ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
«Մերիդիան ստուդիօ»ի բակից հնչիւններն ակամայից ուղղորդում են դէպի սրահներից մէկը, որտեղ տասներկու տաղանդաւոր երաժիշտներ են, որպէս մէկ ամբողջութիւն ու միաժամանակ՝ իւրաքանչիւրն իր նուագարանով, իր մշակութային առանձնայատկութեամբ, իր անհատական զգացողութիւններով: Նման ներդաշնակութիւն պարգեւում է թերեւս միայն բնութիւնը, միայն տիեզերքն ունի աստղեր՝ միմեանցից այդքան տարբեր, միաժամանակ՝ այդքան համահունչ…
Հայաստան, Ռուսաստան, Միացեալ Նահանգներ, Վենեզուելա, Կուբա, Պուերտօ Ռիկօ, Շրի Լանկա՝ այս երկրների մշակութային առանձնայատկութիւններն իր մէջ ամփոփում է մէկ նախագիծ՝ «Արգելուած սրբեր» (Forbidden Saints), որ միաւորում է տարբեր ազգութիւնների տասներկու աշխարհահռչակ երաժիշտների: Նրանց շփման պաշտօնական լեզուն երաժշտութիւնն է: «Բոլորս խենթ ենք եւ պատրաստ խախտել կանոնները», այսպէս է մեկնաբանում նորաստեղծ խմբի անունը նախագծի մտայղացողներից Արմէն Մովսիսեանը, տաղանդաշատ ջութակահար, որ յայտնի է Եանիի, Ռէյ Չարլզի ու այլ ճանաչուած երաժիշտների հետ իր համագործակցութեամբ:
Արմէնն իր ընկերոջ՝ Վիկտոր Էսպինոլայի հետ, ում հայ հանդիսատեսը ծանօթ է Եանիի խմբից, մտայղանում են մի նախագիծ, որտեղ իւրաքանչիւր երաժիշտ պէտք է ներկայանայ նաեւ անհատապէս: «Մերիդիան ստուդիօ»ի տնօրէն Սեւակ Պետրոսեանի աջակցութեամբ, նախագիծն իրականութիւն է դառնում, համախմբելով այնպիսի երաժիշտների, ինչպիսիք են Արմէն Մովսիսեանը, Վիկտոր Էսպինոլան, Ալեքսանդր Ժիրոֆը, Ռամոն Ֆլորեսը, Ռուբէն Յարութիւնեանը, Կամօ Սէյրանեանը, Վոլտէր Ռոդրիգէսը, Հուսէյն æիֆրին, Ֆիտօ Էսպինոլան, Արչի Պենեանը, Հովա Բուրեանը, Տատեանա Սիմիչասնայան: «Ամէն ինչ սկսուեց անցեալ տարի, երբ մենք համատեղ մի ստեղծագործութիւն ներկայացրեցինք հայկական երաժշտական մրցանակաբաշխութեան ժամանակ: Դրանից յետոյ, որոշեցինք զարգացնել նախագիծը, ինչի մասին մտածել էինք դեռ Եանիի խմբում նուագելու տարիներին», պատմում են Արմէն Մովսիսեանն ու Վիկտոր Էսպինոլան: Ֆլամենկօ, փոփ, ռոք, դասական եւ այլ երաժշտական ոճերի համակցում տարբեր մշակոյթների նրբերանգների յաւելմամբ՝ սա է «Արգելուած սրբեր»ի ստեղծագործութիւնների ցանկը: «Նախագիծն աննախադէպ է իր տեսակով, քանզի մասնակցում են տարբեր ազգերի երաժիշտներ, որ իրենց մշակութային առանձնայատկութիւններն են ներդնում», նշում են երաժիշտները:
Համերգին մնացել է մի քանի օր եւ երաժիշտներին հանդիպելու յարմար միակ առիթը 10 ժամեայ փորձերի ընթացքում կարճատեւ ընդմիջումներն են: Առաջին անգամ նոր խմբի ելոյթը լսում եմ հերթական փորձի ժամանակ: Հայկական ռիթմեր, ծիրանափող, որ լրացւում է պարագուայական տաւիղի հնչիւններով, մեղեդին ամբողջացնում է ջութակը, որին միանում են կիթառը, հարուածային ու ստեղնաշարային գործիքները… հայկական ելեւէջները հետզհետէ լրացւում են լատինական ռիթմերով, այնուհետեւ ռուսական ակորդէոն… տարերք, ալեկոծութիւն՝ տիեզերական զգացողութիւն… երաժշտութիւնը վաղուց դադարել է, սակայն օդը դեռ ալեկոծւում է: Այդուհանդերձ յոգնածութիւն չկայ՝ միայն բաւարարուածութիւն ու փորձերը շարունակելու անյագ ցանկութիւն: Խմբի անդամների հետ զրուցելու համար օգտւում եմ ընթրիքի համար նախատեսուած քսան րոպէանոց ընդմիջումից:
Վիկտոր Էսպինոլա՝ տաւիղ, նուագում է Եանիի խմբում:
«Այս նախագիծն ինձ համար շատ մեծ նշանակութիւն ունի. համախմբուել են տարբեր ոճերում հանդէս երկող, տարբեր մշակոյթներ կրող երաժիշտներ, ինչն աննախադէպ է դարձնում մեր խումբը: Բազմաթիւ բեմերում եմ հանդէս եկել տաղանդաւոր շատ երաժիշտների հետ, սակայն այս նախագիծը շարունակում է զարմացնել ու յուզել ինձ ամէն ակնթարթ: Մենք միախառնում ենք տարբեր մշակոյթներ՝ առանցքում ունենալով հայկականը եւ դա անզուգական է»:
Արչի Պենեա՝ հարուածային գործիքներ, ինչպէս նաեւ՝ երգահան, երաժշտական արտադրող, եօթ անգամ ներկայացուել է «Գրեմի» մրցանակի: Պենեան յայտնի է Շակիրայի, Գլորիա Էստեֆանի, Մադոննայի, Ուիթնի Հիւսթընի հետ իր համագործակցութեամբ:
«Այս համերգն ապացուցում է, որ աշխարհն աւելի փոքր է, եւ մենք աւելի շատ ենք նման միմեանց, քան կարծում ենք: Տարբեր մշակոյթների, հաւատների ու աշխարհայեացքների տէր մարդիկ համախմբուել են մէկ նախագծում՝ երաժշտութեան շուրջ: Նախագիծն անձամբ իմ համար իւրայատուկ է նաեւ այն առումով, որ հայկական ու լատինական ռիթմերի միախառնումից հասկացայ, թէ որքան նմանութիւններ ունենք»:
Կամօ Սեյրանեան՝ դուդուկ, Հայաստանի Կոմիտասի անուան երաժշտանոցի դասախօս: «Բազմաթիւ առիթներ եմ ունեցել յայտնի երաժիշտների հետ տարբեր բեմերում հանդէս գալու, սակայն այս նախագիծը շարունակում է ինձ ապշեցնել. զարմացած եմ ու հիացած, թէ ինչպէս են օտարազգի երաժիշտները կարողանում այդքան խորը զգալ ու կատարել հայկական ստեղծագործութիւնները: Փորձերի ժամանակ, երբեմն այնքան եմ կլանւում նրանցից իւրաքանչիւրի կատարմամբ, որ բաց եմ թողնում իմ հատուածը:
Նախագծի մասին իրենց հիացմունքն են արտայայտում նաեւ խմբի միւս անդամները՝ թաւջութակահար Ալեքսանդր Ժիրոֆը, կիթառահար Ֆիտօ Էսպինոլան, բաս կիթառահար Հովա Բուրեանը, ստեղնաշարային գործիքների վարպետ, արտադրող, «Գրեմի»ի մրցանակակիր Փօլ Հոյլը:
Նախագիծն աննախադէպ է նաեւ նրանով, որ երկուս ու կէս ժամուայ համերգային ծրագրի շրջանակներում բացի ընդհանուր համարներից, խմբի իւրաքանչիւր անդամ հանդէս կը գայ անհատական կատարումով իրեն հոգեհարազատ ոճում:
Ընթրիքն աւարտւում է շատ արագ, երաժիշտներից ոմանք վաղուց արդէն նուագում են, միւսները՝ շտապում են փորձասրահ: Զրոյցից յետոյ… տարերային ակնթարթներ, երբ երաժշտութեան «սրբեր»ն անտարբեր են երկրայինի հանդէպ: Կրկին գայթակղիչ ռիթմեր, որ ակամայից շարժում են մարմինդ ու հոգիդ միաժամանակ…
Օգոստոսի 21ին Փասադենա «Սիվիք Օդիտորիում»ում «Forbidden Saints» խումբն առաջին անգամ կը ներկայանայ հանդիսատեսին՝ յայտնի ստեղծագործութիւնների նորովի մատուցմամբ, միաժամանակ նոր կատարումներով: Խումբը խոստանում է բաւարարել բոլոր ոճերի սիրահարներին՝ մատուցելով նաեւ հաճելի անակնկալներ: