ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

Մի պահ յապաղում եմ՝ ներկայացնելու մարդու, ում երբեւէ չեմ տեսել, սակայն ում մասին պատմութիւնները լեգենդներ (առասպելներ-Խմբ.) են յիշեցնում… Լուսանկարից ջերմութիւն է ճառագում, համոզմունք, որ մեր կողքին դեռ լինում են աստուածայինը կրող, համամարդկայինը անձնականից վեր դասող ընտրեալներ, ովքեր հաւատարիմ են մնում ի վերուստ տրուած վեհ առաքելութեանը:
Աւաղ լաւագոյնները վաղաժամ են հեռանում միանալու յաւէրժի շրջապտոյտին՝ մեզ թողնելով իրենց անսահման սէրն ու խաղաղութիւնը:
Ջեյքոբ Օրֆալիին միայն որպէս տաղանդաւոր բժիշկ ներկայացնելը թերեւս կը սահմանափակի մեծ մարդու նրա կոչումը:
Կեանքից անժամանակ հեռացած Բժիշկի կեանքի որոշ, հանրութեանը թերեւս անյայտ էջերի մասին կնոջ՝ Վերոնա Օրֆալիի, զաւակների՝ Րաֆիի, Սինտիի, Ճեհնայի, երկար տարիների ընկեր ու գործընկեր՝ Արփի Թօփալեանի եւ աշխատակիցների յուշերից:
ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ
Ծնուել է Բէյրութում՝ Պաղեստինից գաղթած, Եղեռնի երկրորդ սերնդին պատկանող Ժոզեֆ ու Հերմինէ Օրֆալիների ընտանիքում: Մանկութիւնն անցել է Յորդանանում, Ամմանում, որտեղ յաճախել է հայկական վարժարան, ապա երկրորդական ուսումը ստացել է Ամմանի պետական բարձրագոյն վարժարանում:
Հանգամանքների բերումով, տասը տարեկանից ուսման հետ մէկտեղ սկսում է աշխատել կօշկակար հօր ու հօրեղբօր հետ, այնուհետեւ ուժերը փորձում է տպագրական ոլորտում, ապա՝ զբաղւում ոսկերչութեամբ ու նկարչութեամբ:
Ջեյքոբ Օրֆալին բարձրագոյն ուսումն աւարտում է որպէս արուեստագէտ նկարիչ: Մօր թախանձագին խնդրանքներից յետոյ, երիտասարդ Ջեյքոբը 1968թ.ին ընդունւում է Երեւանի Պետական բժշկական համալսարան:
Ուսումն աւարտելուց յետոյ հաստատւում է Միացեալ Նահանգներում՝ շարունակելով մասնագիտանալ բժշկութեան ոլորտում: 1984թին ստանում է ընտանեկան բժիշկի տիտղոս՝ վերջնականապէս հաստատուելով Լոս Անջելեսում:
Նուիրուած էր ազգին ու եկեղեցուն, ինչն ապացուցում է նաեւ այն իրողութիւնը, որ մանկուց եղել է գայլիկ եւ սկաուտ, իսկ հասուն տարիքում՝ Ազգային երեսփոխան Հայոց առաքելական եկեղեցու եւ ապա՝ Արեւմտեան թեմի ազգային վարչութեան անդամ ու զօրավիգ է եղել բազմաթիւ հայկական կազմակերպութիւնների եւ հաստատութիւնների:
«ԼԱՒ է ՏԱԼՆ ՔԱՆ ԶԱՌՆԻԼ»
Ջեյքոբ Օրֆալին ողջ կեանքում առաջնորդուել է այս նշանաբանով՝ անմնացորդ նուիրուելով իր իւրաքանչիւր հիւանդին, հայրենիքին, ազգին, ընկերներին, ընտանիքին:
«Սովորաբար շատ քիչ էր քնում, քանզի ամէն օր պէտք է հասցնէր այցելել իր հիւանդներին՝ երեք հիւանդանոցներում, մի քանի ծերանոցներում, իր տնօրինած երկու բժշկական գրասենեակներում: Այդ ամէնի հետ մէկտեղ հասցնում էր նաեւ անհատական այցեր կատարել՝ փորձելով իւրաքանչիւր յաճախորդի համար ապահովել լաւագոյն բուժում», յիշում է շուրջ քսանհինգ տարի նաեւ ամուսնու առաջին համախոհը եղած Վերոնա Ուրֆալին:
Ընդամէնը մէկ ու կէս ամիս է անցել Ջեյքոբ Օրֆալիի ողբերգական մահից եւ տիկին Վերոնան յուզւում է՝ յիշելով ամուսնու հետ անցկացրած իւրաքանչիւր ակնթարթ:
ԱՒԵԼԻ ՄԵԾ ՍԷՐ ՈՉ ՈՔ ՉՈՒՆԻ, ՔԱՆ ԱՅՆ, ՈՐ ՄԷԿՆ ԻՐ ԿԵԱՆՔԸ ՏԱՅ ԻՐ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻՆ
Աստուածաշնչեան այս իմաստութիւնն էր Ջեյքոբ Օրֆալիի հաւատամքը:
«Մեծ բարեգործ էր», պատմում է բժիշկի վաղեմի ընկեր Արփի Թօփալեանը, որ նաեւ Օրֆալիի գործընկերն է եղել բազում տարիներ:

«Դոկտոր Օրֆալին իրեն դիմած իւրաքանչիւր մարդու օգնում էր բոլոր հնարաւոր միջոցներով. օրինակ, յատուկ օր էր նշանակել, որ հիւանդներին զննում էր անվճար: Բազմաթիւ հիւանդների հետ ընկերանում էր եւ օգնում նաեւ այլ հարցերում: Այցելում էր անձամբ հիւանդներին՝ յատկապէս մեծահասակներին ու երեխաներին, ժամանակ անցկացնում նրանց հետ՝ ապահովելով նաեւ հոգեւոր ջերմութիւնը: Հայկական անվճար պարբերականներից մէկում բժշկական խորհուրդներ էր տպագրում տարբեր հիւանդութիւնների եւ դրանց կանխարգելման մասին՝ նշելով, որ այդ թերթը հասանելի է բոլորին», պատմում է տիկին Արփին:
«Հիւանդներն իր մօտից հեռանում էին ուրախ ժպիտով, որովհետեւ անընդհատ կատակում էր, կամ քիչ մը վախեցած, երբ հայրս բարկանում էր, որ չեն հետեւել իր ցուցումներին: Այդուհանդերձ, բնոյթով շատ հանդարտ էր, անսահման համբերատար», յիշում է որդին՝ Րաֆի Օրֆալին:
Ջեյքոբ Օրֆալին մեծ հայրենասէր էր. մշտապէս գործուն մասնակցութիւն է ունեցել Հայ Դատի յանձնախմբի աշխատանքներին, օժանդակել հայկական տարբեր կազմակերպութիւնների ու միութիւնների: Տարիներ շարունակ նա հովանաւորել է բազմաթիւ հայ երեխաների ուսումը Ալէքս Փիլիպոս վարժարանում:
«Լեռնային Ղարաբաղի ազատագրման թէժ օրերին, ինչպէս նաեւ յետագայում մշտապէս նիւթական ու բարոյական օգնութիւն էր ուղարկում արցախցիներին: Վիրաւոր եւ բժշկական օգնութեան կարիք ունեցող ազատամարտիկներին ընդունում էր նաեւ Միացեալ Նահանգներում», յիշում է Արփի Թօփալեանը:
ՀԱՅԱՍՏԱՆ ԱՍԵԼԻՍ ՀԱՍԱԿՍ ԾԱՂԿՈՒՄ Է
«Հայրենիքը, Հայաստան աշխարհը համարում էր սրբազան խորան, որին պէտք էր մօտենալ երկիւղածութեամբ: Ջեյքոբը Հայաստանին օգնելը համարում էր սուրբ պարտականութիւն՝ յորդորելով նաեւ շրջապատին հնարաւորութեան սահմաններում օգտակար լինել հայրենիքին», յիշում է տիկին Վերոնան:
Մեզ չի վայելի, որ ունենալով կարողութիւն, չօգնենք հայրենիքում կարիքի մէջ գտնուողներին: Պէտք է համատեղ ուժերով բարելաւենք հայրենիքում պայմանները, մշտապէս կրկնում էր Ջեյքոբը: Լինելով այդքան բազմազբաղ, ամէն օր հետեւում էր հայաստանեան իրադարձութիւններին՝ ուրախանում յաջողութիւններով, մտահոգւում խնդիրներով:
«Մտահոգ էր, որ անկախանալուց յետոյ, 20 տարի անց էլ Հայաստանում սոցիալական բեւեռացում էր տիրում», յիշում է տիկին Արփին:
Ջեյքոբ Օրֆալին երբեք չէր մոռանում իր կրթօջախը եւ Երեւանի Բժշկական համալսարանի 70 ամեակի առթիւ, իր նախաձեռնութեամբ ընկերների հետ միասին արդիականացրեց համալսարանի գրադարանը: Միաժամանակ, մշտական հիմունքներով ֆինանսական օժանդակութիւն էր յատկացնում հայաստանեան մի քանի ընտանիքների:
ՍՓԻՒՌՔ
Մշտապէս նշում էր Սփիւռքի զօրաւոր լինելու անհրաժեշտութիւնը՝ Հայաստանը զարգացնելու համար եւ այդ հարցում կարեւորում էր նիւթական աջակցութիւնը հայկական կազմակերպութիւններին, մասնաւորապէս՝ Հայ Յեղափոխական Դաշնակցութեանը:
«Միտք ունէր, որ իւրաքանչիւր հայ գործարար, իր տարեկան եկամուտից ազգային տուրք վճարի Դաշնակցութեանը, որն էլ իր հերթին կը համակարգէր միջոցներն ու դրանք կ՛ուղղէր հայրենիքի ու հայութեան խնդիրների լուծմանը», յիշում է Վերոնա Օրֆալին: Հաւատում էր, որ մի օր տեսնելու է իր երազած Հայաստանը՝ Սփիւռքի ու Արցախի հետ միասին:
ԱՇԽԱՏԱՆՔ, ԸՆԿԵՐՆԵՐ
Աշխատավայրն իր երկրորդ տունն էր, աշխատակիցները՝ ընտանիքը:
«Մշտապէս հետաքրքրւում էր մեր կեանքով, խնդիրներ լինելու դէպքում՝ անյապաղ արձագանքում», պատմում են աշխատակիցները: Նրանք ժպիտով են յիշում դոկտոր Օրֆալիի բացառիկ հումորը:
«Մշտապէս ուրախ մթնոլորտ էր գրասենեակներում, բժիշկը փորձում էր նաեւ հումորով բուժել հիւանդներին»: Առանձնայատուկ ուշադիր էր մեծահասակ հիւանդների նկատմամբ, ովքեր շատ յաճախ չէին ննջում առանց բժիշկին տեսնելու եւ նրանից քաջալերանքի խօսքեր լսելու: «Նման ծանրաբեռնուածութեան պայմաններում էլ կարողանում էր հրաշքներ գործել՝ ժպիտ առաջացնելով իւրաքանչիւր հիւանդի դէմքին», գրում է USC համալսարանից Ջեյքոբ Ուրֆալիի ուսանողը:
Ջեյքոբ Օրֆալիի տան դռները բաց էին բոլորի առջեւ:
«Փորձում էր օգնել ընկերներին, հարազատներին, նոյնիսկ անծանօթներին նաեւ այլ հարցերում՝ հաշտեցնելով խռովներին, կարգաւորելով անլուծելի թուացող խնդիրներ, իր հանգստութիւնը գտնելով դիմացինին օգնելու դէպքում», յիշում են ընկերները:
ՆԱԽԱՍԻՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ
Ջեյքոբ Օրֆալին արուեստասէր էր ու մշտապէս քաջալերել է հայ մշակոյթը՝ յաճախ հովանաւորելով բազմազան մշակութային ձեռնարկներ:
«Երաժշտական խորը գիտելիքներ ունէր, շատ էր սիրում հայկական յեղափոխական, սիրային երգեր», պատմում է կինը:
Թերեւս քչերը գիտեն, որ հոգեւոր երգերի յայտնի կատարող Լուսինէ Զաքարեանին երկար տարիներ իր տանը պահել ու բուժել է Ջեյքոբ Օրֆալին: Բժիշկի միւս տարերքներն էին բասկետբոլն ու համեղ կերակուրը, յիշում է տիկին Վերոնան:
ԸՆՏԱՆԻՔ

Վերոնա Օրֆալին մշտապէս քաջալերել եւ աջակցել է ամուսնու իւրաքանչիւր նախաձեռնութեանը՝ շուրջ 24 տարի աշխատելով նրա հետ միասին, ամուսնու համախոհն ու զինակիցը լինելով նաեւ ազգային հարցերում: Ազգային ոգով ու աւանդոյթներով էին նրանք մեծացնում երեք զաւակներին՝ Րաֆիին, Սինտիին, Ճեհնային:
«Ամէն տարի Ապրիլի 24ին Ջեյքոբը չէր աշխատում ու մեր զաւակների հետ միասին այցելում էինք Եղեռնի յուշաքարին, այնուհետեւ՝ եկեղեցի», յիշում է տիկին Վերոնան: «Մշտապէս ժամանակ էր գտնում երեխաների հետ զրուցելու, նրանց կրթելու համար, միաժամանակ շատ խստապահանջ էր, մշտապէս յիշեցնում էր լաւ մարդ եւ լաւ հայ լինելու կարեւորութիւնը, երախտապարտ լինելու անրաժեշտութիւնը: Տօնական օրերը, ընտանեկան տարեդարձները նշում էինք ողջ ընտանիքով, հարազատներով ու ընկերներով, միաժամանակ, Ջեյքոբը չէր մոռանում իր հիւանդներին ու յատկապէս տօն ու Կիրակի օրերին պարտադիր այցելում էր ծերանոցներում իր հիւանդներին ու նրանց համար եւս օրը վերածում մեծ տօնի», պատմում է Վերոնա Օրֆալին:
«Դու մշտապէս ընդգծում էիր համերաշխ լինելու անհրաժեշտութիւնը եւ ես խոստանում եմ պահպանել քո կամքը», հօրն ուղղուած իր նամակում գրում է բժիշկի դուստրը՝ Սինտին:
Ջեյքոբ Օրֆալին վերջերս յաճախ էր մտածում հանգստի անցնելու մասին, որ հնարաւորութիւն կը տար նրան յիսուն տարիների աշխատանքից յետոյ, վերջապէս իրականացնել երազանքը՝ ընտանիքի հետ միասին ճամբորդել դէպի հայրենիք ու Յորդանան: Աւաղ նա դարձաւ դժբախտ պատահարի զոհ, երբ օրուայ աւարտին շտապում էր հիւանդին այցելելութեան:
Ջեյքոբ Օրֆալին հեռացաւ, սակայն նրա գործն այլեւս անմահ է, յիշատակը՝ մշտապէս վառ մեր սրտերում:
——————————————————————————————————————–
Ջեյքոբ Օրֆալիի մասնագիտական ձեռքբերումներից, թերեւս հարկ է նշել, որ Օրֆալին առաջին հայ բժիշկներից էր, որ Board Certified էր եւ ստանձնել է Լոս Անջելեսի յայտնի Hollywood Presbiterian եւ Burbank St. Joseph հիւանդանոցների նախագահի պաշտօնը:
Ջեյքոբ Օրֆալին որպէս Կալիֆորնիայի լաւագոյն բժիշկներից, հրաւիրուել է մասնակցելու նախագահ Բարակ Օբամայի Առողջապահական բարեփոխումների նպատակով ձեւաւորուած յանձնաժողովների աշխատանքներին: Այս գործում իր ներդրման համար, բժիշկ Օրֆալին արժանացել է 2010 Champions of Medicine մրցանակին:
Համայնքին նուիրուածութեան համար, Ջեյքոբ Օրֆալիին երախտագիտական նամակ է յղել Գլենդէյլի քաղաքապետարանը:
Ջեյքոբ Օրֆալին նաեւ USC համալսարանի Բժշկական դպրոցի խորհրդի անդամ էր:
—————————————————————————————————————
Ճէյքըպ Օրֆալի Հիմնադրամ
Վաղը, Կիրակի 5 Դեկտեմբերին, Հայկական Մշակութային Հիմնարկութեան Ճաշկերոյթի ընթացքին պաշտօնապէս պիտի յայտարարուի ACF «Ճէյքըպ Օրֆալի»ի յիշատակի հիմնադրամի ստեղծումը: