Պատրաստեց՝ ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ
Ինչո՞ւ է աշխարհի տնտեսական կենտրոնը թեքւում դէպի Հարաւարեւելեան Ասիա: Ինչպէ՞ս եղաւ, որ երբեմնի անորակ համարուող չինական ապրանքները աշխարհում ամենամեծ ժողովրդականութիւնն են վայելում, նոյնիսկ որակի տեսանկիւնից: Ինչո՞ւ է համատարած տնտեսական ճգնաժամը շրջանցում Հարաւարեւելեան Ասիայի երկրները: Անցեալ շաբաթ ձեզ ներկայացուած ակնարկի մէջ նշել էի, թէ ինչպէս ճգնաժամից տարիներ առաջ անգլիական մի պարբերական հպանցիկ մի ակնարկով մատնանշել էր աշխարհահռչակ իրաւաբանական գրասենեակների՝ իրենց կենտրոնները Հոնգ Կոնգում հաստատելու տարօրինակ միտումը: Խոշոր փաստաբանական ընկերութիւնները հետեւում են խոշոր դրամագլխին, աւելացրել էինք այն ժամանակ: Բայց ինչո՞ւ էին նրանք շարժւում դէպի աշխարհի այդ հատուածը:
Չինաստանը, բաւականին երկար տարիներ անաղմուկ պայքարի մէջ գտնուելով Խորհրդային Միութեան հետ, բացայայտօրէն հասկացաւ, որ քաղաքական եւ տնտեսական ոլորտում Խորհրդային Միութեան կրկնօրինակը լինելը անխուսափելիօրէն կը յանգեցնի նոյնպիսի վախճանի, որին արժանացաւ համաշխարհային գերհսկան: Ճկուն մարտավարութեան եւ դարաւոր փիլիսոփայական մտքի տէր այդ ժողովրդի առաջնորդները կարողացան ոչ միայն խուսափել կործանումից (ինչպէս կանխատեսել էին արեւմտեան քաղաքագէտները), այլ նաեւ այսօր հասնել այնպիսի դիրքի, որ նոյնիսկ բազմաթիւ արեւմտեան տնտեսագէտներ Չինաստանը համարում են համաշխարհային տնտեսութեան շոգեքարշը: Խորամանկ եւ հեռատես չինացի առաջնորդները արեւմուտքի դէմ պայքարում օգտագործեցին արեւմուտքի իսկ զէնքը՝ ամէն գնով շահոյթ կորզելու անյագ ծարաւի գործօնը: Համայնավարական մոդելը եւ միանձնեայ (աւտորիտար) կառավարման ձեւը պահպանելով՝ դեռեւս աւելի քան մէկ տասնամեակ առաջ չինական իշխանութիւնները սկսել են հիմնել հսկայ ընկերութիւններ՝ նրանց տալով բաւական մեծ ճկունութիւն համաշխարհային շուկայում: Վերջիններս էլ իրենց հերթին կարողացել են եւ կարողանում են աշխարհի լաւագոյն մասնագէտներին հրաւիրել իրենց մօտ: Այսօր չկայ որեւէ մի առաջնակարգ խոշոր արդիւնաբերական ընկերութիւն, որը Չինաստանում չունենայ իր ենթակառուցուածքը: Քանի որ երկրում առայժմ բացակայում են արեւմտեան պետութիւններում տնտեսութեան արագընթաց զարգացումն արգելակող այնպիսի գործօններ, ինչպիսիք են նորմաւորուած աշխատանքային օրը, աշխատողների անվտանգութեան հետ կապուած հազարաւոր հարցեր, կենսաթոշակային եւ առողջապահական բնագաւառների հետ կապուած պարտաւորութիւններ եւ բազում ապահովագրական խնդիրներ (եւ հարկեր, հարկեր, հարկեր), արեւմտեան հսկաները նախընտրում են տեղական կադրերին գիտելիքներ հաղորդել՝ տեղում հիմնելով իրենց ապրանքանիշն արտադրող գործարան կամ ձեռնարկութիւն, արդիւնքում էլ զարգացնում են Չինաստանի տնտեսութիւնը՝ ի հաշիւ իրենց երկրի բարօրութեան: Չէ՞ որ դրամատիրութեան հիմքում ընկած է հնարաւորինս մեծ չափով եկամուտ ապահովելու ձգտումը: Չինացի աշխատաւորը ստանում է ողորմելի աշխատավարձ, չունի գրեթէ որեւէ իրաւունք, եւ ուրախ է աշխատանք ունենալու փաստով միայն: Նրա վնասուելու կամ մահուան դէպքում դատի հաւանականութիւնը մի քանի անգամ աւելի քիչ է, քան արեւմտեան աշխատաւորի՝ միեւնոյն հանգամանքներում կրած վնասի դէպքում:
Տասը տարի առաջ, չինացի առաջնորդները դրդում էին արեւմտեան «նոու-հաու»ն (գիտելիքները) ամէն գնով բերել Չինաստան, եւ այդ ճանապարհին ոչ մի բանի առաջ չկանգնելու հրահանգ էին տալիս: Տասը տարին անցաւ. այսօր չինական ապրանքներից օգտուող եւրոպացիներն ու ամերիկացիները իրենց դէմքերը չեն խոժոռում, երբ պատասխանում են «Գնածդ ապրանքը չինակա՞ն է » հարցին: Տարիների հետ մէկտեղ չինական արտադրութեան ապրանքները կարողացել են վերականգնել իրենց համբաւը եւ արժանիօրէն մրցում են ամերիկեան եւ եւրոպական շատ ապրանքների որակի հետ: Էժան եւ ամէն ինչի պատրաստ աշխատուժ, արգելակող օրէնքների բացակայութիւն, մարդու իրաւունքների ոտնահարում՝ ի հաշիւ քաղաքական ճկունութեան, համբերատարութիւն. ահա թէ որոնք են պատճառներից հիմնականները այն փաստի, թէ ինչու է Չինաստանը դառնում աշխարհի կենտրոնը: Իսկ Չինաստանի շրջանում գտնուող այն պետութիւնները, որոնք նման են նրան այս կամ այն ձեւով եւ կամ կարողանում են ճկուն ձեւով յարմարուել ներկայ իրավիճակին, արագօրէն օգտւում են բարիքներից՝ աննախընթաց զարկ տալով իրենց տնտեսութիւններին: Հարաւային Կորէայի, Աւստրալիայի, Ինդոնեզիայի օրինակները ընդամէնը երեքն են աւելի մեծ ցանկից: Իսկ այժմ որոշակի փաստեր ներկայացնենք:
Աշխարհում վառելիքի ներկրման տեսանկիւնից երկրորդը համարուող Չինաստանը յաւակնում է Սաուդեան Արաբիայից ամենամեծ չափով վառելիք գնող պետութեան տիտղոսին: Առաջիկայ երկու տարիների ընթացքում Չինաստանը կը դառնայ սաուդեան վառելիքի գնման առաջատարը: Այսօր Սաուդեան Արաբիայի բնակիչներն աւելի շատ չինական ապրանքներ են գնում, քան ամերիկեան (ոչ վաղ անցեալում դա հակառակն էր): 2005 թուականից ի վեր, երբ երկրի թագաւորը՝ Աբդուլլան, գահին նստեց, Սաուդեան Արաբիան ասիամէտ քաղաքականութիւն որդեգրեց: Սաուդեան վառելիքի աւելի քան կէսն այսօր շարժւում է դէպի ասիական երկրներ՝ դէպի Միացեալ Նահանգներ հասնող 14%-ի դիմաց: Սաուդեան «Արամքօ»՝ աշխարհում ամենախոշոր վառելիքային ընկրութիւնը, չինական Քինգդաոյ գաւառում ամերիկեան «Էքսոն Մոբիլ» ընկերութեան հետ մէկտեղ վառելիքի վերամշակման համատեղ ձեռնարկութիւն է հիմնել:
Չինական ընկերութիւններն սկսել են ներդրումներ կատարել Սաուդեան Արաբիայի տնտեսութեան ենթակառուցուածքներում. օրինակ՝ $3 մլրդ-ով ալիւմինէ հալոցարան են հիմնել հարաւային æիզան մարզում: Ներկայումս սաուդեան Արաբիան ուսանողներ է ուղարկում չինական համալսարաններում սովորելու, իսկ որոշ հարուստ արաբներ, որոնք աւելի շատ գնումներ էին կատարում Նիւ Եորքում կամ Լոնդոնում, հիմա այդ նպատակով մեկնում են երբեմնի անյայտ չինական քաղաքներ: Մի շարք տնտեսագէտների կարծիքով Սաուդեան Արաբիայի համար շահաւէտ է այն փաստը, որ Չինաստանը քաղաքական պայմաններ չի դնում իրենց տնտեսական յարաբերութիւններում: Թէեւ այժմ ամերիկեան պաշտօնեաները չեն ճնշում Սաուդեան Արաբիային՝ ստիպելով դառնալ ժողովրդավարական կամ պահպանել մարդու իրաւունքները, ամերիկայան լրատուամիջոցները եւ մարդու իրաւունքների լոբբին դաժան քննադատութիւն են ներկայացնում Սաուդեան Արաբիային: Մինչդեռ ընդհանուր առմամբ Սաուդեան Արաբիայի իշխանութիւնները չեն հաւանում Ամերիկայի կողմնակալ վերաբերմունքը Իսրայէլի հանդէպ: Վերջերս հաստատուած ամերիկեան վիզան, որը սահմանափակումներ է կիրառում արաբների, աւելի է վատթարացրել վիճակը: Ընդլայնելով նաւթի վաճառքի շուկան, Սաուդեան Արաբիան սպառազինութեան, ռազմական աջակցութեան եւ տեխնոլոգիաների անհրաժեշտութիւն ունի: Այս հարցում Չինաստանը դեռեւս չափազանց ետ է Միացեալ Նահանգներից, որը շարունակում է մնալ Սաուդեան Արաբիայի հիմնական ռազմական գործընկերը. Միացեալ Նահանգների եւ Սաուդեան Արաբիայի $60 միլիառ արժողութեամբ զէնքի գործարքն արդէն մօտ է իրականացմանը:
Որպէս զուտ կապիտալ արտահանող երկիր, Սաուդեան Արաբիան օտարերկրեայ ձեռնհասութեան եւ վերապատրաստման աւելի մեծ կարիք ունի, քան օտարերկրեայ դրամական ներդրումների: Բացի ենթակառուցուածքների շինարարութիւնից, այլ ոլորտներում երկիրը դեռ մասնագէտներ է հրաւիրում Միացեալ Նահանգներից, Եւրոպայից եւ Ճապոնիայից: (Պարսից ծոցի միւս տնտեսական ծանրորդ՝ Արաբական Միացեալ Էմիրութիւնները, դիմել է Հարաւային Կորէայի կոնսորցիումին երկրում առաջին ատոմային էլեկտրակայանը կառուցելու խնդրանքով):
Աւելին, երկու երկրները բախումների որոշ պատճառներ ունեն. չինաստանը մեղադրել է Սաուդեան Արաբիային իր շուկաներում նաւթարտադրանքի գինը նպատակադրուած իջեցնելու մէջ: Եւս մէկ նախագիծ. Մեքքայի եւ սուրբ վայրեր Մինայի ու Արաֆաթ լեռան միջեւ երկաթգիծը վերջերս կառուցուել է չինացիների կողմից: Այն աւարտուեց նրանով, որ Չինաստանի երկաթուղների ընկերութիւնը սպառնում է դատի տալ Սաուդեան Արաբիայի իշխանութիւններին, կորուստների համար: խնդիրն այն է, որ ոչ մահմեդականներին արգելւում է աշխատել Մեքքայում. այդ պատճառով Չինաստանը պարզապէս ստիպուած էր հարիւրաւոր երկաթուղու աշխատակիցների դաւանափոխել իսլամի: Սակայն նախագիծը խնդիրներ ունեցաւ նաեւ հողի տեղաբաշխման հարցում, գրանցեց արժէքի գերազանցում եւ նոյնիսկ աշխատողների զանգուածային անկարգութիւններ տեղի ունեցան, ինչը հազուադէպ է Սաուդեան Արաբիայում:
Տնտեսական յարաբերութիւնները միշտ էլ ուղեկցւում են փոքր եւ մեծ ալեկոծութիւններով, որքան աւելի աշխոյժ են յարաբերութիւնները, առեւտրի ծաւալը, այդքան աւելի մեծ է բախման, գժտուելու հաւանականութիւնը: Ահա թէ որտեղ պէտք կը գան փորձուած իրաւաբանները:
Առիթից օգտուելով կ՛ուզէի խորհուրդ տալ բոլոր այն հայ երիտասրադներին, ովքեր իրենց ապագան տեսնում են միջազգային ասպարէզում. չինարէն, ճապոներէն եւ կորէերէն սովորէք:
Ձեր ակնարկներն ու առաջարկութիւնները խնդրում եմ ուղարկել khachigmelekyan@aol.com հասցէով: