«…Տէր-Պետրոսեանը Բարոյականութեան Հետ Խնդիր Ունի» Կ՛ըսէ Բոզոյեան
«7օր».- Այսինքն՝ 5րդ շարասեան ֆունկցիա՞ (գործ-Խմբ.) էր կատարում Տէր-Պետրոսեանը:
ԵՐՈՒԱՆԴ ԲՈԶՈՅԵԱՆ.- Գիտէք, սա քաղաքական գործչի աննախադէպ պահուածք է: Մեզ շրջապատող երկրներում քաղաքական գործչի այդպիսի կերպար կամ քաղաքական ուժ չկայ: Իսկ որակումներ տալը տուեալ դէպքում ճաշակի խնդիր է: Ես փաստն եմ արձանագրում, իսկ գնահատական թող տայ մեր հասարակութիւնը:
«7օր».- Տէր-Պետրոսեանի միւս մեսիջը ո՞րն էր:
ԵՐՈՒԱՆԴ ԲՈԶՈՅԵԱՆ.- Իր ելոյթի մէջ կար մի մեսիջ Ռուսաստանին, որ Հայաստանում կայ այն քաղաքական ուժը, որը ցանկացած պարագայում ցանկացած քայլի ԼՂի հարցում պատրաստ է գնալ, որովհետեւ դա նաեւ համապատասխանում է իր պատկերացումներին: Ուզում էր ասել, թէ եթէ ՌԴում որոշեն լուծել Արցախի հարցը, բայց չկարողանան ճնշել ՀՀ իշխանութեանը՝ ինքը պատրաստ է այդ առաքելութիւնն իր վրայ վերցնել: Սակայն, կարծում եմ, այստեղ էլ ինքը մեծ յաջողութիւն չի կարող ունենալ… Տէր-Պետրոսեանը կարող է օգտագործուել որպէս գործիք, սակայն, որպէս լուրջ պարտնեօրի (գործակից-Խմբ.), այդպիսի հայեացքների մարդուն ընդհանրապէս ոչ մէկը դրսում լուրջ չի ընկալում:
«7օր».-Հիմա մենք, փաստօրէն, ունենք իշխանութիւն, որը ձախողուել է «ֆուտբոլային» դիւանագիտութեան հարցում, եւ ինքն էլ է ընդունում այդ ձախողումը: Ունենք 2008թ. ընտրութիւնների իներցիայով պայմանաւորուած տիտղոսային ընդդիմութիւն, որը, ըստ էութեան, ինքն էլ է ձախողուել, որովհետեւ նոյն «ֆուտբոլային» դիւանագիտութեան տրամաբանութեան մէջ էր պատկերացնում Հայաստանի ապագան: Այսինքն ունենք մի վիճակ, երբ որ Հայաստանում, կարելի է ասել, ներքաղաքական լրջագոյն վակուում (պարապութիւն-Խմբ.) է առաջացել: Այս ենթատեքստում (ծիրէն ներս-Խմբ.) դուք ի՞նչ էք կանխատեսում իշխանութիւնների մասով, ՀԱԿի մասով՝ ի դէմս Տէր-Պետրոսեանի, եւ յետագայ զարգացումների մասով: Այս երկու սուբյեկտները (ենթակաները-Խմբ.) գլոբալ (համընդհանուր-Շմբ.) ձախողման են ենթարկուել եւ ակնյայտ է, որ այլեւս անելիք չունեն քաղաքական դաշտում եւ իրենց գոյութիւնը պահպանում են զուտ իներցիայի շնորհիւ:
ԵՐՈՒԱՆԴ ԲՈԶՈՅԵԱՆ.- Ես կարծում եմ, որ Հայաստանն իսկապէս յայտնուել է համընդհանուր ճգնաժամի մէջ: Խոր ճգնաժամի մէջ են ե՛ւ իշխանութիւնը, ե՛ւ տէրպետրոսեանական թիմը: Իսկապէս, վիճակը բաւական բարդ է, պատերազմի վտանգը մեծացել է, մեծացել է հիմնականում այս տխրահռչակ «ֆուտբոլային» քաղաքականութեան արդիւնքում, որովհետեւ պատերազմը սկսւում է, երբ որ փոխւում է ուժերի հաւասարակշռութիւնը: Այս պայմաններում բնական է, որ Ադրբեջանում մեծանում է այն մարդկանց ազդեցութիւնը, որոնք կողմնակից են, որ պատերազմով լուծեն խնդիրները: Եւ այդ պատերազմը կանխելու համար պէտք է ամէն ինչ անել, որպէսզի վերականգնուի հաւասարակշռութիւնը:
«7օր».- Ի՞նչ է պէտք անել հաւասարակշռութիւնը պահելու եւ պատերազմից խուսափելու համար: Տէր-Պետրոսեանը ասում է, թէ փոխզիջման (իրականում միակողմանի արագ զիջման, քանի որ Ադրբեջանի փոխզիջումը չի երեւում) այլընտրանքը պատերազմն է: Այդպէ՞ս է արդեօք:
ԵՐՈՒԱՆԴ ԲՈԶՈՅԵԱՆ.- Մեր ու Ադրբեջանի միջեւ հաւասարակշռութեան պահպանման կամ վերականգնման համար պէտք է ամբողջովին փոխել մեզանում առկայ այս համակարգը, այս խայտառակ տնտեսական քաղաքականութիւնը, որ վարւում է այսօր Հայաստանում, որը տանում է բոլոր ֆինանսական հոսքերի գերկենտրոնացմանը, փոքր եւ միջին բիզնեսի ոչնչացմանը եւ այլն: Ըստ էութեան, այսօրուայ քաղաքականութիւնը որեւէ հեռանկար ցոյց չի տալիս Հայաստանի զարգացման համար: Բայց միայն տնտեսական քաղաքականութեան փոփոխութիւնը բաւական չէ, որ երկիրը փոխուի: Այստեղ պէտք են իսկապէս քաղաքական լուրջ փոփոխութիւններ, որոնք, ի վերջոյ, կարող են բերել կլանաօլիգարխիկ համակարգի փոփոխութեան:
Բնական է, որ այս փոփոխութիւնները պահանջում են փուլեր, դա բաւական երկարաժամկէտ պրոցես է, սակայն որպէսզի մենք կարողանանք այդ ճանապարհով գնալ, երկրում իսկապէս պէտք է ստեղծուի նոր դեմոկրատական շարժում, որը հիմնուած լինի առողջ արժէքների վրայ, որն իսկապէս իր առջեւ կը դնի իրապէս նորմալ պետութիւն ստեղծելու գաղափարը, որը ման չի գայ 3րդ ուժի՝ ի դէմս Արեւմուտքի Ռուսաստանի կամ Թուրքիայի, այլ կը յենուի Հայաստանի հանրութեան վրայ, որն իսկապէս կը լինի մի շարժում, որի նպատակը կը լինի ստեղծել ուժեղ Հայաստան եւ ուժեղ Հայաստանի դիրքերից արդէն վարել բանակցութիւնները ԼՂի հարցում, հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման հարցում:
«7օր».- Տէրպետրոսեանական պատկերացումն այն է, որ քանի դեռ Թուրքիայի հետ սահմանը բաց չէ, Հայաստանը զարգանալու հնարաւորութիւններ չունի:
ԵՐՈՒԱՆԴ ԲՈԶՈՅԵԱՆ.- Սա ուղղակի ծիծաղելի է, որովհետեւ եթէ մենք Հայաստանի զարգացումը կապում ենք Թուրքիայի սահմանի բացման հետ ու զարգանալու էլ ուրիշ գործօններ չենք տեսնում, ապա այդ սահմանն ընդհանրապէս չի բացուի: Ինձ համար տարօրինակ է, որ այդպիսի մտածողութիւնը կարող է Հայաստանում գոյութիւն ունենալ:
«7օր».- Տէր-Պետրոսեանի ասելով ստացւում է, որ մարտի 1-ի զոհերը, շուրջօրեայ հանրահաւաքների մասնակիցները եւ այլն, պայքարում էին յանուն նրա, որ Ղարաբաղի հարցը արագ լուծուէր, այսինքն հողերը շուտափոյթ յանձնուէին, իսկ Թուրքիայի յարաբերութիւններում էլ նրանց նախապայմաններն ընդունէինք, եւ սահմանը բացուէր: Ձեր կարծիքով՝ այդ մարդիկ դրա՞ համար էին դուրս եկել պայքարի:
ԵՐՈՒԱՆԴ ԲՈԶՈՅԵԱՆ.- Ես այդ մասին արդէն ասեցի: Մէկ բան աւելացնեմ: 88թ-ի Շարժման ժամանակ անընդհատ նշւում էր, թէ չպէտք է ապաւինել 3րդ՝ դրսի ուժին: Իսկ հիմա այդ շարժման լիդերներից (առաջնորդներէն-Խմբ.) մէկը՝ Տէր-Պետրոսեանը յայտարարում է, թէ չի պատկերացնում, որ առանց Հայաստանի վրայ 3րդ ուժի ակտիւ ներազդելու՝ Հայաստանը որեւէ ձեւով հեռանկար ունի: Այդ իմաստով Տէր-Պետրոսեանը քաղաքական բոլոր գործընթացները (Հայաստանի զարգացում, իշխանափոխութիւն, պաշտպանունակութիւն եւ այլն) տեսնում է կա՛մ Արեւմուտքի աջակցութեան միջոցով, կա՛մ Ռուսաստանի, իսկ ՀՀ զարգացումը՝ Ադրբեջանի ու Թուրքիայի բարի կամքով: Նա այլ պատկերացում չունի:
«7օր».- Հիմա տեսակէտներ եւ վերլուծութիւններ են հնչում, համաձայն որոնց Տէր-Պետրոսեանին այլ բան չի մնում, քան Սերժ Սարգսեանի հետ համագործակցելը, եւ ըստ էութեան, նա իր ելոյթի վերջին հատուածում նաեւ որոշ ակնարկներ էր անում այդ մասով: Նախկինում էլ յիշատակուել էր Եղաիազար Այնթապցու եւ էջմիածնական միաբանների սերտ համագործակցութեան պատմական նախադէպը: Այսինքն, մենք առաջիկայ համապետական ընտրութիւններում տեսնելու ենք նո՞ր Գեղամեանի, թէ՞ դուք այլ կարծիքի էք: Եւ ի՞նչ ճակատագիր էք կանխատեսում Լեւոն Տէր-Պետրոսեանի համար:
ԵՐՈՒԱՆԴ ԲՈԶՈՅԵԱՆ.- Կարծում եմ, որ Տէր-Պետրոսեանը միաժամանակ փորձում է համագործակցել բոլորի հետ: Փորձում է համագործակցել Արեւմուտքի հետ, փորձում է ռեւերանսներ (նշաններ-Խմբ.) ուղարկել Ռուսաստանին: Չստացուի այս դէպքում, ապա Սերժ Սարգսեանը եւ Եղիազար Այնթապցու պատմութիւնը կա՛յ ու կայ: Տէր-Պետրոսեանը Սերժ Սարգսեանին է հիմա առաջարկում իրեն օգտագործել որպէս գործիք ներիշխանական պայքարում: Այս պահին նման գործիքի կարիք իշխանութիւնը դեռ չի զգում, բայց վաղը կարող է զգալ, ու դա կանխատեսելով է Տէր-Պետրոսեանն իր ծառայութիւններն առաջարկում: Ի վերջոյ, ակնյայտ է, որ տէրպետրոսեանական ընդդիմութիւնը գտածոյ է Սերժ Սարգսեանի համար եւ իշխանութիւնն ամէն ինչ կ՛անի, որպէսզի այդ ուժը ընդդիմադիր դաշտի առաջնորդի դերը պահպանի: Թէ ինչպիսի՞ մեթոդներ կ՛ընտրուեն՝ արդէն էական չէ:
Տէր-Պետրոսեանի համար կայ ծրագիր մինիմում (նուազագոյն-Խմբ.) եւ ծրագիր մաքսիմում (առաւելագոյն-Խմբ.): Ծրագիր մաքսիմում ամէն ինչ անել, որպէսզի որեւէ մէկի աջակցութեամբ գալ իշխանութեան: Ծրագիր մինիմում եթէ իշխանութեան հնարաւոր չէ գալ, ապա գոնէ այնպէս անել, որ չգան նոր ուժեր, որոնք իսկապէս կարող են վտանգել ոչ միայն իշխանութեան, այլ նաեւ իր թիմի եւ անձամբ իր հեռանկարին: Եթէ մարդը կրկնում է Ալիեւի ու Էրդողանի ասածները, փորձում է օգտագործուել Արեւմուտքի ու ռուսների կողմից, ապա այդպիսինները սովորաբար պատրաստ են օգտագործուել նաեւ գործող իշխանութեան կողմից: Ես դա չեմ բացառում:
«7օր».- Իսկ նրանք, ովքեր ասում են, թէ նոր ուժի անհրաժեշտութիւն չկայ, եւ Տէր-Պետրոսեանը միակ այլընտրանքն է իշխանութեանը, չէ՞ք կարծում, որ իշխանական քարոզն են անում: Մենք ականատեսն ենք նոր տիպի գեղամեանների առաջացման:
ԵՐՈՒԱՆԴ ԲՈԶՈՅԵԱՆ.- Բնականաբար, նոր ուժի, նոր դեմոկրատական շարժման մէջ շահագրգռուած չէ ո՛չ իշխանութիւնը, ո՛չ էլ տէրպետրոսեանական թիմը, որովհետեւ այդ նոր շարժումն իսկապէս կարող է փոխել ամբողջ քաղաքական վերադասաւորումը՝ ի վնաս թէ՛ իշխանութեան, թէ՛ տէրպետրոսեանական շրջանակների:
«7օր».- Դուք նոր ուժի եւ ազգային-դեմոկրատական շարժման նախադրեալներ տեսնու՞մ էք: Հասարակական պահանջ կա՞յ:
ԵՐՈՒԱՆԴ ԲՈԶՈՅԵԱՆ.- Հայաստանի ապագայով մտահոգ իւրաքանչիւր քաղաքացի տեսնում է դրա անհրաժեշտութիւնը, որովհետեւ հասարակութիւնն ու պետութիւնն այնպիսի մի վիճակի մէջ են, որ այստեղ դրուած է Հայաստանի անվտանգութեան խնդիրը:
(Շար. 2 եւ վերջ)