ՍՏԵՓԱՆ ԹՕՓՉԵԱՆ
Բ.
ՀՀ արտգործնախարար Է. Նալբանդեանը սիրում է իրաւացիօրէն կրկնել. «Ես ստիպուած եմ հիասթափեցնել երկակի չափանիշներ քարոզողներին. ինքնորոշումը միջազգային իրաւունքի անվերապահ դրոյթ է, այն… ցանկացած ժողովրդի ազատութիւնն է՝ իր ապագան ու ճակատագիրը որոշելու, հաւաքական իրաւունքները պաշտպանելու, երբ այդ իրաւունքներն ու ապագան վտանգուած են։ եթէ ինքնորոշման իրաւունքը ստորադասուէր տարածքային ամբողջականութեանը, ապա ՄԱԿում միայն 52 անդամ պետութիւն կը լինէր՝ այսօրուայ 192ի փոխարէն» )«Ասպարէզ», 30 Սեպտեմբեր, 2009(։ Բայց մոռանում է, թեեւ գոնէ մասնագիտութեան բերումով միւսներից անհամեմատ լաւ պիտի գիտենար, որ նախ, քաղաքականութիւնում չկայ աւելի յարմար ծախու ապրանք քան ազատութիւնը, ապա՝ արձանագրութիւնները վաւերացնելուց յետոյ ոչինչ չէր մնայ այդ ինքնորոշման իրաւունքից։ Նման խնդիրներն այսպէս չեն լուծւում, այլ, ահա թէ ինչպէս–իսրայէլի վարչապետի աւագ խորհրդական Ուզի Արատը պնդել է, որ Սիրիայի հետ խաղաղութեան գինը հեռանալը չէ Գոլանի բարձունքից, որը «ռազմավարական, զինուորական եւ բնակեցման պատճառներով, ինչպէս նաեւ ջրի, հողատարածքի եւ գինիի համար» հարկաւոր է Իսրայէլին )տեսնու՞մ էք, նոյնիսկ գինին ուժեղը աւելի կարեւոր է համարում, քան ուրիշի ինչ-որ «ազատութիւն» ու «ինքնորոշում»(։ Ադրբեջանի հետ Արցախի խնդրով բանակցութիւններում դրութեան կոմիզմն այն է, որ իր արդար իրաւունքը հաստատելիս կարիք չունենալով խօսել ջրից ու գինիից, ինքնորոշման իրաւունքին զուգահեռ հէնց Հայաստանը պէտք է բարձրացնէր տարածքային ամբողջականութեան խնդիրը։
Ադրբեջանի հետ գործակցող նաւթային ընկերութիւններից ֆինանսաւորուող Վաշինգտոնում Հադսոն ինստիտուտի Եւրասիական քաղաքականութեան կենտրոնի ղեկավար թրքուհի Զեյնօ Բարանը նշել է՝ հայ-թուրքական սահմանի բացումը լիովին համապատասխան է Արեւմուտքի շահերին, քանի որ նպաստում է Ռուսաստանից եւ Իրանից Հայաստանի կախուածութեան նուազմանը «…ինչին երկար տարիներ չէր կարողանում հասնել ԱՄՆը, չնայած այդ երկրին հսկայական օգնութիւն էր տրամադրում… բացումը Հայաստանին կը մօտեցնի Արեւմուտքին… թոյլ կը տայ հայերին եւ թուրքերին միասին դիմել սեփական անցեալին եւ փորձել բարելաւել համատեղ ապագան» )«ժամանակ», Լ. Ա., 8 Սեպտեմբերի, 2009(։ ԱՄՆի նպատակը, այսպիսով, Կովկասում քաղաքական եւ տնտեսական գլխաւոր դերը իր ռազմավարական դաշնակից Թուրքիային յանձնելն է ի հակադրութիւն Ռուսաստանի եւ Իրանի։
«Ազատամտութիւն» օրաթերթը Դեկտեմբերի 8ին անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դաւութօղլուի «Այո, մենք «նէոօսմաններ ենք» յայտարարութեանը նշել է, որ Օսմանեան կայսրութեան քաղաքականութեան հիմքը եղել են զաւթողական պատերազմները եւ զաւթած երկրների ժողովուրդների ստրկացումը, ուծացումը, իսկ եթէ դա չէր յաջողւում, ապա ոչնչացումը։ «Նէոօսմանները քիչ են տարբերւում իրենց նախնիներից… սակայն 21րդ դարում գործում են «քաղաքակիրթ մեթոդներով»։ Որպէս օրինակ բերւում է Ղրիմում թաթարների եւ Վրաստանում թուրք-մեսխեթցիների հաստատման, յետագայում նրանց ինքնորոշման միջոցով, Կոսովոյի ալբանացման օրինակով թուրքական երկու նոր պետութիւն ստեղծելու Թուրքիայի գործադրած ջանքերը։ Նրանց «…պաշտպանութեան ջատագովը Եւրամիութիւնն է, հէնց որի պահանջով Վրաստանի եւ Ուկրաինայի իշխանութիւնները պէտք է սիրաշահէն նրանց, որպէսզի ապացուցեն հաւատարմութիւնը ժողովրդավարութեանը, մարդու իրաւունքների համաեւրոպական ու միջազգային չափանիշներին»։
Խիստ մտահոգուած այս միանգամայն իրաւացի մեկնաբանութիւնից, երկու օր յետոյ «ժամանակ.com» Հայ-ամերիկեան օրաթերթը ուղղում է «վրիպումը» անմիջապէս թարգմանելով ու հրապարակելով ոմն Սուաթ Կինիկլիօղլուի յօդուածը՝ կարող եմ պնդել, որ Դաւութօղլուն «նման տերմինաբանութիւն» )սխալ՝ թերեւս պէտք է լինէր «արտայայտութիւն»( չի օգտագործել։ Բայց բնաւ կարեւոր չէ «մենք իսկապէս նոր օսմաններ ենք» ասուել է թէ ոչ։ Թուրքիայի արտաքին ցեղամոլական քաղաքականութեան էութիւնը օսմանականից չի տարբերւում։ Կինիկլիօղլուն պնդում է, թէ «Թուրքիան իրենով խորհրդանշում է գոյատեւման ու փոխզիջման դարաւոր աւանդոյթները» եւ նրա արտաքին քաղաքականութիւնը «իմպերիալիստական տօներով ներկելու փորձերը ոչ միայն իրականութեան կտրուկ խեղաթիւրում են, այլեւ ահռելի անարդարութիւն՝ տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու անկեղծ ջանքերի նկատմամբ»։ Խաղաղութեան աղաւնու փետուրներով զարդարուած սոյն գրչակը եթէ «չիմանար» անգամ, Թուրքիան դարաւոր անհամար ինչպիսի ոճիրներով է զաւթել ներկայ տարածքները, չպէտք է որ առանց հեգնանքի տեղ գտնէր հայատառ որեւէ թերթում։ Հազիւ թէ չգիտակցի ե՛ւ թուրքերին յատուկ, ե՛ւ իր անուանը բնորոշ՝ կինիկ կեղծարարութիւնը։ Այդ կեղծիքը իբրեւ հերթական փափուկ բարձ հայ ընթերցողների գլխի տակ դնելով ի՞նչ նպատակ է հետապնդում «ժամանակ. com»ը։ Չգիտէ՞, որ թուրքերը քնած մարդկանց մորթելու վարպետներ են…
Ըստ Զբիգնեւ Բժեզինսկու՝ աշխարհի առաջատար ուժերից՝ ԱՄՆ, ԵՄ, Չինաստան, Ճապոնիա, Ռուսաստան եւ Հնդկաստան «…առնուազն երկուսը կամ երեքը ռեւիզիոնիստական գիծ են բռնել. Չինաստանը, վստահ սեփական ուժերին, դա անում է խաղաղասիրաբար, Ռուսաստանը՝ կայսերական անցեալի կարօտախտով՝ բարբարոսաբար, իսկ Հնդկաստանը, անտեսելով ներքին ազգային-կրօնական անհարթութիւնները՝ աշխարհի աչքին թօզ փչելով։ Նրանք բոլորն էլ ուզում են վերանայել աշխարհակարգը։ Այդ տէրութիւնների վարքը եւ յարաբերութիւնները… ապագայում է՛լ աւելի կը մեծացնեն ռազմավարական անորոշութիւնը» )«Մասիս», Լ. Ա., Հոկտեմբեր 31, 2009(։ Արդ, Բժեզինսկին ընդունում է ԱՄՆ-Չինաստան համագործակցութեան հիմնումը, հաշուի առնելով Չինաստանի «խաղաղասիրական» ռեւիզիոնիզմը։ Իսկ անընդունելին Ռուսաստանն է իր «բարբարոսական» ռեւիզիոնիզմով։ Բժեզինսկին ժամանակին, ԽՍՀՄ դէմ հարաւային սահմաններում իսլամական թշնամական գօտի ստեղծելու ծրագիր մշակեց, մասնաւորաբար՝ Ուսամա Բեն Լադենին ուղարկելով Աֆղանստան ահաբեկչական գործողութիւններ կազմակերպելու։ ԱՄՆի արտգործմինիստրութեան հսկողութեան տակ բենլադենական զինեալները փոխադրւում էին Ղրղզստան, ապա Ադրբեջան, Չեչնիա, Բոսնիա։ Թուրքիայում նրանց նստեցնում էին ՆԱՏՕի օդանաւեր։ Այդ երթուղով, մի կողմից զէնք եւ զինեալներ, միւս կողմից՝ դրամ եւ մեծաքանակ թմրանիւթեր էին փոխադրում Բելգիա, այնտեղից որոշ մասը Բրիտանիա, ապա ռազմական օդանաւերով ԱՄՆ, Չիկագօ )«Ասպարէզ» 1 Հոկտեմբերի 2009(։ Այն, որ ծաւալուող իսլամական արմատականութիւնը յետագայում ուղղուեց իր իսկ հրահրողի՝ ԱՄՆի դէմ, արդեօ՞ք Բժեզինսկուն նախազգուշացնում է հիմա էլ Ռուսաստանի «բարբարոսութիւնը» զսպելու նոր ծրագրի իրականացման վտանգներից։ «Գլխաւոր մարտահրաւէրը, գրում է նա, որին բախւում է դաշինքը գլոբալ անվտանգութեան համար, աննախադէպ ռիսկերն են։ Գլխաւոր սպառնալիքն այսօր ոչ թէ ազգային պետութեան ռազմաշունչ մոլեռանդութիւնն է, ոչ թէ ծաւալապաշտ տէրութեան գաղափարախօսական նկրտումներն են, այլ կրօնաքաղաքական շարժումները՝ զանգուածային զէնք ունենալու հնարաւորութեամբ» )նոյն տեղում(։ Վերջիններիս շարքում նկատի ունի Իրանը եւ Պակիստանի միջուկային զինանոցը թալիբանի զաւթելու հնարաւոր տարբերակը։
Մեզ հետաքրքրողը առաջին հերթին «ազգային» )ճիշտը՝ ազգայնամոլ( պետութեան ռազմաշունչ, ծաւալապաշտական նկրտումներն են. միթէ՞ դրա բնորոշ օրինակը Թուրքիան չէ։ Բժեզինսկու համոզմունքով նման երկրները բնաւ էլ գլխաւոր սպառնալիք չեն։ Ուստի դրանք ինչո՞ւ չեն կարող անհրաժեշտ դէպքում գործի դրուել այս կամ այն «բարբարոսին» զսպելու, անգամ տապալելու համար։ Բնաւ չեմ պնդում, բայց եւ չեմ բացառում, որ այս ընդհանուր ձեւակերպման ենթատեքստում թաքնուած է ազգայնամոլ, ռազմաշունչ, ծաւալապաշտ Թուրքիան Ռուսաստանի դէմ հանելու գաղափարը։ Յամենայնդէպս, Ռուսաստանի եւ Իրանի ազդեցութեան գօտուց Հայաստանը Թուրքիայի ազդեցութեան գօտի տեղափոխելու եւ Արեւմուտքի նպատակներին ծառայեցնելու խնդիրը, ինչպէս տեսանք, վերջինիս արտաքին քաղաքականութիւնում դրուած է որոշակիօրէն։ Որ Հայաստանը եւ հայ ժողովուրդը հերթական անգամ կարող են զոհաբերուել մեծ տէրութիւնների աշխարհաքաղաքական նկրտումներին անհաւանական չէ։ Թէ դրանից ինչ կը ստացուի, կարող է եւ չհետաքրքրել ծրագրի հեղինակներին, թեեւ նորութիւն չէ, նման ծրագրերը իրականանալով բումերանգի նման իջել են ծրագրողների ճակատին։ «Երբ նախկին ամերիկեան արտգործմինիստր Զբիգնեւ Բժեզինսկին Սովետական Միութիւնը Աֆղանստան ներքաշելու արկածախնդրութիւնը նիւթեց, յետագայում այդ մասին հպարտութեամբ յայտարարելով, հազիւ թէ պատկերացներ, որ այն ժամանակ արդէն կաւէ ոտների վրայ կանգնած սովետական հսկայի տապալումը տրամաբանական շղթայի առաջին օղակը կլինի, որը կը բերի երկուորեակ-աշտարակների ոչնչացմանը։ Ճիշտ այդպէս, ինչպէս եւ Բիլ Քլինթոնը տալով Հարաւսլաւիան ռմբակոծելու եւ մասնատելու հրամանը, դրանով իսկ ճանապարհ հարթելով նոր մուսուլմանական պետութիւններ ձեւելու առաջ, չէր կասկածում, որ իր քաղաքականութեան հետեւանքով բազմաթիւ զոհերով պայթիւններ կը լինեն Երուսաղէմում, Մադրիդում, Լոնդոնում եւ նոյնիսկ Ամմանում» )«7 դնեյ», Լ. Ա., 23 Նոյեմբեր, 2005, Բ. Շուստեֆի «Մուհամմեդը գնաց սարի մօտ» յօդուածը, ռուս.(։ Աւելացնենք, որ նշուած գործողութիւններով բնաւ չի սպառւում, մասնաւորաբար, Արեւմուտքի ծնած նոր մուսուլմանական պետութիւնների, ահագնանալու պատրաստ աւերիչ դերը։ Ս. թ. Ապրիլի 2ին Ահմեդ Դաւութողլուն հանդիպեց Անկարա ժամանած ԱՄՆի Ներկայացուցիչների տան պատուիրակութեան անդամներին, որոնց թւում Միացեալ Նահանգներ-Թուրքիա բարեկամութեան խմբակի նախագահ կոնգրեսական Էդ. Ուիթֆիլդին եւ խմբակի անդամ կոնգրեսական æիմ Մօրանին։ Հանդիպմանը քննուեցին Հայկական Ցեղասպանութիւնը ճանաչող թիւ 252 բանաձեւը, Թուրքիայի դերը Աֆղանստանում, Բոսնիայի եւ Սերբիայի միջեւ Թուրքիայի միջնորդութունը, թուրք-իսրայէլեան եւ թուրք-ամերիկեան յարաբերութիւնները։ Թուրքիան նոյնպիսի դեր է փորձում ստանալ Արցախի, ինչպէս Կոսովօ-Բոսնիա-Սերբիա հարցում։ Դժուար չէ նկատել, թուրքական ապագայ գերտերութիւնը մի ծայրում, իր քարտէզում ընդգրկելով, յենուելու է ալբանական պետութիւնների, միւսում՝ Պակիստանի վրայ, վերջինիս գերակայութեամբ։
Հնարաւո՞ր է յուսալ, թէ ՆԱՏՕում ԱՄՆի գլխաւորութեամբ միաւորուած երկրների ղեկավարները, թուրքական գերպետութեան ստեղծման աշխարհակործան վտանգից խուսափելու բաւարար բանականութիւն կ՛ունենան այն դէպքում, երբ համատեղ ուժերով ռմբակոծեցին Սերբիան Կոսովոն նրանից անջատելու եւ իսլամական ալբանական տիրոյթի վերածելու համար։ Հնարաւո՞ր է յուսալ, թէ նրանք յանուն թուրքական «երկու պետութիւնների» միաւորման կը հրաժարուեն եթէ ոչ Հայաստանը վերացնելու, առնուազն Արցախն ու Սիւնիքը Ադրբեջանին նուիրելու փորձերից։
Հանրայայտ է՝ Հայաստանը համաթրքութեան ճանապարհին ընկած այն քարն է, որը մէկդի գլորելով, կը հիմնուի նոր, աննախադէպ գերտերութիւն։ Աննախադէպ, քանզի ի տարբերութիւն զէնքի ուժով բազում ժողովուրդների միաւորող բոլոր նախորդ կայսրութիւնների, համաթրքականը մեծապէս միատարր կը լինի իր էթնիկական կազմով։ Բալկաններից մինչեւ Հեռաւոր Արեւելք, Միջերկրական ծովից մինչեւ Խաղաղ եւ Հիւսիսային սառուցեալ ովկիանոսներ, վիթխարի տարածքում իսլամական մի դրօշի տակ կը միաւորուեն մի արմատից սերած բոլոր թուրքալեզու ժողովուրդները։ Ուստի այն ազատ կը լինի տարբեր ազգերի տարբեր նպատակներից ծագող ներքին այն հակասութիւններից, հիմնականում որոնց պատճառով էլ կործանուել են միւս կայսրութիւնները։ Այդ հզօր, անծայրածիր տէրութիւնը որքան աւելի վտանգաւոր լինի առաջին հերթին եւրասիական Ռուսաստանի եւ արագօրէն գերտէրութեան վերածուող Չինաստանի համար, նոյնքան յաջողութեամբ կը ծառայի Արեւմուտքի աշխարհաքաղաքական նպատակներին։ Անզէն աչքով իսկ յստակ տեսանելի է՝ համաթուրքական ազգայնամոլ, ռազմաշունչ, ծաւալապաշտ այդ գերտերութիւնը վատագոյն դէպքում դանդաղօրէն կարող է հիւծել Ռուսաստանի Դաշնութիւնը, եւ ահռելի վտանգ դառնալ թէ՛ Չինաստանի, թէ՛ Հնդկաստանի համար։ Դրանով Արեւմուտքը կը պահպանի երկրագնդային հեգեմոն դերը։
Ամերիկեան մի ծրագրով նախատեսւում էր «…ոչ թէ Մեղրիի կամ Շիրակի, այլ ողջ Սիւնիքի )զանգեզուր եւ Վայք( տարանջատումը Հայաստանից եւ նրա փոխանակումը Քելբաջարի հետ։ Իրավիճակի կտրուկ փոփոխութեան պատճառը Ռուսաստանին ծնկի բերելու համար ԱՄՆ հանրապետականների կարծր թեւի մշակած այն ռազմավարական ծրագրի գործադրումն է, որը նախատեսում է Հարաւային Ասիայում ստեղծել մի իսլամական հզօր կայսրութիւն՝ Պակիստանի գերակայութեամբ։ Նրանում պէտք է ընդգրկուեն Թուրքիան, Ադրբեջանը, Միջին Ասիայի պետութիւնները, Աֆղանստանը, իսկ յետագայում նաեւ արաբական աշխարհի երկրներն ու անգամ Իրանը… պարզ է դարձել, որ Նախիջեւանում են արդէն գտնւում Վայքը եւ Զանգեզուրը արագօրէն իրենց վերահսկողութեան տակ վերցնելու համար անհրաժեշտ թուրքական 6 բրիգադ եւ ամերիկեան արագ հակազդման ուժեր» )տես «Հայոց Աշխարհ», 9 Նոյեմբեր, 2000, «Հայոց Աշխարհի» ռազմավարական հետազօտութիւնների բաժնի պատրաստած հաղորդումը(։
Այդ ծրագրում ի հարկէ կան խախուտ կէտեր՝ թուրքական երկրների միաւորման կռուանները հասկանալի են, սակայն դրա հետ Իրանի, Աֆղանստանի, յետագայում՝ արաբական աշխարհի երկրների միաւորումը աւելի շուտ երեւակայական ցանկութիւնների արդիւնք է քան հնարաւոր իրականութիւն։ Կրօնական ընդհանրութիւնը չի վերացնում մի կողմից թուրքական, միւս կողմից պարսկական եւ արաբական աշխարհների ներքին, յաճախ անհաշտ հակասութիւնները։ Միթէ՞ դրա ապացոյցներից չէ, թէկուզ, Իրաքում սիւննիների եւ շիաների արիւնահեղ բախումները՝ սիւննիները պայթեցրեցին անգամ շիաների իսլամական պատմական մեծարժէք շքեղ մզկիթը։ Հաւատացեալ մարդու անհաւատալի ոճրագործութիւն։
Պակիստանի գերակայութիւնը պայմանաւորուած է ե՛ւ աշխարհագրական դիրքով, ե՛ւ ԱՄՆի հովանաւորութեամբ ստեղծուած 65-90 ատոմային հրթիռով ու զինուժով՝ լրիւը 1.449.000 )Թուրքիայինը՝ 510.700(։ Պակիստանի նշանակութիւնը կարեւորւում է որպէս հակադիր ուժ Հնդկաստանին, անհրաժեշտ դէպքում՝ Չինաստանին։ Թէ ինչ չափով կարող է Պակիստանի հետ միաւորումը հետաքրքրել թուրքերին, առաւել եւս իրենց երկրորդական դերով, դժուար է ասել։ Յամենայնդէպս թուրքալեզու երկրների հետ միաւորուելու համար անհրաժեշտ կը լինի ընդգրկել նաեւ Միջին Ասիային սահմանակից Աֆղանստանը։ Ուստի Աֆղանստանում ԱՄՆի գլխաւորութեամբ ՆԱՏՕի անարդիւնք պատերազմը կը շարունակուի, ոչ միայն այդ պատճառով, այլեւ Աֆղանստանում մնալով, Հարաւ-արեւելեան Ասիայում իշխելու հնարաւորութեամբ։ Չինաստանի, Հնդկաստանի, Իրանի, Պակիստանի, Միջին Ասիայի հետ ընդհանուր սահմաններով նրա կենտրոնական դիրքը բացառիկ նշանակութիւն ունի։
Այս կամ նման մի ծրագրի գոյութիւնը, եթէ անգամ խանգարող այլ հանգամանքներ չլինեն, օդում կը թողնի Բժեզինսկու եւ Քիսինջերի ԱՄՆ-Չինաստան համընդգրկուն գործակցութեան գաղափարը։ Թեեւ Չինական լիդէր Խու Ցզինտաոն Բարաք Օբամայի ընտրութիւնից յետոյ յաւուր պատշաճի ասել է, որ հիմա Չինաստանի եւ ԱՄՆի «կոնստրուկտիւ համագործակցութիւնը» կարող է հասնել նոր մակարդակի ի բարօրութիւն երկու երկրների ժողովուրդների, սակայն ԱՄՆ-Չինաստան կայուն համագործակցութիւնը հազիւ թէ իրականութիւն դառնայ։ Այժմ իսկ յստակ է, որ ապագայ գերտերութիւն Չինաստանը իր գերիշխանութիւնը չի կիսելու որեւէ մէկի հետ։ Մերժելով Հնդկաստան այցելութեան ժամանակ ԱՄՆ-ի ծովակալ Թիմոթի Քիթինգի յայտարարութիւնը, թէ ապագայում Չինաստանը կը վերցնի Խաղաղ Ովկիանոսի արեւմտեան մասի հսկողութիւնը, իսկ ԱՄՆը՝ արեւելեան, ՉԺՀ Արտգործմինիստրութեան պաշտօնական ներկայացուցիչ Մա Չժաոսիւյեան շեշտեց. «Չինաստանը չէր կարող եւ նման առաջարկ չի արել ոչ մէկին… հաւատ չպէտք է ընծայել նման անպատասխանատու յայտարարութիւնների» )«Կուրյեր», Լ. Ա., 2-8 Յունիսի, 2009, ռուս.(։ Հսկայաքայլ առաջ ընթացող Չինաստանին հզօր հակակշիռ գտնելու նպատակով Վաշինգտոնը եւ Տոկիոն հովանաւորում են Հնդկաստանին։ Որքան էլ, սակայն լարուածութիւնը պահպանուի Չինաստանի եւ Հնդկաստանի միջեւ, հազիւ թէ հասնի երկուսի համար էլ կործանարար հետեւանքներով անհաշտելի հակամարտութեան։ Չնայած հակասութիւններին, աճում է երկու այդ հսկաների առեւտրական շրջանառութիւնը, շարունակւում է համագործակցութիւնը տարբեր, ինչպէս եւ ռազմական բնագաւառում։
Այսպիսով, Ռուսաստանը վերջնականօրէն խարխլելու եւ Չինաստանի առաջընթացը կասեցնելու միակ ազդու միջոցը մնում է համաթիւրքական գործօնը։ Շահագրգիռ վիթխարի ուժերը կը խուսափե՞ն ճանապարհ բացել համաշխարհային պատմութիւնում այդ աւերիչ հեղեղի առաջ, թէ՞ ոչ, չափազանց դժուար է պատասխանելը։ Բայց անկասկած, այդ միջոցը որպէս պահեստային տարբերակ կը պահպանուի եւ ծայրայեղ իրավիճակում կարող է գործադրուել։ Իսկ թուրքերն իրենց յատուկ խորամանկութեամբ արդէն պատրաստ են երկակի, եռակի, քառակի եւ որքան անհրաժեշտ է, դիւանագիտական խաղերի՝ մնալով Արեւմուտքի դաշնակից, աւելի սերտ յարաբերութիւններ հաստատել Չինաստանի, Ռուսաստանի, արաբական, պարսկական աշխարհների, նոյնիսկ ովկիանոսների հեռաւոր մասերում սփռուած զանազան կղզիների հետ։ Ի թիւս այլոց, ըստ «Թուդեյզ Զամանի» նման մի նոր ծրագիր է պատրաստել Թուրքիայի ընդդիմադիր Ազգայնական շարժում կուսակցութիւնը )«Ասպարէզ», 19 Դեկտեմբեր, 2009(։ Թուրքական դիւանագիտութեան ճկունութիւնը մշտապէս խարսխուել է տուեալ պահի գերադասութիւններին )յիշե՞նք թուրք-ադրբեջանական ճարպիկ խաղերը նորաստեղծ բոլշեւիկեան կառավարութեան հետ, արդիւնքում Հայաստանի ահռելի կորուստները(։ 2009ի Դեկտեմբերի 23ին Թուրքիան եւ Սիրիան միացեալ հաղորդագրութիւն հրապարակեցին շրջանը ատոմային զէնքից զերծ պահելու, Մերձաւոր Արեւելքում արդար եւ երկարատեւ խաղաղութեան, ապահովութեան, կայունութեան, Իրանի ատոմային ծրագրի դիւանագիտական լուծում գտնելու կոչով, հաստատելով Թուրքիայի կենտրոնական դերը տարածաշրջանում։ Նոյն նպատակով, Պաղեստինի արաբներին, ապա եւ Իրանին «սիրաշահելով», թուրքական կառավարութիւնը յեղակարծօրէն դուրս եկաւ դաշնակից Իսրայէլի դէմ։ Եթէ Իրանը հետախուզելու նպատակով Իսրայէլի ռազմական ինքնաթիռները փորձեն անցնել Թուրքիայի օդային տարածքով «հետեւանքները շատ ծանր կը լինեն» յայտարարեց Էրդողանը։
Հայաստանը վերացնելու, Ադրբեջանի հետ մի պետութիւն դառնալու դէպքում Թուրքիան չի բաւարարուի միայն Ղազախստանը 2717,300 քկմ., Ուզբեկստանը 447,600 քկմ., Ղրղզստանը 198,500 քկմ., Թուրքմէնստանը 488,100 քկմ. միաւորելով։ Նախկին ԽՍՀՄում առկայ 23 թուրքական լեզուներով խօսում էին 25 միլիոն մարդ )1970( խազարերէն, չուվաշերէն, թուրքմէներէն, պեչենեգերէն, գագաուզերէն, ղփչաղերէն, պոլովեցերէն, կումշիկերէն, կարաչայա-բալկարերէն, թաթարերէն, բաշկիրերէն, նողայերէն, չաղայաթերէն, նոր ոյղուրերէն, թուվիներէն, կարագասերէն, եակուտերէն եւ այլն։ Ռուսաստանի բոլոր թուրքալեզու ժողովուրդները իրենց տարածքներով նոյնպէս այդ գերտերութեան անբաժանելի մասերը դառնալու վտանգի տակ կը լինեն )թաթարստան, Եակուտիա, Թուվա, Չուվաշիա, Կարաչայա-Բալկարիայ եւ այլն(։ Աւելին, յետագայում, թուրքական գերտերութեանը կարող են միացուել նաեւ ոչ թուրքալեզու մուսուլմանական տարածքներ։
Դեռեւս 1998ին Մի շարք ամերիկեան աշխարհագէտ գիտնականներ դրանց թւում ԱՄՆի Պետդէպարտամենտի գլխաւոր աշխարհագէտը նախատեսեցին յետագայ 15-20 տարում Ռուսաստանի տրոհում 6 մեծ պետական միաւորների առնուազն 20 ոչ մեծ ինքնավար գօտիների եւ էթնիկ անկլաւների )«Պանորամա», Լ. Ա., Սեպտեմբեր 23-29, 1998(։ Հնարաւոր դառնայ այս նախատեսումը, պատմութիւնն ասես կրկնուելով, Ռուսաստանին կը դնի վերջին երկընտրանքի առաջ, կամ նորից ընկնել թուրքական )թաթար-մոնղոլական( լծի տակ, կամ ճարահատ դիմել անկանխատեսելի հետեւանքներով ծայրայեղ միջոցին՝ իր կուտակած ատոմային զէնքին։
Ոչ պատերազմ, ոչ խաղաղութիւն տարբերակը գնալով մեծացնելու է հակասութիւններն ու լարուածութիւնը, ասիական մայրցամաքը պայթեցնելով ներսից։ Չինաստանի Ոյղուրական Սիցզեանի խնդիրը իր հերթին, լարուածութիւն է ստեղծում Թուրքիայի եւ Չինաստանի միջեւ։ Կը կարողանա՞ն միանալ այդ ընդհանուր ահեղ թշնամու դէմ Չինաստանն ու Ռուսաստանը, առանձին խնդիր է։ Էականն այն է, որ Արեւմուտքը դիւրութեամբ չի հրաժարուի աշխարհի վրայ գերիշխող իր դերից։ Աշխարհաքաղաքական հսկայական շահերը ետ կը պահե՞ն Արեւմուտքին ինչ-որ փոքրիկ քրիստոնեայ Հայաստան իր 3 միլիոնից աւելի բնակչութեամբ կայէնաբար զոհ տալու գայթակղութիւնից, երբ անհրաժեշտ լինի, կը զոհաբերի ընդամէնը նաւթգազային իր շահերին։
Հայութիւնը թէ հայրենիքում, թէ յատկապէս Սփիւռքում մեծ ջանքեր է գործադրում Հայկական Ցեղասպանութեան միջազգային ճանաչման համար։ «Սատանական բանաստեղծութիւնների» նշանաւոր հեղինակ Սալման Ռուշդին նշել է՝ երբ Արեւելեան Պակիստանը դարձաւ անկախ Բանգլադեշ պետութիւն, տեսնելով, որ պարտւում են պատերազմում, պակիստանեան զօրքերը ցեղասպանութիւն իրագործեցին. «…համալսարանների դասախօսների, պրոֆմիութիւնների լիդէրների, լրագրողների՝ երկրի ողջ ինտելեկտուալ էլիտայի։ Կան ցեղասպանութեան փաստավաւերական հաստատումներ, լուսանկարներ, ցուցմունքներ եւ այլն։ Բայց մինչեւ այսօր պակիստանեան կառավարութեան ոչ մի անդամ կամ հասարակական գործիչ չի ընդունել այդ փաստերը, իսկ ով կը հաստատի, կը դառնայ Պակիստանի թշնամի» )«Վ նովոմ սուետէ», Լ. Ա., 20- 26 Մարտի, 2009, ռուս.(։ Նոյնը ինչպէս Թուրքիայում։ Եթէ հաշուի չառնելով այս ոճրագործութիւնը Արեւմուտքը թուրքական գերտերութիւնում գերակայութիւն է նախատեսում Պակիստանի համար, հաշուի չի առնի նաեւ Թուրքիայի ոճրագործութիւնները։ Արեւմուտքի բոլոր երկրներն անգամ ընդունեն հայերի ցեղասպանութիւնը, Հայաստանի ու հայ ժողովրդի ապագան դրանով ապահովուած չի լինի։ Այսօր ընդունեն նախորդ դարում կատարուածը, վաղը, իրենց շահը պահանջի՝ աչք կը փակեն ներկայ դարում կատարուելիքի առաջ։ )հաշուի առա՞ն, թէկուզ, Ադրբեջանում Սումգայիթից սկսուած ցեղասպանութիւնը(։
Այսպիսին է իրավիճակը այսօր, այդպիսին էր երեկ։ Օրինակ, 1998ի ապրիլին նորանկախ պետութիւնների հարցերով ԱՄՆի արտգործմինիստրի խորհրդական Ս. Սեստանովիչը ապրիլին Ներկայացուցիչների տան պալատում Ադրբեջանի մասին ասաց. «Այդ երկրի կառավարութիւնը բացայայտօրէն ամերիկեան կողմնորոշումով է տրամադրուած։ Այն մեզ օգնել է կասպիական էներգոռեսուրսների, զէնքի չտարածման, իրանական ահաբեկչութեան եւ Լեռնային Ղարաբաղի հարցերում» )«Գոլոս Արմէնիի», Ե., 2 Յունիսի, 1998 ռուս.(։ Ադրբեջանական կեղծ տեղեկութեամբ ԱՄՆին յաջողուեց նոր էմբարգօ պարտադրել Իրանին, սրելով իրավիճակը տարածաշրջանում։ «Օգնեց», ասենք, Իրան-Ադրբեջան սահմանում արգելափակել 22 տոննա ռուսական պողպատ, որն իբր ուղարկւում էր հրթիռներ պատրաստելու համար։ Ինչ վերաբերում է «իրանական ահաբեկչութեան» բացայայտմանը, այդ գործում Ադրբեջանի ներդրման իրական հիմք չկար։
(Շար. 2 եւ վերջ)