ԳՐԻՇ ԴԱՒԹԵԱՆ
Վտանգը այնտեղ չէ, հեռուի մթութեան մէջ, թէ գուբի խորշում. վտանգը այստեղ է, մեր սրտի խորանում, որ ուզենք իրար, թէ չուզենք… Վտանգը մեր չուզելու մէջ է, խտրութեան մէջ, ուր քաշում ենք գիծը… Գալիքը մեր ցանկութեան հետ պիտի հաշտ լինի… Մենք պիտի գծի նոյն կողմում լինենք, ամրանալու համար նոյն հիմքին։ Երջանկութիւնը ապագայի անդորրութեամբ է ծաղկավառ, ծաղիկների բազմերանգ գունաւորում, որ համերաշխութեամբ է պտղաւորւում, իրարուզութեամբ է հասնում սիրոյ ու սիրահարութեան, որով սրբանում ենք, հասունանում, հասնում ենք կեանքի մաքրութեանը… Ընդարձակութեանը… Որ միայն հորիզոն չէ, այլ կեանք է ու ապրել… Եւ մենք ենք, որ պիտի ճշմարիտ լինենք մեր հանդէպ, որ ես եմ, որ դու եմ, որ դու ես, որ ես ես, մենք ենք, իրար հետ նոյնութեամբ, իւրաքանչիւրիս առանձին անհատականութեամբ, իրարլրացութեամբ։ Դա է ամենաանուշ համանուագը միասնական կեանքի:
ԵՐԵԿՈՅԵԱՆՈՒՄ Է
Ահա երեկոյեանում է գունեղ երազների խոստումով, սիրավառ ու ցանկալի, որ գրկուելու եմ սրտումս եղածի հետ եւ հասնելու եմ լրիւութեան… Այդպիսով է լուսաւոր երեկոն, որ դիմաւորում եմ։ Երեկոյեանում է, այլ չի մթնում… Հորիզոնի երփնաւէտ շառայլը շռայլութեամբ է ոսկեւորում երեկոն… Շառագունում է… Շառագունում է մինչեւ հորիզոնը, թափառում է փնտռումներիս շաւիղներում, հաւասարւում է իղձերիս սահմանների հետ։ … Մի հովասուն փողոց կար, որ սկսիզբ էր առել կենսավէպիս հետ. միջով առուն էր շնկշնկում զովի ու զեփիւռի սիրաբանութեամբ. բարդիները ուղղաձիգ էին, ճերմակ բուներով, բազմաճիւղ կանաչ սաղարթներով, հացենիները հեզ ճիւղատարած, եւ մոծակենիները ճիւղախռիւ ու հաստիրան. բոլորն էլ նորընձիւղւում էին գարունից գարուն, ուր քամւում էր ամրան արեւը, շոգը հեւասպառ էր լինում, աշնան շէկութիւնը փոխակերպւում էր ոսկէ խաշամի, իսկ ձմրանը սեւագռաւների երամն էր սեւագունում սաղարթաթափ ճիւղերը… Երեկոյեան, փողոցի երկայնքով չղջիկներն էին թռչկոտում խուլ ու անձայն. ժամերի զանգերը ղօղանջում էին հաւատքով, խափանում էին չարին, որ բարութիւնը մնայ իշխանաւոր… Եւ ես գնում էի ժամադրութեան… Երեկոյեանում է ու չի մթնում… Մի իւրայատուկ մանուշագոյն է տարածւում Տեսողութեանս մէջ, որ վարդագունւում է սրտումս… Եւ երբ սոսափում էին չինարիները, ես արբում էի սիրերգով… Որ կեանքի հասունութեամբ արբեցած՝ սիրաբանում եմ յուշերիս հետ… Որ այսօրուաս հետ եմ ապրում արժանաւորապէս վաստակած… Պատանութեան ոսկեփոշոտ փողոցներից հասել եմ լայնագիրկ մեծուղիների… Երեկոյեանում է… Կեանքս է երեկոյեանում… Այլ չի մթնում… Տակաւին գրկում եմ մտքումս դրածին, սրտումս պահածին, որ գրկումս եղածն է, ու հասնում եմ լրիւութեան… Վառ եմ պահում կանթեղը, որ երեկոն չմթնի…
ԾԻԱԾԱՆԻ ՏԱԿ
Այս գոյները, որ թափել ես իմ սրտում, գունաւորել են կեանքիս հեքիաթը, իմ կենսավէպի այս ամենալաւ ծաւալում… Ես հիւսել եմ այս գեղեցիկ ծիածանը մի հոգեզմայլ սիրավէպով, որ հիանալիօրէն նմանում է քո դիմաստուերին։ Տարաժամ ամպի թաւիշը պարուրում է արեւին, ոսկեզօծ ճառագայթների նարօտը քանդւում է անձրեւաշաղի մի զով ցնցուղով, զովացնում է իմ պապակը, որի համար ես փառաբանում եմ Աստծուն՝ քեզ պարտական մնալու դժգոհութեամբ։ Առատացիր սիրոյ տեղումով, եւ երանգների խտութեամբ ինձ հասցրու շնչատութեան… Ապա փարատւում է ամպի մշուշը եւ արեւը նմանւում է քո ջերմութեանը, շունչ ու ոգի է պարգեւում, անդորրութիւն է շնորհում… Ողողիր ինձ երանութեամբ եւ մեռոնիր հպատակութեան կնիքով, որ մնամ քո պատկանելութեան տիրոյթում համոզումով, այլ ոչ գերութեամբ։ Արեւի ու անձրեւի այս հրաշալի խաղից՝ ահա ծիածանը, որ հիւսել եմ մտադիր ցանկութեամբ, եւ սրտագին ցնծութեամբ կախում եմ վզիցդ բուրաւէտ, փաթաթում եմ ողորկ ուսերիդ, որ մնաս չգերազանցուող զարդարանքը սրտիս խորանում։
ԿՐԱԿԱՊԱՇՏ
Ես գիտէի, որ մի օր տեսնելու եմ քեզ ամբոխի մէջ, որի մասը չես կազմում. այլ եղել ես իմ տեսիլքը, որ դեռ մանկուց ցոլացել է իմ երեւակայութեան մէջ։ Մանկութեան ու պատանութեան ոսկետեսիլ, որ վառուել է բոցերի ամենամաքուր գոյներով, անմոխիր մնացորդով անկէզ մորենու նման… Կան հրավառումներ, որ սպառւում են առանց անթեղի… Դու տեսիլքի նման ես այրուել երեւակայութեանս մէջ ջինջ ու զուլալ այրումով։ Երգեր են ղօղանջել իմ շուրթերին սէրերի ու նուիրումների համերգներով. աստղավառումներ են եղել իմ եթերում ասուպների ու արեւաքարերի շաղով, որ թափուել են, թափուել են բոցերից ցատկող պէծերի նման, որ եղել են երեւակայութեանս լաւ երազները… Երազներ՝ պէծերի ու կայծերի, որ չեն խամրում բոցալեզուների ծայրին… Այլ կամարւում են, որպէս երփներանգ ծիածան, տենչալի տեւողութիւն ու տարածք երկրային վայելքների… Հրավառուիր ցանկութիւններիս խարոյկում, որ կրակապաշտի հաւատքով պաշտեմ հուրդ, կրակդ ու բոցդ…
ԼՈՒՍԱԴԷՄԻ ՀԵՔԻԱԹ
Ես լի տարիքով հաստաբեստ կաղնի, դեռ հորիզոնի կապոյտով գերւում ու խենթ պատանու տենչով կատաղի, հի՜ն հեքիաթներ եմ փնտռում քո գրկում… Լուրթ երեկոյ էր, լուսինն էր յենուել բարդու կատարին, ցոլում, ժպտում էր. ու դու սիրով լի իմ գիրկը ընկել փսփսում էիր… Ուշքս գնում էր… Բարդու կատարին ու քո աչքերում լուսնի եղջիւրը շա՜ղ փշրւում էր… Կուրծքդ հեւում էր ու շունչդ բուրում, համբոյրիդ համը շուրթիս հալւում էր… Երեկոն ինչքա՜ն լուսնոտ է լինում լուսադէմի մօտ ցուրտ է հաճելի, ա՜յդ էր գաղտնիքը, որ ինչքան գրկում՝ քո փափկութիւնը խորն էր աւելի…
ՍԻՐՈՅ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹԻՒՆ
Դժուարանում եմ խոստովանել այն, ինչ այնպէս խորութեամբ եմ զգում։ Չգիտեմ ինչպէ՞ս եմ զգում, սրտու՞մս, գլխու՞մս, մտքու՞մս… Վեհացումի առինքնող մի ալիք է բարձրանում, երբ զգում եմ սրտումս, կուրծքս այնպէս մակընթացւում է շնչառութեամբ… Երբ զգում եմ գլխումս՝ քունքերս տրոփում են թմբուկի նման… Երբ զգում եմ մտքումս՝ երանութիւնը ոսկեշողով է լուսաւորում տեսողութիւնս, որ կորցնում եմ հորիզոնում, երկնի ու երկրի համբոյրի միջադէպում… Ինչո՛ւ, ինչո՛ւ չեմ կարողանում պարագծել զգացումիս դիմագիծը, որպէս իրական խոստովանութիւն, որպէս աներկբայ առհաւատչեայ, որպէս անժխտելի վկայութիւն… Ինչո՞ւ եմ անհետանում հորիզոնում, որպէս զգացում ու երանգ… Ահաւոր դժուար է խոստովանել սէրը… Դիւրին է խոստովանել վախը, դիւրին է խոստովանել տրտմութիւնը, ուրախութիւնը, դիւրին է խոստովանել… մեղքը, որ ինձ հասցնելու է դժողք… Բայց ահաւոր դժուար է խոստովանել սէրը, որ ինձ հասցնելու է քեզ, որպէս վայելքի ու երջանկութեան գունաւոր ու տաք զգացում… Չէ՞ որ անփոյթ էր այն պարմանը, երբ խաղում էր քո՛ էլ պարմանութեան հետ. քաշքշում էի հիւսքերդ, երբեմն էլ կծոտում էի ձեռքերդ, երբ պարզում էիր պաշտպանուելու համար… Փափուկ էիր… Անցեալի ամբողջական մի դրուագ, թափթփուած այն հեռաւոր փողոցի փոշիներում, յուշերում, շուաքներում, անուշներում… Քաղցր է յուշը, վերյուշը, մշուշը… Մշուշի նման անօսրացող… Մինչդեռ հիմա, այս պարզ երկնքի տակ, այս ջերմ արեւի ծովում, որ մեզնից է հանգրիճում ճառագայթները, դժուարանում եմ խոստովանել սէրը, որ վառ է պահում օրս ու արեւս…