Կլենտէյլի առողջութեան պահպանման առաջին փառատօնը իսկական տօնական մթնոլորտ էր ստեղծել կլենտէյլցիների ու յարակից շրջանների բնակիչների համար: Կլենտէյլի քաղաքապետարանի համայնքային ծառայութիւնների վարչութեան հետ համատեղ, Քալիֆորնիայի Հայ-ամերիկեան բժշկական միութեան նախաձեռնութիւնը Նոյեմբերի 6ին, Կլենտյէլի «Փասիֆիք» համայնքային կենտրոնում (The Pacific Community Center), անվճար բուժզննում, խորհրդակցութիւն ու կրթական ծրագիր էր կազմակերպել բոլորի համար:
Հարիւրից աւելի բժիշկներ, առողջապահական ոլորտի մասնագէտներ, սննդաբաններ, դեղագործներ, բուժքոյրեր ու ընդհանուր բժշկութեան հայ ու օտարազգի մասնագէտներ իրենց ծառայութիւնը մատուցեցին այցելուներին:
Միջոցառմանը յաճախած աւելի քան 1200 այցելուներ հնարաւորութիւն ունեցան ստուգելու տեսողութիւնը, չափելու ճնշումը, շաքարի, քոլեսթերինի պարունակութիւնը արեան մէջ, «մամոկրամ» եւ «ռենտգեն» ստուգումներ անցան: Նշուած ու տարատեսակ այլ անվճար բուժզննումները հնարաւոր էր դարձել մի շարք հիւանդանոցների, բուժհիմնարկների ու դեղատների մասնակցութեան շնորհիւ, նաեւ Կլենտէյլ «Ատվենթիսթ» (Glendale Adventist Medical Center) ու Կլենտյէլ «Մեմորիըլ» հիւանդանոցների (Glendale Memorial Hospital) հովանաւորութեամբ:
«Առողջ կենսակերպը հիւանդութիւնները կանխելու ամենաճիշդ ձեւն է, եւ մենք պէտք է կրթենք, տեղեկացնենք մարդկանց՝ մեր գիտելքիները փոխանցելով առողջութեան պահպանման հարցերում», նշում է Քալիֆորնիայի Հայ-ամերիկեան բժշկական միութեան նախագահ Վիգէն Սեֆիլեանը:
Առողջապահութեանը նուիրուած ամէնամեայ սոյն միջոցառումն այս տարի տարբերւում էր նախորդներից, քանզի նախատեսուած էր ոչ միայն հայերի, նաեւ՝ օտարազգիների համար: Միջոցառմանը իւրատեսակ ռիթմեր էին հաղորդում իսպանական ձայնասփիւռի ալիքներից մէկի յայտնի հաղորդավարուհու ներկայացրած մեղեդիները: Տօնը համեմուած էր նաեւ առողջ սնունդով:
Այցելուները նշում էին նման միջոցառման կարեւորութիւնն ու երախտապարտ էին կազմակերպիչներին:
Կլենտէյլի առողջութեան պահպանման փառատօնի բացմանը մասնակցում էին պաշտօնատար մի շարք անձիք, այդ թւում՝ Կլենտէյլի քաղաքապետ Արա Նաճարեանը եւ ծերակուտական Քերըլ Լուին:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.