
Ժողովրդին Չես Խաբի
ԱԻԴԱ ՄԵՍՐՈՊԵԱՆ
«Այո, ճառեր քիչ են ասւում արդէն, որովհետեւ կարծես թէ այլեւս ասելու բան չկայ: Ամէն ինչ ասուած է: Եւ անկեղծօրէն, եւ կեղծաբար: Արդէն դադարել են չարաշահել նաեւ ժողովրդի սուրբ ու նուիրական զգացմունքները: Արդէն չես խաբի: Արդէն ոչ թէ պայքար մինչեւ վերջ, պայքար գաղափարի համար, պայքար Արցախի համար, այլ պայքար ժամանակ շահելու, անգաղափար, անծրագիր, աննպատակ» (1991 Յունիս, Ազատամարտ)
Ժամանակագիրներին ոչ ոք չի յիշում, սակայն նրանց ներկայացրած ժամանակն այն ամէնն է, ինչ մնում է մեզ պատմութիւնից: 90ականների սկզբի քաղաքական քրոնիկա (ժամանակագրութիւն-Խմբ.), որի կարիքն այսօր էլ ունենք, որը կօգնի մեզ հասկանալու, թէ որտեղ եւ ինչպէս ենք սայթաքել՝ մեր երազած հայրենքիը կերտելու գործում. այսպիսին է Մուշեղ Միքայէլեանի խմբագրականների ժողովածուն՝ «Ազատամարտ»ը: «Գիրքը օրագիր է, որ գրուել է ճիշդ մարդու կողմից, հայ մարդու կողմից: Ժամանակները փոխւում են, հարցերը փոխւում են, բայց հարցերի էութիւնը նոյնն է մնում: Եւ այդ առումով գիրքն ասելիք ունի», վստահ է ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանը:
Մուշեղը պայքարի ոգին էր, նրա գաղափարական մարտիկը, այսօր յիշում են ընկերները՝ հաւատալով՝ «Նրա գրքի հրապարակմամբ մենք շարունակում ենք նրա պայքարը»: Իսկ այդ պայքարը միայն ազգային-ազատագրական չէր, ու միայն Արցախի համար չէր, գոնէ Մուշեղ Միքայէլեանի համար. դա նոր հայ մարդու, ոչ կոսմոպոլիտ (աշխարհաքաղաքացի-Խմբ.), ոչ խորհրդային մտածելակերպով, ազգային ակունքներին հաւատարիմ հայի կերպարի ստեղծումն էր: «Հասկանում էր, որ մէր առաջին խնդիրը միայն պայքարը չէ: Մենք պէտք է սերունդ դաստիարակենք, նոր մտածելակերպ մշակենք, անենք այն, ինչ այսօր նոր է պարզւում, որ պակաս է: Բոլորս նետուեցինք ազգային-ազատագրական պայքարի նիւթական մասն ապահովելու՝ կռիւ, զէնք զինամթերք, ու հիմա բոլորս հասկանում ենք, թէ ինչպէս բաց թողեցինք այն, ինչի կարեւորութիւնը մատնանշում էր Մուշեղը: Նոր մարդու անհրաժեշտութիւնը: Եւ նա փորձում էր նոր մարդ ստեղծել «Ազատամարտ»ի խմբագրատան մէջ, յիշում է ՀՅԴ Բիւրոյի անդամ, ԱԺ պատգամաւոր Վահան Յովհաննիսեանը:
Սա ուղղակի գրքի շնորհանդէս չէ: Սա Մուշեղին ժպիտով յիշելու հիանալի առիթ է, խոստովանում են «Ազատամարտ»ի խմբագրապետի հարազատներն ու ընկերները, նաեւ մարդիկ, ովքեր խոստովանում են՝ իրենց գաղափարական ու քաղաքական մկրտութիւնը ստացել են հէնց Մուշեղի ու «Ազատամարտ»ի շնորհիւ:
Գրքի խմբագիր Ռուբէն Յովսէփեանը, ով կազմել է «Ազատամարտ»ի տարբեր համարներում տպագրուած յօդուածների ընտրանին, վստահ է, որ այն այսօր կարող է ուղեցոյց լինել լրագրողների համար՝ իրական խնդիրներն ու սկանդալները տարբերելու հարցում:
Եթէ այսօր Մուշեղը ողջ լինէր՝ կ՛անդրադառնար բոլոր ցաւոտ խնդիրներին, բայց ամենաշատը նրան կը տանջէր բարոյահոգեբանական մթնոլորտը, որի մասին չէր լռի, կարծում է խմբագրապետի ընկեր Հրանտ Մարգարեանը՝ աւելացնելով. «Վստահ եմ, որ մեզ էլ չէր խնայի, եթէ լինէր, մեզ էլ կը քննադատէր: Ինքը միշտ այդ դերն էր ստանձնում՝ ասում էր՝ ժողովրդի ձայնն եմ: Եւ դրա մէջ կա՛ր իրականութիւն: Այդ առումով ինքը անխնայ էր, եւ հէնց դրա մէջ էր իր արժէքը»:
ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչը նաեւ խոստովանում է՝ այն օրերին Հայաստանեան կառոյց ձեւաւորելու հարցում Մուշեղ Միքայէլեանն եղել է գլխաւոր խորհրդատուն՝ «Եթէ չլինէր Մուշեղը, մենք այդ օրերին շատ կոպիտ սխալներ կ՛անէինք, ինքը չթողեց՝ մենք սխալուենք»:
Գուցէ այսօ՞ր էլ «Ազատամարտ»ի խմբագրապետն իր սթափ ու տեղին հարցադրումներով ու դատողութիւններով դեռ փորձում է կանխել բոլորիս՝ քաղաքական գործիչների, նաեւ մեր՝ լրագրողներիս, ուղղակի հայ մարդկանց սխալները, սխալներ, որ անհետեւանք չեն մնում երբէք: «Ինչո՞ւ չենք ուզում հասկանալ, թէ ինչ կարող ենք անել եւ ինչ չենք կարող: Եւ ինչն ինչպէս պէտք է անենք: Եւ ինչը, որ չենք կարող, ինչպէս չպէտք է անենք: Յամենայնդէպս ժողովրդին չես խաբի (1991 Յունիս):