Լուրջ Առաջընթաց Կը Լինի Միայն Այն Դէպքում, Երբ Ադրբեջանը Փոխի Իր Կեցուածքը
ԾԱՆՕԹ. «ԿԱՊԻՏԱԼ»Ի.- Յունուարի 9ին Սուդանում սկսուել է երկրի հարաւային մասի անկախութեան վերաբերեալ հանրաքուէն, որն աւարտուելու է Յունուարի 15ին: Սա Կոսովոյի անկախացումից յետոյ տեղի ունեցող ազգերի ինքնորոշման եւ անկախացման երկրորդ գործընթացն է: ԱՄՆի Սենատի արտաքին յարաբերութիւնների գծով յանձնաժողովի ղեկավար Ջոն Քերին յայտարարել է, որ Սուդանի Հիւսիսի եւ Հարաւի միջեւ հակամարտութեան խաղաղ լուծումը հանրաքուէի միջոցով կարող է օրինակ ծառայել ողջ Աֆրիկայի համար: Նրա խօսքով՝ հանրաքուէն «ժողովրդավարական գործընթացի» ապացոյց է: «Կապիտալը» Հարաւային Սուդանի հաւանական անկախացման եւ ղարաբաղեան հակամարտութեան վրայ նրա հնարաւոր ազդեցութեան մասին զրուցել է ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրօ Մանոյեանի հետ:
ԱՐՓԻ ՄԱԽՍՈՒԴԵԱՆ.- Պարոն Մանոյեան, ըստ Ձեզ՝ ի՞նչ ազդեցութիւն կարող է ունենալ Հարաւային Սուդանի ակնկալուող անկախացումը ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման վրայ:
ԿԻՐՕ ՄԱՆՈՅԵԱՆ.- Եթէ մենք որեւէ բան չանենք, որեւէ ազդեցութիւն էլ չի ունենայ: Խնդիրն այն է, որ այս իրողութեամբ մի անգամ եւս հաստատւում է այն, ինչն արդէն հաստատուել է բազմիցս: Ինչը յատկապէս հաստատուեց անցած տարուայ Յուլիսի 22ի ՄԱԿի միջազգային իրաւունքի դատարանի կայացրած որոշմամբ, ինչով միջազգային իրաւունքի նորմերին (չափանիշներուն-Խմբ.) համապատասխան ճանաչուեց Կոսովոյի անկախութիւնը: Ամէն դէպքում, եթէ մենք որեւէ բան չանենք, ոչ մի բան էլ չի կարող դրական ազդել Ղարաբաղի հարցի կարգաւորման վրայ: Կարծում եմ՝ մենք անհրաժեշտ չափով չօգտագործեցինք Կոսովոյի դէպքը: Սակայն, այս ամէնից բացի, պէտք է նշել, որ Արցախի ճանաչումը չունի իրաւական խոչընդոտներ: Արցախի բոլոր քայլերը համաձայն են միջազգային իրաւունքին: Խնդիրը քաղաքական է: Ասածս հասկանալի դարձնելու համար օրինակ բերեմ. Պաղեստինն իր անկախութիւնը հռչակել է 1988թ., եւ այդ օրից մինչ հիմա աւելի քան հարիւր քսան երկիր ճանաչել է նրա անկախութիւնը, ընդ որում՝ Պաղեստինը ճանաչած երկրների ցանկում կան երկրներ, որոնք Եւրամիութեան անդամ են, սակայն չնայած այս ամէնի՝ Պաղեստինը շարունակում է մնալ ոչ անկախ պետութիւն: Այսինքն՝ միջազգային իրաւունքն ինքնորոշման իրաւունքի կողքին է, սակայն Պաղեստինի օրինակով կարելի է պնդել, որ ինքնորոշման իրաւունքին վերաբերող խնդիրների լուծման համար միայն միջազգային իրաւունքը բաւարար չէ, քանի որ այդ հարցերը, ըստ էութեան, քաղաքական են, եւ ի վերջոյ պէտք են քաղաքական լուծումներ, որոնք հիմնուած կը լինեն միջազգային իրաւունքի նորմերի վրայ: Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման հարցն ամէն իմաստով միջազգային իրաւունքի համաձայն է, եւ դրա կարգաւորման համար մնում է մեր համակարգուած եւ ակտիւ աշխատանքը: Վերջերս մեզ մօտ քննարկւում էր Ղարաբաղը ճանաչել-չճանաչելու հարցը, որից յետոյ ՀՅԴ Գերագոյն Մարմնի (ԳՄ) ներկայացուցիչ, ԱԺում Արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովի ղեկավար Արմէն Ռուստամեանը հանդէս եկաւ այլ նախաձեռնութեամբ, որով առաջարկում է Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ կնքել ռազմավարական համաձայնագիր: Սրանք լուրջ քայլեր են, եւ կարծում եմ՝ կարելի է նաեւ այնպիսի քայլեր ձեռնարկել, որով հնարաւորութիւն կը տրուի Ղարաբաղին եւ Հայաստանին հաստատել դիւանագիտական յարաբերութիւններ: Օրինակ՝ կարող են ԼՂՀի հայաստանեան ներկայացուցչութեանը տալ դիւանագիտական աստիճան, ինչը, օրինակ, Ֆրանսիան արեց Պաղեստինի դէպքում:
ԱՐՓԻ ՄԱԽՍՈՒԴԵԱՆ.- Իշխանութիւնները պնդում են, որ իրենք անում են հնարաւոր ամէն բան՝ Ղարաբաղի միջազգային ճանաչմանը հասնելու համար: Դուք իշխանութեան իրականացրած քայլերը բաւարա՞ր համարում էք:
ԿԻՐՕ ՄԱՆՈՅԵԱՆ.- Ի հարկէ ոչ: Արդէն ասացի, որ Հայաստանը կարող է Ղարաբաղի հայաստանեան ներկայացուցչութեանը տալ դիւանագիտական կարգավիճակ եւ/կամ, ինչպէս առաջարկել էր Ռուստամեանը, կնքել ռազմավարական համաձայնագիր: Եթէ Հայաստանում ԼՂՀի ներկայացուցչութիւնն ունենայ դիւանագիտական աստիճան, շատ-շատ հարցեր կը ստանան իրենց լուծումները: Վերադառնալով Սուդանի խնդրին՝ պէտք է նշել, որ այն պատահականութիւն չէ, այլ 2002-2005 թթ. տարբեր բանակցութիւնների արդիւնքում ձեռք բերուած տարբեր համաձայնութիւնների հիման վրայ տեղի ունեցող գործընթաց, որը գալիս է հաստատելու, որ 21րդ դարում ինքնորոշման իրաւունքը միջազգային յարաբերութիւնների կարեւոր սկզբունքներից է: Ի հարկէ, այն գալիս է նաեւ ապացուցելու, որ ՄԱԿի դատարանի՝ Կոսովոյի վերաբերեալ կայացրած որոշումից յետոյ ասուած խօսքերը, թէ այդ որոշումը վերաբերում է բացառապէս Կոսովոյին, անհեթեթութիւն են: Հարաւային Սուդանի դէպքը կարեւոր է նաեւ այն հանգամանքով, որ Սուդանը տուել է հանրաքուէ անցկացնելու համաձայնութիւն եւ խոստացել, որ կը ճանաչի դրա արդիւնքները, սակայն հիմա արդէն արհեստական խոչընդոտներ է ստեղծում հանրաքուէի՝ իր համար ոչ նպաստաւոր արդիւնքների իրականացումը խանգարելու համար: Սա, կարծում եմ, լուրջ դաս պիտի լինի հայկական կողմի համար, որպէսզի Ղարաբաղի հարցում նման խնդիրներ չծագեն:
ԱՐՓԻ ՄԱԽՍՈՒԴԵԱՆ.- Դուք ակնարկում էք Մադրիդեան սկզ-բունքներով նախատեսուող հանրաքուէ անցկացնելու մասին հա՞րցը:
ԿԻՐՕ ՄԱՆՈՅԵԱՆ.- Այո, այո, մանաւանդ որ այդ փաստաթղթերում գրուած է ոչ թէ «հանրաքուէ», այլ «ժողովրդի կամարտայայտութիւն», որը պէտք է ստանայ իրաւական ուժ: Այս ձեւակերպումը միջազգային իրաւունքի մէջ, գոնէ իմ իմանալով, նոր դարձուածք է: Ընդ որում՝ հարցը ձեւակերպման նոր կամ հին լինելը չէ, պարզապէս այն բաւական աղօտ է սահմանում ժողովրդի կամարտայայտման իրաւունքը եւ իրենում պարունակում է մի շարք խնդիրներ ու մարտահրաւէրներ:
ԱՐՓԻ ՄԱԽՍՈՒԴԵԱՆ.- Կոսովոյից յետոյ շատ աւելի ակնյայտ դարձաւ, որ միջազգային հանրութիւնը կիրառում է երկակի ստանդարտներ. այն, ինչ կարելի է Կոսովոյին, չի կարելի Ղարաբաղին: Չէ՞ք կարծում, որ Ղարաբաղի անկախութեան ճանաչման գործընթացի խնդիրները գալիս են ոչ թէ Հայաստանի դիւանագիտութեան ապաշնորհութիւնից, այլ պարզապէս միջազգային հանրութեանը ձեռնտու չէ ղարաբաղեան հակամարտութեան լուծում:
ԿԻՐՕ ՄԱՆՈՅԵԱՆ.- Կարելի է ասել, որ երկու խնդիրներն էլ կան, քանի որ Հայաստանի դիւանագիտութիւնը հարցի միջազգայնացումից յետոյ՝ 17-18 տարիների ընթացքում, միշտ էլ փորձել է համակերպուել միջազգային հասարակութեան քաղաքական տրամադրութիւններին եւ այդ յարմարուելու մէջ փորձել է ստեղծել նպաստաւոր դիրք: Այսինքն՝ Հայաստանի կողմից ցուցաբերուել է յարմարուողական քաղաքականութիւն: Այնպէս որ՝ դժուար է ասել, թէ որն է իրականում խնդրի չկարգաւորման պատճառը: Սա շատ նման է հաւի եւ ձուի պատմութեանը, եւ շատ դժուար է ասել, թէ որն է եղել առաջինը: Փաստն այն է, որ մենք այսօր ունենք հնարաւորութիւններ, որոնք ամբողջութեամբ չէ, որ օգտագործում ենք:
ԱՐՓԻ ՄԱԽՍՈՒԴԵԱՆ.- Եթէ փորձենք դատել անցած տարուայ իրադարձութիւններից, հակամարտող կողմերի ակտիւ հանդիպումներից, Մինսքի խմբի յայտարարութիւններից, կարո՞ղ ենք ակնկալել, որ այս տարի որեւէ լուրջ առաջընթաց կը լինի ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործում:
ԿԻՐՕ ՄԱՆՈՅԵԱՆ.- Լուրջ առաջընթաց կը լինի միայն այն դէպքում, երբ Ադրբեջանը փոխի իր կեցուածքը, կամ եթէ, Աստուած չանի, բացարձակապէս տապալուի Հայաստանի դիւանագիտութիւնը: Ակնյայտ է, որ ղարաբաղեան հակամարտութիւնը կարող է ստանալ դրական լուծում միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանը կը հասկանայ, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել իր կազմում: Սա այն է, ինչը Սուդանի իշխանութիւններն արդէն ընդունել են, իսկ Ադրբեջանը՝ ոչ: Ի հարկէ, Ադրբեջանի կեցուածքի փոփոխութեան համար անհրաժեշտ է, որ միջազգային հանրութիւնը որոշակի ճնշման ենթարկի Ադրբեջանին, իսկ միջազգային հանրութեան հետ էլ պիտի աշխատի Հայաստանը: Ամէն դէպքում Կոսովոյի եւ ոչ միայն Կոսովոյի պարագան ցոյց տուեցին, որ ազգերի ինքնորոշման իրաւունքը կարող է լուծուել նաեւ այն դէպքում, եթէ նոյնիսկ այն պետութիւնը, որից ինքնորոշւում է այդ միաւորը, չի ցանկանում եւ չի ճանաչում նրա անկախութիւնը: Ի հարկէ, Ադրբեջանի կողմից Ղարաբաղի անկախութեան ճանաչումը ցանկալի ելք է, սակայն միակը չէ: Ղարաբաղը կարող է անկախանալ առանց Ադրբեջանի ցանկութեան եւ հակառակ նրա ցանկութեան, որի համար մենք պէտք է ուժեղացնենք մեր դիւանագիտական եւ ոչ միայն դիւանագիտական քայլերը:
ԱՐՓԻ ՄԱԽՍՈՒԴԵԱՆ.- Դիւանագիտութիւնից բացի՝ ի՞նչ այլ քայլերի մասին է խօսքը:
ԿԻՐՕ ՄԱՆՈՅԵԱՆ.- Մադրիդեան սկզբունքներ կոչուածում, իր բոլոր թերութիւններով հանդերձ, ամրագրուած է, որ Լեռնային Ղարաբաղը պէտք է ինքնորոշուի, եւ մնում է այսպէս ասած Լեռնային Ղարաբաղից դուրս մնացած տարածքների հարցի լուծումը: Կարծում եմ, որ այդ տարածքների հարցի լուծումը միայն դիւանագիտութեան հարց չէ, այն նաեւ պետականաշինութեան հարց է, որ ինչ-որ պահի նաեւ պէտք է հիմնաւորուի, որ այդ տարածքները պահպանելը կենսական նշանակութիւն ունեն ինչպէս Ղարաբաղի, այնպէս էլ Հայաստանի գոյութեան համար: