ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺԻՇԿ ՀՐԱՉ ԵԱԴԵԳԱՐԵԱՆ
ԱՆՈՒՇ ԱԼԵՔՍԱՆԵԱՆ-ՀՈՎԵԱՆ
Մարդուս լիարժէք կեանքով ապրելու երախշիքը, նրա առողջութիւնն է: Ծնուած օրուանից մինչեւ մահ, կեանքը ընթանում է անկանխատեսելի փորձանքներով, հիւանդութիւններով, երբեմն էլ չյայտնաբերուած բուժուող եւ կամ անբուժելի ժառանգական հիւանդութիւններով: Հետեւաբար, անհրաժեշտ է ունենալ, մի վստահելի եւ ազնիւ ընտանեկան բժիշկ, որպէսզի հարկ եղած դէպքում, առանց երկմտելու, դիմել նրան: Հոգատար բժիշկի խնամքով է, որ հիւանդը ապաքինւում, եւ պահպանում է իր առողջ մարմինը, հոգին ու միտքը:
Պարսկաստանից Ամերիկա փոխադրուելով ու Լոս Անջելըս, Գլենդէյլ բնակուելով, ես եւ ընտանիքս, առողջութեան վերաբերեալ, դիմել ենք բազմաթիւ բժիշկների ու բուժական կենտրոնների, սակայն ձեր նկարագիրը եւ յոյս ներշնչող վերաբերմունքը հաւատք է ընծայել եւ ապահով ենք զգում մեզ: Փորձառութեամբ գիտենք, որ դուք միշտ պատրաստ էք առանց ուշացումի պատասխանել մեր հեռաձայններին:
ՀԱՐՑ.- Յարգելի Հրաչ Եադեգարեան, որտե՞ղ էք ծնուել: Ի՞նչ է ձեր մասնագիտութիւնը եւ ինչպիսի՞ն է եղել ձեր բժշկական գործունէութիւնը ձեր ծննդավայրում:
ՊԱՏ.- Ծնուել եմ Իրանի Աբադան քաղաքում, մի համեստ ընտանիքում: Հայրս ծնուած դաշնակցական էր: Իմ «Ես»ի կերտումը ընթացել է ընտանիքում տիրող հայրենասիրական ոգով: Նախնական կրթութիւնս ստացել եմ Աբադանի «Ադաբ» ազգային դպրոցում: Ապա Իրանի մայաքաղաք Թեհրանում, Թհրանի պետական համալսարանում ուսանել եւ վերջացրել եմ բժշկական բաժանմունքը ու մասնագիտացել եմ իբրեւ վիրաբոյժ: Այնուհետեւ իմ անձնական գործի հետ զուգընթաց, մօտ համագործակցութիւն եմ ունեցել Թեհրանի առաջնորդարանի եւ «Արարատ» կազմակերպութեան հետ: Եղել եմ «բուժարանի» եւ Հայկական բժշկական միութեան պատասխանատուն: Սիրայօժար կերպով, իւրաքանչիւր տարի Թեհրանի առաջնորդարանի նախաձեռնած Ս. Թադէ վանքի ուխտագնացութեան, հգուս պարտքն եմ համարել գնալ վանք եւ այդ ընթացքում անվճար հոգ տանել բազմահարիւր երեխաների առողջութեան:
1984 թուականին փոխադրուել եմ Ամերիկա եւ բժշկական արտօնութիւն եմ ստացել իբրեւ ընտանեկան բժիշկ: Ապա հաստատուել եմ Գլենդէյլ: 1990 թուից անցել եմ աշխատանքի:
ՀԱՐՑ.- Բոլորիս համար պարզ է, որ Ամերիկայում պայմանները տարբեր են: Իբրեւ ընտանեկան բժիշկ, ձեր հասկացողութեամբ, ո՞րն է բժիշկի կոչումը: Գիտենք, որ մարդու կեանքը կախուած է մազից. մի միջադէպի պատճառով, մարդը կարող է լուրջ վիճակի մատնուել եւ կամ մահանալ… Այդ դէպքում, մարդը շփոթուած եւ ստիպուած՝ կեանքը փրկելու համար դիմում է շտապ օգնութեան, քաջ գիտակցելով, որ բժշկակական սպասարկութիւնը մեծածախս է, իսկ անհատի ապահովագրութիւնը յաճախ՝ անբաւարար:
ՊԱՏ.- Ընտանեկան բժիշկի ամենահիմնական պարտականութիւնն է, որ միշտ պատրաստ լինի պատասխանելու հիւանդների հեռաձայններին: Այժմ իմ ձեռքի տակ է հիւանդների մի հեռաձայնացանկ, ես չեմ կարող բոլորին մի տեղ ընդունել գրասենեակում, նրանք սպասում են իմ խորհուրդին: Ես պիտի զանգեմ նրանց: Գիտեմ, որ հիւանդը, ու նաեւ նրա ընտանիքը, տագնապի մէջ են, չգիտեն ինչ անեն: Հիւանդի հետ խօսելով՝ յատուկ գաղափար ենք կազմում նրա վիճակից եւ աշխատում ենք ճիշդ ուղղութիւն տալ: Ինքը՝ հիւանդը, չի կարող իմանալ, թէ ի՞նչ է կատարւում իր հետ, վախի եւ հոգեկան տառապանքի մէջ է: Նախ պէտք է հանգստացնել նրան, ապա՝ իրեն ասել, որ քո տուեալներով շտապ չի պարագան, կարող ես սպասել, կամ՝ մի սպասիր եւ ամիջապէս դիմիր շտապ օգնութեան, «911»ին: Եթէ ես չհեռաձայնեմ, հիւանդը ամիջապէս գնում է շտապ օգնութեան կենտրոն: Դա շատ մեծ բեռ է դառնում շտապ օգնութեան կենտրոնի համար ու նաեւ գրպանի վնաս է՝ հիւանդի համար, որովհետեւ, դա փաստ է, որ իրօք շտապ օգնութիւն գնացողների մեծամասնութիւնը տեղին չեն գնում:
Բժիշկները մօտեցումով են իրարից տարբերւում, այլապէս՝ բոլորս էլ նոյն կրթութիւնը ունենք. ամէն մի բժիշկ, ըստ իր մասնագիտութեան, սովորել, սերտել ու լաւատեղեակ է հիւանդութիւնների երանգներին: Բոլորս էլ մասնակցում ենք բժշկական սեմինարներին, փորձառու ենք եւ նոյն մակարդակի:
ՀԱՐՑ.- Բժիշկի կոչում, ապահովագրութիւն եւ հիւանդի առողջութիւն: Յաճախ են պատահում դէպքեր, որ հիւանդը տուժում է ապահովագրութեան չգոյութեան պատճառով: Թոյլ տուէք հարցումս ուղղել օրինակով. Կիրակի օր, քաղաքից դուրս մի սրճարանում, 3 տարեկան մի աղջիկ երեխայի կրծքի վրայ տաք սուրՃ է թափում ու երեխան այրւում է: Ծնողը շփոթուած, խուսափելով շտապ օգնութիւնից՝ զանգում է երեխայի բժիշկին ու պատգամ թողնում: Մինչ այդ, մօտակայ դեղատունից ցաւազրկիչ քսուկներով, մի բարիացակամ բժիշկ օգնում է երեխային մինչեւ տուն վերադառնալը: Մենք զանգահարում ենք Ձեզ, 5 վայրկեան չանցած դուք պատասխանում էք եւ մեզ յուսադրում ու դեղորայք նշանակում: Երեխան հանգստանում ու քնում է մինչեւ լոյս: Մինչդեռ երեխայի բժիշկից լուր չկայ: Ի վերջոյ, 2օր անց մեզ յաջողում է երեխային տանել իր բժիշկի մօտ: Երկար սպասելուց յետոյ, մինչ երեխան անհանգիստ լացում էր, քարտուղարուհին կանչում ու ասում է ամենայն անփութութեամբ. «Ներողութիւն, երեխայի ապահովագրութեան ժամանակը վերջացել է, բժիշկը չի կարող նրան զննել»: Ի՞նչ կ՛ասէք, կարելի է այս կարգի բժիշկներին՝ բժիշկի կոչում տալ:
ՊԱՏ.- Ես կարծում եմ որ շատ քիչ են այդ կարգի բժիշկների թիւը, եւ՝ բժիշկի կոչումին անյարիր:
ՀԱՐՑ.- Համայնքում, իբրեւ գործօն բժիշկ՝ ինչպիսի՞ն է ձեր գործունէութեան դաշտը, լինի դա Ամերիկայում ու նաեւ Հայրենիքում:
ՊԱՏ.- Ստանալով գաղութից՝ աշխատում ենք այդ մի ձեւով վերադարձնել: Իբրեւ հայ, յանուն մարդկութեան, հայրենիքի եւ համայնքի, աշխատում ենք օգտակար լինել թէ՛ նիւթապէս եւ թէ բարոյապէս:
Բժշկական բնագաւարում ընդունում ենք անվճար հիւանդներ, ի հարկէ այդ սպասարկումը կատարւում է առանց յայտարարութեան, եւ ոչ այնպէս, ինչպէս սովորոյթ ընդունուած է այլ բժիշկների մօտ: Ունենք շատ մեծ թիւով այլազգ հիւանդներ: Արդէն 20 տարի է, ինչ մօտիկից համագործակցութիւն ունենք «Armenian Relive Center»ի (ARC) հետ, օժանդակում ենք թէ նիւթապէս, եւ թէ բժշկական համապատասխան սպասարկութիւն ենք մատուցում թմրեցուցիչով տառապող բազմաթիւ երիտասարդներին: Նիւթապէս եւ բարոյապէս օգնում ենք «Արարատ» կազմակերպութեան զանազան աշխատանքներին: Մի քանի տարի հովանաւորել ենք «Դաւթեան-Մարիամեան» կրթական հաստատութեանը, հայերէն դասագրքերի տպագրութեանը գործին:
Հիմնադրամի կեանքի կոչուելուց սկսեալ, նուիրատուութեամբ մասնակցել եմ հայրենիքի վերելքին: Բացի այդ, անձնական նախաձեռնութեամբ օժանդակել եմ Շուշիի, երաժշտական դպրոցի սարքաւորման ու նորոգութեան: Մարտունիի եւ յարակից գիւղերում նիւթապէս օգնել եմ ջրի մատակարարման խողովակների ցանցին: Անձնապէս այցելել եմ Հայաստան ու դեղորայք եմ մատակարարել բժշկական կենտրոններին: Սփիւռքի եւ հայրենիքի մէջ հովանաւորել եմ անհատ մտաւորականների գրքերի տպագրութեանը:
ՀԱՐՑ.- Ձեր հայրենանուէր նկարագիրը ցոլացւում է ձեր մասնագիտական գործունէութեան ոլորտներում: Ինչպէ՞ս էք համադրում ձեր ժամերը ձեր ընտանիքի հետ: Խնդրեմ ներկայացրէ՛ք ձեր ընտանիքի անդամներին:
ՊԱՏ.- 30 տարի է, որ ամուսնացել եմ. կեանքս վայելում եմ իմ սիրասուն կնոջ՝ Անէթի հետ: Ունեմ 2 զաւակ. աղջիկս՝ Թալինը, ամուսնացած է, որից ունեմ 2 թոռնիկ: Տղաս՝ Արթինը, իրաւաբան է, ամուսնացած է եւ իր կինը մանկաբոյժ է: Ընտանիքիս անդամները զգում ու հասկանում են ինձ եւ տարիների ընթացքում վարժուել են այս կեանքին:
Ես էլ մինչեւ այն ժամանակ, որ երիտասարդ էի, բնականաբար աւելի եռանդուն էի, աւելի դիւրին էր լայն գործունէութիւն ծաւալելը: Ներկայիս գործունէութեան «ռիթմ»ը շարունակելու եւ յարատեւելու համար, հրաւիրել եմ դոկտ. Սարօ Աւագեանին: Ի հարկէ շատ քիչ բժիշկ է ցանկանում իր փորձարական շրջանը անցկացնել աւելի երիտասարդի հետ: Բայց իմ ցանկութիւնս է, որ իմ փորձառութիւնը փոխանցել երիտասարդներին, եւ այդ խորհուրդով էլ հրաւիրել եմ նաեւ եռանդուն ու երիտասարդ Քորին Բենիասեանին, որ մասնագիտութեամբ՝ բժիշկի օգնական է (Physicians Assistant):
ՀԱՐՑ.- Ի՞նչ է հայկական հիւանդութեան նախանշանները, բուժուող է: Բժշկութեան առումով, ինչպիսի՞ առաջընթաց է ապրում: Արդեօ՞ք ժառանգական է:
ՊԱՏ.- Հայկական հիւանդութիւն, որ կոչւում է՝ Երեւանեան հիւանդութիւն: Այս հիւանդութիւնը աւելի շատ տարածուած է հայերի եւ հրեաների մէջ, եւ ընդհանրապէս Միջերկրական ծովի շրջակայքում է յայտնւում: Պարսկաստանում շատ էր տարածուած եւ յայտնաբերուած: Սկսում է ուժեղ փորացաւով ու ջերմութեամբ, որոշ հիւանդների մօտ՝ նաեւ սիրտ խառնուքով եւ գլխացաւով: Երիտասարդ տարիքում աւելի ուժեղ է ու աւելի յաճախակի է նոպաները սկսում: Ոմանց մօտ՝ ամիսը մէկ կամ երկու անգամ, ոմանց ալ մօտ՝ 2 ամիսը ու կամ աւելի ուշ: Տարիքը բարձրանալով՝ հիւանդութեան ընթացքը թուլանում է: Ցաւերը տեւում են 3-4 օր: Արդէն փաստուած է, որ այդ ժառանգական է ու խրախուսւում է, որ եթէ ընտանիքում հայր կամ մայր ունեն Երեւանեան հիւանդութիւն, անպայման երեխաները ստուգուեն: Բարեբախտաբար ներկայիս նոր դեղորայքով կարողանում ենք կանխել ընթացքը ու թուլացնել ցաւերը: Երեւանեան հիւանդութիւնը անբուժելի է, բայց ոչ մահացու:
Բաղձալի է, որ գաղութի հայ բժիշկները, անկախ մասնագիտական տարբեր ճիւղերի, ունենան ծաւալուն ու սերտ համագործակցութիւն, հանդուրժողականութիւն եւ աւելի համախմբուած ու նպատակասլաց ծրագիր: Այդ ուղիով պիտի կարողանան հայ համայնքին մատուցել բժկական լաւագոյն սպասարկութիւնները: Յատկապէս, յուժ կարեւոր է թիկունք հանդիսանալ երիտասարդ բժիշկներին: Համոզուած եմ, որ Սփիւռք-Հայրենիք բժիշկների համխմբումով ու համագործակցութեամբ պիտի կարողանանք կերտել առողջ, ուժեղ համայնք ու հայրենիք: