ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ
Երկրի գլխաւոր ֆինանսական փաստաթուղթը լինելուց անդին՝ բիւջէի նախագիծը արտացոլում է նաեւ կառավարութեան սոցիալ-տնտեսական փիլիսոփայութիւնը, արտայայտում քաղաքական արժէքների ու սկզբունքների այն համախումբը, որ ընկած է իշխանութեան երկրի զարգացման տեսլականում:
Արդէն «Բիւջէ-2011» նախագիծը կառավարութիւնը որակել է որպէս սոցիալական ուղղուածութիւն ունեցող եւ տնտեսութիւնը կայունացման տանող բիւջէ:
Առաջին հայեացքից, այս հաստատումը կարող է ճշմարտամօտ թուալ՝ մանաւանդ որ կանխատեսւում է Համախառն ներքին արտադրութեան (ՀՆԱ) 4.6 % աճ, իսկ բիւջէի ծախսային մասի գրեթէ 45 տոկոսը, ուղղորդուելու է սոցիալ-մշակութային ոլորտին: 2010ի թուային պատկերի համեմատութեամբ՝ տարբերութիւն, իհարկէ, կայ, սակայն որակական ցուցանիշներ իհարկէ՝ ոչ:
Այն, որ կառավարութիւնն իր տնտեսական կանխատեսումներում դիպուկ չի, կարծում եմ ապացուցելու կարիք չունի: Թէկուզ այն պարզ պատճառով, որ 2010 թուականի համար ՀՀ վարչապետն ու ֆինանսների նախարարը առաւելագոյնը 5.5 տոկոսանոց ինֆլեացիայ (սղաճ-Խմբ.) էին կանխատեսում, այսօր սակայն սղաճը հասել է 8.6 տոկոսի եւ դեռ շարունակուելու է աճել, իսկ առաջին անհրաժեշտութեան առանձին ապրանքատեսակներ մինչեւ 30 տոկոսանոց աճ են արձանագրել:
Պիտի անկողմնակալ լինել եւ փաստել, որ ՀՀ Վարչապետը եւս շեշտել է, որ 2011թթ. կարեւորագոյն մարտահրաւէրներից մէկը բարձր գնաճն է լինելու: Կարելի էր անշուշտ գնահատել այս անկեղծութիւնը, եթէ իհարկէ յաջորդող քայլերը բխէին այս իրողութիւնից՝ համակարգային ու կոնցեպտուալ բնոյթ կրէին եւ նուազագոյն աշխատավարձի 2500 դրամանոց աւելացումը չտարփողուէր որպէս գնաճի դարման:
Իմ խորին համոզմամբ աղքատութեան բարձր շեմ ու սոցիալական լարուածութիւն, ունեցող մեր երկրում, որն իբրեւ թէ կայուն զարգացման ռազմավարկան ծրագիր է իրականացնում, աշխատավարձեր սահմանելու կառավարութեան փիլիսոփայութիւնն ու կողմնորոշիչները համակարգային եւ պատճառաբանուած բնոյթ պիտի կրէին եւ ոչ սիտուացիոն (պահու ազդեցուեան տակ-Խմբ.), հատուածական, ինչն իրականութիւնն է:
Ռիսկային կամ գերակայութիւն յայտարարուած ոլորտներում, տարբեր օրէնքների մէջ տեղաւորելով պարբերաբար եւ թռիչքաձեւ աշխատավարձեր ենք բարձրացնում, խրախուսման ֆոնդեր ստեղծում, բայց այդպէս էլ հանրապետութիւնում ոչ կոռուպցիոն (փտածութեան-Խմբ.) ցուցանիշներն են նուազում, ոչ դատաիրաւական համակարգն է անհրաժեշտ անկախութիւն դրսեւորում, ոչ քաղաքացիների իրաւունքներն են պատշաճ պաշտպանւում եւ ոչ էլ կառավարման ապարատի արդիւնաւէտութիւնն է բարձրանում: Տպաւորութիւնս այնպիսին է, թէ որ նախարարի լոբբինգն ուժեղ է, նրան էլ յաջողւում է ԱԺ նախագիծ բերել ու ոլորտային աշխատավարձ բարձրացնել:
Պարզապէս համեմատութեան համար մի քանի թուային պատկեր՝ պետական կառավարման համակարգի աշխատողների միջին աշխատավարձը 157 հազար դրամ է լինելու, քաղծառայողներինը 137 հազար, դատաւորներինը 798 հազար դրամ, հարկային ծառայողներինը՝ 232 հազար, պաշտօնային միջին դրոյքաչափը՝ 94 հազար: (մէկ տոլարը համարժէք է 360 դրամի-Խմբ.)
Իսկ 2011ին 10-15 տոկոս աշխատավարձի բարձրացման արդիւնքում անգամ գիտութեան աշխատողների միջին հաշուարկային աշխատավարձը կը կազմի 61 հազար դրամ, մշակոյթինը՝ 57000 դրամ:
Փորձէք տրամաբանական կապ գտնել աշխատավարձերի չափի եւ աշխատուժի վերարտադրութեան համար անհրաժեշտ ծախսերի, աշխատավարձերի ու գների մակարդակների, պարգեւատրումների համակարգի, քաղծառայողների աշխատավարձի որոշման սանդղակների միջեւ: Իհարկէ անհնար է: Այն պարզ պատճառով, որ որեւէ մեթոդիկա չի կիրառւում:
Միթէ պարզ չէ, բիւջետային հատուածում տարբեր ոլորտների աշխատավարձերի միջեւ անթոյլատրելի տարբերութիւններ սահմանելով ու խիստ բեւեռացնելով եկամուտները, դասակարգային եւ սոցիալական շերտաւորում ենք առաջացնում, անհանդուրժողականութեան եւ յուսախաբութեան մթնոլորտ ձեւաւորում, ի վերջոյ վտանգում ենք երկրի սոցիալական կայունութիւնն, համերաշխութեան ու կայուն զարգացման հեռանկարը: Միթէ սահմանադրութեամբ սոցիալական յայտարարուած երկրում նուազագոյն եւ առաւելագոյն աշխատավարձերի տարբերութիւնը այսքան ցնցումային պիտի լինի: Իհարկէ, սա ցաւով եմ ասում, եւ փորձում հասկանալ Հայաստանը մշտապէս լքողների ահագնացող շարքերին:
Մի քանի անդրադարձ մշակութային ոլորտին:
Եթէ յիշում էք, կառավարութեան 2008-2012թ.թ. ծրագրերը մշակոյթի ոլորտում, ի թիւս մի շարք առաջնահերթութիւնների, խոստանում էր Հայաստանում Եւրամիութեան մշակութային տարածաշրջանային կենտրոն ձեւաւորել, ինչպէս նաեւ յայտարարում, որ բիւջետային ֆինանսաւորման շրջանակներում կանցնի ծրագրային ֆինանսաւորման համակարգի՝ ապահովելով միջոցների նպատակային եւ արդիւնաւէտ օգտագործում:
Սակայն ինչպէս նախորդ երկու տարիներին, 2011թ. եւս Մշակոյթը բիւջետայինն առաջնահերթութիւնների մէջ չի մտնում եւ թերֆինանսաւորումը շարունակում է մնալ ոլորտի գլխաւոր խնդիրներից մէկը:
Իրողութիւնն այն է, որ մշակութային պետական կառոյցների ֆինանսաւորումն իր գաղափարախօսութեամբ ուղղուած է ոչ թէ ազգաբնակչութեան մշակութային պահանջների բաւարարմանն ու վերջնական արդիւնքի գնահատմանը, այլ տուեալ կառոյցի պահպանմանը:
Ու թէեւ կառավարութիւնը որդեգրել է ծրագրային ֆինանսաւորման եւ արդիւնքային գնահատման մեթոդը, սակայն ինչպէս 2009ին եւ 2010ին, այնպէս էլ 2011 ֆինանսական տարում մշակութային հաստատութիւնների ֆինանսաւորումը կատարւում է ոչ ծրագրային մեթոդով: Արդիւնքում ներկայացուած է մի նախագիծ, ուր ասենք մօտ 673 միլիոն է յատկացւում Ազգային օպերային, 270 միլիոն Սունդուկեան թատրոնին, 92 միլիոն գրականութեան հրատարակմանը կամ 132 միլիոն ազգային կինոծրագրերի իրականացմանը եւ յստակ չեն թէ ինչ ներկայացումներ, ինչ ֆիլմեր կամ գրականութիւն է հրատարակուելու: Իսկ մի շարք ծառայութիւնների գծով առհասարակ յստակ չեն ծառայութիւն մատուցողի անունը, մշակուած չեն որակական ու ժամկետային չափորոշիչներն ու հետեւաբար վերջնական արդիւնքի նկարագրութիւնը:
Այսպիսով, արդիւնաւէտութեան գնահատման չափորոշիչներն ու հնարաւորութիւնները նուազագոյնի են հասցուել եւ գրեթէ անիմաստ է նախարարութիւնից մշակութային քաղաքականութեան հայեցակարգային, ռազմավարական խնդիրներ ակնկալել, քննել այս կամ այն ծրագրի սոցիալական արդիւնաւէտութիւնը, որքանով է այն մշակութային նպատակային սոցիալական պատուէրի վրայ հիմնուած, որքանով է այն բաւարարում հասարակութեան այս կամ այն շերտին եւ համահունչ է երկրի ռազմավարական հիմնական ուղղուածութեանը:
Ի դէպ շատ էլ բացատրելի է այս պատկերը. Մշակոյթի զարգացման 2008-2013թթ ռազմավարական հաստատուած ծրագիրը դեռեւս չկայ, այն նախագիծ է, ինչը ընդհանուր ռազմավարութեան եւ առաջնահերթութիւններ յստակեցնելու հետ առնչուող մի շարք խնդիրներ է առաջացնում: Մինչդեռ Մշակոյթի զարգացման տարեկան, եռամեայ կամ հեռանկարային ծրագիր ունենալը օրէնքի պահանջ է եւ 2002թ. ընդունուած «Մշակութային օրէնսդրութեան հիմունքների մասին ՀՀ օրէնքի», համաձայն կառավարութեան ներկայացմամբ որպէս օրէնք այդ ծրագիրը պիտի հաստատուէր ԱԺ կողմից:
2011թ. բիւջէի նախագծի մշակութային պարտաւորութիւնները չեն արտացոլում նաեւ 2008-2012թթ ՀՀ կառավարութեան ծրագրի կատարումն ապահովող մշակոյթի ոլորտի միջոցառումների ցանկը՝ այդ թւում կինոդեբիւտների, անիմացիոն ֆիլմերի ֆինանսաւորման, իրաւական նորմատիւ ակտերի եւ մի շարք ծրագրերի յանձնառութիւնը:
Պատմութեան եւ մշակոյթի յուշարձանների վերականգնման ու վերանորոգման ծրագրերն ու դրանց վերջնական արդիւնքները շարունակ հարցեր ու ֆինանսական միջոցների վերաբաշխման անհրաժեշտութիւն են առաջացնում: Մինչդեռ, ինչպէս փաստում է նաեւ Վերահսկիչ պալատը, շուրջ 41 պատմամշակութային յուշարձանների նախագծային աշխատանքները դեռ նախորդ տարիներից աւարտուել են ու մնացել առանց նորոգման, ու միջոցներ են տրամադրում նոր նախագծերի համար:
Ոլորտի թերեւս ամենախոցելի իրողութիւնը Հայաստանի Հանրապետութիւնում ամենացածր վարձատրութեան մակարդակն է: 12-15% աշխատավարձի բարձրացման պայմաններում, ինչպէս արդէն նշեցի համակարգի շուրջ՝ 6080 աշխատողների միջին աշխատավարձը 57.000ի սահմանում է, ինչը հանրապետութեան միջին աշխատավարձից մօտ 2 անգամ ցածր է: Ու թէեւ չեմ արդարացնում, աւելին խղճում եմ ու նողկում, բայց փորձում եմ բացատրել, թէ ինչու են 40- 45000 աշխատավարձով գոյութիւնները քարշ տուող ու տղամարդկային ու ստեղծագործող մարդու արժանապատուութիւնը ոտնահարուած մշակութային գործիչները տէր փնտռում ու ցաւօք տիրոջ փնտռտուքը նրանց դէպի պետութիւն չի տանում, այլ այս կամ այն կուսակցութեան ու տարիների ընթացքում նայած կոալիցիայի կազմից մի քանի կուսակցութիւն ու կրծքանշան են փոխում: Սա իսկապէս ողբերգութիւն է՝ պետականութիւնը վտանգող ողբերգութիւն:
Եւ քանի դեռ չկայ այն ընկալումն ու իմաստաւորումը, որ մշակոյթը քաղաքական արժեհամակարգի բաղադրիչ է եւ միայն մտածուած մշակութային քաղաքականութեան իրականացման ճանապարհով կարելի է հասնել տուեալ երկրի առաջ կանգնած ռազմավարական խնդիրների լուծմանը, սեփական պետութեան մէջ հայ մարդը ուրիշ տէր պիտի փնտրի, այդպէս էլ քաղաքացի չի դառնայ ու քաղաքացիական հասարուկութիւն դժուար թէ ունենանք:
ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ Հայաստանի Ազգային Ժողովի ՀՅԴ խմբակցութեան անդամ է, ան Համազգային Մշակութային եւ Կրթական Ընկերակցութեան Կեդրոնական վարչութեան ներկայացուցիչն է Հայաստանի մէջ: