ՎԱՐԴԱՆ ԴԱՒԹԵԱՆ
ԹԵՀՐԱՆ.- Հայ ժողովուրդը ուր էլ որ լինի, ինչ հեռաւորութեամբ էլ որ գտնուի, չի կարող նոյնիսկ մէկ վայրկեան չյիշի մագնիսող Մասինսին, ու կենացներ չբարձրացնի այս սրբազան լեռան փառքի անսասանութեան համար:
Այս կարօտը աւելի շատ ակնյայտ է մանաւանդ սփիւռքահայերի մօտ, որոնք կամ սակաւ են հանդիպում այս լեգենդար էպոսին եւ կամ բոլորովին էլ չեն հանդիպել ու շատ յաճախ ուխտի են գնում նրա ալեհեր գագաթին եւ նոյնիսկ փէշերին:
Նրանք ամէն ինչը մեկնաբանում են Մասիսով ու Արարատով, եւ հնարաւորութեան դէպքում իրենց ամենաբախտաւոր պահերն ուզում են նշել Արարատի մօտ, Արարատի հետ: Ճիշդ այնպէս, որ մարդիկ ուխտում են իրենց զաւակներին մկրտել Արաքսի ափերին, կամ Ս. Թադէոս Առաքեալի վանքին յարակից ինչ որ ձորում կամ բարձունքի վրայ:
Եւ այսպիսի ապրումներով էր, որ մի խումբ իրանահայ երիտասարդներ, որոշեցին Հայ Յեղափոխական Դաշնակցութեան հիմնադրման 120 ամեակը եւ Լիզբոնում նահատակուած (1983 թուականի Յուլիսի 27) հինգ անձնազոհ մարտիկների յեղափոխական գործողութեան 27րդ տարեդարձը նշել Հայր Արարատի գագաթին:
Նրանք վճռակամ էին ու խրոխտ իրենց որոշումը գործադրելու մէջ, եւ այսպէս ամիսներ փորձեր կատարելուց յետոյ, առանց որեւէ մարմնի նիւթական օժանդակութեան, թուականիս Յուլիսի 16ին ԻրանԹուրքիայ՝ Բազերգան սահմանն անցան՝ Արարատ լեռը գրկելու կարօտով:
Նրանք Շաբաթ՝ Յուլիսի 17ին տեղաւորուեցին Բայազեդի հիւրանոցներից մէկում, եւ անհրաժեշտ պիտոյքներն առանձնացնելով առաւօտեան ժամը 4:30ին ճանապարհուեցին դէպի գագաթ: Լեռամագլցումը շարունակուեց մինչեւ Արարատ լառան 4000 մեթր բարձրութեան վրայ, որտեղ հանգստանալու համար վրաններ հաստատեցին:
Ինտերնետային կապերի միջոցով տղաները արդէն իմացել էին, որ Արարատի գագաթ բարձրանալու համար ամենայարմար պահը՝ հէնց յաջորդ օրը առաւօտեան մինչեւ ժամը 10ն է, որից յետոյ եղանակը մնալու հնարնուորութիւն չի տալու: 4700 մեթր բարձրութեան վրայ խմբին ընկերակցող Պարսիկ լեռնագնացներից մէկը իրեն վատ զգալով թուրք ուղեցոյցի հետ միասին ուղարկուեցին ցած:
Խումբը Կիրակի Յուլիսի 18ի առաւօտեան ժամը 1ին ճանապարհուեց եւ ժամը 8ին արդէն Արարատի գագաթին էին: æերմաստիճանը առաւել 10 էր իսկ քամու ուժանութիւնը՝ 21 կիլոմեթր՝ ժամում:
Յուզմունքն ու ուրախութիւնը միախառնուելով անասանելի կացութիւն էր ստեղծել: Միմեանց գրկախառնուած՝ ազգային յեղափոխական երգեր երգեցին: Առաջին առիթին հեռախօսակապ հաստատեցին Թեհրանի հետ ու բոլորին աւետեցին Մասիսի գագաթը գրկելու լուրը: Նրանք ապա ծածանեցին Հայաստանի եռագոյնը եւ Հ.ՅԴ զինադրօշը եւ երգեցին Սարդարապատը, «Արարատ լեռան» երգը («Դրօշ պիտի ծածանեմ վաղ թէ ուշ…») եւ այլ երգեր: Լեռնագնացները փորձեցին պինդ սպիրտի միջոցով կրակ վառել ու իրենց հետ բերած խունկը խնկարկել կուսակցութեան ու Լիզբոնի հինգ նահատակների յիշատակին, սակայն սաստիկ քամին այդ չթոյլատրեց ու նրանք խունկը թողնելով գագաթին, վայր իջան:
Նրանք յաջորդ օրը այցելեցին Վան քաղաքը, Վանայ լիճը, Ախթամար կղզին, Սուրբ Խաչ մատուռը եւ այլ տեսարժան վայրեր:
Խմբի թուրլիդէրը Իրանցի Մուսուլման հայրենակից՝ Ամիրաբադին էր, որը նաեւ տղաների հետ յուզուելով հեռւում հեկեկացել էր գագաթին: Խմբի մարզիչ եւ պատասխանատուն էր՝ Արա Ոսկանեանը, իսկ միւս անդամներն էին՝ Էդիկ Անդրէասեանը, Սարհատ Փափազեանը, Նժդեհ Անդրէասեանը, Նարբեհ Իսրայէլեանը, Վանիկ Սարխոշեանը, եւ Հարմիկ Աբդալեանը:
Յարկ է նշել, որ խումբը բաղկացած էր 14 հոգուց, որոնցից 7ը Հայ եւ 7ը Պարսիկ երիտասարդներ էին: Կարեւորն այն էր որ Հայ երիտասարդներից շատերը լեռնագնաց չեն եղել, սակայն վերջին ամիսների ընթացքում Արա Ոսկանեանի հետ մասնակցելով վարժութիւններին, կարողացան գրկախառնուել Արարատի հետ՝ դրա 5137 մեթր բարձրութեան վրայ: