանի է համարում պատգամաւորական մանդատին:
Լեւոն Փանոս Դաբաղեանն արդէն մի քանի տարի է, որ աշխատում է թուրքական քարոզչութեան համար՝ ձգտելով ապացուցել, որ Ցեղասպանութիւն չի եղել: Մասնագիտութեամբ նա պատմաբան է, մասնագիտանում է օսմանեան պետականութեան զարգացման գործում հայերի դերի ուսումնասիրութեան մէջ: 2003 թ. հրատարակել է «Թուրքիայի հայերի պատմութիւնը» խորագրով գիրքը: Ինչպէս այս, այնպէս էլ միւս բոլոր իր գիտական աշխատութիւններում նա հաստատում է, որ եթէ 1915 թ. իսկապէս կոտորած լինէր, ապա դա կը լինէր թուրքերի կոտորած՝ իրականացուած հայերի կողմից: Թուրքերը հայերի առաջ ոչ մի խնդրում մեղաւոր չեն:
«Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Թուրքիան, ռազմական ժամանակաշրջանի պայմաններից ելնելով, ստիպուած էր տեղահանել իր տարածքում բնակուող հայերի մի մասին: Սակայն, վերջինս երբեք չի իրականացրել հայերի նկատմամբ ցեղասպանութեան քաղաքականութիւն»,- գրում է Դաբաղեանը: Նա հաստատում է, որ տեղի ունեցածի համար մեղաւոր են հէնց իրենք հայերը, քանի որ թոյլ տուեցին ներքաշել իրենց ռուսների կողմից կազմակերպուած սադրանքի մէջ՝ հանդէս գալով նրանց դիրքերից: «Ռուսաստանը եւ Արեւմտեան աշխարհը որոշեցին օգտագործել հայերին եւ կոտրել Թուրքիայի հզօրութիւնը: Ռազմական բախումների մեծամասնութիւնը հրահրուել է հէնց հայերի կողմից, որոնք Թուրքիա են տեղափոխուել Ռուսաստանից», հաստատում է հայկական ազգանունով թուրքական քարոզիչը:
Պետական քարոզչական մեքենան յաջողութեամբ օգտագործում է կեղծ գիտնականի ակտիւութիւնը՝ ենթադրելով, որ հայի շուրթերով ամբողջ այս անհեթեթութիւնն աւելի համոզիչ կ՛երեւայ: Լեւոն Փանոս Դաբաղեանին ընդհանրապէս գործի են գցում հերթական արեւմտեան երկրի խորհրդարանում Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հարցի քննարկման նախօրեակին: Ամէնից շատ նա աշխատեց Ֆրանսիայի սենատի կողմից Ցեղասպանութեան մասին օրէնքի ընդունումից յետոյ. Դաբաղեանը բոլոր հնարաւոր ամբիոններից աղաղակում էր, որ հայերը չեն ների Ֆրանսիային այն բանի համար, որ վերջինս յանձն է առել կռռւեցնել նրանց թուրքերի հետ: Այնուհետեւ հէնց այս բանի մէջ մեղադրում էր կանադացիներին, բելգիացիներին, յոյներին, հոլանդացիներին, սլովակներին, շուէյցարացիներին, լեհերին, լիտուացիներին, արգենտինացիներին, աւստրալիացիներին, շուեդներին, ամերիկացիներին… Վերջին շրջանում նա նորից ակտիւացել է: Վերջերս թուրքական Եալովա քաղաքում Դաբաղեանը ելոյթ ունեցաւ «Հայկական հարց-պատմական իրողութիւններ» խորագրով խորհրդաժողովում: Քանի որ շուրջ բոլորը իւրայիններ էին, այսինքն՝ թուրքեր, նա առաւելագոյն անկեղծ էր՝ ենթադրելով, որ բանավէճի մասին տեղեկատուութիւնը դուրս չի գայ խորհրդաժողովի դահլիճից: Սակայն, այնտեղ ներկայ գտնուող «Հիւրրիէթ» թերթի լրագրողը թոյլ է տուել իր յօդուածում մէջբերել մի հատուած «եան»ով վերջացող ազգանունով կեղծ գիտնականի ելոյթից: Դաբաղեանի խօսքերը միանգամայն ակնյայտ բնութագրում են այս մարդու բարոյական կերպարը:
«Եթէ նոյնիսկ հայերի հաստատումները Ցեղասպանութեան մասին ճշմարիտ են, այս հարցը ոչ մէկին չպէտք է անհանգստացնի: Ես չեմ հասկանում, թէ ինչ կապ ունի այստեղ Հայաստանը: Ես 77 տարեկան եմ: 50 տարի ծառայել եմ Թուրքիային: Մեզ դիտաւորեալ ուզում են բաժանել: Թուրքերը եւ հայերը մշտապէս ապրել են բարեկամութեամբ», յայտարարել է նա: Ուշադրութիւն դարձրէք՝ համախոհների շրջանակում Դաբաղեանը իրեն թոյլ է տալիս ընդունել, որ Ցեղասպանութիւնն իրականում եղել է: Սակայն, իր առաջադրանքը դրանից նա չի փոխում. իր առաքելութիւնն է՝ ապացուցել աշխարհին, որ հայերը լպիրշօրէն խաբում են:
Իր ոչ-գիտական մտքերը հաստատելու համար՝ Լեւոն Փանոս Դաբաղեանը յօրինել է հետաքրքրաշարժ մի առասպել: Նա որոշել է բաժանել մեր ժողովրդին երկու մասի՝ բուն հայերի եւ «հերետիկոս հայերի»: Երկրորդ խմբին Դաբաղեանը անուանում է «ոչ-մաքրարիւն» հայեր, որոնք ունեն հրէական ծագում, ինչպէս նաեւ կաթոլիկ հաւատքի հետեւորդներ: Դրանց շարքում, որպէս օրինակ, նա բերում է Բագրատունիներին, որոնք Մովսէս Խորենացու առաջ քաշած տեսութեամբ, սերում են յուդայական թագաւոր Դաւթից եւ նրա որդի Սողոմոնից: Իր «Չարի խարդաւանքներ՝ Օսմանեան կայսրութիւնում» խորագրով գրքում Դաբաղեանը հաստատում է, որ Զէյթունի 1862 թ. հայկական առաջին ապստամբութիւնը կազմակերպուել է ոչ թէ «մաքուր» հայերի կողմից, այլ Բագրատունիների յետնորդների կողմից, որոնց հրահրում էին ապստամբութեան ֆրանսիացիների կողմից ուղարկուած հայ կաթոլիկները: Իսկ ապստամբութեան պարտութիւնը նա բացատրում է այն հանգամանքով, որ «մաքրարիւն» հայ Գրիգորեանականները «չէին աջակցում ապստամբներին՝ պահպանելով հաւատարմութիւնը՝ Օսմանեան կայսրութեան նկատմամբ»: Այսինքն՝ համաձայն հեղինակի՝ կան երկու տեսակի հայեր՝ «ոչ-ճշմարիտներ», որոնց շարքին հաւանաբար պէտք է դասել՝ Անդրանիկին, Գէորգ Չաուշին, Աղբիւր Սերոբին եւ «ճշմարիտներ», որոնց շարքին, պէտք է գիտակցել, որ դասւում է Լեւոն Փանօս Դաբաղեանը: Դէ ինչ, ես անձամբ կարծում եմ, թէ կարող եմ հպարտանալ, որ Դաբաղեանն ինձ դասում է «ոչ-ճշմարիտ» հայերի շարքին, քանի որ լինել նրա հետ մի խմբում ինձ համար կը լինէր ուղղակի նուաստացուցիչ:
Իսկ ո՞րն է իրականում հայկական ազգանունով եւ թուրքական հոգով այս տարօրինակ մարդու շարժիչ ուժը: Նրա գործողութիւնների շարժառիթներն այնքան էլ դժուար չէ հասկանալ, եթէ ծանօթանանք վերջնիս կենսագրութեանը: Ինձ յաջողուել է պարզել, որ դեռեւս 1960ական թթ. կէսերին Լեւոն Փանոս Դաբաղեանը մտել է թրքական ազգայնական շարժման արմատական կուսակցութեան շարքերը: Աւելին՝ նա գտնւում էր դրա ռազմականացուած թեւում՝ «Գորշ գայլեր» խմբաւորման մէջ, որը հռչակ է ձեռք բերել բազմաթիւ արիւնոտ ահաբեկչական գործողութիւններով՝ կեանքից զրկելով Թուրքիայում, Եւրոպայում եւ Ամերիկայում հազարաւոր մարդկանց: «Գորշ գայլեր»ի գործողութիւնների թւում է նաեւ Հռոմի պապ Յովհաննէս Պօղոս երկրորդի դէմ մահափորձը: Լեւոն Փանոսը ծանօթ է եղել Մեհմետ Ալի Աղջայի հետ, որը ազատազրկուած է եղել 19 տարի՝ Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի դէմ մահափորձի համար:
Լինելով «Գորշ գայլեր»ի ակտիւիստ (գործիչ-Խմբ.), Դաբաղեանը սկսել է տպագրել ազգայնական մամուլում իր կեղտոտ հակահայկական ակնարկները, որոնցում հերքւում էր Հայոց Ցեղասպանութեան փաստը: Նրա նախաձեռնողականութիւնը բարձր է գնահատել հէնց խմբաւորման ղեկավար Ալփասլան Թուրքեշը:
Լեւոն Փանոս Դաբաղեանի ծառայութիւններից հաճոյքով օգտւում էին ոչ միայն կուսակցական, այլ նաեւ պետական մարմինները: Երկու տարի առաջ Թուրքիայի կրթութեան նախարարութեան մի շարք շրջանային կառոյցներ, մասնաւորապէս՝ Ադանայի շրջանի լուսաւորութեան վարչութիւնը, յանձնարարեցին հանրակրթական դպրոցների աշակերտներին արտադասարանային ընթերցման համար Դաբաղեանի կեղծ գիտական աշխատութիւնները՝ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներում հայերի քայքայիչ գործունէութէան մասին: Յայտնի է, որ այսպէս կոչուած «պատմաբանի» գրած շատ գրքեր հրատարակուել են պետական միջոցներով: Որպէս օրինակ՝ «Աբդուլհամիդի կառավարման օսմանեան շրջանը» գրքի հրատարակումը կատարուել է պատմաբանների պետական ընկերակցութեան միջոցներով, որը համարւում է Հայերի Ցեղասպանութեան մերժման թուրքական քաղաքականութեան գլխաւոր գաղափարական կենտրոնը: Նոյն այդ կառոյցից Դաբաղեանը, հաւանաբար, ստացել է հոնորարն (պատուավճարը-Խմբ.) իր աշխատութեան համար, գումար, որը տեղին է համեմատել աստւածաշնչեան երեսուն արծաթների հետ: Այդ ամէնով հանդերձ՝ Դաբաղեանը հիմք ունի կարծելու, որ թուրքական հայրենիքում նրան գնահատում են առաւել պակաս, քան նա դրան արժանի է: Նոյնիսկ անձնազոհ գործունէութեան համար պատգամաւորի մանդատ չեն նուիրել: Մէկ անգամ նա արդէն փորձել է իր թեկնածութիւնը դնել մէջլիսի համար «Ազգայնական շարժում» կուսակցութիւնից, սակայն քուէարկողները նրան քուէ չտուեցին: Հաւանաբար, սա հէնց այն դէպքն է, երբ դաւաճաններից խորշում են նոյնիսկ նրանք, ում համար վերջիններս աշխատում են: Բայց Լեւոն Փանոս Դաբաղեանն իր 77 տարեկան հասակում չի կորցնում յոյսն առ այն, որ մի գեղեցիկ օր կը յայտնուի խորհրդարանում: Իսկ մինչ այդ մնում է վաճառել իրեն հնարաւորինս թանկ: Մայիս ամսուայ վերջին քեմալականների միութեան եւ «Ազգայնական օջախ» կազմակերպութեան կողմից կազմակերպուած խորհրդաժողովում Դաբաղեանը հանդէս եկաւ հետաքրքիր նախաձեռնութեամբ. նա կոչ արեց թուրք ղեկավարներին իշխանութեան մէջ ընդգրկել թուրքական հայրենիքին նուիրեալ հայերին, որպէսզի նրանք կարողանան բարձր ամբիոններից խօսել Ցեղասպանութեան ընդունման անթոյլատրելիութեան մասին:
Նա ակնարկեց նաեւ, որ այդ դերում շատ լաւ պատկերացնում է հէնց իրեն: Ինչեւէ, գուցէ իրօք հեռու չէ այն օրը, երբ Եւրոխորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամբիոնից թուրքական պատուիրակութեան անունից ելոյթ կ՛ունենայ հայ, որը կը պատմի աշխարհին այն մասին, որ տարածաշրջանի բոլոր դժբախտութիւնների մեղաւորն իր հայրենակից հայերն են:
Փորձէք գուշակել, թէ ինչ է այդ մարդու ազգանունը…