ԽՄԲԱԳՐԱԿԱՆ «ՎԷՄ»Ի
Անցած երկու տասնամեակներում Հայաստանից սկիզբ առած արտագաղթի հզօր ալիքը սկսել է լրջօրէն վտանգել նոր եւ նորագոյն ժամանակների մեր ազգային քաղաքականութեան հիմնասիւները՝ հողահաւաքի ու ազգահաւաքի առաջադրանքները, որոնք հայրենիքից հեռացող իւրաքանչիւր հայի հետ միասին՝ դանդաղօրէն տարանջատւում են իրարից։
Անկախ Հայաստանը, որը եղել է բազում սերունդների երազանքը, ներկայումս դարձել է ոչ թէ ազգահաւաքի, այլ ազգասփռումի հիմնական ազդակը։ Արտասահման տեղափոխուելու եւ այնտեղ հաստատուելու հիմնաւոր ու անհիմն պատճառների եւ անգամ պատրուակների փնտռտուքը սկսել է վերածուել իւրայատուկ հայաստանեան համախտանիշի։ Իսկ օտար երկրներում հաստատուած մեր հայրենակիցներից շատերը պատրաստ են դիմելու ցանկացած հնարքի, միայն թէ ապացուցեն, որ սեփական հայրենիքում իրենց հալածել են քաղաքական, կրօնական, տնտեսական եւ այլ դրդապատճառներով։
Եթէ տեղի ունեցող ողբերգութիւնը դիտարկենք ժամանակային աւելի լայն «պատուհանի» միջով, ապա կարող ենք եզրակացնել, որ բացի մայրաքաղաք Երեւանից ու Արարատեան դաշտավայրի մի շարք շրջաններից, Հայաստանը դանդաղօրէն հայաթափւում եւ ուժասպառւում է։ Բայց ամենավտանգաւորն այն է, որ հարազատ երկրում մնացողների մօտ հայրենիքի գաղափարը՝ «Մի կուռք, որի առջեւ անյիշատակ ժամանակներից ի վեր սերունդները գլուխ են խոնարհեցրել ճշմարիտ կրօնական երկիւղածութեամբ», սկսել է աստիճանաբար, բայց հետեւողականօրէն իր տեղը զիջել օտարման բարդոյթին։
Ուստի, երբ Մեծ Եղեռնի 95ամեակի հետ կապուած՝ հայրենի ցեղասպանագէտները փորձում են հիմնաւորել այդ յանցագործութեան համար Թուրքիայի պատասխանատուութեան հարցը եւ գտնել հայոց հայրենազրկման հետեւանքների յաղթահարման ուղիները, ժողովրդագրութեան մասնագէտներն անմիջապէս առաջադրում են հետեւեալ հակափաստարկը. մեր երկրի անկախութեան վերականգնումից յետոյ անցած տարիներին Հայաստանը լքել են ճիշդ նոյնքան՝ 1.5 միլիոն հայեր, որքան կոտորուել են 20րդ դարի սկզբներին՝ Հայոց Ցեղասպանութեան արդիւնքում։
Խոստովանենք, որ գիտնականների այս երկու խմբերի ախտաճանաչումները հաւասարապէս ճշգրիտ են՝ իւրաքանչիւրն իր ոլորտի համար։ Երբ դատարկւում է ճակատագրով մեզ բաժին ընկած փոքրիկ երկիրը, յաղթանակները, որոնց հիման վրայ ժամանակին ձեւաւորուել են Հայաստանի Հանրապետութիւնը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը, վերածւում են ծանրագոյն պարտութիւնների՝ հայրենատիրութեան ասպարէզում։
Անգամ 21րդ դարի սկզբներին՝ Հայաստանի տնտեսութեան աշխուժացման պայմաններում շարունակուող եւ մեր երկիրը արիւնաքամ անող արտագաղթի արմատները թաքնուած են.
ա) Հայոց պատմութեանը բնորոշ որոշակի օրինաչափութիւնների կրկնութեան,
բ) Հայաստանի Հանրապետութեան զարգացման գործընթացում առկայ ձեւախեղումների շարունակականութեան,
գ) համաշխարհայնացման արդիւնք՝ քաղաքակրթական ձգողականութեան օջախների ձեւաւորման գործընթացի յետնախորքում։
Սակայն, չմոռանանք, որ այս առարկայական պատճառները, ի վերջոյ, արտագաղթի մասին որոշման են վերածւում անհատական, լաւագոյն դէպքում՝ ընտանեկան-բարեկամական մակարդակների վրայ, ուստի անհնար է հասկանալ նման քայլի իմաստը՝ հայ մարդու գործողութիւնների խորքային շարժառիթներից դուրս։ Եւ շարունակուող արտագաղթի գիտականօրէն հիմնաւորուած ախտաճանաչումները հնարաւոր են միայն մարդակենտրոն աշխարհընկալման շրջանակներում։
Ժամանակին դեռեւս Կանտն է արձանագրել, որ ցանկացած գործընթաց կորցնում է իր իմաստը, եթէ կտրւում է մարդ անհատից, որը ոչ միայն միջոց է, այլեւ նպատակ։ Մեր պարագայում մարդու պրոբլեմի շարունակական անտեսումը յանգեցնում է առաջադիմութեան տնտեսաքաղաքական ու ժողովրդագրական չափորոշիչների տարանջատմանը։
Մեզանում այս երեւոյթն ունի նաեւ իր պատմական խոր արմատները։ Սեփական նպատակները պետութեան քաղաքական օրակարգից տարանջատելու գործելակերպը Հայոց պետականութեան կործանումից յետոյ՝ շուրջ մէկ հազարամեակ, եղել է անհատների բարդ խճանկարի տրոհուած հայ հանրոյթի իւրայատուկ «ինքնապաշտպանական զէնքը»։ Դարեր շարունակ մեր ժողովրդի քաղաքակրթական ներուժը խտացել է հոգեւոր հայրենիքի գաղափարով առաջնորդուող հայ անհատների մէջ, որոնց խճանկարը գոյատեւել է որպէս Հայաստանեայց եկեղեցու շուրջը համախմբուած կրօնական համայնք։ Այդ անհատների մեծ մասը որոշակի արարողութիւնների ժամանակ է միայն վերյիշել հայրենիք ունենալու փաստը, իսկ մնացած ժամանակամիջոցում առաջնորդուել է անհատական բարեկեցութեան տեսլականով։
Վերջին երկու դարերի ընթացքում, ազգային-ազատագրական պայքարի վերելքի հետ միասին, այս ասպարէզում որոշակի դրական տեղաշարժեր արձանագրուեցին։ Ձեռնարկուեց հայ անհատի դրական ներուժը՝ անհատականութիւնը հայրենիքի ազատագրութեանը ծառայեցնելու եւ նրանից «պետութիւն եւ պատմութիւն կերտող մի ազգ» ձուլելու հերոսական փորձը՝ ի դէմս ՀՅ Դաշնակցութեան քաղաքական պայքարի եւ նրա արդիւնք՝ Հայաստանի առաջին Հանրապետութեան։ Այս առաքելութիւնը, սակայն, երկար ժամանակով ընդհատուեց Հայաստանի խորհրդայնացումից եւ միջնադարում ու նոր ժամանակներում ազգի հաւաքական նպատակները մարմնաւորող Եկեղեցու եւ ՀՅ Դաշնակցութեան մեկուսացումից յետոյ։
Անշուշտ, խորհրդահայ իրականութեան մէջ եւս ձեռնարկուեց հայի անհատականութիւնը որոշակի հաւաքական նպատակների ծառայեցնելու փորձ, որը կարճ կեանք ունեցաւ։ Եւ արդէն յետստալինեան շրջանում կոմունիստական տեսլականի մէջ ամփոփուող կեղծ նպատակներին նորից սկսեց փոխարինել օտար եւ թշնամական միջավայրերում հայի ինքնադրսեւորման մինչպետական գործելակերպը՝ անհատական բարեկեցութեան ձգտումը։ Այն հիմնաւորում էր հայի համար օտար մարմինը՝ պետութիւնը, ցանկացած եղանակով իր անձնական նպատակներին ծառայեցնելու, իսկ եթէ դա չի ստացւում, ապա «որտեղ հաց՝ այնտեղ կաց» սկզբունքով առաջնորդուելու գաղափարը։ Արդյունքում՝ արդէն 1960-1980ական թուականներին, դեռեւս բարուօք վիճակում գտնուող Խորհրդային Հայաստանից սկիզբ առաւ նորագոյն շրջանի արտագաղթի առաջին ալիքը, որը հիմնականում ուղղուեց դէպի Միացեալ Նահանգներ ու նաեւ՝ Ռուսաստան, որտեղ հաստատուած հայերի մօտ ձեռք բերեց բաւականին սրամիտ հիմնաւորում՝ «աշխարհին՝ խաղաղութիւն, հայերին՝ փող»։
Պետութիւնը հայի համար օտար ինստիտուտ լինելու մասին հին նախապաշարմունքը իր նոր քննութիւնը բռնեց Հայաստանի վերանկախացումից յետոյ։ Նրանում հաւասարապէս դրսեւորուեցին ինչպէս «ազգի համար» կռուելու (Ղարաբաղեան պատերազմ), այնպէս էլ պետական սեփականութիւնը «իր համար» օգտագործելու միտումները։
Սակայն պատերազմի ու սեփականաշնորհման աւարտից յետոյ արտաքին ու ներքին ճակատներում մարտնչելու փոխարէն՝ առաջ եկաւ Հայաստանի համակեցական տեսլականի յստակեցման, այսինքն՝ պետութեանը ներքին իմաստ հաղորդելու եւ այն հայրենիք դարձնելու առաջադրանքը, որի հիմքը հաւասարակշռութիւնն է ե՛ւ արտաքին աշխարհի հետ ե՛ւ ներքին կեանքում։
Մինչդեռ այն փխրուն արտաքին հաւասարակշռութիւնը, որը Հայաստանը ձեռք բերեց 1990ականների կէսերին՝ Ադրբեջանին ու Թուրքիային երկարատեւ խաղաղութիւն պարտադրած հայ-ռուսական պայմանագրերի միջոցով, դարձաւ երկսայրի սուր, այսինքն՝ արտաքին ճակատում թշնամիներին զսպող, իսկ երկրի ներսում Հայաստանի համակեցական տեսլականի ձեւաւորմանը խանգարող գործօն։ Այս գործօնին ոչ թէ հակադրուեց, այլ փաստօրէն գումարուեց Արեւմուտքից սկիզբ առած արժէքային ներխուժումը, որը հիմնուած էր Երկիր մոլորակը ողջ մարդկութեան «ընդհանուր տուն» դիտարկելու աշխարհայեացքային մէկնակէտի վրայ։ Հայրենիքի գաղափարը սեփականի, «միութենականի» եւ համամոլորակայինի, այսինքն՝ իւրայատուկ «երրորդութեան» տրոհելու հենքի վրայ 1990ականների կէսերից (1995ի Յուլիսի 5ին սահմանադրութեան ընդունման, 1996ի նախագահական ընտրութիւնների ժամանակներից) Հայաստանում սկսեց ձեւաւորուել մի եռատուած համակարգ, որն իր հետ բերեց նաեւ սեփական «համակեցական տեսլականները» եւ դրանց կրողներին։ Այդ ամէնի հանրագումարը հիմնուեց այլոց հայրենիքներից բխող հիմնական արատների, մի կողմից՝ քաղաքական բռնութեան եւ կոռուպցիայի, միւս կողմից՝ դրամի աստուածացման եւ ապազգայնացման երեւոյթների վրայ։ Նման ձեւախեղուած տեսլականը անցած տարիներին իրացրեց ընդամէնը վարչակարգերի պահպանման գերխնդիրը։ Դրա հետեւանքով նորանկախ Հայաստանը վերածուեց շրջուած բուրգի, որի գագաթը կազմելու առաքելութիւնն ունեցող հայ ժողովրդի կամքը յայտնուեց ամենաներքեւում՝ ստեղծելով գոյութիւն ունեցող իշխանութիւնից՝ անհատի, հասարակութեան եւ ազգի օտարման երեւոյթը։
Դրան գումարուեց ազատական բարեփոխումների քօղի տակ Հայաստանում տեղի ունեցած մեծ խարդախութեան՝ խորհրդային բիւրոկրատիայի կողմից ազգային հարստութեան վերաբաշխում-վերաբաժանման օրինաչափ արդիւնքը՝ փողապետութեան ձեւաւորումը, որը պետական իշխանութեան գործառոյթները նոյնացրեց կոռուպցիայի հետ։ Այսպիսով՝ Հայաստանի երրորդ Հանրապետութեան քաղաքացի հայ անհատից քայլ առ քայլ խլուեցին քաղաքական իշխանութեան ձեւաւորման, տնտեսական գործունէութեան ազատութեան, անձի իրաւական ապահովութեան հնարաւորութիւնները։
Աւելին, դրան գումարուեց համաշխարհայնացման գործընթացի արդիւնք՝ քաղաքակրթական ձգողականութեան օջախների հզօր ազդեցութիւնը, որոնք սկսեցին դէպի իրենց քաշել արարելու ձիրք ունեցող հայ անհատներին։ Երկրում հաստատուած մենաշնորհային համակարգի պայմաններում Հայաստանի վրայ այս երեւոյթի ներգործութիւնը անհամեմատ աւելի ուժեղ է։ Պատճառն այն է, որ մեզանում շարունակում են գործել բնակչութեան խտութիւնը վարելահողերի եւ գոյատեւման համար անհրաժեշտ այլ պարզագոյն միջոցների մեծութեամբ պայմանաւորող՝ 19-20րդ դարերի սահմանագծի մալթուսեան օրինաչափութիւնները։ Մինչդեռ արտաքին աշխարհն այսօր ապրում է 20-21րդ դարերի սահմանագծի յետինդուստրիալ (յետ ճարտարարուեստականացուած-Խմբ.) հասարակութեան չափորոշիչներով, որում բնակչութեան աճը պետութեան համար վտանգ է ներկայացնում միայն այն ժամանակ, երբ կանխում է հասարակութեան ներքին բազմազանեցումը։ Իսկ երբ բնական պաշարները սպառելու փոխարէն մարդիկ զբաղւում են իրենց գործունէութեան ոլորտների տարբերակմամբ, «բնակչութեան աճը, բերելով նրա յետագայ բազմազանեցմանը, կարող է պայմաններ ստեղծել ազգաբնակչութեան է՛լ աւելի մեծ աճի համար», ինչը «դրա հետ միասին կարող է ծառայել իբրեւ նախապայման՝ քաղաքակրթութեան ցանկացած առաջընթացի համար՝ ինչպէս նիւթական, այնպէս էլ հոգեւոր ոլորտում»։
Ստացւում է, որ մեր ներքին արատների ողջ հանրագումարը, գումարուելով արտաքին առարկայական գործընթացների ներգործութեանը, բազմապատկող ազդեցութիւն են ունենում երկրից շարունակուող արտագաղթի վրա։ Որովհետեւ առկայ դժգոհութեան հզօր էներգիան ուղղորդւում է ոչ թէ դէպի ներս՝ Հայաստանի արդիականացման համար պայքարի հարթութիւն, այլ դէպի դուրս՝ արդէն իսկ արդիականացած միջավայրեր։ Քանզի անոմիայի (anomie) հայկական տարատեսակը եւս գործում է հասարակութեան առանձին բջիջների մակարդակի վրայ, որոնց ներսում «…միջանձային փոխյարաբերութիւնները չեն ենթարկւում որոշակի կարգաբերիչ ազդեցութեան»։
Դա է պատճառը, որ երկրի տնտեսական իրավիճակի քանակական չափորոշիչների բարելաւմանը զուգընթաց, կոռուպցիոն բնոյթ ունեցող մենաշնորհները չեն սահմանափակւում, այլ աւելի են մեծանում՝ հիմնուելով իշխանական լծակների օգտագործմամբ տարածքային եւ ոլորտային արտօնութիւնների ձեռքբերման ու պաշտպանութեան վրայ։ Հայաստանի քաղաքական, տնտեսական եւ անգամ հոգեւոր-մշակութային ոլորտներում ամէն ինչ բաժանուած լինելու մասին համոզմունքը առաջ է բերում օտարման երեւոյթը, քանզի հայ մարդը սկսում է մտածել, որ իր երկրում ինքը զրկուած է կայանալու եւ իր երեխաների ապագան կերտելու հնարաւորութիւնից։
Յաճախ մեզանում առկայ արեւելեան-աւանդական հասարակութեանը բնորոշ այս արատները բնութագրող ուսումնասիրողները դրանք սխալմամբ կապում են հայկական մշակոյթի առանձնայատկութիւնների հետ։ Մինչդեռ, իրականում այս երեւոյթները խորապէս օտար են մեր մշակույթի էութեանը, հայկական քաղաքակրթութեան քրիստոնէական բովանդակութեանը։ Քրիստոնէութիւնը հայ մարդուն դարեր շարունակ սովորեցրել է միմեանց սիրելու, ժուժկալութեան, հաւաքական նպատակների եւ «սուրբ գործի» համար նահատակութեան բարոյաէթիկական նորմերը։ Դրանք յետագայում դարձել են ողջ արեւմտեան քաղաքակրթութեան հիմնաքարերը, սակայն մեզանում, դժբախտաբար, սկսել են կորսուել մահմեդական տիրապետութեան շրջանում։
Նման երեւոյթի ներկայ դրսեւորումները վկայում են, որ անկախ Հայաստանում հայ մարդը փաստօրէն վերադարձել է արեւելեան բռնապետութիւնների հանդէպ իր աւանդական յարմարուողականութեանը՝ մոռանալով, որ նոր ժամանակներում ինքը հասցրել է մկրտուել եւրոպական քաղաքակրթութեան հիմնարար արժէքների նոր կերպաւորումը դարձած լուսաւորականութեան աւազանում։ Հէնց այդ աւազանում է ծնուել Միքայէլ Նալբանդեանի կողմից սկզբնաւորուած հայոց ազատութեան փիլիսոփայութիւնը՝ հայ ազատամարտի ու անկախ պետականութեան վերականգնման գաղափարախօսութիւնը։
Այսպիսով՝ Հայաստանի երրորդ Հանրապետութիւնում արձանագրուել է հայկական քաղաքակրթութեան հիմնարար արժէքների էական նահանջ եւ դրանից բխող՝ «ըմբոստ հայերի» թուաքանակի կտրուկ նուազում։ Այս իրողութեանը գումարուել է անհատի արժէքային ընտրութեան առաջադրանքը, քանզի պարզ-նիւթական պահանջմունքների փոխարէն, ժամանակակից աշխարհում աստիճանաբար մարդկային գործունէութեան հիմնական շարժառիթն է դառնում ճանաչման հասնելու ձգտումը։ Նման ձգտումը բախուելով վստահութեան խիստ ցածր մակարդակ ունեցող հայաստանեան հասարակութեան անտարբերութեանը, հայ անհատի տատանուող հայեացքն ուղղում է դէպի այն միջավայրերը, ուր մարդիկ կարող են բաւարարել ոչ միայն իրենց առօրէական պահանջմունքները, այլեւ ձեռք բերել հպարտութիւն սեփական գործի, գիւտի, ստեղծագործութեան համար։
Ախտաճանաչումների այս երկար շղթայից բխում է մեր հիմնական ախտորոշումը՝ Հայաստանի Հանրապետութիւնից արտագաղթելու միջոցով հայ անհատների մի մասը փորձում է հեռանալ ֆիզիկական Հայաստանից՝ անհիմն կերպով յուսալով, որ օտար ափերում կը գտնի հայկական քաղաքակրթութեանը բնորոշ արժէքների համակարգը՝ հոգեւոր Հայաստանը, որն իր հարազատ հողի վրայ ներկայումս վերածուել է դատարկ ձեւի՝ թանգարանային նմուշի կամ ազգագրական պարի։ Միւս մասն ընդհակառակը՝ արտագաղթում է ընդմիշտ, քանի որ նա օտարուել է ոչ միայն ֆիզիկական, այլեւ հոգեւոր Հայաստանից:
Խոստովանենք, որ ֆիզիկական ու հոգեւոր Հայաստանների միջեւ առկայ աղաղակող հակասութիւնը մեզանում անհերքելի իրողութիւն է։ Բայց միւս կողմից էլ անկյայտ է, որ հարցի նման դրուածքը սկզբունքային առումով տեսաբանական եւ աշխարհայեացքային նոնսենս (անհեթեթութիւն-Խմբ.) է, իսկ գործնական գետնի վրայ՝ պարզ ինքնախաբէութիւն։ Նոնսենս է այն պարզ պատճառով, որ որոշակի միջավայրի պտուղ հոգեւոր Հայաստանը կարող է ծլարձակել եւ աճել միայն հարազատ հողի վրա։ Ուստի երբ իր փոքրիկ հողակտորի «անապատացման» փաստն արձագանգող ազգի կենսունակ մասը ցանկութիւն է յայտնում լքել սեփական հայրենիքը, Հայաստանը մնում է մենաշնորհներ ունեցող կեղծ-ուժեղներին եւ դրանցից զուրկ անյուսալի թոյլերին։ Արդիւնքում՝ ազգն իբրեւ շարժուն (ու ոգեղինացած) հայրենիք, ներքնապէս խորթանում է անշարժ (ու նիւթականացած) հայրենիքից։ Եւ ինչպէս հոգեվարքի պահին, հայոց էութիւնը սկսում է տարանջատուել ձեւից՝ յուսալով գտնել իր գոյութեան նոր խարիսխները։
Մինչդեռ, եթէ միջնադարում, երբ մեր հայրենիքը զաւթուած էր օտարների կողմից, նման տարանջատումը երբեմն նպաստում էր հոգեւոր Հայաստանի վերելքին՝ հայկական գաղթօջախներում, ներկայումս՝ համաշխարհայնացման պայմաններում, այն ճիշդ հակառակ արդիւնքն է խոստանում։ Այժմ սկսել է գործել իւրաքանչիւր ազգային նաւի բարեյաջող նաւարկութեան համար պարտադիր՝ նաւահանգիստ ունենալու հրամայական պահանջը, առանց որի համաշխարհային հարթակներում ինքնադրսեւորուելու՝ հոգեւոր Հայաստանի փորձերը դատապարտուած են ձախողման։ Քանզի համաշխարհայնացման արդիւնք՝ ինքնադրսեւորման հնարաւորութիւնների բազմապատկումը յանգեցնում է նաեւ օտար ազդեցութիւնների բազմապատկմանը, ինչը ստեղծում է ինքնութեան կորստի սպառնալիք։
Ուստի, «ո՞վ է մեղաւոր Հայաստանում ստեղծուած վիճակի համար» հարցի պատասխանը կոնկրէտ միջավայրից դուրս փնտռելու փորձերը այն նոր «ամբոխային տրամաբանութիւնն» են, որն իբրեւ պարզ ինքնախաբէութիւն, յաճախ վերածւում է արտագաղթի խթանման լրացուցիչ ազդակի։ Իսկ դա նշանակում է, որ Հայաստանից արտագաղթի պատճառ դարձող երկու հիմնական հոգեբանական իրավիճակների ստեղծման մէջ մեղաւոր են ոչ միայն նրանք, ովքեր մեր երկրում ձեւաւորել են հայկական քաղաքակրթութեան արժէքներին հակասող արատաւոր համակարգ, այլեւ նրանք, ովքեր իրենց համակերպուող կեցուածքներով ու արտագաղթով օբյեկտիւօրէն նպաստում են այդ ամէնին։
Վերջերս Հայաստանում անցկացուած հետազօտութիւնների համաձայն՝ մեր հասարակութեան մեծամասնութիւնը նախընտրում է լռել, չբողոքել անարդարութիւնների դէմ, կամ էլ քննադատելով հանդերձ, վերջում համակերպուել ու «ծախուել»։ Սեփական հայրենիքում օտարուած հայի այս ինքնամփոփ, լուռ մեծամասնութիւնն է իրականում Հայաստանը մաշող արտագաղթի հիմնական սնուցիչը։ Նրա համար օտար են ե՛ւ առկայ համակարգը, ե՛ւ վերջին երկու տասնամեակներում իբրեւ դրա հակաթեզ առաջարկուող՝ ժողովրդավարութեան արտաքին կաղապարները կամ «ստանդարտները»։ Ուստի նման կերպ մտածողներից շատերը փախչելով՝ ազատում են իրենց աւելորդ գլխացաւանքից՝ հաւաստիացնելով, որ երբ Հայաստանում իրավիճակը կը շտկուի, իրենք հետ կը վերադառնան։ Իսկ ո՞վ է շտկելու իրավիճակը՝ դա չի հետաքրքրում այս նոր «ամբոխային տրամաբանութեան» հետեւորդներին, որոնք իրենց կամքից անկախ դառնում են Հայաստանում ձեւաւորուած արատաւոր համակարգի անսասանութեան եւ նրա յենարանը հանդիսացող հնազանդ մեծամասնութեան համակերպուողական վարքագծի գաղափարախօսները։
Եզրակացութիւնը պարզ է.
Երբ պնդում ենք, որ երկրի տնտեսաքաղաքական իրավիճակն անտանելի է եւ հայրենի հողի վրայ հայը զրկուած է ազատօրէն ինքնադրսեւորուելու հնարաւորութիւնից, մոռանում ենք, որ դրա համար մեղաւոր են նաեւ զրկուածներն ու անարգուողները, ովքեր իրենց իրաւունքների համար պայքարելու փոխարէն լուռ համակերպւում են, կամ՝ հեռանում։ Մեղաւոր ենք նաեւ մենք՝ ինքներս, որպէս հաւաքականութիւն՝ ազգ, հասարակութիւն, կուսակցութիւններ, կազմակերպութիւններ։ Եւ ամենակարեւորը՝ եթէ մեզանից իւրաքանչիւրը առաջնորդուի այն գիտակցութեամբ, որ անհատապէս հէնց ի՛նքն է մեղաւոր ստեղծուած իրավիճակի համար, համոզուած ենք, ապա կացութիւնն անպայմա՛ն կը բարելաւուի։
Հակառակ տրամաբանութիւնը նման է մարտի դաշտը լքելու, դասալքութեան արդարացմանը՝ հայրենիքի զաւթիչների աւելի հզօր լինելու «փաստարկի» միջոցով։ Եթէ այդպէս մտածէինք սրանից մօտ մէկ հարիւրամեակ առաջ եւ հայ յեղափոխութիւնը սկսելու փոխարէն հոգեւոր Հայաստանը փնտռէինք օտար ափերում, ապա այսօր չէինք ունենայ նահատակ հերոսների արեան գնով ձեռք բերուած սեփական հողի վրայ գոյատեւելու հնարաւորութիւն՝ անկախ Հայաստան։ Այսինքն, փաստօրէն, ոչինչ էլ չէինք ունենայ, քանզի առանց ֆիզիկական Հայաստանի վաղ թէ ուշ կը կորցնէինք նաեւ հոգեւոր Հայաստանը։ Ուրեմն՝ ոչ ոք իր «լաւ հայրենիքը» չի փոխանակի մեր «վատ հայրենիքի» հետ եւ այսօր ունենք այն, ինչին արժանի ենք այս պահին։ Եւ եթէ, իրաւացիօրէն պնդում ենք, որ սկզբունքօրէն արժանի չենք նման երկիր ունենալու ճակատագրին, ապա պէտք է ոչ թէ հեռանանք եւ ինքնաարդարացումներ փն-տռենք, այլ իւրաքանչիւրս մեր տեղում խոստովանենք՝ մեղաւորը ես եմ։ Քանի դեռ բացակայում է մեղքի սեփական բաժնի յստակ գիտակցումը, ստեղծուած կացութեան համար ուրիշներին մեղադրելը մեծագոյն սխալ է: Անհատական եւ հաւաքական պարտքի ու պատասխանատուութեան խրամատներից միայն կարելի է քննադատել այլոց վարքագիծը:
Ուստի ինչպէս հայ յեղափոխութեան արշալոյսին, այսօր էլ մեր գոյութեան հիմնասիւների տարանջատման վտանգը վանելու համար զգացւում է սեփական հողի վրայ օտարուած հայ հանրոյթին իր հիմնարար արժէքների համար պայքարի առաջնորդող գաղափարակիրների՝ լուսաւորիչների ու յեղափոխականների կարիքը։ Քանզի Հայոց պետականութեան ներքին ազատութիւնը վերանուաճելու համար անհրաժեշտ առարկայական պայմանները մեզանում արդէն հասունացել են: Բացակայում է ենթակայական գործօնն իբրեւ ազգի ինտելեկտուալ եւ գաղափարական փոքրամասնութեան միահամուռ կամք եւ բարոյական դատավճիռ: Մինչդեռ Հայաստանը նախեւառաջ բարոյականութիւն է, քրիստոնէական բարոյականութիւն, որը պարբերաբար ծառս է լինում իրեն շրջապատող միջավայրի կողմից պարտադրուող ասիականութեան դէմ:
Ուրեմն լուռ մեծամասնութեան պասիւ (կրաւորական-Խմբ.) բողոքն «ակտիւացնելու», մնալու եւ պայքարելու համար հոգեւոր Հայաստանին սկզբում անհրաժեշտ է ոչ թէ իշխանութեան, կամ «օլիգարխների», այլ հէնց սեփակա՛ն մեղքի գիտակցումը: Լոյսի նման խաւարը ճեղքող նման գիտակցութիւնից ծնունդ է առնելու Հայոց պետականութեան ապագայի հայկական ընկալումը՝ հիմնուած քրիստոնէական բարոյականութեան, դրանից բխող՝ ազատութեան փիլիսոփայութեան, հայի անհատականութեան զարգացմանը խոչընդոտող արգելքների վերացման, տնտեսական գործունէութեան ոլորտների բազմազանեցման, դրանից բխող՝ մասնակցային ժողովրդավարութեան եւ քաղաքակրթական ձեւերի մէջ կերպաւորուող հայկական էլիտար (վերնախաւային-Խմբ.) մշակոյթի վրայ։ Ազգի ընդարմացած ոգին արթնացնելով, նրան բանականօրէն ընկալելի համակեցական տեսլականով օժտելով ներկայ պահին հարկ է լուծել ընդամէնը մէկ խնդիր՝ արտագաղթի պատճառ դարձող հեղձուցիչ մթնոլորտի փոփոխութեան առաջադրանքը:
Հաշուի առնելով այն իրողութիւնը, որ ժողովրդագրական համաղէտի առջեւ կանգնած Հայաստանի քաղաքական վերնախաւի կողմից ներկայումս ձեռնարկուող քայլերը չեն հիմնւում շարունակուող արտագաղթի պատճառների եւ դրանցից բխող՝ համակարգուած ժողովրդագրական քաղաքականութեան վրայ, իսկ մեր հասարակութիւնը զգում է ստեղծուած աղէտալի իրավիճակի լուրջ վերլուծականների կարիքը, «Վէմ» համահայկական հանդէսը ընթերցողին է առաջարկում իր գիտական գնահատականները։ Շարունակելով Հայոց Ցեղասպանութեան 95ամեակի հետ կապուած նիւթերի հրապարակումը, եւ մասնակիօրէն սահմանափակելով պարբերական բնոյթ ունեցող մի շարք ուսումնասիրութիւնների տպագրութիւնը, հանդէսի ներկայ համարի առանցքն ենք դարձրել Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի, երկրում իրականացուող միգրացիոն քաղաքականութեան եւ ահագնացող արտագաղթի քննութեանը նուիրուած գիտական յօդուածները։
——————————————————————————————————————————————————————————-
Լոյս Տեսած Է «Վէմ»ի Նոր Թիւը
Լոյս է տեսել «Վէմ» համահայկական հանդէսի 2010թ. թիւ 2(30)ը, որում տեղ գտած հրապարակումների նշանակալի մասը նուիրուած է մեր հանրութեանը յուզող որոշակի հիմնահարցի՝ Հայաստանի ժողովրդագրական կացութեան, երկրից շարունակուող արտագաղթի քաղաքական, տնտեսական, եւ սոցիալ-հոգեբանական պատճառների գիտական քննութեանը։ Բացի ժողովրդագրական տեղաշարժերին վերաբերուող յօդուածներից, հրապարակուել են նաեւ դրանց բացասական ուղղուածութիւնը պայմանաւորող հիմնապատճառների՝ Հայաստանում հայ մարդու օտարման փաստի եւ կոռուպցիայի քննութեանը նուիրուած ուսումնասիրութիւններ։
Իսկ անփոփոխ մնացած՝ «Վէմ»ի հիմնական բաժիններում առկայ հրապարակումներից ուշագրաւ են բանասիրական գիտութիւնների դոկտոր Ալբերտ Մուշեղեանի «Արմին Վէգների յիշատակն անարգելու փորձ» ուսումնասիրութիւնը, որը գերմանացի պրոֆեսոր Մարտին Թամկէի կողմից հայ ժողովրդի մեծ բարեկամի հայանպաստ գործունէութեան առանձին դրուագները կասկածի տակ դնելու փորձերի փաստարկուած քննադատութիւն է։
Մ. Նալբանդեանի աշխարհայեցողութիւնը նորովի է գնահատել բանասիրական գիտութիւնների թեկնածու Արամ Ալեքսանեանը իր «Միքայէլ Նալբանդեան. ազատութեան փիլիսոփայութիւնը» հրապարակման մէջ։ Այս ծաւալուն ուսումնասիրութիւնը յաղթահարելով հայ մեծ մտածողին տրուած խորհրդային շրջանի քաղաքականացուած գնահատականները, նոր հորիզոններ է բացում նալբանդեանագիտութեան առջեւ։
Հանդէսի «Մշակոյթ» բաժնում հրապարակուել է Հայոց Ցեղասպանութեան թեմայով Վարդգէս Սուրէնեացի նկարների, ինչպէս նաեւ նկարչի ձեռքով արուած նորայայտ լուսանկարների քննութեանը նուիրուած՝ Շուշանիկ Զոհրաբեանի յօդուածը։
Պատմական գիտութիւնների թեկնածու Արտակ Մաղալեանի «Ղարաբաղի խանութեան ծագումը» յօդուածում վեր են հանուել Հայոց Արեւելից կողմանց 18րդ դարի պատմութեան նոր եւ խիստ ուշագրաւ դրուագներ, որոնց հրապարակումն ունի ոչ միայն գիտա-ճանաչողական, այլեւ արդիական-քաղաքական նշանակութիւն։
Հանդէսի «Վաւերագրեր» բաժնում տեղ են գտել 1894-1896թթ. համիդեան կոտորածներին, ինչպէս նաեւ Համազասպ Սրուանձտեանցի ու Կարօ Սասունու գործունէութեանը վերաբերող նորայայտ վաւերագրեր։