ԳՐԻՇ ԴԱՒԹԵԱՆ
Անձրեւի շաղից յետոյ պարզ ու ջինջ օր է գարնան, նստել եմ ծառի ներքոյ ձեռքումս մի հին մատեան: Մեր հայոց պատմութիւնն է Մովսիսա Խորենացւոյ, ու մեր սուրբ փոքր ածուն է ժեռ կամքով կուռ կոփածոյ: Կան եւ այլ հզօր ազգեր բանակած մեր սահմանին, հաւաքած զօրագնդեր սակրաւոր, բաբանային: Դարերի խորքից եկած ապրելու մեր բնազդով, բնազդը ամրակայած հայկական կուռ կոփուածքով, բնազդը բառաբանած մաշտոցեան երկաթգրով… Ազգային յարատեւման «Գաղափար Ա՛ Խօսութեամբ», հաւատքի հանգանական անխափան յաւերժութեամբ: Որ սնել ենք դարերի անխափան ոգորումով, պատմութեան աւանդների բանաւոր տքնութիւնով: Որ կեղծ չէ, այլ իրակա՛ն առօրեայ կեանք ու սիրով, իմ ու քո, ընտանեկան բախտով ու սուրբ բարիքով: Բախտով ու սուրբ բարիքով հայից հայ ու շէնից շէն դարձել է ազգուտակով հայրենիք ու ազգաշէն: Ո՛չ թէ կոյր, լոյսից էլ զուրկ սեւ մտքի գորշ կեղծութիւն. կեղծութեան կեղծիք, տզրուկ, գործուղուած դաւադրութիւն: Կանգնում ենք մեր ազգային Գաղափար Ա՛ Խօսութեամբ, հերքում ենք գորշ կեղծիքի սադրանքը խարդաւութեան: Ու կեցցէ՛, կեցցէ՛ յաւերժ հայ ազգն ու ժողովուրդը, մեր դատը հայրենավրէժ, սրբազան մեր խորհուրդը: Մեր ազգի պատմութիւնն է, մեր շահած կեանքն ու բախտը, հայրենի գոյութիւնն է, մեր սուրբ տուն ու դրախտը, Միացեալ Հայաստանը, Միացեալ Հայաստանը:
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
Ես եղայ այնտեղ: Քայլում էի կամարների տակ ու աւազանի ափերով, հանդիպում էի բոլորին, զգում էի, որ ես էլ նրանք եմ. լաւ էի զգում: Կամարների տակ ոգիներ կային, բոլորն էլ նմանում էին ինձ. նայում էին ինձ. ես սիրում էի նրանց: Սրտեր էին բաբախում. շաղ էր գալիս մի ամբողջ համայնք, մի անբողջ ազգ կամարների տակ ու ափերում. մտերիմ էին: Ոգիներ էին քայլում կամարների տակ եւ ափերին. երաժշտութիւնը հնչում էր մտերմութեան մեղեդիներով: Կամարները իմ ողներն էին՝ սեղմ գրկած կուրծքս. ոգիները իմ ոգին էին, սիրտս էին: Համայնքը շաղ էր գալիս մեղեդու թրթռոցով… Տրոփը սկիզբ էր առնում իմ սրտից. համայնքի սրտերը իմ սիրտն էին: Լոյսերը բռնկւում էին, շուաքները գունաւորւում էին լազերային երաժշտականութեամբ: Լոյսերը թարթում էին եւ երթեւեկը հոսում էր: Կեանքիս շնչառութեան արիւնը հոսում էր, բեղմնաւորում էր գիրկս հասունութեամբ ու քաղցրութեամբ… Ցորենհացի ըմբոշխնութեան յագութիւնը լիուլի էր: Առատութիւնը շահւում էր տառապանքով ու աշխատանքով, երջանկութեան մտադրութեամբ: Լոյսի կտոր երիտասարդներ կային, որոնց սիրահարւում էի. գիտէի, որ նրանք սիրահարուած են կեանքին ու հայրենիքին: Մի՛ վարակէք նրանց լուսամտութիւնը գլոբալացման ճիճուով, քանզի նրանք բախտաւորութեան, մարդասիրութեան եւ ապագայի արարիչներն են: Հայրենիք ունեն: Ապրելու բոլոր թէժութիւնների մէջ, շոգի մէջ ու քրտնութեան, եռուզեռի մէջ ու շփոթի, նրանք արարում են ազգային զովութիւն, որ իջնում է ոգիներին, կամարների տակ եւ ափերին, ստեղծագործական վայելչութեամբ, եւ դա լաւ է զգացւում: Ես եղայ այնտեղ եւ թողեցի ինձ այնտեղ իմ ողների կամարներով, իմ ունեցած սէրերի նուիրականութիւններով: Այլեւս ոչ ոք ինձ բացակայ չի՛ զգայ այնտեղ, քանզի ես նրանք եմ…
ՍԵՒԱՆՈՒՄ
Իմ սրտի մէջ ծփում է Սեւանը կապոյտ, իմ գրկում է Սեւանը կանաչ ու կապոյտ. նօսր մշուշը գգւում է մեղմիւ արեւին, մինչ ծփում է Սեւանը այս շոգ օրերին: Հորիզոններ եմ անցել շոգ օրերի հետ նժդեհական քայլերով թափառ ու անհետ, իմ երազի հետ եկել խառնուել նրան, մտել եմ գիրկը նրա ջերմ ու իրական: Ու ծփում է Սեւանը, սէրերս են ծփում, պսպղում են խիճերը սրտիս ափերում. խաղաղական ափերի հոգսերս թողել, երանելի մի տենչ եմ սրտումս ցանել… Արարատեան իմ տենչը՝ արեւը ծագի, այս ափերում արեւոտ իմ այգին ծաղկի, որ Զանգուով ես հոսեմ Երեւան ու տուն, ու պանդուխտին էլ լքեմ անցեալի հեռւում: Մեղմ ծփում է Սեւանը հիւրընկալ ու ջերմ, սրտիցս դուրս լուանում հին-հին կարօտներ. ալիքների կատարին փրփուրն է հալւում, տենչ ու սէրս ծաւալում լուրթ հորիզոնում…
ՁՈՐԱՄԻæԻՑ ԼԵՌՆ Ի ՎԵՐ
(Բնանկար)
Ահա գետը, որ հոսում է ձորամիջով. թէեւ չի ցուցադրում իր մէջքը, բայց խոխոջում է, վշւշում է, հնչեցնում է հովի շրշիւններ, զովութիւն… Ափերին ծառների նախիրն է ցրիւ, զգեստաւորուած մթին ստուերներով… Ճիւղերը թրթռում են հովի թեւերին, յանձնւում են ու չեն յանձնւում հովին, կերպարներ են նկարում յարափոփոխ ստուերներով… Ահա թիթեռը սպիտակ, որ խայտում է արեւի տակ, գահավիժում է վերից, իր միօրեայ չնչին բայց թանկագին կեանքով… Ահա մժեղը, որ անհետանում է միջոցում… Ահա տերեւները, որ սոսափում են, բարիգալստեան ու հրաժեշտի ողջոյններ են յղում կեանքին: Ծառերի ցրիւ նախիրը ձորագետի ափերից մագլցում է սարն ի վեր, մէջքմէջքի եւ ուսուսի, մինչեւ բարձունքները լեռնաբաշերի, ընդհուպ մինչեւ ամպերի գիրկը… Սարն ի վեր մագլցող ծառները հասնում են ամպերին, մտնում են ամպերի ծոցը, գրկւում են տարփանքով… Իմ հայեացքը բարձրանում է ձորամիջից լեռն ի վեր: Հետեւում է քեզ:
Դիլիջան, Դարավանդի ձորամէջ:
ԶԱՆԳՈՒԻ ԱՓԵՐԻՆ
Այս շոգ ու կրակ Երեւանում ահա զովացնող մի շերտ. Զանգուն է, որ հազիւ զրնգում է ձորում: Ազատ ու բնական ափերին սլքտում է Երեւանի կեանքը. անցեալի ինչոր մեղկութեամբ փոշոտ է ու կեղտոտ. մաքրութիւնը մնում է ցանկալի: Մշակուած ու կառուցուած ափերին մերկանում է Երեւանի կեանքը ներկայի բոլոր գունաւորումներով. եւ սուղ է, երբեմն էլ կեղծուած առատութեամբ ու թափթփոցներով… Արդարեւ, գունաւորում է հորիզոնը… Վատնուած ու կողոպտուած ափերին շռայլւում է կեանքը շփացուածութեան վերնախաւով, որ սողոսկում է մինչեւ Սեւան, հոսանքն ի վեր պղտորում է քամուող դիցուհու արցունքները: Արցունքներ, որ հոսում են հայրենների քչփչոցով, սիրոյ ու լոյսի հեքիաթով: Ճիգերի կուտակումով է որ սիրոյ արցունքները դարձել են լոյսի կաթիլներ եւ լուսաւորում են Զանգուի ափերը: Ափեր, որ ազատ են ու բնական, որ մաշուած են ու կառուցուած, որ շորթուած են ու մսխուած, որ ձգտում են հասնել գետափային քաղաքակրթութեան:
Հիանում եմ բանաստեղծ Գրիշ Դավթյանի բարձրարվեստ ստեղծագործություններով. արձակ բանաստեղծության նրա այս նոր ոճավորումը գրական նոր ճաշակով է գեղարվեստականություն նվաճում, զգացումներով հուզում է. մտածումներով վեհացնում է. տեղավորվում է ընթերցողի սրտի մեջ: