ԱԼՎԱՐԴ ՈՒԶՈՒՆԵԱՆ
Հայ ժողովրդի պատմութեան մէջ դժուար է գտնել թէկուզ մի էջ, որ գրուած չլինի արեամբ, թէկուզ մի դարաշրջան որտեղ ազատ, մարդկայնօրէն ընդունելի կենսաձեւը չլինի այդքան բաղձալի պահանջ, որտեղ արժէքներն իսկապէս գնահատուած լինեն եւ արեամբ ձեռք բերուածը չվաճառուի դրամով:
Ղարաբաղեան պատերազմ:
Շատերիս մէջ այսօր էլ կենդանի է Ղարաբաղեան պատերազմի յուշը, նրա թողած հետքը շատերիս ընտանիքներում: Դեռ մեր բառապաշարում առկայ են բառեր «զոհուածի մայր», անհետ կորած, զոհուած ազատամարտիկի ընտանիք: Միեւնոյն ժամանակ նոյն ժողովրդի պատմութեան մէջ դժուար է գտնել աւելի վեհ ու ազնիւ արժէք քան արեան ու մաքառման գնով ձեռք բերուած հայրենիքը, եւ աւելի ծանր հոգեվիճակ քան այն հերոսինը, որն ապրում է պատերազմի արհաւիրքը անգամ պատերազմից յետոյ: Հերոսներ, որոնք պատերազմում ու մաքառում են իրենք իրենց հետ, հասարակութեան, աշխարհի ու հենց այն հայրենիքի, որն ազատագրել են սեփական ձեռքերով: Այսօր մեր աառջ դրուած է մի գիրք, որն արտացոլում է իննսունական թուականների ծանր իրականութիւնը, մարդկանց տարաբնոյթ եւ խեղուած ճակատագրերը Ղարաբաղեան պատերազմից յետոյ, արտագաղթի մշտամնայ ցաւը եւ «ամերկեան դեսպանատան առջեւ հացի հերթերը»:
Թէ խրամատում, թէ խրամատից դուրս պատերազմը շարունակւում է. «Արեան գնով ձեռք բերածս դոլլարով վաճառւում ա, մա, դոլլար է պէտք թէ ոչ էշ նահատակ կը լինենք , պատերազմի դաշտում զոհուելը ինչ որ տեղ արժանապատւութիւն ա: Այնտեղ արիւն էր հոսում վրայիցս, իսկ հիմա թարախը ոտքերս առել տանում ա», նշում է գրքի գլխաւոր հերոսը՝ Սամուէլը: Գրքում հերոսների մեծ մասը տառապել է պատերազմի դաշտում, բայց առաւել մեծ է եղել սպասման տառապանքը՝ որդուն սպասող մօր, որդեկորոյս ծնողի իր սիրած տղային սպասող աղջկայ:
«Միայն ես չեմ, բոլորն են սպասում: Անգամ էն հեռաւոր Ամերիկայում, Չինաստանում ու Նոր Զելանդիայում ապրող հայերն են սպասում: Նրանք էլ պատասխան չունեն: Մի ժամանակ սպասում էին հայրենիքի անկախութեանը, յետոյ պատերազմի յաղթանակին, հողերի ազատագրմանը անկախացանք, հող ազատագրեցինք պատերազմը պսակուեց յաղթանակով բայց նորից սպասում ենք: Գիտէ՞ք ինչ, ես մայր էի, իսկ մայրությունից ինչպէ՞ս հրաժարուեմ», ասում է Սօսին, որի որդին Հրանտը ունեցաւ անյայտ կորածի ճակատագիրը: Ամէն անգամ երբ լսւում էր դռան զանգը Սօսին կրկին ու կրկին վերապրում էր որդու կորուստը: Պատերազմից յետոյ արժեզրկուեց ամէն ինչ. միակ իրականութիւնը եղաւ մութ, ցուրտ, անհրապոյր քաղաքը, պատերազմի դաշտում տուած հազարաւոր կորուստները, իշխանութեան գլուխ անցած տականքները եւ ոչ միայն ֆիզիկական այլ նաեւ հոգեւոր խեղանդամութիւն ապրող ազատամարտիկը:
Հեղինակը նշում է. «Պատերազմի դաշտում իր հայրենիքի համար զոհուելու պատրաստ երիտասարդն այսօր իր ընդլայնած սահմաններից դուրս գալու ճանապարհին է զոհւում : Մենք ազատ շարժուելու, ազատ շնչելու համար էինք ընդարձակում մեր սահմանները, իսկ այսօր շնչահեղձ ենք լինում…»: Թւում է, թէ վէպի հերոսներից իւրաքանչիւրը շնչահեղձ է լինում իւրովի փախուստ է տալիս իւրովի եւ մահ է փնտռում՝ կորցնելով ազատութեան մէջ ապրելու հաւասարակշռութիւնը:
Որքան էլ պայմանները դժուար են եղել, երբեմն էլ՝ անտանելի, մարդը միշտ իր համար արդարացում է գտել, թէ ինչու է լքում հայրենիքը: Երբեմն դրանք պարզ արդարացումներ են եղել, երբեմն էլ զայրոյթին խառնուած լուտանքներ այն կառավարութեան հասցէին, որի արհամարուած քաղաքցին են իրենք: «Սովետական յարատեւ ու սուտ քարոզչութիւնը, ապա տիրող ցուրտն ու խաւարը ապրած սովահար ու յուսախաբ ժողովուրդը տեղահան էր լինում»: Ամերիկեան դեսպանատան առջեւ գոյատեւման նոյն պայքարն է ինչ պատերազմի դաշտում, խրամատի մէջ:
Փոքր ու մեծ արդարացումներով երկիրը դատարկւում էր եւ ստուարանում էր հոսքը դէպի անորոշութիւն գնացող մարդկանց:
Վէպում գործողութիւնների երկրորդ մասը ընթանում է Միացեալ Նահանգներում, որտեղ մեր գլխաւոր հերոսների կեանքի մղձաւանջը դեռ շարունակւում է: Վէպի հեղինակը սրտի խոր ցաւով է նկատում, որ պատերազմը յաղթած ժողովուրդը սպիտակ ջարդի առջեւ է կանգնել: Երկիրը դատարկւում էր մտաւորականներից, թեքւում էր ազգի ողնաշարը: «Երեսունութ հայ աշխատողներիցս երեսունմէկը բարձրագոյն կրթութիւն ունի: Տնտեսագէտ, պատմաբան գրականագէտ ուսուցիչներ գիտաշխատողներ, նկարիչներ, դերասաններ: Բոլորն էլ նոյն ցաւի տէրն են, երբեմն վատ եմ զգում, որ ութերորդ դասարանն եմ աւարտել ու դարձել եմ էս ինտելիգենտների (մտաւորականներու-Խմբ.)շէֆը: Հայաստանի ակդեմիայի նախագահը էսքան ինտելիգէնտ չունի», ասում է ոսկերչատան տէրը՝ Արշամը: Վէպի այս պատկերները չափազանց արդիական են, այսօր արդէն ոչ միայն սփիւռքում, այլ նաեւ հայրենիքում: Ցաւոք սրտի պիտի նկատել, որ եթէ տարիներ առաջ, ինչու չէ նաեւ հիմա ամերիկեան իրականութիւնը խորթ է հայ ինտելիգենտին, ապա այսօր նոյնքան մեծ է այդ խորթութիւնը նաեւ սեփական հայրենիքի եւ այդ ինտելիգենտի միջեւ: Վէպում հեղինակը ներկայացնում է կորուսեալ սերնդի կեանք, սերունդ, որ ինչպէս հեղինակն է ասում ոչ երանելի անցեալ էր տեսել, ոչ էլ երանելի օրեր էր ապրում: Ահա թէ ինչու հերոսների մշտական ուղեկիցը դառնում է զայրոյթը, զայրոյթ իշխանութեան դէմ, ինքն իր դէմ, իր հաւատի դէմ եւ հաւատը կորցնելու դէմ: «Մտնում էր պատերազմի դաշտ, գլուխը պայթում էր ահարկու ձայներից, իսկ խաղաղուելուց յետոյ ուզում էր գնդակահարել աշխարհում տիրող անարդարութիւնը որդեգրած անգամ ամենամօտիկ իւրայիններին»: Աշխարհի ու իր հաւատի դէմ չարացած Սամուէլը կորցնում է հոգեկան հաւասարակշռութիւնը, վերածւում նեարդային կծիկի, որի միակ նպատակը դառնում է հաշուեյարդար տեսնելը աշխարհի հետ:
«Բոլորին պիտի գիւլլել, սաղին պիտի վերացնեմ» արտայայտութիւնները դարձել էին Սամուէլի՝ գլխաւոր հերոսի բառապաշարի անբաժանելի մասը: Ֆիզիկական անզօրութիւնը մի կողմից, միւս կողմից հոգեկան անզօրութիւնը եւ սիրած աղջկան կորցնելու մօտակայ վտանգը հերոսի կեանքը վերածում են անվերջանալի պայքարի՝ արդարութեան որոնման ճանապարհին: «Ոչ Տաթեւի, ոչ էլ հեռու մօտիկ ընկեր-բարեկամների յորդորները չազդեցին Սամուէլի որոշման վրայ: Նա երկար, շատ երկար անուաթոռին լուռ նստում ու նայում էր Արփիկի դէմքին: Նրա արհեստական շնչառութիւնը յոյս էր ներշնչում Սամուէլին: Երկու սէր էին մեռնում Սամուէլի համար՝ հայրենիքն ու այն աղջիկը, որի սէրը երկար շատ երկար էր փայփայել իր կրծքի տակ: Երկու սէր, երկուսն էլ անդամալոյծ, երկուսն էլ իրենց արհեստական շնչառութեամբ կեղեքում էին նրա հոգին: Ոչ մէկի համար ոչ մի երաշխիք»: Պատերազմից յետոյ շատերն օգտուեցին ժողովրդի աղքատ վիճակից: Աւելի դաժան պատերազմը խրամատից դուրս էր, անկախութեան մէջ, երբ ամէն մէկս անկախ էինք մեր ցաւի ու մեր ներքին պատերազմի հետ: Եղան մարդիկ, որոնք իրենց կեանքը տուեցին պատերազմի դաշտում, եղան մարդիկ, որոնք պատերազմը դարձրին իրենց կեանքը, եղան այլոք, որոնք պատերազմն իրենց շահը դարձրին՝ դաւաճանելով իրենց մարդկային կոչումին: Հենց վերջիններս էին որ կանգ չառնելով ոչնչի առաջ զբաղւում էին մարդկային կեանքի վաճառքով, որոնք հայ զինուորի թափած արեան վրայ հազարաւոր գումարներ էին աշխատում ու կողոպտում սեփական ժողովրդի կեանքը նոյն ջանասիրութեամբ, ինչ ջանասիրութեամբ որ կողոպտում էր օտար թշնամին: Մարդ տեսակը վերածուել էր գիշատիչ գազանի, որը յօշոտում է իր ցեղը, իր տեսակին եւ այն դրօշի տակ, որի համար կռւում էր հայ ազատամարտիկը պատերազմի դաշտում: Իննսունական թուականների Ղարաբաղեան պատերազմին հոգեպէս պատրաստ էր ողջ ժողովուրդը, բայց այն ինչ կատարուեց պատերազմից յետոյ անսպասելի էր շատերիս համար: Աբսուրտի (անհեթեթի-Խմբ.) թատրոնի վերածուեց յետպատերազմեան իրականութիւնը: Մի պատառ հացի համար զոհասեղանին դրուեց երկրի ապագան՝ երիտասարդ կանայք, ուսեալ մարդիկ, նոր կեանք մտնող պատանիներ: Վէպի հեոսուհին՝ Արփին, որին խաբէութեամբ բերել էին Միացեալ Նահանգներ եւ խլելով անձնագիրը յանձնել մարմնավաճառութեան, նշում է. «Ես զոհասեղանին էի: Զոհւում էի յանուն մի պատառ հացի, ծնողներիս անհրաժեշտ մի տուփ դեղորայքի: Չգիտեմ ինչու այդ պահին ինձ պատերազմի դաշտում զգացի: Գերի ընկած կնոջ պէս թպրտում էի թշնամու ճիրաններում ու յոյս փայփայում, որ ուր որ է երազս իրականութիւն կը դառնայ եւ Սամուէլը կը հասնի ու ինձ կը փրկի»: Ճշմարտութիւնն այն էր, որ այդ պահին այդ իրականութեան մէջ փրկութիւն չկար ոչ մէկին: Իմաստազուրկ էր իրականութիւնը, ինչպէս որ իմաստից զուրկ էին այն շքանշանները, որոնք փակցուած էին Շուշին ազատագրող ազատամարտիկի կրծքին:
Վիպագիրը չի պարուրել վէպը լաւատեսութեան եւ ռոմանտիզմի շղարշով: Նա ներկայացրել է տուեալ ժամանակաշրջանը իրականութիւնը սուր, խտացուած գոյներով՝ խառնելով այս ամէնին իր սեփական կենսափորձը: Խրամատից դուրս սկսուել էր իրական պատերազմը, երկիր կառուցելու պատերազմը, բայց այս անգամ հաւատացողներն ու նուիրեալները անհամեմատ քիչ էին, որովհետեւ երկիր կառուցելը պահանջում էր նոյնքան նուիրում, նոյնքան կամք, նոյնքան թափուած արիւն եւ նոյնքան վճռականութիւն որքան պատերազմի դաշտը:
Ալվարդ Ուզունեան իր այս խօսքը փոխանցած է Արամունիի սոյն գրքի շնորհահանդէսի ընթացքին: