ԳՐԻՇ ԴԱՒԹԵԱՆ
ՍԷՐ
Ես գիտէի, որ կրակի պէս ես, որ չպիտի դիպչել, որ կ՛այրես… Բայց ցանկութիւնս շատ էր, եւ սէրս մեծ էր… Ու դիպայ… Տեսնո՞ւմ ես ինչ գեղեցի՜կ եմ այրւում…
ԱՆՀԱՄԱՁԱՅՆՈՒԹԻՒՆ
Գարնան մի անուշ օր կանգնած էինք այգում, հէնց այնպէս, աննպատակ, նայում էինք հորիզոնին: Նայեց ինձ բնազդական, անորոշ հայեացքով ու ասաց. «Գիտե՞ս, այն հեռուներում ինչոր մօտութիւններ կան»: Չհաւատացի ասածին, բայց սիրեցի նայուածքը…
ՍՐՏԱԽՈՐ
Մտապատկերը, որով ուզում էի գեղեցկութիւնդ քանդակել, կորցրի սրտիս խորխորատում, ուր քեզ էի փնտռում. չէ՞ որ քո տիրոյթն է այն, ուր իշխում ես անվկանդ: Հեռաւոր հորիզոնների ծաւալները խորացնում են սէրս, դարձնում են բորբ ցանկութիւն. նուիրումս ճառագում է արեւի նման, եւ օրս բացւում է գրկիդ նման տաք ու փափուկ… Տաք ու փափուկ… Ես յիշում եմ այն հեքիաթը, որ քեզ շատ էր դուր գալիս, որով հրճւում էիր իմ պատանութեան նման, երբ պարտէզում բռնում էի ծաղկեծաղիկ խայտացող երփներանգ թիթեռին… Երփներանգ թիթեռին… Ա՜յ, այդ մտապատկերն է, որ կորցրել էի սրտիս խորխորատում… Որ գտնում եմ գրկումդ տաք ու փափուկ… Տաք ու փափուկ… Քո գիրկը իմ սրտի խորքն է, տաք ու փափուկ…
ԳՈՒՆԵՂ
Իմ սիրած բիւր բոլոր գոյները հիւսուել են, կազմել են ծիածան. գունեղ են, նման են տենչերիս նարօտին… Օրերի օրօրը կշռոյթն է մեր կեանքի, մեր կեանքի խենթ պարի, երփնաւէտ ոլորտում օրերի… Զուգուել ես իմ սիրած գոյներով հարազատ, հեքիաթի իմաստով բեղմնաւոր, հնձածս իղձերիս բերքերով լիացած, սիրածս գոյներով զարդարուած… Յարդարուած վաստակիս հաճոյքով ու կեանքիս պատմութեամբ, հեքիաթի արգաւանդ խորհուրդով… Տենչերիս արտերի գոյները հիւսել եմ ծիլ ցօղուն առ ցօղուն, կապել եմ լի խուրձը տքնանքիս. մեր կեանքի այս ցրիւ ծաւալում, ու բարու յոյսերով կաթնծիր իմ ճամբան եմ ճեմում, քաղում եմ վարդերը երազիս: Թեւանցուկ սեղմուիր կիպ սրտիս, գոհութիւն յագուրդող ջերմութեամբ, թող սահի օրերի հոլովը յամեցող գրկախառն ցանկութեամբ, որպէսզի հասնենք մեր բաւութեան լի կութքին, բերկրութեան… Բերկրութեան հրաշքի բիւր բոլոր երփները հիւսուել են, գունեղ են սիրութեամբ…
ՆԱՅՈՒԱԾՔ, ՍԷՐ ՈՒ ՀԱՄԲՈՅՐ
Նայում էինք իրար, նայում էինք… Սիրում էինք իրար, սիրում էինք… Ու երբ համբուրում էինք, բուրում էինք, համբուրւում էինք… Նայուածք, սէր ու համբոյր, պտղաւորւում էինք… Մանկութիւնն էր ծլում մեր սրտերում, մանկութիւնն էր ծաղկում մեր գրկերում, մանկութիւնն էր խաղում մեր ծունկերին… Ընտանիքւում էինք, ընտանիքւում…
æԻՆæ
Այս ինչքա՜ն ջինջ ես, որպէս չգործած մեղքի արտասուք, աչքիցս կաթող մի երազ գուցէ, որ անհետել է վաղ այգեբացին շքեղ, պերճաշուք հայեացքը թողել տենչող նայուածքիս… Լաւի պաշտամունք ու վատի հերքում. մանկութեան ելմունք. ծերութեան անկում. կեանքի ու մահուան իրապաշտական ըմբռնում, ապրում ու գնահատում… Բարկութեան շանթը շեղբն է յեսանել գթութեան սալին… Արցունքս հանց աստղ ուզում է կաթել սուգիս խաւարին ու լուսաւորել որպէս ցնծութիւն, որ երգս հնչի… Երգիս պղնձեայ ծնծղան է զնգում՝ պղնձեայ ծիծաղ, որպէս ապրումիս խորունկ զգացում, հանց կեանքիս անձնեայ մաղթանք սիրախում, ջինջ ու վեհազնեայ… Այս ինչքան ջինջ ես որպէս արտասուք… Իմ յոյսը հանց բոց ուզում է վառել անյուսութիւնը, ցնծութեամբ լցնել ինձ ու աշխարհս, որի հաճոյքում ես պարեմ բախտիս երջանիկ թիռը, քեզ գրկած, սեղմած իմ ջերմին գրկի ջինջ կապուտակում… Աչքերիդ ծովում տեսնեմ ասուպներ, ցոլքեր լոյսերի հանց առհաւատչեայ յոյսի ու սիրոյ, նուիրուածութեան ու խոստումների… æինջ խոստումների… Այս ինչքա՛ն ջինջ ես որպէս չգործած մեղքի արտասուք…
ՀՐԱՇԱԼԻ
Իմ սիրած հոծ, բազում գոյները հիւսուել են ներդաշնակ, կամարել են վրաս ծիածան, գունեղ ու ծածանուող դրօշակ… Տենչերս նարօտի են նման, կարօտի գրգիռով ցոլում են գոյներով զանազան, յօրինում օրերիս պատկերը յիշարժան: Ճօճւում է հորիզոնը կապոյտ մեզ տանող ալիքի ծփանքով, սիրաւոր ցանկութեամբ վստահիր թեւերիս գգուանքին, որ սորուն կշռոյթը երկարի… Որ փնտռածդ լինի իրական, որ գտածս լինի նորովի, եւ առատութիւնը թող լինի լիութեամբ բաւարար… Օրերի պարգեւն է հրաշալի, հրաշքի նման ու… հրաշալի…
ՄԻԱՍՏՈՒԱԾՈՒԹԻՒՆ
Իմ երեւակայութեան երկնքում բազում ու բազմաթիւ են աստղերը, բայց խճողումներ չկան, ընդարձակածաւալ է երկինքս, բազում ու բազմաթիւ են աստղերը… Ահա թէժանում են աստղերս կրակներով ու սէրերով, լուսաւորում են սիրտս, սրտիս խորերը, սրտիս խորունկները… Լուսաւորում են մինչեւ անյատակը… Հեռաւոր ափունքների մաքուր կարօտներս, ծփացէ՛ք սրտիս ծովում արեանս յիշողութեան տառապանքով… Սէրերով հարուստ եմ, նուիրումներով ու ներողամտութեամբ շռայլ, քանզի սրտիս աղբիւրները ջրաւորել եմ արցունքներիս զուլալութեամբ, ուրախութեան ու տրտմութեան ալիքներով, հմայուածութեան անանձնականութեամբ, որ կեանքի աղն ու համն են… Իմ երեւակայութեան երկնքում բազում ու բազմաթիւ են աստղերը, եւ նուիրուածութեանս տիեզերքում եղել ու մնում է միայն մէկ աստուածութիւն, որին երկրպագում եմ ու պաշտում: