ՊԱՅՔԱՐ ԱՅԲՈՒԲԵՆԱԿԱՆ
ԳՐԻՇ ԴԱՒԹԵԱՆ
Մաքառումի դասն անողոք
Մենք սերտել ենք Վարդանանքով
Ու դարերի փոշու դիմաց
Տոկացել ենք հանց լեռ Մասսեաց:
Այժմ չի պատի ձեր հողմը բութ
Գագաթներին մեր ձիւնակութ,
Որ մխրճել ենք դարերի
Լուսաթաթախ գիրկն եթերի:
Այնտեղ Այբն է արեւ վառում,
Արդարութիւն աղաղակում:
Բենը բանի բուրվառն է սուրբ,
Բոց է բորբոք,
Բարձունք է լուրթ:
Գիմը գոյի գինեգաւն է,
Գիտութեան վեհ գերական է:
Դան՝ դաշնալուր դրուաբանը,
Սասմայ Դաւթի դիցականը,
Հայոց դպրոց, դասարանը:
Եչը երգ է ու երգերգոց,
Գողթան կուսանց անուշ յոգոց:
Զան զանգակն է մեր զօր զարմի,
Զրնգոցով ազատազնի:
Է՝ էութեան Էջմիածին
Էպոսը մեր էթնոսածին:
Ըթ՝ ընտանի, ընտանեկան,
Այլեւ ըմբոստ, ընդդիմական:
Թորգոմեան Թոն թոնիր է թէժ,
Ժայթքում է Ժէ հայրենավրէժ:
Ինին ինքեան իմաստութեամբ
Իմացութիւն է ինքնութեան:
Լիւն՝ լեզու է լեռնաստանի,
Մաշտոցական տեսլականի,
Որ սրբեղ է ու լուսածիր,
Լիանուագ, հնչիւնալիր:
Խորախորհուրդ, խազմական Խէն
Խիստ ու խրոխտ է ապաքէն:
Ծագեցնում է Ծան՝ ծիածան,
Կենի կամքով կոթողական:
Համազգային, համալեզու
Հոն՝ համօրէն է հայասուն:
Ձա՝ մատենից ձոյլ ձեռագիր
Ծաղկադրուագ, երկաթագիր:
Ղօղանջող Ղատ՝ ձայնեղ փանդիռ:
Ճէ՝ ճառագայթ ճշմարտութեան:
Մէն՝ իմաստը մեր մեծութեան:
Յին յիշատակն է մեր յաշտից
Նուիրական Նաւասարդից:
Նուն ներդաշնակ ներբող է նուրբ
Նպատակի նորոգ ու սուրբ:
Շա՝ շանթ է շէկ ու շկահիւն,
Ոգորումով Ո~ հմայուն:
Չարադրուժ Չան է չքնաղ,
Պակուցում է քանց Պէ պայծառ:
æինջ է ջեռ æէն,
æինջ է հանց ջուր,
Ծարաւաբեկ մի սառնաղբիւր:
Ռազմագոչ Ռան ռամիկ է ծուռ,
Փոցխը, մաճը, բահը ի բուռ:
Սէն սխրանքի սէր է ու սուր,
Վատութեան դէմ Վեւ սայրասուր:
Տիւն, Րէ՝ տարերք են տարափոխ,
Տարր արգաւանդ. բերրի մայր հող:
Ցոն ցանք է ցիր ցորեն արտի,
Ոսկուն ցոլանք ու ցօղ ցայգի:
Վիւնը փոքր չէ, ո՛չ էլ հիւծուած,
Հիւսուած նարօտ է երանգուած,
Ու թէ փողփայ, փայլատակի,
Փոթորիկը Փիւր կփրթի,
Քերթելու Քէ քնարական,
Քաղցրաբարբառ, քանքարական…
Տառ ու գրի գիւտ գերագոյն,
Ձեռամբ հզօր ու սրբագոյն
Մեծ Մեսրոպի,
Մեծ Սահակի
Փառքով անխախտ յաղթանակի,
Ոտքի է, օ~ն, վեհ պայքարի
Մեր դրօշն է տանում մարտի,
Ազգապահպան մեր խոյանքի
Ու սխրանքի,
Որ տքնական տոկունութեամբ,
Արարատեան տիտանութեամբ
Ամրակուռ է մեր հայութեամբ,
Հայոց լեզուով, աւանդութեամբ…
Արդ, մեր դիմաց, ո՛չ, չի պատի
Ձեր հողմը բութ ու տմարդի,
Քանզի վաղուց
Մաքառումի դասն անողոք
Մենք սերտել ենք Վարդանանքով:
——————————————————————————————————————————————
ՍՐԲԱԶԱՆ ԵՐԱԶ
Խաւար էր իջել աշխարհի վրայ,
Խաւար էր իջել ե՛ւ հոգիներին,
Լոյս չկար անգամ գունատ, հեռակայ,
Հսկայ անդունդ էր բացւում ահագին:
Անդունդի եզրին կանգնել էր դողդոջ
Մի ողջ ազգ, երկրով բաժան ու տկար,
Եւ չկար յոյսի ոչ մի քար թէ խոչ
Որին յենուելով չընկնէր փոս ու դար:
Արեւն էր ծագում ուրիշի~ համար…
Մեր դէմ խաւարն էր խաւարին պատում.
Եւ աշխարհային խաւարից խաւար՝
Հոգու խաւարն էր ազգին թրատում:
Եւ նա էլ քուն էր խաւարում այն մութ,
Ու խաւար կեանքով յղփանում էր նա…
Բայց ընդոստ… ծնուեց բոցով մի կապոյտ
Մի անմահ երազ՝ մեծ սրտում նրա…
Մի երազ ծնուեց հրով սրբազան,
Ու վառեց այն ինչ խաւար էր ու սեւ,
Եւ այն երազում գոյներ զանազան
Իրար մէրուեցին ու դարձան արեւ…
Ա~… արեւ՛, արեւ՛… նա ձեռքը մեկնեց,
Մութը ճեղքելով բռնեց արեւին,
Արեւին բռնեց… Ա~… աղաղակեց
Ու Ա՛ քանդակե՛ց երկնքի դէմքին:
Ա՛, այբ, նա գոչեց, արեւ ու Աստուած.
Ա՛, աշխարհարար, Ա՛, անմահութիւն.
Ա՛, աղբիւր կեանքի ամենատարած.
Ա՛, արդարութիւն, Ա՛, ազատութիւն…
Տառ տառ ծնւում էր հրաշքն անպատում
Ու մի կուռ բերդ էր յառնում բառ առ բառ,
Երկաթագրով հիմքն էր ամրանում,
Յարկն էր կամարւում երկաթաբարբառ:
Ամէն մի քիւը — սիւնը կայուն
Կաճառ էր դառնում սրբազան ուխտի.
Մատաղ սերունդն էր դպրութեամբ սնւում,
Բացում ակոսը ապագայ բախտի:
Կայծը ընկել էր խաւարի շեղջին
Եւ մէկի՛ց շեղջը բռնկուեց հրով
Ու բոցավառեց հոգու խաւարտչին
Գիտութեան լոյսի ազգային բառով:
——————————————————————————————————————————————-
ԺԱՅՌԱՆՄԱՆ
Մեր արմատները մենք մխրճել ենք
Լեռների կարծր ժայռերի մէջ,
Հիւթեղ աւիշը հանց կենսատու բերք
Ստանում ենք նոյն ժայռերից պերճ:
Թէեւ պատմութեան յեղյեղուկ ճամփում
Փոթորիկներն են ծեծել մեզ յար,
Բայց մեր փշրանքը աւազ չի դառել,
Այլ մնացել ենք անփշուր ժայռ:
Եւ մեր կողքերից ժայթքել են քարեր,
Քարեր, որ ժայռ են դարձել կրկին.
Մենք այդպիսով ենք միշտ յարատեւել,
Սնել ենք սերունդ ժայռի ժեռին.
Ու քանդակել ենք ժեռուտ ԱՅԲ, ԲԵՆ, ԳԻՄ…
————————————————————————————————————————–
ՄԱՇՏՈՑԵԱՆ ՍԵՐՈՒՆԴ
Հացեկած գիւղից եկած
Մեզ գիր բերեց որպէս հաց,
Մատեան բերեց՝ խօսք որպէս
Սրբելու մեր միտքը վէս.
Եւ մենք ողջ ազգով ապրել ենք ապա
Գործով ու մտքով, կամքով աներկբայ:
Կեանքի կարիքի մղումով վարժուել
Մենք սկսել ենք նաեւ սուր շարժել
Եւ վահանը պինդ մեր կրծքին սեղմել:
Այդպէս դարեր ապրել ենք մենք,
Ապրում ենք մենք ու դեռ կ՛ապրենք
Ե՛ւ մեր գործով,
Ե՛ւ մեր մտքով,
Ե՛ւ վահանին,
Ե՛ւ վահանով…
Այդ բոլորով:
Փառք ապրողին,
Սուրբ մաշտոցեան կուռ սերնդին: