ՓԱՍԱՏԻՆԱ, «Նիուզ».- Լեռնային Ղարաբաղի հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեան Նոյեմբեր 21ին, Փասատինայի մէջ մասնակցած է «Հեռուստամարաթոն-2010»ի ծիրէն ներս կազմակերպուած Կալա-ձեռնարկին։
Իր ելոյթին ընթացքին Բակօ Սահակեան ընդգծած է աշխարհասփիւռ հայութեան դերը հայրենիքի եւ յատկապէս Արցախի զարգացման ու ամրապնդման գործին մէջ:
«Վերջին 15 տարուայ ընթացքում, «Հայաստան» համահայկական հիմնադրամի խողովակներով Արցախում իրականացուել են տասնեակ միլիոն տոլար արժողութեամբ տարբեր ծրագրեր: Արցախի ժողովուրդը շնորհակալ է նման հոգատար վերաբերմունքի համար:
«Մէկ տարի առաջ համայն հայութիւնը համախմբեց իր ջանքերը հինաւուրց հայկական քաղաքներից մէկի՝ Շուշիի, վերականգնման ու զարգացման գաղափարի շուրջ: Շուշիում արդէն սկսուած են վերականգնողական աշխատանքները եւ գտնւում են աքթիւ փուլում: Մենք վստահ ենք, որ այս քաղաքն անպայման կը դառնայ ժամանակակից ու ծաղկուն», ըսած է ԼՂՀ նախագահը, որուն խօսքով, Արցախի առջեւ ծառացած կարեւորագոյն խնդիրներէն է խմելու ջուրի հարցը, որ ունի ե՛ւ քաղաքական, ե՛ւ տնտեսական, ե՛ւ հասարակական-կենցաղային իւրայատուկ նշանակութիւն:
«Մեր բնակչութիւնը առայսօր մեծ դժուարութիւնների է հանդիպում խմելու ջրի իր մինիմալ կարիքները հոգալու գործում: Մայրաքաղաք Ստեփանակերտում, շրջկենտրոններում եւ գիւղերում զգացւում է ջրի խիստ պակաս: Մարդիկ ստիպուած են մեծագոյն դժուարութիւններով լուծել իրենց ամէնօրեայ կենցաղային խնդիրները: Մեր հանրապետութիւնում շուրջօրեայ ջրամատակարարում է իրականացւում միայն մայրաքաղաքի մի քանի թաղամասերում եւ մի շարք բնակավայրերում, ինչը մեզ յաջողուել է վերջերս», ըսած է Բակօ Սահակեան, նշելով, որ այդ խնդիրը լուծելի է:
«Արցախն ունի հսկայական ջրային պաշարներ: Այստեղից են սկիզբ առնում Թարթառը, Արփան, Որոտանը եւ այլ խոշոր գետեր: Արցախում մէկ շնչին բաժին ընկնող միայն մակերեսային հոսքի ջրային պաշարները կազմում են 19 հազար խորանարդ մեթր, իսկ Արաքսի ջրերի հետ միասին՝ աւելի քան 65 հազար: Այս չափանիշով մեր հանրապետութիւնը ջրային պաշարներով ամենաապահովուած երկրների շարքին է դասւում: Պէտք է ուղղակի ճիշդ օգտագործել այդ հարստութիւնը եւ կառուցել ժամանակակից ջրային համակարգեր», եզրափակած է նախագահ Սահակեան:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.