ԱՐՄԻՆԷ ԱՒԵՏԵԱՆ
ՀՀՇ կուսակցութեան անցած շաբաթ տեղի ունեցած 16րդ համագումարը բազմաթիւ հարցադրումներ առաջադրեց Հայաստանի քաղաքական դաշտում:
Գուցէ քաղաքական դաշտի անմիջական մասնակիցների համար այդ հարցերը պարզ էին ու բացատրելի, սակայն քաղաքականապէս ակտիւ (գործուն-Խմբ.) հասարակութեան համար համագումարը, մեղմ ասած, լրացուցիչ մտորումների տեղիք տուեց: Նախ ՀԱԿով եւ նրա գործունէութեամբ հետաքրքրուած շրջանակների համար այդպէս էլ անհասկանալի մնաց, թէ ՀՀՇ-ում ինչո՞ւ տեղի ունեցաւ «իշխանափոխութիւն»: Համագումարն այս հարցին պատասխան չտուեց: Ինչո՞ւ հրաժարական տուեցին ՀՀՇ վարչութեան նախագահ Արարատ Զուրաբեանն ու փոխնախագահ Խաչատուր Քօքոբելեանը: Արդեօ՞ք այս 2.5 տարիների ընթացքում այնքան էր լճացել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանի շուրջ համախմբուած կառոյցը, որ ՀՀում իշխանափոխութիւնը չյաջողացնելու պատճառով սկսեց ներսում խնդիրներ առաջացնել:
Համագումարում ունեցած իր ելոյթում Լ. Տէր Պետրոսեանը որեւէ փաստարկուած բացատրութիւն չներկայացրեց կատարուածի վերաբերեալ, միայն ասաց, թէ վերջին շրջանում ՀՀ իշխանութիւնները փորձել են ազդեցութիւն գործել ՀՀՇի ներսում եւ ճեղքուածք առաջացնել կուսակցութեան ու ՀԱԿի միջեւ: «Սակայն ՀՀՇ վարչութեան եւ խորհրդի անդամների մեծամասնութեան զգօնութեան շնորհիւ վնասարարութիւնը ժամանակին բացայայտուել է, եւ Կոնգրեսի պառակտման վտանգն իսպառ չէզոքացուել», յայտարարեց նա: Լ. Տէր-Պետրոսեանը անուններ չտուեց, թէ իշխանութիւններն ում միջոցով են փորձել իրականացնել այդ «վնասարարութիւնը», սակայն ակնյայտ էր, որ սլաքն ուղղուած էր ՀՀՇ արդէն նախկին ղեկավարների դէմ: Իսկ հրաժարականից անմիջապէս յետոյ ՀՀՇից կատարուածը պատճառաբանեցին այն հանգամանքով, որ Խ. Քօքոբելեանը որոշակի տարաձայնութիւններ է ունեցել ՀԱԿի քաղաքական ուղեգծի վերաբերեալ, առաջարկել է ընդդիմութեան անորոշ քաղաքական ուղեգիծը փոխարինել աւելի կոնկրէտ, որոշակի եւ վճռական գործողութիւններով: «Ինչ վերաբերում է կատարուածի վերաբերեալ տարբեր ասեկօսէներին, ապա դրանք, ամենայն հաւանականութեամբ, պայմանաւորուած են այն հանգամանքով, որ ի դէմս Խ. Քօքոբելեանի՝ որոշակի անձինք լուրջ քաղաքական մրցակից են տեսնում», յայտարարել էր ՀՀՇ լրատուական ծառայութեան ղեկավար Կարէն Կարապետեանը: Նշուած հարցադրումներին ՀՀՇ վարչութեան համագումարում ոչ Լ. Տէր-Պետրոսեանը, ոչ էլ կուսակցութեան որեւէ այլ ներկայացուցիչ չկարողացաւ պատասխանել:
Ինչեւէ: Շաբաթ օրուայ համագումարի արդիւնքում ընտրուեց ՀՀՇ վարչութեան նոր նախագահ՝ Արամ Մանուկեանը, եւ վարչութեան նոր կազմ, որտեղ ընդգրկուած էին նաեւ Վանօ Սիրադեղեանն ու Ա. Զուրաբեանը: Վերջինս համագումարին հետեւում էր միջանցքից, իսկ Խ. Քօքոբելեանն ընդհանրապէս չէր մասնակցում դրան: Տարածուած կարծիք կայ, որ տարիներ շարունակ ՀՀՇում առանձնացուել են Վ. Սիրադեղեանի եւ Լ. Տէր-Պետրոսեանի թեւերը: Եւ հրաժարական տուած կուսակցութեան ղեկավարները Վ. Սիրադեղեանի թեւի ներկայացուցիչներն էին: Իսկ այս անգամ կուսակցութեան նոր վարչութեան կազմում ընդգրկուած մարդիկ, որոշ կարծիքների համաձայն, գտնւում են Տէր-Պետրոսեանի անվերապահ ազդեցութեան տակ: Եւ պատահական չէ, որ համագումարի ընթացքում, դահլիճից դուրս՝ միջանցքներում, բաւականին հակասական մթնոլորտ էր տիրում: Յատկապէս ՀՀՇ տարածքային կառոյցների ներկայացուցիչների համար անհասկանալի էր, թէ իրենց կուսակցութիւնում ինչո՞ւ տեղի ունեցաւ այդ փոփոխութիւնը, այդպիսով ի՞նչ է ցանկանում անել Լ. Տէր-Պետրոսեանը:
Վերջին համագումարը հարցականներ առաջացնելու եւ դրանց պատասխանները չտալու առումով թերեւս տարբերւում էր իր նախորդներից: Եւ պատուիրակների մօտ աւելի շատ տարակուսանք, քան թէ ոգեւորութիւն կար: Գաղտնիք չէ, որ ՀՀՇն ՀԱԿի առաջատար ուժերից է կամ այդպիսին էր մինչեւ վերջերս, եւ յետագայ բոլոր զարգացումների դէպքում կը ցանկանար պահպանել այդ կարգավիճակը: Ընդդիմադիր ՀԱԿը ուշ թէ շուտ կը կանգնէր նոր ղեկավար ունենալու խնդրի առաջ: Կամ կառոյցի 18 կուսակցութիւններից իւրաքանչիւրը կը ցանկանար ինքը լինել ՀԱԿի շարժիչ ուժը: Եւ ակնյայտ է, որ ՀԱԿում կան բազմաթիւ գործիչներ, ովքեր առաջնորդ դառնալու ձգտումներ ունեն, եւ կան տարիների պայքարի փորձ ունեցող ուժեր: Անկախ այն հանգամանքից, որ առաջնորդ դառնալ ցանկացողներից շատերն, իսկապէս, եղել են եւ արժանի են այդ կոչմանը, այնուամենայնիւ, ՀԱԿում նկատելի է նաեւ այս պայքարը: Եւ հաւանական է, որ ՀՀՇում տեղի ունեցած փոփոխութիւնները հէնց այս պայքարի արդիւնքում էին, որ կուսակցութիւնն աւելի վերահսկելի լինէր: Եւ եթէ այնքան ցանկալի արտահերթ ընտրութիւններն այդպէս էլ չլինեն, չի բացառւում, որ ՀԱԿում լինեն այլ կարգի փոփոխութիւններ կամ զարգացումներ եւս:
ՀՀՇ համագումարի արդիւնքում առաջացած հարցականների մի մասն էլ վերաբերում էին Լ. Տէր-Պետրոսեանի ելոյթին ու ԼՂՀ հակամարտութեան կարգաւորման բանակցութիւնների մասին նրա հնչեցրած մտքերին: ՀԱԿի հրաւիրած վերջին հանրահաւաքը Ապրիլի 6ին էր: Եւ այս մի քանի ամիսներին ԼՂՀ հակամարտութեան հետ կապուած բաւականին այցեր, հանդիպումներ, յայտարարութիւններ են եղել, եւ ՀՀՇի համագումարին սպասողները նաեւ ակնկալում էին, թէ այդ մասին իր ելոյթում ինչ կասի առաջին նախագահը: Մինչդեռ Լ. Տէր-Պետրոսեանի ելոյթը իրավիճակը պարզեցնելու փոխարէն՝ առաջացրեց նոր հարցեր: Նախ՝ շրջանցելով ներքաղաքական խնդիրները՝ ՀԱԿ առաջնորդը խօսեց միայն ԼՂի մասին եւ ՀՀի քաղաքական վարքագիծը թելադրող 5 իրողութիւնները կապեց միայն ԼՂՀ խնդրի հետ: 1ինն ընդգծեց, որ քանի դեռ ԼՂՀ հակամարտութիւնն ու հայ-թուրքական յարաբերութիւնները կարգաւորուած չեն, ՀՀն անվտանգութեան, տնտեսական զարգացման եւ ժողովրդավարական վիճակի բարելաւման հեռանկար չունի: 2րդ իրողութիւնն, ըստ նրա, այն է, որ քանի դեռ ԼՂՀ հակամարտութիւնը կարգաւորուած չէ, պատերազմի վտանգը վերացած չէ: 3րդը՝ առանց ԼՂՀ հարցի լուծման հայ-թուրքական յարաբերութիւնները չեն կարգաւորուի: 4րդը՝ ԼՂՀ հարցը չի լուծւում, որովհետեւ այն Արեւմուտքի համար առաջնային չէ: Եւ 5րդը, Տէր-Պետրոսեանի համոզմամբ, ԼՂի հարցի լուծման բանալին ՌԴի ձեռքում է:
Քննարկման առարկայ դարձաւ յատկապէս առաջին պնդումը, որտեղ նա շեշտեց, թէ Հայաստանը զարգացման հեռանկար ունի միայն ԼՂՀ խնդրի կարգաւորման դէպքում: Այս մտքից յետոյ շատերը յիշեցին Տէր-Պետրոսեանի՝ 2007թ. Սեպտեմբերի 21ի ելոյթը, որով նա քաղաքականութիւն վերադառնալու յայտ ներկայացրեց: Այդ ելոյթում ԼՂՀ հարցի լուծման մասին խօսելիս նա յայտարարեց, թէ իրավիճակից դուրս գալու ելքը թէեւ դժուար յաղթահարելի, բայց միանգամայն յստակ է: «Նախ պէտք է մաքրել սեփական ախոռները եւ համաժողովրդական հուժկու ալիքով խափանել ներկայ յանցաւոր ռեժիմի վերարտադրութիւնը, վերականգնել ՀՀ սահմանադրական կարգը, անհաշտ պայքար յայտարարել կոռուպցիայի, հովանաւորչութեան, պաշտօնէական չարաշահումների դէմ, ստեղծել յիրաւի ժողովրդավարական, իրաւական, ազատ եւ արդար պետութիւն՝ քաջ գիտակցելով, որ ԼՂՀ ապագան լիովին կախուած է ՀՀի հզօրութիւնից», 10ամեայ լռութիւնից յետոյ 2007թ. յայտարարել էր Լ. Տէր-Պետրոսեանը: Այդ ի՞նչ փոխուեց, որ 3 տարի յետոյ ՀՀ առաջին նախագահը կտրուկ փոխեց իր կարծիքը, այս անգամ ինչո՞ւ որոշեց, որ առանց սահմանադրական կարգը վերականգնելու, կոռուպցիան, հովանաւորչութիւնը, պաշտօնէական չարաշահումները վերացնելու, առանց ժողովրդավարական, իրաւական, ազատ եւ արդար պետութիւն ստեղծելու ԼՂՀ հարցը կը լուծուի: Միգուցէ իսկապէս ճիշդը նախ ԼՂՀ հարցի լուծո՞ւմն է, եւ 2007ին ինքը թիւրընկալում ունէր: Այդ դէպքում ինչի՞ արդիւնքում է փոխուել ընդդիմադիր հսկայ զանգուածի առաջնորդի կարծիքը: Այդ մասին Լ. Տէր-Պետրոսեանը չի ակնարկել: Կամ եթէ լուծուեն հայ-թուրքական ու ԼՂՀ խնդիրները, եւ սահմանը բացուի, մեր երկիրը կ՛ունենա՞յ ցանկալի զարգացումը: Արդե՞օք նոյն կոռուպցիայի, հովանաւորչութեան եւ պաշտօնէական չարաշահումների պայմաններում բաց սահմանները կը կարողանան զարգացնել մեր երկիրը:
Բուռն քննարկման առարկայ դարձաւ նաեւ այն պնդումը, թէ քանի դեռ ԼՂՀ հարցը լուծուած չէ, պատերազմի վտանգը վերացած չի կարելի համարել:
Արդեօ՞ք այսպիսով Տէր-Պետրոսեանն ամրապնդում է պատերազմի վերսկսման հաւանականութիւնը՝ դրանով իսկ պաշտպանելով տեսակէտը, թէ ԼՂՀ խնդրի լաւագոյն տարբերակը հակամարտութեան շուտափոյթ լուծումն է՝ փոխզիջումային տարբերակով: Իհարկէ, առանց նախանշելու, թէ որոնք են հնարաւոր փոխզիջումները: Այս երկու շեշտադրումներով, փաստօրէն, նա ՀՀի առաջ ծառացած խնդիրներից առաջնային է համարում ԼՂՀ հարցի լուծումը: Եւ այս տեսակէտն է, որ քաղաքական շրջանակներում կասկած է առաջացրել, թէ Տէր-Պետրոսեանը անուղղակիօրէն քարոզում է Սերժ Սարգսեանի վարած քաղաքականութիւնը: Վերջինս նախագահ դառնալուն պէս մի կողմ դրեց ներքին խնդիրները եւ վիճարկելի ընտրութիւնների տպաւորութիւնը թուլացնելու համար միանգամից լծուեց ԼՂՀ եւ հայ-թուրքական հարցերի կարգաւորմանը: Անկախ այն հանգամանքից, թէ գործող նախագահն ինչ է յաջողել կամ կորցրել այս հարցերում, մի բան պարզ է, որ Ս. Սարգսեանը չի վերացնում կամ չի ցանկանում վերացնել Տէր-Պետրոսեանի նշած կոռուպցիան, հովանաւորչութիւնը եւ պաշտօնական չարաշահումները: Իր զբաղուածութեան դաշտը լցնում է երբեմն՝ հայ-թուրքական, երբեմն էլ՝ ԼՂՀ հակամարտութեան կարգաւորման բանակցութիւններով: Ի դէպ, համագումարից անմիջապէս յետոյ ՀԱԿ անդամ որոշ գործիչներ յայտարարեցին, թէ համաձայն չեն Տէր-Պետրոսեանի այն մտքի հետ, որ առանց ԼՂՀ հակամարտութեան լուծման՝ Հայաստանը զարգացման հեռանկար չի ունենայ: Այդ մտքի հետ համաձայն չէին Ժիրայր Սէֆիլեանն ու Քաղբանտարկեալների ու հալածեալների կոմիտէի համակարգող Կարապետ Ռուբինեանը: Առաջինն անհեթեթութիւն էր համարել այդ տեսակէտը: Իսկ Կ. Ռուբինեանը պարզապէս ասել էր, թէ համամիտ չէ: Ի դէպ, վերջինիս թեկնածութիւնն առաջադրուել էր ՀՀՇ վարչութեան անդամի ընտրութիւններում, բայց նա չէր ընտրուել: Իսկ վարչութեան կազմում, ՀՀՇ 28 անդամների հետ միասին, ընտրուել էին նաեւ քաղբանտարկեալներ Աշոտ Մանուկեանը, Արամ Բարեղամեանն ու Յարութիւն Ուռուտեանը:
«168 Ժամ»